> ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1 > ԿԳԲ-Ն ՊԱՐՏՎԵԼ Է, ԿԳԲ-Ն ՊԵՏՔ Է ՓԼՈՒԶՎԻ

ԿԳԲ-Ն ՊԱՐՏՎԵԼ Է, ԿԳԲ-Ն ՊԵՏՔ Է ՓԼՈՒԶՎԻ

Երբ իմ բարեկամ Միքայել Հայրապետյանը մեկ տարի առաջ «Իմպիչմենտ» դաշինքի հանրահավաքներից մեկում հայտարարեց, թե նախկին Կագեբեի, այժմ` ԱԱԾ-ի` Երեւանի Նալբանդյան փողոցում գտնվող շենքը անհրաժեշտ է քանդել եւ նրա տեղում մի մեծ փոս թողնել, այս միտքը ոմանց տարօրինակ թվաց:

Նիկոլը Մյասնիկյանի արձանի դիմացՎերջին տասը տարիները, սակայն, ապացուցել են այս մտքի ճշմարտացիությունը` այդ շենքի ոչ թե ֆիզիկական, գոնե բովանդակային կազմաքանդման իմաստով: Վերջին շրջանում հենց ԱԱԾ-ն է դարձել Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումների եւ բռնաճնշումների դրոշակակիրը, եւ այդ գործողությունների իմաստը հասկանալու համար` նախ անհրաժեշտ է ըմբռնել այս կառույցի ներքին բովանդակությունն ու մղումները, ճանաչել նրա իդեալները, տեղեկանալ նրա գործունեության չերեւացող կողմերի մասին: Եվ որպեսզի այս մասին խոսելիս վերացական պատկերներ չնկարագրեմ, արժե ընթերցողին ներկայացնել կոնկրետ կերպարների: Ինչպես արդեն տեղեկացել եք կնոջս` Աննա Վ. Հակոբյանի հոդվածից, ընդդիմության ակտիվիստների դեմ գործողություններում ակտիվորեն ներգրավված է ԱԱԾ օպերատիվ բաժիններից մեկի ղեկավար, փոխգնդապետ Կարեն Մանուկյանը: Վերջինիս ես ճանաչում եմ անձամբ եւ նրա հետ առնչվել եմ մեր թերթի աշխատակիցների նկատմամբ հարձակումների դեպքերի կապակցությամբ, որոնցից երկուսով զբաղվել է նա: «Բարեւ-բարլուսի» մակարդակով նա սովորական, նորմալ մարդու տպավորություն է գործում: Իսկ ինչպիսի՞ն է նրա աշխատանքային աշխարհայացքը. Մանուկյանի աշխատասենյակի պատից մեզ է նայում Ֆելիքս Ձերժինսկու պատկերը: Բայց սա սովորական լուսանկար չէ, այլ սովորական թղթի վրա տողային տպիչով տպված արտացոլանք: Այս եղանակով տպված պատկերը աղավաղված է ստացվում, եւ տվյալ դեպքում դա հատուկ է արված` կերպարին առասպելականություն հաղորդելու համար: Հիշեցնեմ, որ Ֆելիքս Ձերժինսկին սովետական Կագեբեի հիմնադիրն է, որ իր ժամանակ կոչվում էր Վեչեկա: Հիշեցնեմ նաեւ, որ ԿԳԲ-ն մարդկության պատմության ամենագազանաբարո, հակամարդկային կազմակերպություններից մեկն էր, որի գործունեությունը կարելի է համեմատել միայն նացիստական Գեստապոյի հետ, եւ հենց Կագեբեի շինծու մեղադրանքների զոհն են դարձել տասնյակ միլիոնավոր անմեղ մարդիկ, սովետական քաղաքացիներ:

Բայց Մանուկյանի աշխատասենյակից կախված Ձերժինսկին եզակի չէ: Նման պատկերներ կան բազմաթիվ ԱԱԾ-ականների սենյակներում, եւ դա միայն թղթի կտոր չէ, այլ մտածողության, հոգեբանության արտահայտություն: Սրանում համոզվեցի նույն Մանուկյանի արած մի արտահայտություն լսելով. իմ ներկայությամբ դիմելով սենյակում գտնվող մի երիտասարդի` անկախ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության փոխգնդապետը ասաց. «Անգամ Ամերիկան այս կազմակերպությանը չկարողացավ խաբել, դու ուզում էիր խաբե՞լ»: Ինչպես հասկացաք, «այս կազմակերպությունը», որին անգամ ԱՄՆ-ն չի կարողացել խաբել, սովետական ԿԳԲ-ն է:

