> ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1 > ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

Հրանտ Տեր-Աբրահամյանը վերջերս մի շատ հրատապ հարց էր բարձրացրել. ո՞ւր են, ասում է, ազգիս հոգեբանները, որ հոգեվերլուծության էին ենթարկում ընդդիմությանը, ինչո՞ւ հոգեվերլուծության չեն ենթարկում իշխանություններին:

Չնայած հարցը հրատապ է, բայց եւ հռետորական, որովհետեւ ակնհայտ է, որ հոգեվերլուծության կարիք ունեն այդ նույն հոգեբանները: Դրանցից երկուսին հեռուստացույցով լսելու առիթ ունեցել եմ, ու տպավորությունս ցնցող է: Նախնական եզրակացությունս այն է, որ դրանցից մեկը ինցեստի զոհ է, իսկ մյուսը տառապում է անլիարժեքության բարդույթով եւ անընդհատ մի ուժեղ ձեռքի կարիք է զգում, որ իրեն հովանավորի, պաշտպանի: Իհարկե, հոգեբանության ոլորտում պրոֆեսիոնալ չեմ, բայց որպեսզի ընթերցողը եզրակացնի, թե ինչքանով են այս ոլորտի իմ դատողությունները արժեքավոր եւ ինչքանով` ոչ, կփորձեմ որոշ հոգեբանական գնահատականներ տալ բոլորին հայտնի մի քանի երեւույթի: Եկել եմ այն եզրակացության, որ գործող իշխանությունները առաջնորդվում են մանկապիղծի` պեդոֆիլի մղումներով: Ակնհայտ է, որ իշխանական մի շատ մեծ շրջանակի կարելի է համարել քաղաքական պեդոֆիլ, որովհետեւ նրանք քաղաքական խնդիրներ լուծելիս թաքնվում են երեխաների ետեւում, երեխաների օգտագործումը այս նպատակով համարում ընդունելի: Օրինակ` Ազատության հրապարակում հանրահավաքներ թույլ չտալու համար` նրանք հռչակեցին «Փոքրիկ երեւանցի» ինչ-որ միջոցառման մասին:

Ազատության հրապարակ

Այս երեւույթը նոր չէ. արդեն գրել եմ, թե ինչպես «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության հանրահավաքը կանխելու համար 2007 թվականի գարնանային անձրեւոտ մի օր իշխանությունները բեմ էին դուրս բերել կիսամերկ երեխաների, որոնց առաջ հանդիսատես չկար: Ի՞նչ է սա, եթե ոչ պեդոֆիլի գործելակերպ: Եւ ահա, Կենտրոնի թաղապետարանը «ՀԺ»-ի խմբագրության տարածքը ետ վերցնելու ցանկությունը պատճառաբանում է այն մանկապատանեկան գեղագիտական կենտրոնի տրամադրելու անհրաժեշտությամբ: Կարծում եմ` այլ մեկնաբանություններ պետք չեն:

Բայց սրանով իշխանությունների հոգեբանական պրոբլեմները չեն սահմանափակվում, եւ այդպիսի պրոբլեմների մի թնջուկ ի հայտ եկավ ԱԺ նոր նախագահի ընտրությունների ընթացքում: Ուզում եմ հարց տալ. հասուն տղամարդը, որ հասցրել է լինել երկրի փոխվարչապետ, ինչպիսի՞ հոգեբանական բարդույթներ պիտի ունենա, որ քաչալ գլխին մազեր կրակի ու ԱԺ նախագահի ընտրության օրը հանրությանն ու խորհրդարանին ներկայանա այդ կրակված մազերով: Տեսարանը, իհարկե, աննկարագրելիորեն զվարճալի էր, բայց այսօր մեր խնդիրն ուրիշ է` հասկանալ խնդրի հոգեբանական կողմը: Ակնհայտ է, որ այստեղ կա ինքնության ժխտման կոմպլեքս: Ի՞նչ է ուզում ասել Հովիկ Աբրահամյանը` գլխին մազեր կրակելով. ուզում է ասել, որ ինքը Մուկը չէ, այսինքն` գանձագող եւ մանր ժուլիկ, այլ նոր մարդ, պետական գործիչ, մոտավորապես` այնպիսին, ինչպիսին դը Գոլն է: Մուկը, իհարկե, այնքան էլ չի խորացել, որ էականը ոչ թե գլխի մակերեսին, այլ նրա ներսում եղածն է: Բայց սա այն հոգեբանությունն է, որ հասուն տղամարդուն, իրեն քաղաքական գործիչ համարող մեկին կարող է մղել գնալ այսպիսի արտառոց արտաքին փոփոխությունների: Հիմա անցնենք նրան դը Գոլի հետ համեմատած Շարմազանովին: Ինչքան էլ մենք այս մասին չենք խոսում, Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ բավական սառը վերաբերմունք կա, որը, անշուշտ, պետք է անպայման հաղթահարել: Շարմազանով Էդիկը անգամ սովորական շփումների ընթացքում որպես հավասար ընդունելի լինելու կոմպլեքսներ է ցուցադրում, տքնում է դրա համար: Եվ ահա, նրան թվում է, որ եթե ինքը Մկանը համեմատում է դը Գոլի հետ, ինքն էլ սկսում է ընկալվել որպես Ժորժ Պոմպիդու: Եւ բացի այս, Շարմազանովին թվում է, թե նման համեմատությունից հետո, երբ ինքը մի նախադասությամբ Մուկին սարքեց դը Գոլ, իր արժեքը կմեծանա: Բոլորը կմտածեն. երանի Էդիկը մեր մասին էլ մի երկու ստրոչկա բան ասի: Եվ ահա, նա երկրորդ սորտի մարդու կոմպլեքսից կազատվի ու կդառնա ոչ թե առաջին, այլ վիշի սորտի մարդ: Տխուր է, իհարկե, բայց իրողություն:

