> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Լեւոն Տեր-ՊետրոսյանԱյն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն, Հայաստանում սկսվել է քաղաքական իրավիճակի գլոբալ փոփոխության գործընթաց: Այդ պրոցեսն ունի հստակ աճողական միտում: Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորվել է ուժեղ քաղաքական բեւեռ, արդեն իսկ գոյություն ունի աշխատող թիմ, Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս ավազակապետական իշխանության համար մահացու քննադատությամբ եւ ապագայի հստակ ծրագրերով: Նրա վարկանիշը, որ 2007 թվականի վերջին անշեղորեն վերելք էր ապրում, Ամանորի տոներից հետո երկրորդ շնչառություն է ստացել եւ հիմա ժամ առ ժամ է աճում: Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ աճի այդ միտումը նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկից հետո առնվազն կրկնապատկվելու է: Սա հասկանում են նաեւ իշխանությունները, ու Սերժ Սարգսյանի թիմը սկսել է այս իրավիճակին համապատասխան վերադասավորումներ եւ վերանայումներ անել: Ի սկզբանե, մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ակտիվ քաղաքականություն վերադառնալը, իշխանությունները մտածում էին, որ նախագահական ընտրություններն իրենք կկարողանան ավարտել մեկ փուլով: Տեր-Պետրոսյանի առաջադրումից հետո երկար ժամանակ նրանք մտադիր չէին փոխել իրենց պլանը: Հանրային տրամադրությունների փոփոխությունները, սակայն, ի վերջո իշխանություններին ստիպել են գիտակցել, որ այս ծրագիրն անիրականանալի է: Այս է պատճառը, որ իշխանական վերնախավում սկսել են երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքները` սկսած ֆինանսական ռեսուրսների վերաբաշխումից, ավարտած հնարավոր ռիսկերի հաշվարկումով: Սա, ըստ էության, կարեւոր հանգրվան է փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների համատեքստում: 2007 թվականի սեպտեմբերի 21-ից ի վեր իշխանական ինքնավստահությունը նահանջում է, եւ այդ նահանջը արդեն հասել է կառավարական կաբինետներ: Մեր խնդիրը, սակայն, տվյալ դեպքում իշխանական նահանջը կամ հոգեվիճակը քննարկելը չէ: Շատ ավելի կարեւոր է, թե վերը նկարագրվածի ֆոնին ինչ ռազմավարություն կընտրի Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը: Ինչ խոսք, պայքարը երկրորդ փուլ տեղափոխելու մտքի հետ իշխանության համակերպվելը վատ արդյունք չէ Տեր-Պետրոսյանի թիմի համար եւ, ըստ էության, այդ թիմի հաջողությունն է: Մյուս կողմից` այս իրավիճակը Տեր-Պետրոսյանի թիմի համար ընդունելի կարող էր համարվել 2007 թվականի հոկտեմբերին: Բայց հիմա 2007 թվականի հոկտեմբերը չէ, այլ 2008 թվականի հունվարը: Եւ հունվարի իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում հաղթելու հսկայական շանս ունի: Տեր-Պետրոսյանի թիմը, քաղաքային, գյուղական շտաբները պետք է իրենց աշխատանքը իրականացնեն հետեւյալ կանխավարկածով. Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթելու է նախագահի ընտրությունների հենց առաջին փուլում: Եւ հիմա էական չէ, թե տարբեր ասուլիսներում ինչ կհայտարարեն գալուստսահակյաններն ու նրանց նմանները. Տեր-Պետրոսյանի հաղթարշավի գնացքը շարժվել է, եւ այն Բաղրամյան 26 հասցեին է հասնելու հենց փետրվարի 19-ին:

15.01.2008

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.