> ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ > «ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՅՆ Է, ՈՐ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»

«ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՅՆ Է, ՈՐ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»

Հարցազրույց «Իմպիչմենտ» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ։

Իմպիչմենթ - Նիկոլ«Ոմանք ասում են, թե անլրջություն է 20.000-անոց հանրահավաքից հետո խոսել, ենթադրենք, 20 հոգու առաջ, բայց եթե իմ այսօրվա անլրջության արդյունքում սեպտեմբեր-հոկտեմբերին լինեն լուրջ պրոցեսներ, ու ես դրանցում լինեմ ընդամենը դրոշակ բռնող, դա ինձ համար արդեն հաղթանակ է»։

- «Իմպիչմենտի»՝ արդեն ամիսներ ձգվող գործունեությունից տպավորությունն այնպիսին է, որ պայքարը չի ստացվում։ Ձեզ մոտ նման զգացողություն չկա՞։

- Այս դեպքում շատ կարևոր է, որ ամփոփումներ անենք ճիշտ ժամանակին։ Ամբողջական գնահատական տալու համար պետք է փուլերը ճիշտ բաժանել։ Ո՞րն է չափանիշը՝ պայքարն ստացվե՞լ է թե ոչ։ Խնդիրը հետևյալն է՝ կա՞ կամք պայքարը շարունակելու։ Եթե կա ընդհանուր աշխուժություն, ու հանրահավաքներն իրենք իրենց ստացվում են, այդ ժամանակ հանրահավաք անելը շատ հեշտ է։

- Հիմա հնարավո՞ր է Ձեր պայքարի ինչ-որ փուլ ամփոփել։

- Դա շատ սկզբունքային հարց է։ Շատերը փուլ էին համարում խորհրդարանական ընտրությունները, բայց փուլ կարող է համարվել, եթե ինչ-որ բան փոխվում է։ Մեր ասելիքը մնացել է նույնը, որովհետև ոչինչ Հայաստանում չի փոխվել։ Էականն այն է, որ խնդիրը լուծելու համար ինչ-որ պրոցես սկսվել է։

- Կասե՞ք՝ մինչև հիմա ի՞նչ խնդիր է լուծվել։

- Հաջողվել է հասարակությանն ապացուցել, որ կա վախի մթնոլորտ, ու հասարակության համար այդ մթնոլորտից որոշ տաբուներ հանել։ Խնդիրը մեկն է. մարդը պետք է հասկանա, որ ինքը իր երկրի այսօրվա վիճակի համար պատասխանատու է, ինչպես բոլորը, պետք է հասկանա, որ հետագա ճակատագիրը կախված է անձամբ իրենից։ Այս հարցերը դեռ լուծված չեն, ուրեմն, պետք է պայքարը շարունակել։

- Մինչև ե՞րբ։

- Քանի դեռ ուժ ու եռանդ կա, իսկ դա ո՞ւմ է խանգարում։

- Ոչ մեկին չի խանգարում, բայց եթե ոչինչ չի փոխվում, պայքարը դառնում է սովորական, նպատակն ու գաղափարն արժեզրկվում են։

- Իսկ մեր արածի հակառակը ո՞րն է։

- Գուցե ավելի արդյունավետ ձև պետք է գտնել։

- Ձևը փոխվել է. հիմա արդեն բակային հանդիպումներ ենք անում, մարդկանց հետ հանդիպում ենք իրենց շենքերում, տներում, ունենում ենք ելույթներ, որտեղ կոնկրետ շեշտադրումներ կան։ Իսկ ի՞նչ է պետք անել, դադա՞ր տալ, ասենք՝ հետո՞ կանենք։

Ասում են՝ մարդիկ չեն պայքարում, դառնում են անտարբեր, չեն հետաքրքրվում։ Այս ամենն ինձ անձամբ քիչ է հետաքրքրում։ Ես ասում եմ՝ ես պայքարո՞ւմ եմ, հուսահատվո՞ւմ եմ թե ոչ։ Ամեն մարդ պետք է իր տեսանկյունից նայի։ Ես հավատում եմ, որ մեր երկրում փոփոխությունները ամեն մեկն իրենից պետք է սկսի։

- Այսօր Ձեր կողքին մնացե՞լ են ուժեր, որոնք նույն կերպ են մտածում։

Իսկ ի՞նչ է, դա էակա՞ն է։

- Եթե էական չէ, թե որ ուժերի հետ եք ուզում փոփոխություններ անել, եթե էական չէ, թե քանի հոգի է գալիս հավաքներին, ու էական չեն էլի շատ հարցեր, պայքարն էլ չի՞ դադարում էական լինելուց։