Համաձայնեք, որ այս նախադասությունը չէր կարող հենց այնպես ձեւակերպվել. սա մի ամբողջ միջավայրի, համակարգի մտածողության արտահայտումն է, եւ այդ համակարգը իրեն համարում է խորհրդային ԿԳԲ-ի ժառանգորդը, նրա մասը, նրա զավակը: Զավեշտը, սակայն, այն է, որ համակարգը կոչվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն: Հայաստանի անկախության եւ անվտանգության խնդիրները սպասարկելու կոչում ունեցող այս կարեւորագույն կառույցի այսօրվա պաշտոնյաները ուղղակի չեն նկատել մի քանի «աննշան» իրադարձություններ, ինչպես, օրինակ, Հայաստանի անկախացումն է: Եւ այսպիսի «անտեղյակության» մեջ գտնվող մարդիկ, բնականաբար, իրենց պետք է համարեն ԿԳԲ-ական, իրենց կառույցը պետք է դիտարկեն որպես սովետական մեծ ԿԳԲ-ի մասնիկ, այն ԿԳԲ-ի, որը դարձել է տասնյակհազարավոր անմեղ հայորդիների, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության գաղափարական հոր` Գարեգին Նժդեհի դահիճը: Սովետական Հայաստանի ԿԳԲ-ն, ի դեպ, Հայաստանի կոմունիստական ղեկավարությանը ենթարկվել է այնքանով, որքանով դա թույլ է տվել Մոսկվան: Եւ հիմա պատահական չէ, որ Հայաստանում որեւէ ուժային գործողության դիմելու համար` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ստիպված են ստանալ Մոսկվայի թույլտվությունը: Եւ եթե Ռուսաստանի հատուկ ծառայությունները ցանկանան հավաքագրել Հայաստանի ԱԱԾ որեւէ մակարդակի պաշտոնյայի, դա կանեն առանց որեւէ դժվարության, որովհետեւ մեր ԱԱԾ մթնոլորտը, բարոյականությունը, հոգեբանությունը ոչ միայն նպաստավոր է սրա համար, այլեւ մղում է նման քայլի: Հայաստանի բազմաթիվ ԱԱԾ-ականներ Ռուսաստանին կհանձնեն մեր երկրի պետական գաղտնիքները, կկատարեն ռուսական հատուկ ծառայությունների հանձնարարությունները ու իրենց պետական դավաճան չեն համարի: Չէ՞ որ ԿԳԲ-ականը պետք է ծառայի ԿԳԲ-ին, որի ժառանգորդը ռուսական հատուկ ծառայություններն են: Եւ կասկած չկա, որ Հայաստանի ԱԱԾ բազմաթիվ աշխատակիցներ հենց այսպես էլ վարվում են: Բայց միանշանակ ճիշտ է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ ասում է, թե հայ-ռուսական հարաբերությունների պրոբլեմները ոչ թե Ռուսաստանում են, այլ Հայաստանում, նրա իշխանավորների մտածողության, բարոյականության, պետական շահի եւ պետականության նրանց ընկալման մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանի ԱԱԾ-ի այսօրվա վիճակին, այն ուղղակիորեն կապվում է համակարգի ղեկավարի պաշտոնում Նարիմանովի` Սերժ Սարգսյանի գործունեության հետ:

