> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՎԱԶԱԿԱՊԵՏԵՐՆ ԷԼ ԵՆ ԼԱՑ ԼԻՆՈՒՄ

ԱՎԱԶԱԿԱՊԵՏԵՐՆ ԷԼ ԵՆ ԼԱՑ ԼԻՆՈՒՄ

«Ուզենք թե չուզենք, պետք է ընդունենք, որ մենք ենք ընտրել…», - Հանրային հեռուստատեսությամբ ներքաղաքական իրավիճակին անդրադառնալով` ահա այսպիսի արտահայտություն արեց Հովհաննես Չեքիջյանը` փորձելով հիմնավորել, թե ինչու պետք է հանրությունը որպես նախագահ ընդունի Սերժ Սարգսյանին: Համոզված եմ` Հայաստանի ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորի այս արտահայտությանը շատերն են էմոցիոնալ արձագանքել` հայհոյելով այս եւ այսօրինակ մտավորականների ստրկամտությունը: Իրականում, սակայն, պետք է շնորհակալ լինել Չեքիջյանին, որ նա սովորականից ավելի ուժեղ գրաքննվող Հանրային հեռուստատեսությամբ ըստ էության ասաց այն, ինչ կասեին ընդդիմադիր քաղաքական գործիչները այս օրերին եթերում հայտնվելով: Կասեին մի փոքր այլ կերպ, բայց կարտահայտեին նույն իմաստը: Իսկ իմաստը հետեւյալն է` հայ հանրությունը չի ցանկանում Սերժ Սարգսյանին որպես նախագահ ընդունել, չի ընդունում որպես նախագահ, եւ ահա ավազակապետությունը տանկերը մտցրել է ՀՀ մայրաքաղաք եւ փորձում է հայ հանրությանը պարտադրել Սերժին: Բայց վերջինիս վիճակը թերեւս շատ ավելի ծանր է, քան կարելի էր մտածել, որովհետեւ անգամ Հովհաննես Չեքիջյանը չի ուզում Սերժ Սարգսյանին պատկերացնել ՀՀ նախագահի դերում: Այլապես Չեքիջյանը ոչ թե վերը նշված կերպով կձեւակերպեր իր նախադասությունը, այլ կասեր` հայ ժողովուրդ, ցնծացեք, ուրախացեք, որ այսքան լավ նախագահ եք ընտրել: Բայց դե, ինքն էլ հասկանում է, թե ինչ է կատարվում, պարզապես հարմարվող տեսակ է եւ սովոր է կատարել բոլոր նրանց հրահանգները, ում ձեռքին գտնվում է իշխանության կնիքը: Չեքիջյանի եւ իր ստալինյան սերնդի մտավորականության համար իշխանությունը կնիք է, կաբինետ, պադավատ եւ բիրտ ուժ: Իսկ ժողովուրդը այս սերնդի մտածողությամբ այս ընթացքում անելիք չունի: Նա, այսինքն` ժողովուրդը, ուզի թե չուզի, պետք է գլուխը կախ լսի, թե ինչ են իրեն հրահանգում կնիքավորները, որովհետեւ նրանք են մարդկային ճակատագրի բարձրագույն քրմերը: Չեքիջյանը, ինչպես եւ Սոս Սարգսյանը եւ էլի ուրիշներ, սեփական օրինակով գիտեն դա, որովհետեւ կատարած զեղծարարությունների համար պետք է դատվեին, բայց չեն դատվել եւ դրա փոխարեն մանր ծառայություններ են մատուցում իրենց ճակատագրի տիրակալին` Սերժ Սարգսյանին: Չնայած, վերջինիս հոգեվիճակը շատ չի տարբերվում իրեն ծառայող «ինծիլիգենցիայի» վիճակից: Անգամ անսահման ցինիզմը Սերժ Սարգսյանին չի կարողանում օգնել, որ նա ինքն իրեն համարի ընտրված նախագահ: Վերջին շրջանի գործողությունը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ հայտնվել է ուզուրպատորի կարգավիճակում: Եւ մենք ականատես ենք համաշխարհային քաղաքականության մեջ չլսված ու չտեսնված մի երեւույթի. նախընտրական քարոզարշավ ընտրություններից հետո: Հենց սրանով է զբաղված Սերժ Սարգսյանը: Նա սկսել է հանրությանը, գործարարությանը խոստումներ տալ ընտրություններից հետո:

Մինչդեռ, եթե ընտրված նախագահ է, հիմա պիտի գար փետրվարի 20-ից առաջ տրված խոստումների իրագործման շրջանը: Բայց Ս. Սարգսյանը հասկացել է, որ հանրությունը բացարձակապես արհամարհել է իր «Առաջ Հայաստանը»: Եւ ահա, խոստումների նոր տարափ: Նա խոստանում է ՀՀ-ում կյանքը դարձնել ուրախ եւ ապրուստը` ձրի: Ս. Սարգսյանը, սակայն, չի ընկալել մի պարզ ճշմարտություն. պրոբլեմը ոչ թե իր տված խոստումների մեջ է կամ դրանց պերճախոս չլինելու, այլ խոստում տվողի մեջ: Ավելի ճիշտ` այն համակարգի մեջ, որի ղեկավարն է ինքը: Որպեսզի իր տված խոստումները կատարվեն, Ս. Սարգսյանը պետք է կտրի այն ճյուղը, որին նստած է, այսինքն` պետք է կազմաքանդի իր թիմը, իր բիզնեսը, պետք է ոչնչացնի ինքն իրեն: Նման բան, հասկանալի է, լինել չի կարող, եթե անգամ Ս. Սարգսյանը ցանկանա: Եթե անգամ սկսի այդ գործընթացը, համակարգը նրան կխժռի, որովհետեւ ցանկացած օրգանիզմ ունի ինքնապահպանության բնազդ: Ու եթե Ս. Սարգսյանը իրոք դարձի է եկել, նա ունի շատ ավելի հեշտ լուծում` ուղղակի հեռանալ: Իրականում, սակայն, այս ամենը կինո է` նախատեսված սերիալի սիրահար հեռուստադիտողի համար: Բայց հեռուստացույցը նաեւ Ս. Սարգսյանի ջանքերով դադարել է տեղեկատվության աղբյուր լինելուց, այն ուղղակի կռահումներ անելու նյութ է տալիս: Եւ այսօր «գալուբոյ էկրանից» մեզ մատուցվող նյութը ստիպում է արձանագրել` Սերժ Սարգսյանը հասկանում է, որ մերժված է ժողովրդի կողմից, եւ սա շատ կարեւոր արդյունք է:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
25.03.2008

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.