Հիմա անդրադառնանք էն մյուսին` Էձիկին, Նալբանդյանին: Մի անգամ հեռուստատեսությամբ ցուցադրեցին այն կադրերը, թե ինչպես են ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարները փակ դռների ետեւում բանակցելուց հետո դուրս գալիս լրագրողների մոտ: Դա ահագին առաջ էր, Մոսկվայում: Ցանկացած մարդ, ով ուշադրություն է դարձրել Նալբանդյանի քայլվածքին ու պահվածքին, միանգամից գլխի կընկնի, որ գործ ունենք փոքրիկ մի տղայի հետ, որը ուշադրության, փաղաքշանքի, կարեկցանքի կարիք ունի: Նրա քայլվածքում նկատելի էր մղում, որ Լավրովը բանակցությունների սենյակից իրեն դուրս բերեր թաթիկից բռնած: Եթե որեւէ մեկը կասկածում է ասվածի օբյեկտիվությանը, թող ձեռք բերի այդ կադրերը եւ ուսումնասիրի: Ի դեպ, այս կոմպլեքսն է պատճառը, որ Նալբանդյանը գրեթե երբեք չի հասկանում, թե ինչ է խոսում: Օրինակ` նրա վերջին հայտարարությունը, որով փորձել էր մեղմել ԼՂ հարցի առնչությամբ տարբեր կողմերից հնչող ոչ հայանպաստ մեկնաբանությունները. «Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերը համաձայնեցված են, ես ասել եմ ու նորից կցանկանայի կրկնել, որ Լեռնային Ղարաբաղի առանցքային հարցը ԼՂ-ի կարգավիճակի հարցն է, որը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր կամքն ազատ արտահայտելու միջոցով», - սա Նալբանդյանի հայտարարության տրաֆարետային մասն է, որը նորմալ է: Հիմա ուշադրություն դարձրեք, թե նա ինչ է ասում հետո. «Եվ եթե հնչում են կարծիքներ, որ առանցքային հարցերը լուծված են, ապա կարելի է եզրակացնել, որ հենց այս հարցերի շուրջ փոխըմբռնում կա»: Մինչ հայտարարության այս կտորին անդրադառնալը, ասեմ, որ սկզբում մտածեցի, թե այստեղ միայն մտավոր պրոբլեմ կա: Բայց` ոչ, պրոբլեմը հոգեկան եւ հոգեբանական է: Ինքը` Նալբանդյանը, բանակցությունների անմիջական մասնակից է, ու բանակցությունների այլ անմիջական մասնակիցների այն հաստատական հայտարարություններին, որ նաեւ ինքն է մեջբերում` «ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերը համաձայնեցված են», պատասխանում է` «եթե ասում են (…) ուրեմն կարելի է եզրակացնել (…) կա փոխըմբռնում»: Նորից համեմատեք տոները` «հարցերը համաձայնեցված են», եւ սրա դիմաց` «եթե ասում են (…) ուրեմն կարելի է եզրակացնել, որ (…) կա փոխըմբռնում»: Նկատո՞ւմ եք, թե այս փոքրիկ նախադասությունը քանի անգամ է ծռած, ծռմռած: Սա վկայում է, որ Էդվարդ Նալբանդյանը` փոքրիկ տղայի կոմպլեքսով այս մարդը, հոգեբանորեն պատրաստ չէ մասնակցել բանակցությունների, որովհետեւ նա ոչ միայն չի կարողանում իր տեսակետը պնդել, ինչպես չի կարող անել փոքրիկ տղան մեծ ձյաձյաների հետ խոսակցության ընթացքում, այլեւ չի կարողանում իր համար կարեւոր հարցերի պատասխանը ստանալ այն բանակցությունների ընթացքում, որոնց մասնակցում է որպես Հայաստանի եւ Ղարաբաղի միացյալ ներկայացուցիչ:

Բանակցությունների արդյունքում նա չի հասկացել` հիմա ԼՂ կարգավիճակի հարցը լուծվո՞ւմ է, թե՞ ոչ: Նա միայն մամուլի հրապարակումներից է եզրակացություններ անում. դե, եթե նման բաներ են ասում, ուրեմն` կարելի է եզրակացնել, միայն եզրակացնել, եւ այդ եզրակացությունը կարող է սխալ դուրս գալ, որ ԼՂ հարցի կարգավիճակի շուրջ կա փոխըմբռնում: Այսինքն` ոչ թե հարցը լուծված է, այլ կա փոխըմբռնում: Այսինքն` կողմերը հասկացել են, գլխի ընկել են, ըմբռնել են, թե ինչ է ուզում հայկական կողմը, հայկական կողմն էլ է ըմբռնել, թե ինչ է ուզում հայկական կողմը, բոլորը ըմբռնել են: Ու եթե ըմբռնել են ու ասում են, ուրեմն նշանակում է` կարելի է եզրակացնել եւ ասել, որ կա փոխըմբռնում: Փոքրիկ տղան զգույշ է խոսում, որ ձյաձյաները իր ականջները չքաշեն:

Տպավորությունն այնպիսին է, թե Նալբանդյանը բանակցությունների սենյակում ոչ թե բանակցում է, այլ կոֆե-բան է դնում: Ֆիզիկապես չեմ կարող ասել` այդպե՞ս է, թե՞ ոչ, բայց որ հոգեբանորեն բանակցային սեղանի շուրջ մենք չունենք ԱԳ նախարար, այլ միայն լակեյ, երաշխավորում եմ:

Հ.Գ. Սերժ Սարգսյանի, Աղվան Հովսեփյանի հոգեբանական նկարագրին նախկինում անդրադարձել ենք, եւ այս հարցին կրկին վերադառնալու կարիք, կարծում ենք, չկա:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1 ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.