> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐՈՎ

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐՈՎ

Նախագահական ընտրություններից առաջ Հայաստանում շատ է տարածված այն կարծիքը, որ գործող ընդդիմությունը` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, չպետք է թույլ տա, որ «բանը հասնի ընտրությունների», քանի որ ընտրությունների օրը իշխանությունը, այսպես թե այնպես, անելու է իր անելիքը: Այսօրինակ մտքերը, թեեւ հասկանալի, բայց խորքում տրամաբանական սխալ ունեն: Ու եթե անգամ ենթադրենք, որ պրոցեսները Հայաստանում կարող են ընթանալ նախագահական նստավայրի վրա գրոհելու տարբերակով, միեւնույնն է, դրա արդյունքները ի վերջո պետք է վավերացվեն ընտրություններով: Եթե հին իշխանության հեռացմանը կարելի է հասնել նաեւ ոչ ընտրական ճանապարհով, նոր իշխանության ձեւավորումը կարող է տեղի ունենալ միայն ընտրություններով: Բայց խնդրի խորքում բոլորովին այլ հարց է թաքնված, որ պատասխանի կարիք է զգում: Իսկ հարցը հետեւյալն է. արդյո՞ք Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն քվեաթերթիկներով: Levon Ter-PetrossianԱյսինքն` հնարավո՞ր է արդյոք մի իրավիճակ, որ ԿԸՀ-ն, գործող ԿԸՀ-ն հայտարարի, որ նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածուն: Իրադարձությունների նման զարգացումը շատերին է անիրական թվում, բայց 2008 թվականի նախագահական ընտրություններում նման բան հնարավոր է, որովհետեւ ընդդիմադիր թեկնածուն, ընդդիմության միասնական թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Այս պնդման ճշմարտացիությունը հասկանալու համար` նախ հարկավոր է հասկանալ, թե ինչից է ծագում այն իրավիճակը, երբ մարդիկ բացառում են ԿԸՀ-ի կողմից ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի հռչակումը: Նման բան տեղի է ունենում այն դեպքում, երբ երկրում ձեւավորված էլիտան իր համար մահացու է համարում իշխանության փոփոխությունը, քանի որ այդ իշխանափոխությունը ենթադրում է սեփականության եւ իշխանության տոտալ վերաբաշխում: Այսինքն` սա այն իրավիճակն է, երբ գործող էլիտայի համար ակնհայտ է դառնում, որ իշխանության փոփոխության պարագայում սեփականատերերը զրկվելու են իրենց սեփականությունից, իսկ պետական պաշտոնյաները` սկսած փոխնախարարներից եւ վարչության պետերից մինչեւ քաղաքապետեր եւ գյուղապետեր, միլպետներ, դատախազներ, դատավորներ, փոփոխվելու են: Ահա նման մասշտաբային փոփոխությունների հեռանկարը վախեցնում է գործող էլիտային, եւ նա ամեն ծայրահեղ քայլի գնում է` իրավիճակը պահպանելու համար: Եւ այս իրավիճակում մենք ունենում ենք ընտրական այնպիսի ծայրահեղ դրսեւորումներ, ինչպիսիք եղան, ասենք, 2003 թվականին: Այն ժամանակ իշխանությունը ոչ թե Քոչարյանը պահպանեց, այլ գործող էլիտան, ով որոշեց, որ առկա վիճակն իր համար ավելի լավ է, քան փոփոխությունները: Եւ բոլոր գեներալները, օլիգարխները, պաշտոնյաները ամեն ինչ արեցին` իշխանությունում առկա վիճակը պահպանելու համար: Եւ ուրեմն, ի՞նչ իրավիճակ ունենք այս ընտրություններում: Այս պահին չենք ուզում քննարկել այն հարցը, թե գործող էլիտայի քանի տոկոսն է պաշտպանում Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Շատ ավելի կարեւոր է այն, թե գործող էլիտայի քանի