> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԻՇԵՆՔ ՍԵՎՐԻ ՄԱՍԻՆ

ՀԻՇԵՆՔ ՍԵՎՐԻ ՄԱՍԻՆ

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի առաջարկը ձմեռային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու մասին իսկապես անսպասելի էր: Ոչ թե այն պատճառով, որ նման առաջարկի համար բավարար հիմքեր չկան. հիմքերը կբավականացնեն այսօրինակ տասնյակ որոշումների համար: Ուղղակի հիմա Հայաստանում շատ քչերն են հավատում, որ ԵԽԽՎ-ն սկզբունքներ է պաշտպանում, եւ մեզանում այդ կառույցը սկսել են ընկալել որպես առեւտրական մի ընկերություն: Իսկ առեւտրի գործում Սերժը հավասարը չունի. նա ցույց է տվել, որ Կոլոմբիե-Պրեսկոտ զույգի սիրտը շահելու ձեւերը գիտի: Եվ ահա, այդ զույգի ղեկավարած Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից առաջ իշխանությունը աչքի էր ընկնում լկտի ինքնավստահությամբ, եւ այդ ինքնավստահության ֆոնին Էձիկ Նալբանդյանի` դեկտեմբերի 17-ի ափալ-թափալ ճեպազրույցը եւ այդ ընթացքում նրա աչքերի արտահայտությունը միայն կարեկցանք են հարուցում: Էձիկը չի հասկանում, թե էս ինչ կատարվեց. վռոձի սաղ հարցերը սադավորած էր: Բայց դե պրոբլեմը, թերեւս, նրա մեջ է, որ հարցը Պրեսկոտի ու Կոլոմբիեի մակարդակից տեղափոխվել է ավելի բարձր մակարդակ, ու սրա առաջին վկայությունը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի հայտարարությունն էր, որը ասում էր` բաց թողեք բոլոր կալանավորվածներին: Նման հայտարարություն անելու ուղղակի աչք ծակող հիմքեր թե՛ Բրայզան եւ թե՛ ԵԽԽՎ-ն անընդհատ ունեցել են վերջին ինը ամիսների ընթացքում: Բայց չեն արել այդօրինակ հայտարարություններ, որովհետեւ լուրջ հարցով էին զբաղված` Ղարաբաղի հարց էին լուծում: Բայց դեկտեմբերի հինգին Սերժը Ռուսաստանի հետ խաղեր տվեց եւ Հելսինկիում քցեց Արեւմտյան իր սպոնսորներին` նրանց, ովքեր աչք էին փակել Հայաստանի քաղաքացիների բազմամյա խոշտանգումների վրա: Ու հիմա Սերժիկ-Էձիկ զույգի պահվածքը հասկանալի է. նրանք զարմացած են, թե ինչու այսքան տարի մանր ժուլիկությունները անցել են, հիմա չեն անցնում: Դրա պատճառներից մեկն այն է, որ հիմա Հայաստանում ուժեղ ընդդիմություն կա:

Բայց եւ չբացառենք, որ Արեւմուտքում ոմանք ամոթ ունեն, չնայած` քիչ հավանական է: Եւ արեւմտյան անամոթության անսահմանության մասին է խոսում այն, որ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի օրը Համարբերգին ուղարկում են Բելգիա` այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված ինչ-ինչ հարցերով զբաղվելու: Երեւի որեւէ ռեստորանում որեւէ մեկին խմելու ջուրը մատուցել են սահմանվածից 0,003 աստիճանով պակաս սառնությամբ: Ու հիմա` երեւի Համարբերգը զեկույց է կազմելու այդ դեպքի մասին: Անկախ ամեն ինչից, սակայն, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը դրական արձագանք է գտել Հայաստանի ժողովրդի, Համաժողովրդական շարժման մասնակիցների շրջանում: Անգամ ոգեւորություն է առաջացրել: Ու սա լավ չէ: Լավ չէ, որ մենք այդքան կենտրոնանանք եվրոպացիների կարծիքների, տեսակետների վրա` չնայած նրանց հետ տարվող աշխատանքը, տեղեկատվության փոխանցումը չափազանց կարեւոր է: Բայց եկեք չմոռանանք, որ մենք «Սեւրի պայմանագիր» տեսած ժողովուրդ ենք: Էդ պայմանագրով նախատեսված մեր հայրենիքի քարտեզը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը սեփական ձեռքերով է գծել, բայց այդպիսի Հայաստան երբեք գոյություն չի ունեցել, որովհետեւ մեզ թվացել է, թե այդ Հայաստանը սկուտեղի վրա մեզ են մատուցելու: Մենք չենք մտածել, որ այդ նույն Արեւմուտքը իր իսկ ձեռքով գրվածն ու ընդունվածը կարող է հաջորդ պահին ոչ եւս անել: ԵԽԽՎ-ում տեղի ունեցած այս բեկումը լուրջ արդյունքների հասնելու հիմք է, բայց հիշենք, անպայման հիշենք «Սեւրի պայմանագրի» ճակատագրի մասին:

Հետգրության կարգով

1. Որքան էլ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը կերկերուն ձայնով հավաստիացնի, թե Մոնիտորինգի հանձնաժողովում ընդունված փաստաթուղթը ընդամենը առաջարկ է, խմբի հրապարակած այդ փաստաթղթում առաջին անգամ պաշտոնապես արձանագրվում է քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում: Եւ ի դեպ, Մոնիտորինգի հանձնաժողովի առաջարկները, որպես կանոն, ընդունելի են լինում ԵԽԽՎ լիագումար նիստի համար, եւ տվյալ դեպքում ձայնից զրկվելու այս հեռանկարը կանխելու համար իշխանություններին չի բավականացնի մանր ժուլիկությունը, այլ կպահանջվեն կոնկրետ լուծումներ:

2. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասաց, որ ի պատասխան եվրոկառույցների քայլերի, Հայաստանը կարող է իր կողմնորոշումը փոխել դեպի մուսուլմանական աշխարհ: Սա անսպասելի չէ մի իշխանության համար, որի ներկայացուցիչը առաջարկում էր Հայաստանում բազմակնության մասին օրենք հաստատել: Արյան կանչը, այնուամենայնիվ, հզոր ազդակ է:

3. Իշխանական որոշ շրջանակներ բարբառում են, թե առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը որպես խաղաքարտ է օգտագործում քաղբանտարկյալների հարցը: Կարելի է կարծել, թե Տեր-Պետրոսյանն է այդ մարդկանց բանտերում պահում, իսկ Ալվարդ Պետրոսյանն էլ պայքարում է նրանց ազատության համար` Էդուարդ Շարմազանովի հետ ուս ուսի տված: Լծակները իշխանության ձեռքին են, եւ եթե Տեր-Պետրոսյանը որպես խաղաքարտ է օգտագործում քաղբանտարկյալների հարցը, այդ նույն իշխանությունը ազատ է նրան զրկել այդ խաղաքարտից: Նաեւ ԵԽ-ին Հայաստանի դեմ պատժամիջոց կիրառելու, այսպիսով նաեւ ԼՂ հարցում հավելյալ ճնշումներ գործադրելու հնարավորությունից: Եւ ի դեպ, այդ հնարավորությունը իշխանություններին տվել է հենց Տեր-Պետրոսյանը` հոկտեմբերի 17-ի հայտնի հանրահավաքի արդյունքներով:

4. Հայտնի է, որ մարտի 1-ի գործով քննչական խումբը կալանքի տակ է դրել ուրիշ անձանց պատկանող գույք` պատճառաբանելով, թե այդ գույքի իրական սեփականատերը Մյասնիկ Մալխասյանն է, մինչդեռ վերջինս ոչ մի կապ չունի այդ գույքի հետ, եւ ՀՔԾ վերը բերված հիմնավորումը ուղղակի իրավական աբսուրդ է: Բայց այս համատեքստում ուզում եմ մի կարեւոր տեղեկություն հաղորդել «Մարտի 1-ի» քննչական մարմնին. Սերժի ախպեր Սաշիկի եւ փեսա Միշիկի ողջ գույքը իրականում պատկանում է Մյասնիկ Մալխասյանին:

5. Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Սերժ Սարգսյանը «ինքնաբուխ» ազատ կարձակի քաղբանտարկյալներին, չարաչար սխալվում են: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու սպառնալիքը նույնպես Սերժ Սարգսյանին չի ստիպի նման քայլ անել: Քաղբանտարկյալների ազատ արձակելու գործը Համաժողովրդական շարժման գործն է: Այնպես որ, թողնենք իշխանություններին ու եվրոպացիներին եւ հույսներս դնենք մեզ վրա, միայն մեզ վրա:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.