> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՈՒՆԱՑԱԾ ՊՐՈՖԻԼԸ ՁԵՐ, ԱՆՀԱՂՈՐԴ ՁԵՐ ԱՉՔԵՐԸ ՇԻԼ…

ԽՈՒՆԱՑԱԾ ՊՐՈՖԻԼԸ ՁԵՐ, ԱՆՀԱՂՈՐԴ ՁԵՐ ԱՉՔԵՐԸ ՇԻԼ…

Մայնդորֆյան հռչակագիրը ստորագրելուց հետո Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս ֆրանսիական «Le monde» թերթին եւ ասում, որ Հայաստանը պատրաստ չէ գնալ մեծ զիջումների: Նման հայտարարություն անելու նպատակը, անշուշտ, հռչակագրի ստորագրումից հետո հայկական կողմի թողած դժգույն տպավորությունը ինչ-որ կերպ ցրելն է,, հայաստանյան տրամադրություններին որոշակի «բռավադա» հաղորդելու մղումը:

Բայց անգամ այս խնդիրը Սերժ Սարգսյանը չի կարողացել լուծել, որովհետեւ հատուկ պարզաբանման կարիք է զգում հետեւյալ հարցը` այդ ո՞ր կետից Հայաստանը պատրաստ չէ գնալ մեծ զիջումների` մայնդորֆյան հռչակագրից հետո՞, թե` ընդհանրապես: Մեր մեջ ասած, Մոսկվայում Հայաստանը արդեն իսկ գնացել է այնպիսի մեծ զիջումների, որոնցից հետո արդեն զիջելու բան չի էլ մնացել: Սերժ Սարգսյանը երեւի ցանկացել է ասել, որ ինքը Հայաստանի անունից արդեն զիջել է ամեն ինչ, եւ այլեւս զիջելու բան չկա: Եւ այն, որ որպես պոտենցիալ զիջումների հեղինակ նա նշում է «Հայաստան», եւ ոչ թե` «հայկական կողմ», արդեն իսկ վկայում է, որ զիջումները անցել են բոլոր հնարավոր սահմանները: Այսպիսի ձեւակերպումներով Սարգսյանը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ղարաբաղը այլեւս գործընթացի սուբյեկտ չէ, չնայած Մայնդորֆյան ֆորմատով հռչակագրի ստորագրումից հետո ապացուցելու բան առանձնապես չկա էլ: Բայց խնդիրը արդեն ձեւակերպումները չեն նույնիսկ, որովհետեւ այսօրվա իրավիճակի նրբությունն այն է, որ Հայաստանից հնչող հայտարարություններին ոչ ոք լուրջ չի մոտենում: Շատ է վերլուծվում հռչակագրի բովանդակությունը, ինչը կարեւոր է, չափազանց կարեւոր: Կարծում եմ, սակայն, Մոսկվայում տեղի ունեցածի առանձնահատկությունն այն է, որ օտարերկրյա պետությունն ինչ-որ բան ստորագրել տալու խնդիր դրեց ու ստորագրել տվեց: Սերժ Սարգսյանը հայտնվել է մի այնպիսի վիճակում, որ նրան ցանկացած պահի կարող են ստորագրել տալ ցանկացած մի բան, որովհետեւ բանակցային սեղանի շուրջ Հայաստանի անունից հանդես եկողը չունի դիմադրելու ոչ մի ռեսուրս` ո՛չ իրավական, ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական եւ ոչ էլ` մարդկային: Սա հենց Դեյտոնյան մոտեցումն է, երբ կողմերից մեկը այնքան է թուլացած, որ նրան կարելի է պարտադրել ցանկացած լուծում: Դեյտոնում, օրինակ, նման վիճակում էր հայտնվել տխրահռչակ Սլոբոդան Միլոշեւիչը, ում ստիպեցին ստորագրել մի փաստաթուղթ, որն ըստ էության Հարավսլավիայի կապիտուլյացիան էր: Միլոշեւիչին, ի դեպ, խոստացել էին, որ նման փաստաթուղթ ստորագրելուց հետո միջազգային հանրությունը նրան անձեռնմխելիության կարգավիճակ կշնորհի, կօգնի պահպանել իշխանությունը: Բայց Միլոշեւիչը ոչ միայն փաստի առաջ կանգնեցրեց սեփական երկիրը, այլեւ զրկվեց իշխանությունից եւ կանգնեց Հաագայի դատարանի առաջ, որի բանտախցում էլ կնքեց մահկանացուն: Իսկ ընդհանրապես, կլանային վերլուծաբանները այնքան են կորցրել իրենց, որ խորհուրդ են տալիս Մայնդորֆյան հռչակագրի մասին պատկերացում կազմել ստորագրման պահին Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի դեմքերի արտահայտություններից: Սարգսյանի դեմքը, ի դեպ, հիշեցնում է «Բարբոս շունը եւ անսովոր մրցավազքը» ֆիլմի հերոսներից մեկին` Ցանցառին, ով հայտնի պայթյունից հետո լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում իր հետ: Ցավալի է մտածել, որ որեւէ մեկը դեմքի այդպիսի արտահայտությամբ կարող է որեւէ լուրջ փաստաթուղթ ստորագրել: Ու եթե Սերժ Սարգսյանի դեմքն է չափորոշիչը, պետք է ուղղակի խոստովանել. այդպիսի դեմքը Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում: Եւ եթե այդ դեմքին նայելով` մարդիկ պետք է պատկերացում կազմեն Հայաստանի մասին, ուրեմն նրանց պատկերացմամբ Հայաստանը տխուր, անհեռանկար, դժգույն ու անօգնական երկիր է: Խնդիրն էլ հենց դա է, որ Հայաստանը փոխելու համար նախ Հայաստանի դեմքն է պետք փոխել:

Հ.Գ. Անշուշտ, ճնշումներից զերծ չէ նաեւ Իլհամ Ալիեւը: Ամբողջ խնդիրն այն է, որ նա այդ ճնշումներից պաշտպանվելու հզոր հաղթաթղթեր ունի: Այսօր Ռուսաստանի հիմնական խնդիրներից մեկը ադրբեջանական նավթի եւ գազի արտահանման տարանցիկ երկիր դառնալն է: Այսինքն` Ադրբեջանը Ռուսաստանին տալու շատ բան ունի: Ինչ վերաբերում է քոչարյանասերժական իշխանությանը, այն վաղուց արդեն վաճառքի է հանել հնարավոր ամեն բան եւ հիմա հասել է ղարաբաղյան պատերազմի արդյունքներին: Բայց կարեւորն այն է, որ սրա դիմաց քոչարյանասերժական կլանը փորձում է ձեռք բերել ընդամենը սեփական ժողովրդին մայրաքաղաքի կենտրոնում անպատիժ գնդակահարելու իրավունք:

Նոյեմբերի 11, 2008 թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.