> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց կողմից իրականացվող ռեպրեսիաների մասին խոսելիս «աշխատանքային» խոսակցությունների ժամանակ այդ պրոցեսը բնորոշում են որպես «գայկա ձգել»: Այսինքն, երբ պիտի ասեն, թե նոր ռեպրեսիաներ պետք է իրագործել, ասում են` գայկաները պետք է ձգել: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը սկսելուն պես, Քոչարյանը եւ Սարգսյանը բազմիցս իրենց շրջապատում ասել են. «Ոչինչ, հեսա գայկաները մի քիչ էլ կձգենք, ու ամեն ինչ կվերջանա»: Նման արտահայտություն, որ վերաբերել է ՀՀ առաջին նախագահին, նրանք առաջին անգամ արել են 2007 թվականի հոկտեմբերի 26-ին` հանրահավաքից հետո իրենց անհանգստացած շրջապատին հանգստացնելու համար: Ու Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին հանրահավաքից ի վեր ավազակապետական զույգը ստիպված է ձգել գայկաները: Այս ընթացքում տասնյակհազարավոր մարդիկ սպառնալիքներ են ստացել, բերման են ենթարկվել, շատերը զրկվել են աշխատանքից, առնվազն ութ մարդ` կյանքից: Արտակարգ դրությունը «գայկա ձգելու» ամենացայտուն օրինակն էր եւ գագաթնակետը: Բայց դրանից հետո էլ զույգը ստիպված է «գայկա ձգել»` մարդկանց զբոսանքը Երեւանի կենտրոնում հսկելով սաղավարտավոր-մահակավոր ոստիկաններով, նորանոր ձերբակալություններով: Այսինքն` ավազակապետությունը շարունակում է ձգել իշխանական մեքենայի գայկաները: Եւ ուրեմն` ի՞նչ պետք է անենք մենք` ՀՀ քաղաքացիներս: Մենք չպետք է թույլ տանք, որ զույգը գայկա ձգելու այս պրոցեսից դուրս գա, որովհետեւ քանի դեռ գայկա ես ձգում, մեքենան քշել չես կարող: Եվ հետո` գայկաները կտրվելու, այսինքն` կոտրվելու հատկություն ունեն: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ գայկաները ձգում ես ավելի, քան դրանք կարող են ձգվել: Քոչարյանասերժական գայկաները հասել են այս սահմանագծին, ու որպեսզի դրանք կտրվեն, հարկավոր է նրանց ստիպել, որ շարունակեն ձգման գործընթացը: Ինչպե՞ս: Ամենակարեւորը, իհարկե, ամենօրյա զբոսանքներն են Ազատության հրապարակի մերձակայքում: Սա հիմնական գործն է, որ մենք բոլորս պետք է անենք: Երկրորդը` պետք է կազմակերպել ավելի փոքր ակցիաներ: Պետք է շարունակել DVD գործունեությունը` հանրությանը մատուցելով օբյեկտիվ վիզուալ տեղեկատվություն: Եւ այլն, եւ այսպես շարունակ: Կարճ ասած, ավազակապետական զույգը պետք է ստիպված լինի շարունակել «գայկա ձգելու» պրոցեսը: Մյուս կողմից` վերը նշված ակցիաները կծառայեն մեծ հանրահավաքի նախապատրաստմանը, որի օրը եւ տեղը որոշում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ու մինչ վերջինս որոշում է կայացնում, մեզնից յուրաքանչյուրը պետք է Քոչարյանին ու Սերժին պահի «գայկա ձգողի» կարգավիճակում: Պայքար, պայքար մինչեւ վերջ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
27.03.2008

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. tikin pajqar
    Փետրվար 15th, 2010 at 02:10 | #1

    menq chenq datari pajqarel qani der chenq haxtel

  1. No trackbacks yet.