ԿԳԲ-ական ռեւանշ

Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության նախարար դարձավ 1995 թվականին` Դավիթ Շահնազարյանից հետո: Ամրացնելով այս պաշտոնում իր ունեցած դիրքերը եւ պատրաստվելով 1998 թվականի իշխանափոխությանը` Սերժ Սարգսյանը սկսեց ազատվել Դավիթ Շահնազարյանի կադրերից` նրանց փոխարինելով նախկին ԿԳԲ-ականներով, այսպես կոչված` պրոֆեսիոնալ կադրերով: Սրանք այն մարդիկ են, ում սենյակներում այսօր փակցված են Ֆելիքս Ձերժինսկու պատկերները: Ինչ խոսք, Շահնազարյանի հետ ԱԱ մարմիններում հայտնվածները (այդ մարդկանց թիվը մեծ չէր, եւ Շահնազարյանը ԱԱ-ում կադրային ջարդ չիրականացրեց, այլ միայն քաղաքականապես անհրաժեշտ փոփոխություններ) պրոֆեսիոնալ չէին, բայց նրանք հասկանում էին, որ Հայաստանը անկախ պետություն է, պայքարել էին այդ անկախության համար, այնպես, ինչպես Ձերժինսկիի ստեղծած ՎՉԿ-ի առաջին սերնդի աշխատակիցները գաղափար չունեին հատուկ ծառայությունների գործունեության մասին, բայց պայքարել էին հանուն այն երկրի ստեղծման, որին պետք է ծառայեր իրենց կառույցը: Եւ իմիջիայլոց, Դավիթ Շահնազարյանը Հայաստանի հատուկ ծառայությունների ղեկավար դարձավ միայն այն բանից հետո, երբ հասկանալի դարձավ, որ այդ ծառայությունը առաջվա նման ուզում է ծառայել Մոսկվային եւ չի նկատել Հայաստանի անկախությունը, չի ուզում ենթարկվել անկախ Հայաստանի ղեկավարին: Սերժ Սարգսյանի ղեկավարած ԱԱ նախարարության գործունեության մի դրվագին ես արդեն անդրադարձել եմ Մաքսային պետական կոմիտեի այժմ արդեն նախկին պետ Արմեն Ավետիսյանի մասին պատմող հոդվածում: Բայց դա Հայաստանի հատուկ ծառայությունների բարոյալքման մեծ պատմության մի փոքր դրվագն է միայն: Այդ բարոյալքման բարձրակետը դարձավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Հիշեցնենք, որ մինչեւ Պետական պահպանության ծառայության ստեղծումը հենց ԱԱ-ն էր պատասխանատու պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության համար, եւ բացի հոկտեմբերի 27-ի զոհերից, Սերժ Սարգսյանի` ազգային անվտանգության նախարար եղած ժամանակ սպանվել են ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, ՊՆ փոխնախարար Վահրամ Խոռխոռունին, ՆԳ փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանը: Այդ ընթացքում էր, որ Սերժ Սարգսյանի շրջապատի մի շարք մարդիկ իրագործեցին նախնական կապիտալի կուտակումը` դառնալով միլիոնատերեր:

Իսկ երբ հոկտեմբերի 27-ից հետո Սերժ Սարգսյանը ստիպված էր հեռանալ ԱԱ նախարարի պաշտոնից, եւ երբ Քոչարյանի իշխանությունը վերականգնել էր իր անվտանգությունը, ազգային անվտանգության համակարգին հասցվեց վերջին, սոսկալի հարվածը: Հատուկ ծառայությունները (ինչպես նաեւ ոստիկանությունը) դուրս բերվեցին կառավարության կազմից, դարձան կառավարությանը առընթեր ծառայություններ` համապատասխան օրենքների հիման վրա: Այս փոփոխության իմաստն այն էր, որ այդ կառույցի ղեկավարը այլեւս ոչ թե նախարար է լինելու, այլ տնօրեն, եւ որպես հետեւանք` այդ պաշտոնում չի կարող լինել քաղաքական դեմք, այլ միայն համակարգի ներկայացուցիչ: Եւ եթե հաշվի առնենք, որ մինչ այդ արդեն ԱԱԾ-ն նորից լցվել էր Ձերժինսկու պատկերի առաջ աղոթող անձանցով, որոնք բացարձակ անհաղորդ էին Հայաստանի անկախության, ինքնիշխանության, մեծության իդեալներին եւ իրենց համարում էին եւ համարում են ԿԳԲ-ական, հասկանալի կդառնա, որ Հայաստանը դե ֆակտո մնաց առանց ազգային անվտանգության համակարգի: Այժմ արդեն ունենք սալդաֆոններից կազմված մի կառույց, որը բացարձակ գաղափար չունի ո°չ ազգայինի, ո°չ անկախ պետություն ստեղծելու հրամայականի մասին եւ պատրաստ է միայն հրամաններ կատարել: Այսպիսով, ԱԱԾ-ն պետական մարմնից վերածվեց բութ գործիքի` դառնալով հանցավոր վարչակազմի հիմնական նեցուկներից մեկը:

Ազգիս էլիտան ծանրացավ սրտիս

Մինչ հայրենի ԱԱԾ-ի դեգրադացիայի պատմության հետագա շարադրանքին անցնելը, անդրադառնանք հատուկ ծառայությունները սեփական նպատակների համար օգտագործելու քոչարյանասերժական մի մեթոդի եւս: Սերժն ու Քոչարյանը արագ հասկացան, որ մարդկանց անցյալը, նրանց անձնական կյանքը հետազոտելով` կարելի է քաղաքական լուրջ հաղթաթղթեր ստանալ: Նրանք արագ հասկացան, որ Հայաստանի հատուկ ծառայության այս պոտենցիալը չի օգտագործվում: Ու սկսեցին օգտագործել. պարզվեց, որ Հայաստանի գիտական, մշակութային, քաղաքական էլիտայի մի բավական ծանրակշիռ հատված խորհրդային տարիներին չի կարողացել զերծ մնալ ԿԳԲ-ի գործակալ դառնալու մեղքից: Այդ մարդիկ, որոնք ակադեմիկոս են, նշանավոր դերասան, սիրված նկարիչ կամ երգիչ, քաղաքական գործիչ, գործակալ լինելով, մատնագրեր են գրել իրենց ընկերների բարեկամների, հայտնի ժամանակակիցների դեմ, եւ եթե այդ ամենը հայտնի դառնա, նրանք միանգամից կդառնան զրո, ոչինչ: Այդ գաղտնիքները պահվում են ԿԳԲ-ի արխիվներում, ու այդ արխիվների տերը ԱԱ նախարար Սերժ Սարգսյանն է: Ուրեմն հենց նրա ձեռքում է գտնվում իրենց բարոյական «կենաց ու մահու» հարցի լուծումը: Ավազակապետական զույգը վարպետորեն օգտագործում է այս գործոնը եւ հասարակական քաղաքական կյանքում ձեռք բերում հուսալի հենարան: Այդ «հայտնի մտավորականները», գիտնականները, արվեստագետները, որոնք իրենց անունը ձեռք են բերել ԿԳԲ-ի հետ համագործակցելու, այսինքն` իրենց շրջապատի վրա մատնագրեր գրելու, «ժողովրդի թշնամիներին» հալածելու շնորհիվ, անհրաժեշտ պահերին իրենց աջակցությունն են հայտնում ավազակապետական իշխանությանը, հրապարակային ելույթներում թաքուն կամ բացահայտ փառաբանում «մեծ առաջնորդներին»: Իհարկե, չեմ ասում, թե Քոչարյանին կամ Սարգսյանին աջակցող բոլոր «մտավորականները» ԿԳԲ-ի գործակալներ են, բայց նրանց թիվը եւ իշխանության աջակցությունը բավարար է` համապատասխան ֆոն, բազա, միտում ստեղծելու համար: Նախորդ հրապարակումներից մեկում ես արդեն խոսել եմ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ԿԳԲ-ական անցյալի մասին: ԳԱԱ նախագահ լինելուց առաջ նա ԵՊՀ ռեկտոր էր: Եւ ահա, պատկերացրեք, թե նա որքան մարդկանց կարող էր գցել սերժանտական ցանցի մեջ` կանգ չառնելով ոչնչի առաջ. չէ՞ որ իր թիկունքում նա մահացու սպառնալիք ունի: Բայց որպեսզի Ռադիկ Մարտիրոսյանի պարագան եզակի չթվա, հիմա կխոսեմ մեկ այլ սուբյեկտի մասին եւս, որովհետեւ այն արարքը, որ նա իրեն թույլ է տվել Սերժ Սարգսյանի անմիջական հանձնարարությամբ, ամենաստորներից է: Խոսքը ԳԱԱ նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանի մասին է, որի մասին մեր հեռուստաընկերությունները ֆիլմ են ցուցադրում` նրան ներկայացնելով որպես մեծագույն անհատ: Ահա այս մեծագույն անհատը 1998 թվականի արտահերթ նախագահական ընտրությունների շրջանում, երբ Կարեն Դեմիրճյանը հաղթական կերպով վերադարձել էր քաղաքական կյանք եւ սպառնալիք էր դարձել Ռոբերտ Քոչարյանի կարիերայի համար, ահա այդ ժամանակ Սերժ Սարգսյանը Ֆադեյ Սարգսյանի վրա տեղադրում է հատուկ-լսող սարքավորումներ եւ նրան ուղարկում նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանի հետ հանդիպման: Կարեն Դեմիրճյանը, բնականաբար, ընդունում է իր վաղեմի «ընկերոջը», «զինակցին», հարեւանին եւ նրա հետ անկեղծ զրույց ունենում իր քաղաքական ծրագրերի, հետագա անելիքների մասին եւ չի էլ կասկածում, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իր խոսակցությունը լսում են «ուղիղ եթերում», եւ որ Ֆադեյը ոչ թե զրուցում է իր հետ, այլ հարցազրույց է անում Սերժ Սարգսյանի կազմած հարցաշարով: Պետք է ենթադրել, որ այսօրինակ զրույցները պարբերական են եղել, բայց խոստովանեմ, ինձ հայտնի է այդպիսի մեկ դեպքի մասին: Ահա այսպիսի «վարք մեծաց»:

Բայց հասարակական-քաղաքական կյանքում կան նաեւ երիտասարդ գործիչներ, որոնք ԿԳԲ-ի հետ չեն առնչվել: Ինչպե՞ս վարվել նրանց հետ. միկրոսկոպի տակ առնել նրանց անձնական կյանքը: Եթե նրանց կյանքում ոչ մի վարկաբեկող բան չկա, ուրեմն պետք է փորփրել նրանց հարազատների կյանքը եւ ձեռք բերել կոմպրոմատներ: Իհարկե, բոլոր ժամանակներում ամենաբարձրը գնահատվել են սեռական բնույթի կոմպրոմատները: Մարդիկ երբեմն տարօրինակ հակումներ են ունենում. մեկը սիրում է տղամարդկանց հետ սեքսով զբաղվել` տղամարդ լինելով հանդերձ, մյուսը դավաճանում է կնոջը, սիրուհի ունի կամ պուտանկաների հետ է շփվում, երրորդի կինն է ամուսնուն անհավատարիմ, չորրորդը սեփական կնոջ հետ այցելում է կասկածելի ակումբներ: Բնականաբար, բոլոր այս հարցերով պետք է զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը, որը պետք է համապատասխան դոսյեներ կազմի եւ դրանք ապահովի «վիդեոմատերյալներով»:

Այսինքն` եթե որեւէ մեկը գեյ է, պետք է ԱԱԾ-ն դա ապացուցող նկարահանում անի, նկարահանի սեռական ակտը: Ինքներդ եք հասկանում, սա հեշտ գործ չէ եւ պահանջում է նյութական միջոցներ, տեխնիկա, մարդկային ռեսուրս, օպերացիաների մանրամասն պլանավորում եւ իրագործում: Եւ վերջին տասը տարիների ընթացքում հայրենի ԱԱ-ն իրականացրել է բազմաթիվ այդօրինակ օպերացիաներ: Եթե ձեզ զարմացրել է որեւէ քաղաքական գործչի դիրքորոշման փոփոխությունը, դավաճանությունը, մի զարմացեք. ուրեմն այդ մարդը կամ նրա հարազատները ինչ-որ մութ պատմության մեջ են ընկել կամ եղել երբեւէ կամ էլ ունեն սեռական տարօրինակ հակումներ: Մեր քաղաքական գործիչներից շատերի «ծախվելը» մարդիկ սովոր են բացատրել փողի գործոնով: Ինչ խոսք, փողը որոշակի դեր խաղում է, բայց որպեսզի մարդուն տրամադրեն փողով ծախվելուն, դրանից առաջ նրան դեմ են տալիս կոմպրոմատը: Սա տրամաբանական է, որովհետեւ տվյալ մարդը փողը վերցնելուց հետո կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ նրա վրա ազդեցության լծակ է պետք: Մյուս կողմից` միայն կոմպրոմատի գործադրումը «զոհին» թշնամաբար է տրամադրում «գնորդի» նկատմամբ, ինչը նույնպես անթույլատրելի է: Ի վերջո, կոմպրոմատը օգտագործում են ոչ թե թշնամի, այլ բարեկամ ձեռք բերելու համար, եւ սա հայտնի թխվածքաբլիթի եւ մտրակի մեթոդն է: Եւ ի դեպ, տեսեք` նկարագրված իրավիճակին ինչքան է համապատասխանում Սերժ Սարգսյանի սիրած «հաճախորդ» բառը: Այժմ, որպես այս գլխի ամփոփում պատմեմ մի քաղաքական գործչի եւ նրա ընտանիքի պատմությունը, որը էական նշանակություն է ունեցել վերջին տարիների ներքաղաքական զարգացումների վրա:

