> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄՈՏԵՑՈՒՄԸ ԿԱՐԾԵՍ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ Է

ՄՈՏԵՑՈՒՄԸ ԿԱՐԾԵՍ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ Է

ԵԽ Մոնիտորինգի հանձնախմբի ընդունած առաջարկը, ըստ էության, նոր իրավիճակ ստեղծեց քաղբանտարկյալների խնդրի շուրջ։ Այդ նոր իրավիճակին, սակայն, իշխանությունները արձագանքում են հին ձեւերով։ Չգիտես ինչու, նրանք քաղբանտարկյալների խնդիրը նույնացնում են «Յոթի գործով» դատավարության հետ եւ ասում, թե` պետք է սպասել դատավարության ավարտին։ Մի ձեւակերպում, որ շրջանառության մեջ է դրվել դեռեւս մարտին։

Իշխանական ներկայացուցիչները մի տեսակ մոռացել են, որ «Մարտի 1-ի» գործով ավելի քան 50 դատավարություն արդեն ավարտվել է, եւ Մոնիտորինգի հանձնախմբի որոշումը ոչ թե «Յոթի գործով» սկսված, այլ «Մյուսների գործով» ավարտված դատավարությունների արդյունքում է ընդունվել։ Իհարկե, «Յոթի գործը» մարտի 1-ին մեկնարկած հետապնդումների գագաթնակետն է։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ դրանում ներգրավված են քաղբանտարկյալներից միայն յոթը, իսկ քաղբանտարկյալների ընդհանուր թիվը մեծ է մոտ տասը անգամ։ Մյուս կողմից` ակնհայտ է, որ իշխանությունները մտադիր են «Յոթի գործը» տանել նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ տեղի են ունեցել մյուս դատավարությունները։ Եթե անգամ մի պահ ենթադրենք, որ այդպես չէ, եւ «Յոթի գործը» ունենալու է օբյեկտիվ հանգուցալուծում, մի՞թե դա կարող է փոխել մինչ այս տեղի ունեցած դատավարությունների գնահատականը։ Եթե անգամ «Յոթի գործով» անցնողները արդարացվեն, ինչը, իհարկե, հնարավոր չէ սերժանտական Հայաստանում, դա մինչ այս տեղի ունեցած դատավարությունների պատկերը չի փոխի։ Եվ ի դեպ, մերձիշխանական ինչ-որ սուբյեկտներ դեռեւս մարտին էին ասում, թե պետք է սպասել դատավարությունների ավարտին, որովհետեւ իրենք չեն ուզում դատավորի դեր ստանձնել եւ վաղաժամ կարծիք հայտնել։ Ահա, ուրեմն` ավարտվել են Պետրոս Մակեյանի, Դավիթ Մաթեւոսյանի, Սմբատ Այվազյանի, Վարդգես Գասպարիի, Աշոտ Մանուկյանի, Արամ Բարեղամյանի, բազմաթիվ այլ քաղբանտարկյալների գործերը, բայց դատավորի կեցվածքից խուսափողները ինչ-որ այդպես էլ որեւէ կարծիք չեն հայտնում։ Նրանք, որ խուսափում են «դատավորի կեցվածք» ընդունել, ընդամենը հավատարիմ են մնում շիպիզնյակի իրենց կերպարին։ Իսկ ընդհանրապես, ԵԽ Մոնիտորինգի հանձնախմբի առաջարկից հետո իշխանությունները փորձում էին տպավորություն ստեղծել, որ տեղի ունեցածը մարդկանց ինչ-որ «հակահայ» խմբի գործունեության արդյունք է։

Մոնիտորինգի խմբի համազեկուցողներ Պրեսկոտի եւ Կոլոմբիեի` օրերս հրապարակած պարզաբանումները եկան արձանագրելու այս «թյուրըմբռնումը», եւ ակնհայտ է, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք համակարգային մոտեցման հետ, ու սրա մասին է խոսում այն, որ անգամ սերժանտական իշխանությունների փաստաբանները գործնականում իրենց ստորագրությունն են դնում ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի գնահատականների տակ։ Իսկ ԵԽ այսօրինակ մոտեցումը պետք է որ շատ ավելի խորքային պատճառներ ունենա, քան մենք ենք պատկերացնում։ Տվյալ դեպքում` խնդիրը չի կարող սահմանափակվել մարտի 1-ին եւ դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններով։ Ի վերջո` սկսած 2003 թվականից ԵԽ բանաձեւերում ընդգծվել են սկզբունքային պահանջներ, որոնք չեն կատարվել, եւ որոնց կատարումը կբացառեր 2008 թվականի մարտի 1-ը։ Եւ հիմա, թվում է, եվրոչինովնիկների շրջանում արթնանում է կորպորատիվ արժանապատվության զգացումը, ինչպես նաեւ ցանկությունը` այնուամենայնիվ տարանջատվել Սերժ Սարգսյանի անհեռանկար իշխանությունից։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.