տոկոսն է ռեալ վախենում Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալու հեռանկարից: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է, ասենք, գործող գեներալիտետին, օլիգարխիային, ԱԺ պատգամավորներին, քաղաքապետերին, գյուղապետերին, միջին եւ մանր չինովնիկությանը, դատավորներին, դատախազներին, միլպետներին եւ այլն, եւ այսպես շարունակ: Երբ հարցը դիտարկում ենք այս տեսակետից, ակնհայտ է դառնում, որ գործող էլիտայի մոտ 95 տոկոսը Տեր-Պետրոսյանի իշխանության գալու հեռանկարից վախենալու ոչինչ չունի: Ոչ այն պատճառով, որ ընդհանրապես վախենալու բան չունի, այլ այն պատճառով, որ Տեր-Պետրոսյանը հեղափոխական գործիչ չէ, չի սիրում կտրուկ քայլեր, հեղափոխական լուծումներ. բոլորը գիտեն, որ Տեր-Պետրոսյանը թույլ չի տալու քաղաքական վրեժխնդրության ոչ մի դրսեւորում: Այսինքն` Տեր-Պետրոսյանը ոչ թե վիրահատության է ենթարկելու գործող էլիտան, այլ, Քոչարյանի լեզվով ասած, ընդամենը «ծյունինգի» է ենթարկելու այն` ավելի շատ փոխադարձ հարաբերությունների կանոնների սահմանման մակարդակում: Ինչ վերաբերում է այն հինգ տոկոսին, որը Տեր-Պետրոսյանի իշխանության գալուց վախենալու բան ունի, այստեղ ընդգրկված են ավազակապետական համակարգի սյուները եւ մարդիկ, ովքեր սեւ ցուցակում հայտնվել են միայն ու միայն իրենց գործունեության շնորհիվ, ինչպես օրինակ` Նազարյան Ներսիկը, որը ներում ստանալու որեւէ շանս այլեւս չունի, եւ նրա հաջորդ ապաստանը «մլիցեքի գաղութն է»: Բայց չշեղվենք թեմայից: Որքան էլ տարօրինակ թվա, իմաստ ունի քննարկել նաեւ այն տարբերակը, թե արդյոք գործող էլիտան վախենալու բան ունի Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու հեռանկարից: Պետք է ասել, որ այստեղ իրավիճակը լուրջ է եւ օր օրի ավելի է վատթարանում: Գործող էլիտայի համար ակնհայտ է դառնում, որ Քոչարյան-Սարգսյան զույգը նախագահական առաջիկա ընտրությունները դիտում է որպես Ղարաբաղյան կլանի վերջնական հաստատման գործընթաց: Իսկ սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի` նախագահ ընտրվելու պարագայում մեծ հավանականությամբ բոլոր առանցքային պաշտոններում նշանակվելու են կլանի անդամները` ծագումով ղարաբաղցիներ, բիզնեսի բոլոր ոլորտներում վերաբաշխումներ են տեղի ունենալու, եւ խոշոր գործարարները ունենալու են նոր` ծագումով ղարաբաղցի գործընկերներ, իսկ ոմանք ընդհանրապես զրկվելու են իրենց բիզնեսից` հանուն այն բանի, որ Քոչարյան-Սարգսյանը զույգը Հայաստանում իշխանություն ունենա եւս 50 տարի: Այս ամենը գիտակցում են նաեւ գործող էլիտայի ներկայացուցիչները, եւ փաստորեն, նրանք մի կողմից ներքուստ չեն վախենում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալուց, մյուս կողմից` ներքուստ վախենում են Ղարաբաղյան կլանի հարձակումից: Ահա այս խորքային պրոցեսների ֆոնին են Հայաստանում նախագահական ընտրություններ տեղի ունենում, ինչից ակնհայտ է դառնում, որ գործող էլիտան անակնկալ է պատրաստում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի համար` նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի տեսքով: Եւ մեծ է հավանականությունը, որ այդ հաղթանակը հռչակի հենց Գարեգին Ազարյանի ղեկավարած ԿԸՀ-ն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.