> ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ. ԲԱՑ ՆԱՄԱԿ ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆԻՆ

ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ. ԲԱՑ ՆԱՄԱԿ ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆԻՆ

Սիրելի ժողովուրդ.

levon-javakhyan«Հրապարակ» օրաթերթի վերջին համարներից մեկում գրող Լեւոն Ջավախյանը ինձ ուղղված բաց նամակով է հանդես եկել: Մեր ընթերցողը լավ ծանոթ է Ջավախյանին: «Հայկական ժամանակը» նրա պատմվածքները տպագրելու պատիվ է ունեցել, եւ այդ պատմվածքները լայն արձագանք են գտել: «Հրապարակ» օրաթերթում տպագրված նամակը ծավալուն է, ուստի այն ամբողջությամբ մեջբերել հնարավոր չէ: Այսուհանդերձ, այսօրվա իմ ելույթը Լեւոն Ջավախյանին ուղղված բաց նամակի տեսք ունի, եւ ես շնորհակալ եմ գրողին` այս խոսակցության առիթը ընձեռելու համար: Այսպես, ուրեմն`

Բաց նամակ Լեւոն Ջավախյանին

Սիրելի Լեւոն.

Ինձ ուղղված քո նամակը բազմաթիվ հարցեր էր շոշափում, բազմաշերտ էր: Այս պատասխանում, սակայն, ես կանդրադառնամ այդ շերտերից ոչ բոլորին:

Ու չնայած բանտերում եւ ազատության մեջ գտնվող բազմաթիվ գործիչների արժանիքների թվարկումը շատ երկար կարող է տեւել, չեմ ուզում անդրադառնալ քո նամակի այն հատվածին, որտեղ դու կասկածի տակ ես դնում պայքարի իմ որոշ ընկերների արժանիքները, որովհետեւ չեմ կարծում, թե պատեհ է տղայամիտ բանավեճ ծավալել այս հարցի շուրջ, մանավանդ որ` իմ այսօրվա ասելիքը քաղաքական անհատ այրերի արժանիքներից ու թերություններից անդին է:

Դու ասում ես, որ հիասթափված ես Սերժ Սարգսյանից, փաստորեն նաեւ հույսեր չես կապել Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի հետ: Եթե մի պահ վերանանք բուն ձեւակերպումից եւ փորձենք զգալ դրան կյանք տված միտումը, ստիպված կլինենք արձանագրել, որ մեր նորագույն պատմության մեջ այսօրինակ տրամադրությունները գերակշռող են եղել: Հայաստանի անկախացման առաջին օրից եւ հետագա ողջ պատմության ընթացքում այս միտքը հոլովվել է, անընդհատ հոլովվել. «Ոչ սրանք են մի բան, ոչ էլ` նրանք». սա է ձեւակերպումը: Դեռ մի կողմ թողնենք, որ այսօրինակ ձեւակերպումները ձեռնտու են առաջին հերթին իշխող ուժերին, որովհետեւ նրանք իրենց ուզած դիրքում են` իշխանության դիրքում: Իսկ եթե բոլորը իրենց նման զիբիլ են, ուրեմն իմաստ չունի սրանց որեւէ մեկով փոխարինելը, այսինքն` ավելի լավ է զիբիլը մնա իր կարգավիճակում:

Եթե անգամ ընդունենք, որ բոլորը իրոք զիբիլ են, մի՞թե իմաստ չունի, սիրելի Լեւոն, մեկին մյուսով փոխարինելը: Իմ պատասխանը միանշանակ է` իմաստ ունի, որովհետեւ խնդիրը ոչ միայն վատին լավով փոխարինելն է, այլեւ զիբիլին պատասխանատվության, քաղաքական պատասխանատվության կանչելը` զիբիլ լինելու համար: Եթե հաջորդն էլ զիբիլ լինի, ուրեմն նույնպես պետք է վարվել նրա հետ, անկախ նրանից, թե ով է այդ հաջորդը: Սա է միակ ճանապարհը, որով հնարավոր է Հայաստանի իշխանությունը մաքրել զիբիլիզմից: Հակառակը զիբիլին այդպիսին լինելու հավերժ լիազորությամբ օժտելն է:

Սիրելի Լեւոն.

