> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Levon Ter-PetrossianՌուսական «Իզվեստիա» թերթը, որը գտնվում է Կրեմլի վերահսկողության ներքո, երեկվա համարում ծավալուն հարցազրույց է տպագրել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որը բացառիկ է իր տեսակի մեջ: Մինչեւ այժմ ռուսական կիսապաշտոնական մամուլը Հայաստանի թեմային անդրադառնալիս աշխատում էր որոշակի լոյալություն պահպանել ՀՀ գործող իշխանությունների հասցեին: «Իզվեստիային» Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցում, սակայն, հնչում են բոլոր այն որակումները եւ բացահայտումները, որ հնչել են Տեր-Պետրոսյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքներում: Ընդհանրապես, Ռուսաստանում մի տեսակ իդիլիական պատկերացում կար Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, եւ գործող իշխանությունները կարողացել էին այնպես անել, որ իրենց գործունեությունը ՌԴ-ում լուսաբանվի գովազդային լույսի ներքո: Վերջին իրադարձությունները եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ռուսական մամուլի ուշադրությունը գալիս են վկայելու, որ այս իրավիճակը մոտենում է իր ավարտին, եւ Ռուսաստանը վերանայում է Հայաստանի գործող իշխանություններին կուրորեն պաշտպանելու իր քաղաքականությունը: Սրանում, իհարկե, մեծ է Լեւոն Տեր-Պետրոսյանի գործոնի ազդեցությունը: Ըստ էության, ինչքան էլ Քոչարյան-Սարգսյան զույգը հպարտանա վերջին տասը տարիներին հայ-ռուսական հարաբերությունների զարգացմամբ, ակնհայտ է, որ այդ հարաբերությունների բովանդակությունը նրանց իշխանության տարիներին ոչնչով չի հարստացել, այլ ընդհակառակը` եղած բովանդակությունը դեֆորմացվել է` վերածվելով առուծախի առարկայի: Ռուսաստանը Հայաստանի գործող իշխանությունների ընկալմամբ ոչ այնքան ռազմավարական գործընկեր է, որքան մի տեղ, որտեղից կարելի է ապրանքներ ներմուծել, կազինոներ դնել, ունենալ հովանավորյալ բիզնեսմեններ: Ինչ վերաբերում է ՌԴ իշխանություններին, վերջին տասը տարիներին նրանք Հայաստանում հնարավոր իշխանափոխությունն իրենց երկրի համար համարել են ռիսկային, քանի որ մտավախություն են ունեցել, թե նոր իշխանությունները Հայաստանը կուրորեն կտանեն դեպի Արեւմուտք: 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ այդ մտավախությունը վերանում է, որովհետեւ Հայաստանում իշխանության է գալիս մի գործիչ, ով հայ-ռուսական սուվերեն-ռազմավարական հարաբերությունների հիմնադիրն է, եւ որին Ռուսաստանը տեսել է գործի մեջ: Լեւոն Տեր-Պետրոսյանից լավ, թերեւս, ոչ ոք չի հասկանում հայ-ռուսական հարաբերությունների կարեւորությունը եւ ոչ էլ գիտի այդ հարաբերությունների արժեքը:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.