- Նորմալ է, բայց դա Ձեր տեսանկյունն է, չէ՞։ Ուրիշների համար էական չէ, ինձ համար էական է։ Ես ո՞ւմ եմ խանգարում։

- Գուցե պետք է մտածել, թե ես ում կամ ինչին եմ օգնում այսպես պայքարելով, հակառակ դեպքում այն դառնում է ինքնանպատակ։

- Ես հարցերին նայում եմ անհատի պրիզմայով։ Գուցե ամեն ինչ պետք է իջնի մինչև ներքին սահմանն ու հետո նոր բարձրանա։

- Հիմա դեռ իջնելո՞ւ գործընթացն է։

- Ես հիմա մեկ խնդիր եմ կարևորում. կան հարցեր, ու այդ հարցերի մասին պետք է բարձրաձայնել։ Հեռուստատեսությամբ դա անելու հնարավորություն չունենք, դրա համար էլ մենք ժողովրդի հետ փորձում ենք հաղորդակցվել հանրահավաքների ու բակային հանդիպումների միջոցով։

- «Նոր ժամանակներ», «Հանրապետություն» կուսակցությունները, որոնք մի ժամանակ մասնակցում էին հանրահավաքներին, հիմա սեփական ռազմավարությունն են մշակում ու պատրաստվում են առաջիկա նախագահական ընտրություններին, ու տպավորությունն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանը մնում է մենակ։

- Եթե իրենք չեն գալիս հանրահավաքի, նշանակում է՝ իրենք մեր թշնամինե՞րն են։ Եղել են դեպքեր, որ նրանք չեն եկել հանրահավաքի, պատահել է՝ եկել են։ Դա չէ նպատակը։ Հանրահավաքները ունեն խնդիր՝ շփվել մարդկանց հետ, իսկ մարդիկ ընդդիմությունից մեկ բան են պահանջում՝ գտնել միասնական թեկնածու։

- Բայց ընդդիմադիրներից մի քանիսն արդեն հայտարարել են նախագահական ընտրություններին միայնակ մասնակցելու մասին։

- Մենք հենց այդ հարցով ենք զբաղվելու. կփորձենք և՛ Արամ Կարապետյանին, և՛ մյուսներին խնդրել, աղաչել, համոզել, որ միավորվեն։ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ խոսում էինք միասնական թեկնածուի մասին, ասում էին՝ ժամանակ արդեն չկա։ Հիմա ժամանակ դեռ կա, ու պետք է աշխատել այդ ուղղությամբ, իսկ մինչև հիմա մեր ունեցած ամենակարևոր հաղթանակն այն է, որ պայքարը շարունակվում է։

- Եթե տարիքը թույլ տար, ինքներդ չէ՞իք առաջադրվի։

- Շատերը հենց այդպես էլ կասեն. ինքը չի կարող առաջադրվել, դրա համար էլ այսպես է խոսում։ Բայց ես այլ հարց տամ՝ հնարավո՞ր է , որ միասնական թեկնածուի գաղափարը իրականություն դառնա։ Հնարավոր է, եթե հասարակությունը դա պահանջի։ Մենք հիմա այդ հասարակության հետ էլ աշխատում ենք։ Իսկ կհաղթահարեն ամբիցիաները ընդդիմադիր լիդերները թե ոչ. ասեմ, որ ես ինքս անելու եմ ինձնից կախված ամեն բան, որ այդ ամբիցիաները հաղթահարվեն։ Կա այլ խնդիր նույնպես. մարդիկ եթե պաշտպանում են որևէ թեկնածուի, կրում են նաև նրա գործունեության պատասխանատվությունը։

- Եթե 2008-ի նախագահական ընտրություններին ընդդիմության միասնական թեկնածուն չգտնվի, ու իշխանությունը հաղթի, էլի կշարունակե՞ք պայքարել։

- Պետք է պայքարել այնքան, մինչև այս երկիրը փոխվի։

- Դուք ամառային հանգստի չե՞ք գնալու։

Ոչ, չեմ գնալու։ Ուղղակի զավեշտ է, երբ քաղաքական ուժերը պայքարը պայմանավորում են եղանակով. շոգին պայքարել հարմար չէ, ձմռանը ցուրտ է, մի խոսքով, պայքարի համար մնում է մի քանի օր ընդամենը։ Գուցե 2-3 օր իրար հետևից հանգստանամ, բայց պայքարը դրանից չի դադարի։

e-channel.am
2007-06-25
Copyright © Internews Media Support NGO

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.