> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԴԵ ՄԵՆՔ ԵՆՔ, ԶԻՄԲԱԲՎԵՆ, ՍՈՄԱԼԻՆ…

ԴԵ ՄԵՆՔ ԵՆՔ, ԶԻՄԲԱԲՎԵՆ, ՍՈՄԱԼԻՆ…

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունը վերջնականապես հօդս ցնդեցրեց «Ղարաբաղ` քաղբանտարկյալների դիմաց» բանաձեւը. կոմբինացիա, որ մտադիր էր խաղարկել Սերժ Սարգսյանը: Իհարկե, ամերիկացիք դեմ չէին լինի այսօրինակ գործարքի կնքմանը, բայց Սերժ Սարգսյանի ռիսկը չհերիքեց, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիմադրությունը որքան էլ խուլ, այնուամենայնիվ` լուրջ է: Եվ հետո, ռուսները Սերժ Սարգսյանին ցույց տվեցին, որ Նարիմանովին թույլ չեն տա դառնալ միստր Սմիթ: Բայց կա շատ ավելի կարեւոր նրբություն. գործարքի տապալման մեջ լրջագույն դեր ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ԵրթՍերժի տրամաբանությունը հետեւյալն էր. ընդդիմությունը շնչում է ծոծրակիս, եւ թողեք նրա հարցերը լուծեմ, նոր անցնեմ Ղարաբաղի հարցին: Այս բանաձեւը նա առաջարկեց Արեւմուտքին: Տեր-Պետրոսյանը հակաքայլ արեց. չենք շնչում մենք քո ծոծրակին, գնա լուծիր Ղարաբաղի հարցը: Ու Սերժ Սարգսյանի հնարքը սկսեց աշխատել հենց իր դեմ: Եւ ահա, «Հազարամյակի մարտահրավերը» հիշում է ժողովրդավարության մասին, Բրայզան էլ` քաղբանտարկյալների մասին ու մի այնպիսի ձեւակերպում է անում, որից հասկանալի է դառնում, թե ԱՄՆ-ն փոշմանել է եւ ամենեւին չի ուզում աչք փակել քաղբանտարկյալների խնդրի վրա: Եւ ի դեպ, մեր մեջ ասած, սրտի խորքում ԱՄՆ-ն կցանկանա, որ քաղբանտարկյալները ազատ չարձակվեն, ընդհակառակը, հնարավորինս երկար պահվեն բանտերում, որ Բրայզան ու Ֆրիդը երկու շաբաթը մեկ Սերժի քթին տալու առիթ ունենան: «Հազարամյակի մարտահրավերը» նույնպես միանգամից չի սառեցվում: Այսինքն` չեն ասում` էլ մեզնից փող չուզեք: Ասում են` ուզեք, որովհետեւ միանգամից 140 միլիոն դոլարի օգնությունը մերժելը այն էֆեկտը չի ունենում, ինչ 20 անգամ 7 միլիոն դոլար մերժելը: Կամ հարյուր անգամ 1.4 միլիոն դոլարը մերժելը:

Ու հիմա Սերժը, տեսեք, ինչ է անում. քաղբանտարկյալներին բանտում պահելով` արտաքին աշխարհին ամենօրյա լծակ է տալիս Հայաստանի դեմ, մինչդեռ ընդամենը ամիսներ առաջ ընդդիմությանն էր մեղադրում Հայաստանի վարկը գցելու մեջ, կարծես ընդդիմությունն է կոտորել սեփական ժողովրդին: Ու եթե փետրվարի վերջին ակնհայտ էր Հայաստանի ընտրական համակարգի փլուզումը, հիմա արդեն ակնհայտ է իրավապահ համակարգի, ոստիկանության, ԱԱԾ-ի, դատախազության եւ որ կարեւոր է` դատական համակարգի փլուզումը: Բրայզան ասում է` բոլոր ձերբակալվածներին ազատ արձակեք. սա գնահատական է Հայաստանի դատական համակարգին, եւ այլ լեզվով այս ձեւակերպումը նշանակում է. Հայաստանի դատական համակարգը ի զորու չէ անմեղին տարբերել մեղավորից: Եվ սա միանշանակ արդեն ԱՄՆ-ի պետական մոտեցումն է, եւ ակնհայտ է, որ նման հարցազրույցով հանդես գալու հանձնարարական Բրայզան ստացել է իր բարձր ղեկավարությունից: Ի դեպ, Հայաստանում շատ հաճախ լուրջ չեն վերաբերվում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներին, որովհետեւ դրանք ուղղակի ազդեցություն չեն կարող ունենալ խնդիրների լուծման վրա: Սա ճիշտ է, բայց այդ իրավապաշտպանների զեկույցները այն փաստաթղթերն են, որոնց հիման վրա կարծիք է կազմվում տվյալ երկրի մասին, եւ այդ զեկույցները շրջանառության մեջ են դրվում ինչպես քաղաքական, այնպես էլ պետական, դիվանագիտական եւ բիզնես միջավայրերում: Ընդ որում, խոսքը ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ եվրոպական բոլոր երկրների մասին է: Այս փաստաթղթերը շրջանառվում են անգամ լատինամերիկյան, Օվկիանիայի, ինչպես նաեւ ասիական բազմաթիվ երկրներում: Սրա հետեւանքները կարող են չերեւալ, բայց չեն կարող շրջանցել մեզ: Այս պրոցեսները շատ կարեւոր են նաեւ ԼՂ հարցի կարգավորման համատեքստում` Հայաստան-Ադրբեջան մրցակցության իմաստով: Ադրբեջանում էլ կան քաղբանտարկյալներ, բայց Իլհամ Ալիեւը տասը մարդ չի սպանել եւ այսօրինակ լայնամասշտաբ հետապնդումներ չի իրականացրել: Իհարկե, Ադրբեջանում դրա կարիքը չի էլ եղել, բայց հարցը դա չէ: Ու եթե ուշադիր հետեւում ենք Ադրբեջանում այս իմաստով տիրող վիճակին, ակնհայտ է, որ Իլհամը հարմար պահի է սպասում Ադրբեջանի քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար եւ ուզում է այս քայլով հերթական հարվածը հասցնել Հայաստանին` դա անելով մի այնպիսի պահի, որ արդյունքում Ադրբեջանն առաջին անգամ ավելի բարենպաստ միջազգային իմիջ ունենա Հայաստանի համեմատությամբ: Եթե նման բան տեղի ունենա, դա կլինի այսօրինակ առաջին հարաբերակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի անկախացումից հետո: Կարելի է ասել, որ սա ողբերգություն չի լինի Հայաստանի համար: Բայց առանձին վերցրած` ոչ մի բան էլ ողբերգություն չէ: Ողբերգությունը այն է, երբ կաթիլը կաթիլի վրա, կաթիլը կաթիլի վրա, կաթիլը կաթիլի վրա հավաքվում է ու դառնում ջրհեղեղ: Իսկ 2008-ին Սերժն ու Ռոբերտը ոչ թե կաթիլ են ավելացնում կաթիլի վրա, այլ ուղղակի բացել են ծորակները:

Հ.Գ. Վերջերս մի զեկույց էլ հրապարակեց Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամը, ըստ որի` Հայաստանը լափել է երեխաների պատվաստման համար հիմնադրամից տրամադրված գումարները եւ այս ցուցանիշով լիդեր է` Զիմբաբվեի եւ Սոմալիի հետ: Ազգի համար ենք լափել, ախպեր, ի~նչ եք շուխուր անում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
17.12.2008

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.