Երբ ես մտածում եմ մեր ժողովրդի, նրա մտածելակերպի մասին, հասկանում եմ, որ նրա գիտակցության մեջ բազմաթիվ վնասակար մոլորություններ կան, որ խանգարում են իրականությունը զգալ հեռանկարի մեջ: Այդ մոլորություններից ամենավտանգավորը «լավ իշխանության», «լավ իշխանավորի» մասին երազանքն է: Հայաստանի ժողովուրդը երազում է, որ իշխանության ղեկին հայտնվի մի արդար, մաքուր, ազնիվ, անբասիր մարդ, որը ծառայի, անմնացորդ ծառայի ժողովրդին:

Շատ լավ երազանք է, սիրելի Լեւոն: Ու եթե դու խոսում ես հիասթափության մասին, կնշանակի, որ դու ինքդ էլ տրվել ես այդ երազանքին: Հիմա ես ուզում եմ քեզ խնդիր առաջադրել: Վերցրու թուղթն ու գրիչը եւ գրիր 50 հայաստանցու անուն, որոնք, քո կարծիքով, անբասիր են, ազնիվ, մաքուր, եւ որոնց կարելի է վստահել Հայաստանի իշխանությունը, եւ որոնք կծառայեն ժողովրդին, եւ որոնց համար դու կարող ես երաշխավորել:

Չես կարող, սիրելի Լեւոն, կազմել այդ ցուցակը, որովհետեւ բոլոր այն մարդկանց, ում լավ ես ճանաչում, չես կարող անբասիր համարել, իսկ նրանց, ում անբասիր կհամարես, կնշանակի` լավ չես ճանաչում: Շատ լավ, եթե քո 50 հոգանոց ցուցակում տասը անաղարտ եւ կարող մարդ լինի, դա էլ չի փրկում դրությունը, որովհետեւ պետությունը կառավարում են հարյուրավոր, հազարավոր մարդիկ, եւ տասը հոգին կաթիլ է օվկիանոսում:

Դու մածունի օրինակը լավ էիր բերել` գրելով, թե լավ սեր ունեցող մածունը ստացվում է յուղոտ կաթից: Ես ու դու էլ այդ կաթի մի մասն ենք, սիրելի Լեւոն: Դու ինքդ կարո՞ղ ես քեզ համար 100 տոկոսով երաշխավորել, որ կլինես քո իսկ երազած պաշտոնյայի նման պաշտոնյա, եթե քեզ վստահվի Հայաստանի նախագահի պաշտոնը: Ի վերջո, դու վերջին տասը տարում Հայաստանում բնակված, վերջին տասը տարում ՀՀ քաղաքացիություն ունեցող, 35 տարիդ լրացած մարդ ես, ասել է թե, ըստ Սահմանադրության, կարող ես լինել նախագահի թեկնածու, ըստ Սահմանադրության` կարող ես լինել նախագահ: Դու ինքդ քեզ համար կարո՞ղ ես երաշխավորել, որ կլինես հենց այնպիսին, ինչպիսին ժողովուրդը երազում է` իր նախագահի մասին մտածելիս: Սա չեմ ասում, սիրելի Լեւոն, քո արժանիքներն ու տաղանդը կասկածի տակ առնելու համար, սա ասում եմ` հայտարարելու համար, որ ես ինքս ինձ համար չեմ կարող հարյուր տոկոսով երաշխավորել, եւ մի քանի ամիս առաջ գրած հոդվածում բացատրել եմ, թե ինչու. իշխանությունը գայթակղություն է, իշխանությունը ուրիշ իրականություն է, եւ ոչ ոք չի կարող ասել, թե ինքն ինչպիսին կդառնա` այդ իրականության մեջ հայտնվելով:

Որեւէ մեկը որեւէ մեկի համար չի կարող երաշխավորել, որեւէ մեկը ինքն իր համար չի կարող երաշխավորել, որովհետեւ ժամանակին բոլորն էլ անբասիր են եղել, մաքուր ու ազնիվ: Ժամանակին Սերժն էլ է մաքուր եղել ու ազնիվ, Ռոբերտն էլ: Հիմա ո՞ւմ ես համարում ամենակոռումպացվածը կամ ամենավնասակարը մեր երկրի համար. ում որ համարում ես, իսկ ես չգիտեմ, թե ում ես համարում, բայց հաստատ կարող եմ ասել, որ այդ հրեշը նույնպես ժամանակին եղել է ազնիվ եւ անբասիր մարդ: Բայց կյանքը ինքը, հաջողությունները, նվաճումները միշտ էլ տրվում են բարդությունների, կոմպրոմիսների, նահանջների, «փչացումների» արդյունքում: Իսկ իշխանության վերնախավում հայտնված մարդը` մի քիչ ավել, մի քիչ պակաս, պարտադիր պետք է անցած լինի այդ ճանապարհներով:

Ինչո՞ւ եմ այս ամենը ասում, սիրելի Լեւոն: Արդյոք իմ ասածը թեւաթափ լինելու համա՞ր է, արդյո՞ք ասում եմ` արձանագրելու համար, որ ելք չկա այս տխմար իրավիճակից:

Ոչ, սիրելի Լեւոն, քավ լիցի: Ընդհակառակը, այս ամենը ասում եմ` ցույց տալու համար, որ մենք բոլորս ազատվենք «լավ իշխանավորի» մասին մանկական պատկերացումից ու հասկանանք, որ երկրում լավ իշխանության ու վատ իշխանության հարցի լուծողը մենք ենք, բացառապես մենք ինքներս` ՀՀ քաղաքացիների ամբողջությունը, այսինքն` Հայաստանի ժողովուրդը:

Եվ հիմա, ասում եմ քյասար, առանց սեթեւեթանքի. չի լինելու Հայաստանում լավ իշխանություն, քանի դեռ այդ իշխանությունն իր լիազորությունը չի ստացել ժողովրդից` ազատ կամարտահայտման միջոցով: Բայց սա ամենը չէ. չի լինելու Հայաստանում լավ իշխանություն այնքան ժամանակ, մինչեւ էդ իշխանությունը, իշխանավորը իր հոգու խորքում, շատ խորը մի տեղ չունենա էն վախը, որ եթե ինքը չափերն անցնի, ժողովուրդը գալու է իր ետեւից ու իր վզակոթին տալով` դուրս է նետելու իշխանական կաբինետներից: Բայց այդ վախը պետք է իրական հիմք ունենա, այդ սպառնալիքը պետք է լինի շոշափելի իրողություն:

Չի լինելու Հայաստանում լավ իշխանություն, քանի դեռ Հայաստանի քաղաքացին ինքը իրեն չի համարում երկրի թիվ մեկ իշխանավորը: Չի լինելու Հայաստանում լավ իշխանություն, քանի դեռ Հայաստանի քաղաքացու` իշխանության հետ շփվելու հիմնական կերպը քծնելն է, շողոքորթելը, հետույք մտնելը: Չի լինելու Հայաստանում լավ իշխանություն, քանի դեռ այդ իշխանավորի վզից բռնած` ժողովուրդը ինքը չի նստեցրել իշխանավորին գահին ու չի շարունակել նրա օձիքից բռնած պահել` անհրաժեշտության դեպքում նրան այդ գահից վռնդելու համար: Սա է լավ իշխանության միակ բանաձեւը, եւ ոչ թե` անձերին լավ ու վատ խմբերի բաժանելու մոտեցումը:

Քո նամակից ես հասկանում եմ, որ անձամբ ինձ լավ ես վերաբերվում, եւ շոյված եմ դրա համար: Բայց ասում եմ, որ եթե ես իշխանության ղեկին հայտնվեի նույն եղանակով, ինչ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, գուցե նրանցից ավելի վատը լինեի, շատ ավելի ատելի:

Սիրելի Լեւոն.

Եթե քաղաքացին ուզում է, որ իշխանավորը իր համար, իր շահի համար որեւէ բան անի, պետք է նշանակություն ունեցող սուբյեկտ դառնա երկրում: Հիմա քաղաքացին ո՞վ է իշխանության համար: Կամ 5 հազար դրամանոց ապրանք, որին կարելի է գլխաքանակով առնել ու ծախել, կամ թշնամի, որին կարելի է գնդակահարել: Եւ քեզ ասեմ` թշնամու կարգավիճակը ավելի պատվաբեր է, եւ այս «թշնամական» բանակի գոյությունն է իրավիճակի փոփոխության միակ հույսը: Հիմա` մոտենում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեմային:

Առաջին նախագահի մասին ես իմ կարծիքն ունեմ, դու` քո: Բայց մեր մեջ ասած` ոչ իմ կարծիքն է այսօրվա խոսակցության համատեքստում կարեւոր, ոչ էլ` քոնը: Որովհետեւ ես Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմում եմ հայտնվել այն պարզ գիտակցությունից ելնելով, որ այս իրավիճակում նա է ի վիճակի իր շուրջ համախմբել մեծ թվով ուժերի ու մարդկանց, նա է ի զորու մարդկանց, քաղաքացիներին հավատ ներշնչել, որ իրենք, այսինքն` քաղաքացիները, ինչ-որ բան ի վիճակի են որոշել, եւ իրենք են որոշողը:

Միայն խնդրում եմ, ինձ չհիշեցնես 1996 թվականը: 96 թվականին ես «չափար ջարդողների» կողքին եմ եղել, 2004 թվականի ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում եմ եղել: 2007 թվականի մայիսի 9-ին ու 2008 թվականի մարտի մեկին էլ` գիտես` որտեղ եմ եղել: Հիմա ընդհատակում եմ: Ուր էլ լինեմ վաղը` բանտում, ազատության մեջ, իշխանության մեջ, դժոխքում` ժողովրդին մի ասելիք ունեմ: Ձեր ձեռքին ունեցեք քար եւ փայտ` ինքնապաշտպանության համար: Որովհետեւ, եթե մենք իշխանավորին չկարողանանք ստիպել, որ նա մեզ վերաբերվի որպես իր տիրոջ, որ նա մեզ վերաբերվի որպես իշխանության բարձրագույն կրողի, որ նա մեզ վերաբերվի հարգանքով, ուրեմն` երկրում միշտ լինելու ենք տնվորի, խեղճի կարգավիճակում: Որովհետեւ լավ ապրելու, մարդավարի ապրելու համար նախ պետք է քաղաքացին իր երկրում իրեն մարդ զգա, ու սա մարդավարի ապրելու համար պարտադիր պայման է:

Սիրելի Լեւոն.

Քո նամակում դու մեջբերում ես պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին, ով ասում է, որ ինքը չի ճանաչում բարոյական հաղթանակ: Հաղթանակը կամ կա, կամ` ոչ: Շատ լավ, ճիշտ միտք է: Մի դիտարկում. Աբրահամը աշխարհի չեմպիոն է, բայց երբ նա ռինգ է դուրս գալիս, ցանկացած մեկը հինգ վայրկյանում նրա հարցերը կլուծի, եթե ձեռքին դիպուկահարի հրացան ունենա, այսպես կոչված` էսվեդե:

Մենք, ի դեպ, նույնպես չենք ճանաչում բարոյական հաղթանակ: Մենք չենք ճանաչում ո՛չ հիացմունք, ո՛չ հիասթափություն, մեզ համար ոգեւորությունը նույնն է, ինչ հուսահատությունը, որովհետեւ մենք գործ ունենք, անելիք ունենք, որը գտնվում է հիացումից ու հիասթափությունից անդին, ոգեւորությունից ու հուսահատությունից վեր: Մենք անելու ենք այդ գործը, սիրելի Լեւոն:

Եւ ես շատ եմ ուզում, որ դու ինքդ էլ այդ գործը քոնը համարես, որովհետեւ մենք ունենք քո աջակցության կարիքը, մենք ունենք քաղաքացու աջակցության կարիքը: Ու մենք երբեք չենք խորշել քաղաքացու աջակցությունը հայցելուց, որովհետեւ համոզված ենք, որ վաղը, մյուս օրը բաց ճակատով ենք կանգնելու այդ նույն քաղաքացու առաջ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հետգրության կարգով

- Քար ու փայտի մասին իմ ասածը կարող է շատերին «ռադիկալ» թվալ: Բայց երբ հիշում ենք, որ քարն ու փայտը հանդես են գալիս ընդդեմ ավտոմատների եւ դիպուկահարների, դա ընդամենը կթվա մանկական խաղալիք: Իսկ ընդհանրապես, նորմալ հասարակության մեջ քար ու փայտի դեր խաղում են իրապես ազատ ԶԼՄ-ները, իրապես անկախ դատարանը, որոնց գործունեության արդյունքում որեւէ մակարդակում բացառվում է ընտրակեղծարարությունը, ամենաթողությունը: Իսկ երբ դատարաններն ու ԶԼՄ-ները դադարում են իրենց առաքելությանը ծառայել, քարն ու փայտը արդեն դառնում են ոչ թե փոխաբերական, այլ իրական գործիքներ:

- Մեծ թվով իշխանական դեմքեր, վերջինը` Սամվել Նիկոյանը, հարցազրույցներում ասել են, թե մարտի 1-ից հետո իշխանությունները զսպված են աշխատում, աշխատում են ավելի պատշաճ լինել: Այս դիտարկումը ապացուցում է մեր մտքերի ընթացքի ճշմարտացիությունը: Մյուս կողմից` «Մարտի 1-ի» գործի նկատմամբ իրենց ցուցաբերած վերաբերմունքով իշխանությունները, փաստորեն, փորձում են վերանվաճել անսահմանորեն լկտի լինելու իրենց իրավունքը:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.