> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Այն թեզը, որ Քոչարյան-Սարգսյան զույգը նախագահական առաջիկա ընտրությունները դիտում է իշխանությունը Ղարաբաղյան կլանի ձեռքում կենտրոնացնելու եւ բոլոր յուղոտ պատառները ծագումով ղարաբաղցիների ձեռքում կենտրոնացնելու պրոցեսի վերջին փուլի մեկնարկ, շատերի մոտ հարց է առաջացնում. իսկ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանն այդ ամենը չէին անում մինչեւ հիմա: Այս հարցն ինքնին սխալ է պարունակում, քանի որ վերջին տասը տարիներին բազմաթիվ ղարաբաղցիներ Հայաստանում բարձրագույն պաշտոններ են ստացել, այսինքն` այդ պրոցեսն ընթանում էր: Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո էլ ավելի է ահագնացել. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ է նշանակվել ԼՂՀ նախկին ՊՆախարար Սեյրան Օհանյանը, Հարկային պետական ծառայության պետ է նշանակվել ծագումով ղարաբաղցի Վահրամ Բարսեղյանը, Շիրակի մարզպետ է նշանակվել ծագումով ղարաբաղցի Լիդա Նանյանը, այս սկզբունքով նշանակվել են դատավորներ, միլպետներ, միջին օղակի պաշտոնյաներ եւ այլոք: Բայց տվյալ պահի քննարկման առարկան այս թվարկումը չէ, այլ պատասխանն այն հարցի, թե ինչու Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մինչեւ հիմա չէին ավարտում Հայաստանի իշխանության եւ բիզնեսի ղարաբաղիզացիան եւ դա պետք է անեն առաջիկա նախագահական ընտրություններից հետո: Խնդիրն այն է, որ վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ է ստեղծվում մի վիճակ, որ Ղարաբաղյան կլանի ղեկավար զույգն ունի չհավասարակշռված իշխանություն: Մինչ այս նրանք ունեցել են լրջագույն հակակշիռ` հայաստանցի վարչապետների տեսքով: Սկզբից նման հզորագույն հակակշռի դերում Վազգեն Սարգսյանն էր: Հոկտեմբերի 27-ից հետո այդ դերը ստանձնեց նրա եղբայրը` Արամ Սարգսյանը: Ապա եւ այս իմաստով հսկայական դերակատարում ստացավ ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ինչ խոսք, Մարգարյանի դերակատարումը ներքաղաքական կյանքում երկակի է գնահատվում, եւ այդ երկակիության երկու կողմերն էլ իրական են: Մի կողմից` Մարգարյանը հայտնի իրադարձություններից հետո, ըստ էության, Քոչարյան-Սարգսյան զույգին օգնեց պահպանել իշխանությունը, ընդ որում` դա արեց մի քանի անգամ: Մյուս կողմից, սակայն, նա իշխանության ներսում հայաստանցիների եւ հայաստանյան արժեքների պաշտպանի դերակատարում ուներ: Եւ քոչարյանասարգսյանական նենգության զոհ դարձող հայաստանցիները, անգամ ամենաթունդ ընդդիմադիրներ, շատ դեպքերում իրավիճակը հաղթահարում էին հենց Մարգարյանի օգնությամբ: Վարչապետի պաշտոնում Մարգարյանը, իհարկե, բացարձակ իշխանություն չուներ, բայց ներքաղաքական կյանքում նրա ստանձնած դերը եւ վարչապետի պաշտոնը նրան թույլ էին տալիս իրականացնել որոշակի կադրային քաղաքականություն կամ զսպել ղարաբաղիզացիայի գործընթացը: Նրա մահվանից հետո, փաստորեն, Ղարաբաղյան կլանի ճանապարհը բացվեց, որովհետեւ իշխանության ներսում չկա այլեւս այնպիսի հեղինակավոր մեկը, որ կարողանա նախ հակակշռել Քոչարյան-Սարգսյան զույգին եւ, մեծ հաշվով, սպասարկել, պայմանականորեն ասած, հայաստանցիների շահերը: Իսկ ընդհանրապես, այս իրավիճակը, որ ստեղծվում է Հայաստանում, ստիպում է եւս մեկ անգամ վերադառնալ Անդրանիկ Մարգարյանի մահվանը` մի քանի թեական շեշտադրումներով: Այդ շեշտադրումներից հիմնականը հետեւյալն է. արդյո՞ք Սերժ Սարգսյանը կլիներ ՀՀ նախագահի թեկնածու, եթե կենդանի լիներ Անդրանիկ Մարգարյանը: 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց, որ ինքը ՀՀԿ-ում լինի առաջին դեմքը, բայց Անդրանիկ Մարգարյանը դա թույլ չտվեց, եւ մեծ է հավանականությունը, որ նույնը տեղի ունենար նաեւ նախագահի ՀՀԿ-ական թեկնածուի ընտրության պարագայում: Բայց եթե այս պնդումը շատերին կասկածելի է թվում, մի բան հաստատ կարող եմ ասել, որ, ասենք, Անդրանիկ Մարգարյանի կենդանության պարագայում ռազմիկզոհրաբյանները չէին կաղկանձի ՀՀ առաջին նախագահի հասցեին` ոչ թե անձնական, այլ քաղաքական պատճառով: Անդրանիկ Մարգարյանն իր բազմաթիվ, այդ թվում` մեր թերթին տված հարցազրույցներում հստակ զգացրել է, որ խորը հարգանքով է վերաբերվում Հայաստանում իրականացված առաջին սերնդի բարեփոխումներին: Իսկ նրանից հետո Սերժ Սարգսյանի սեփականության կարգավիճակում հայտնվածները բոլորովին ուրիշ կարծիքներ են արտահայտում: Բայց վերադառնալով մեր բուն թեմային` պետք է ընդգծենք, որ եթե Անդրանիկ Մարգարյանը հայաստանցիների ընդվզումից պաշտպանում էր Ղարաբաղյան կլանը, նույնպես եւ հայաստանցիներին էր պաշտպանում Ղարաբաղյան կլանից: Իսկ հիմա ներքաղաքական կյանքում նման գործառույթ իրականացնող ոչ մի գործիչ չկա: Ու եթե հիմա Ղարաբաղյան կլանը փորձում է առանձնապես ագրեսիվ չլինել, դրա պատճառն ընդամենը այն է, որ առջեւում նախագահական ընտրություններն են, եւ հայաստանյան ռեսուրսը դեռ պետք է` Սարգսյանին նախագահ, իսկ Քոչարյանին վարչապետ կարգելու համար: Այս կետից հետո, ահա, սկսվելու է այն, ինչ մտմտում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Բաբայանը: Չի ստացվի, իհարկե, որովհետեւ հիմա խաղն այնքան բաց է դարձել, որ բոլորը` սկսած իշխանական օլիգարխներից, վերջացրած հայաստանցի պաշտոնյաներով, հասկացել են, թե ինչ է կատարվում:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.