> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Երեւանի քաղաքապետ, ավելի ճիշտ` Երեւանի վաճառքի գծով Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի օգնական Երվանդ Զախարյանը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը պետական պաշտոնը շփոթում է բուդկչու կարգավիճակի հետ: Իսկ պետական պաշտոնյայի եւ բուդկչու տարբերությունն այն է, որ առաջինը իր պաշտոնը վարում է երկրի օրենքներին համապատասխան, իսկ բուդկչին` ոնց խելքին փչի: Հիմա Զախարյանի խելքին փչել է հանդես գալ հետեւյալ հայտարարությամբ. «Հաշվի առնելով Երեւան քաղաքում փողոցների, խաչմերուկների եւ տրանսպորտային հանգույցների երթեւեկության խիստ ծանրաբեռնվածությունն ու եղանակային պայմանները, քաղաքացիների ազատ տեղաշարժը եւ տրանսպորտի անվտանգ եւ անխափան երթեւեկությունը ապահովելու, ինչպես նաեւ տրանսպորտային խցանումները բացառելու նպատակով, Երեւանի քաղաքապետարանը Երեւան քաղաքի կենտրոնական փողոցներում եւ հիմնական մայրուղիներում երթերի կազմակերպումը գտնում է ոչ նպատակահարմար եւ դիմում բոլոր քաղաքական, հասարակական կազմակերպություններին եւ քաղաքացիներին ձեռնպահ մնալ երթեր կազմակերպելու նախաձեռնություններից»: Այս հայտարարությունը այլ կերպ, քան աբսուրդ, դժվար է որակել: Սա մոտավորապես նույնն է, որ Զախարյանը մի օր հայտարարի. սիրելի երեւանցիներ, քանի որ ես ու իմ շեֆեր Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վաճառքի հողամասեր բացելու համար ոչնչացրել ենք Երեւանի ծառերի կեսից ավելին, եւ մայրաքաղաքում թթվածնի պրոբլեմ է առաջացել, խնդրում ենք լիաթոք չշնչել: Եւ ընդհանրապես, եթե Երվանդ Զախարյանը մտածում էր քաղաքի երթեւեկության ծանրաբեռնվածության մասին, ինչո՞ւ էին Երեւանի գրեթե բոլոր կենտրոնական փողոցները միանգամից քանդում, մի՞թե հնարավոր չէր հերթով քանդել փողոցները: Թե՞ վախենում էին, որ հետագայում չկարողանան լափել շինարարության վրա ծախսվող փողերը: Այս եւ մյուս օրինակները ցույց են տալիս, որ Զախարյանը եւ իր նմանները մտահոգվում են այն ժամանակ, երբ սպառնալիք են զգում իրենց ավազակապետական իշխանությանը: Եւ քաղաքապետարանի հայտարարության պատճառն այն է, որ նրանք գիտեն, որ միավորված ընդդիմությունը պլանավորում է Երեւան քաղաքում հուժկու երթեր անցկացնել, ու հիմա ուզում են ընդամենը խոչընդոտներ հարուցել եւ պրովոկացիաներ սարքել:

Եւ հետաքրքիրն այն է, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին քաղաքապետարանը նպատակահարմար չի գտնում երթերը: Եւ ի դեպ, գլուխը պատին է տալիս, որովհետեւ երթերի անցկացումը կարգավորվում է «Ժողովներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքով, եւ այդ օրենքը քաղաքապետարանին երթերի անցկացումը նպատակահարմար կամ աննպատակահարմար գտնելու լիազորություն չի տալիս: Երեւանի քաղաքապետարանն էլ պարտավոր է այս հարցին մոտենալ օրենքի տառին համապատասխան, հակառակ դեպքում նրա վրա է ընկնում այս ապօրինությունից բխող բոլոր հետեւանքների պատասխանատվությունը: Եւ ի դեպ, այն երթերը եւ ցույցերը, որ այս օրերին անցկացվելու են Երեւանում, շատ ավելի կարեւոր հարց են լուծելու, քան Երեւանի երթեւեկության ծանրաբեռնվածությունն է. կարծում ենք` չարժե Հայաստանի ապագան զոհաբերել Երեւան քաղաքի երթեւեկությանը, մանավանդ որ օրենքը նման բան չի նախատեսում եւ հստակ կանոնակարգում է այս դաշտը: Եւ քաղաքական ընդդիմությունը երթեր անցկացնելու բոլոր օրինական հիմքերն ունի, եւ սա ամենակարեւոր իրողությունն է:

17.01.2008

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.