> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ - 08.01.2008

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ - 08.01.2008

Իշխանական մամուլում ժամանակ առ ժամանակ նյութեր են հայտնվում Հայ ազգային կոնգրեսում առկա հակասությունների մասին։ Այդ հրապարակումները պարբերաբար ահազանգում են, թե ահա ՀԱԿ լիդերների միջեւ հակասություններ կան, ինչն էլ Կոնգրեսի հետագա ճակատագրի մասին «հոռետեսական կանխատեսումների» հիմք է տալիս։ ՀԱԿ ներկայացուցիչները, սակայն, երբեւէ չեն էլ փորձել հերքել հակասությունների փաստը եւ ցույց են տվել, որ դրան վերաբերվում են որպես բնական, աշխատանքային երեւույթի։ Կոնգրեսը, թերեւս, ներքաղաքական կյանքի միակ խաղացողն է, որ այսպիսի վերաբերմունք ունի եւ իր շարքերում առկա հակասությունները թաքցնելը չի համարում կենսական անհրաժեշտություն։ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն աջակցող ուժերի Առաջին կոնգրեսումՆման մոտեցման պատճառն այն է, որ այդ հակասությունները ոչ միայն չեն խանգարում Կոնգրեսի գործունեությանը, այլեւ կենսական անհրաժեշտություն են նրա հետագա ամրապնդման ու զարգացման համար։ Բանն այն է, որ Հայ ազգային կոնգրեսը ունի հզոր քաղաքացիական հենարան` ի դեմս այն հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր 2008-ին հզոր շարժում ձեւավորեցին Հայաստանում։ Այս շարժման մեջ ներգրավված մարդիկ առանձնանում են նրանով, որ ոչ թե հարմար տեղ են փնտրում պատսպարվելու համար, այլ ունեն սկզբունքներ եւ այդ սկզբունքների պաշտպանությունը նույնքան սկզբունքային հարց են համարում։ Սկզբունքային քաղաքացիների այս ամբողջությանը միավորում է նպատակների, իդեալների, ապագայի միասնական ռազմավարությունը, սակայն այդ շերտերից շատերը այդ նպատակներին հասնելու մարտավարության սեփական տարբերակը ունեն։ Այն մարտավարությունը, որ իրագործվում է Կոնգրեսի կողմից, շատ դրվագներով կարող է չհամընկնել այն պատկերացումների հետ, որ ունեն Կոնգրեսի անդամ հանդիսացող տասնյակ խմբեր, նախաձեռնություններ։ Պաշտոնական գծի հետ անհամաձայնություն ունեցող խմբերի տեսակետները, իրենց հերթին, հակասություններ ունեն միմյանց հետ։ Եվ ահա, երբ Կոնգրեսի հրապարակած պաշտոնական քաղաքականությունը չի արտահայտում այդ խմբերից մի քանիսի կամ որեւէ մեկի տեսակետը, սա կարող է դառնալ Կոնգրեսից տվյալ խմբի օտարման պատճառ։ Նման բան, սակայն, տեղի չի ունենում. այսպիսի վիճակում հայտնված քաղաքական խմբի ներկայացուցիչները տեսնում են, որ իրենց տեսակետներն արտահայտողներ կան Կոնգրեսի վերնախավում, պաշտոնական գծին հակասող այդ տեսակետները հնչում են հենց Հայ ազգային կոնգրեսի միջոցառումների ժամանակ, հենց Կոնգրեսի ամբիոնից։ Այսինքն` հակասությունների արտահայտումը իրականում միայն ամրացնում է Կոնգրեսը` մի քանի պատճառներով։ Առաջինը արդեն նշեցի։ Հաջորդ կարեւոր պատճառն այն է, որ Հայ ազգային կոնգրեսը այդպիսով դառնում է տեսակետների բախման, քաղաքական բանավեճի մի մեծ միասնական միջավայր, որն աննախադեպ երեւույթ է երրորդ Հանրապետության պատմության մեջ։

Տեսակետների բախման այդ թատերաբեմը գրավիչ է դառնում եւ հետաքրքիր։ Եվ հետո, տեսակետների փոխադարձ հանդուրժողականությունը նրանցից յուրաքանչյուրին գոյության իրավունք է տալիս, ինչը Հայ ազգային կոնգրեսին դարձնում է ավելի ճկուն ուժ, որը անհրաժեշտության դեպքում ի վիճակի է կտրուկ շրջադարձերի։ Բազմազան, երբեմն` հակադիր տեսակետները, իրար հետ շփվելով, իրար հետ բախվելով, նաեւ հղկում են միմյանց, փոխադարձաբար ազդում մեկը մյուսի վրա, եւ ստացվում է մի վիճակ, որ Հայ ազգային կոնգրեսը ունենում է ոչ թե մեկ կոնկրետ մարտավարություն, այլ մարտավարական բազմաթիվ շերտեր։ Ընդ որում, այս երեւույթի արդյունքները մենք տեսնում ենք Կոնգրեսի վերջին ամիսների գործունեության մեջ։ Ստացվել է մի վիճակ, երբ Կոնգրեսը միանգամից մի քանի ուղղություններով հարձակվելու աննախադեպ ընդունակություն է ձեռքբերել։ Եվ նրանք, ովքեր ամենակարեւորը համարում են գործունեության X ուղղությունը, իրենց այդ դիրքորոշման իրագործումը տեսնում են կյանքում, նրանք ովքեր ամենակարեւորը համարում են Y ուղղությունը, նույնպես իրենց մտածածի իրագործումը տեսնում են։ Նույն վիճակում են նաեւ մյուս ուղղությունների կրողները։ Սա, ըստ էության, Կոնգրեսի կենսունակության կարեւոր բանաձեւերից մեկն է, եւ, մեր մեջ ասած, այսպես ինքնաբուխ չի ստացվել։ Հենց ի սկզբանե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերը իրենց համագործակցության հիմքում դրել են հակասությունների միասնության սկզբունքը, ինչն էլ, մեծ հաշվով, ապահովում է համաժողովրդական շարժման անկասելիությունը։ Եվ ի դեպ, այդ սկզբունքը, աշխատաոճը գնալով ավելի ու ավելի է կատարելագործվում, ինչը հիմք է տալիս հուսալու, որ ընթացքի մեջ է նաեւ ներքաղաքական բոլորովին նոր կուլտուրայի ներդրումը Հայաստանում։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.