> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ի սկզբանե հասկանալի էր, որ ՀՀ ԱԳ նախարարի այն հայտարարությունը, թե Հայաստանին հարմար չէ, որ ԼՂ հարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հունվարի 13-ին այցելեն Երեւան, տարօրինակ էր: Իշխանությունների ներկայացուցիչները կուլիսային խոսակցություններում լրագրողներին հավաստիացրել են, թե նման «անհարմարության մեջ» ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա, եւ ՀՀ իշխանություններն այցը խնդրում են հետաձգել անձնական-մարդկային պատճառներով: Ճիշտն ասած, շատ մտածեցի, թե, ասենք, Ռոբերտ Քոչարյանը ինչ անձնական պատճառ կարող է ունենալ, որը նրան խանգարի ընդունել համանախագահներին: Մի՞թե միջազգային դիվանագիտության մեջ կարելի է նման պատճառաբանություններ բերել. «Խնամի Վալոդը այդ օրը գալու է մեր տուն` հին Նոր տարին նշելու, դրա համար չեմ կարող համանախագահներին ընդունել»: Այս մոտեցումը, իհարկե, ծիծաղելի է: Բայց համանախագահների տվյալ այցը չափազանց կարեւոր է: Ինչպես հիշում եք, դեռ նախորդ տարվա նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին ԼՂ հարցի կարգավորմանը վերաբերող եւ նախագահների ստորագրության համար նախատեսված փաստաթուղթ էին հանձնել: Եւ հիմա նրանք գալիս են այդ փաստաթղթի մասին նախագահների կարծիքը իմանալու: Ի՞նչ է գրված այդ փաստաթղթի մեջ, առանձնապես հայտնի չէ, բայց երեւում է` ՀՀ իշխանություններն առանձնապես չեն շտապում իրենց կարծիքը հայտնել: Իսկ ընդհանրապես, 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ ԼՂ հարցի հետ կապված մի շատ սկզբունքային հարց կա: Ի վերջո, նախագահի պաշտոնը թողնում է մի նախագահ, այսինքն` Ռոբերտ Քոչարյանը, ով 1998 թվականին իշխանության է եկել ԼՂ հարցի շահարկմամբ: Եւ հիմա նա ուղղակի պարտավոր է հանրությանը հաշվետու լինել, թե այս տասը տարվա ընթացքում ի՞նչ է արել ԼՂ հարցում, ինչպիսի՞ վիճակում է այն ժառանգել եւ ո՞ւր է հասցրել: Ի դեպ, այս միտքը դեկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող ուժերի կոնգրեսում արտահայտել է «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը, եւ նրա հետ դժվար է չհամաձայնել: Ի վերջո, մեր ժողովուրդը իրավունք ունի իմանալ, թե 1998 թվականի իշխանափոխությունը ինչքանով է ծառայել Ղարաբաղի եւ Հայաստանի փրկությանը, եւ ընդհանրապես, ծառայե՞լ է, թե՞ ոչ: Հարց է առաջանում, թե բանակցային ի՞նչ վիճակ է ժառանգում Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի հաջորդ նախագահին: Կարծում ենք, որ եթե Քոչարյանը այս իմաստով պարծենալու բան ունի, ինչ-որ ձեւով կգաղտնազերծի իր վարած բանակցությունների բովանդակությունը, իսկ եթե հակառակն է, եւ նա ոչնչով պարծենալ չի կարող, գաղտնազերծման գործը իրենց վրա կվերցնեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Ահա թե ինչու հիմա համանախագահների այցի հարմար ժամանակ չէ Քոչարյանի համար:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.