Պարզվում է` Հայաստանում մի տարօրինակ ակումբ կա, որտեղ այցելում են ամուսնական զույգեր: Այսինքն` ամուսինը այնտեղ է գնում իր կնոջ հետ: Այստեղ գալիս են բազմաթիվ այլ զույգեր, եւ ակումբի իմաստն այն է, որ տեղի է ունենում պարտնյորների փոխանակում: Այսինքն` ակումբի անդամները մի քանի ժամով ուրիշին են հանձնում իրենց կանանց, եւ իրենք էլ ուրիշ կին են ընտրում: Ակումբային այս հավաքից հետո նրանք սովորականի նման վերադառնում են տուն որպես սիրող ամուսիններ: Նման ակումբներ կան աշխարհի բազմաթիվ երկրներում, եւ բնական է` մեր երկրում նման ակումբի ի հայտ գալը եւ մանավանդ դրանցում հայտնի քաղաքական գործիչների հայտնվելը չէր կարող վրիպել ԱԱԾ-ի աչքից: Եւ մինչ շատերը չեն կարողանում հասկանալ վերջին մի քանի կարեւոր իրադարձությունների, քաղաքական վայրիվերումների իմաստը, ամեն ինչ ծայրահեղ պարզ է. ԱԱԾ-ն ունի համապատասխան նկարահանումներ:

Ի դեպ, պարզվում է, որ իշխանական եւ մերձիշխանական կուսակցությունների համամասնական ցուցակները կազմելիս հաշվի է առնվում նաեւ ԱԱԾ ֆակտորը, այն, թե ինչպիսի դոսյեներ ունի ԱԱԾ-ն այս կամ այն անձի վրա: Ինչքան հաստ են դոսյեները, այնքան տվյալ մարդը հարմար է համարվում` խորհրդարանում դեպուտատ աշխատելու համար: Իհարկե, եթե հաջողվում է ընդդիմության մեջ էլ համանման մարդիկ ունենալ, դա մեծ հաջողություն է: Իսկ ընդհանրապես, Հայաստանի ԱԱԾ-ն հսկայական միջոցներ եւ ժամանակ է ծախսում` ընդդիմադիր գործիչների գաղտնալսելու, նրանց շրջապատում գործակալներ ներդնելու եւ այս կարգի այլ գործողություններ իրականացնելու համար: Բայց հայ ԿԳԲ-ականները մնացել են ութսունական թվականների մակարդակի վրա, եւ լուրջ մարդկանց համար դժվար չէ նկատել եւ կանխատեսել նրանց գործողությունները, գործակալներին, պրովոկատորներին:

ԿԳԲ-ական կրախ

miting_09022008Ինչպես արդեն նշեցի, հայրենի ԿԳԲ-ականները չեն նկատել Հայաստանի անկախության` իրենց համար տխուր հանգամանքը: Նրանք չեն նկատել իրենց համար տխուր մեկ այլ հանգամանք. այն, որ իրենց պաշտամունքի առաջվա` սովետական ԿԳԲ-ն գլոբալ պայքարում խայտառակ պարտություն է կրել, եւ դրա վկայությունն է դրան ծնած երկրի` ԽՍՀՄ փլուզումը: Ընդ որում, մինչեւ հիմա ԿԳԲ-ականները չեն ուզում ընդունել, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է ոչ թե արտաքին ներգործության, այլ հենց ԿԳԲ-ի գործունեության արդյունքում: Փտած այս համակարգը դարձել էր քաղաքացիների թշնամին, առաջընթացի հիմնական խոչընդոտը:

Այս իրողությունների ընկալման բացակայությունը, բնականաբար, պիտի օգներ, որ հայրենի ԱԱԾ-ն ինքն իր համար աննկատ համակվեր փտախտով եւ կրեր խայտառակ պարտություններ: Եվ այդպես էլ եղավ: ԱԱԾ վերնախավը սկսեց «իր աճող դերը» օգտագործել` անձնական բարեկեցության հասնելու համար: ԿԳԲ-ականները տենդագին կերպով ձեռք են բերում սեփականություն, քթները խոթում են բիզնեսի այս կամ այն ոլորտներ: Այս երեւույթի ամենավառ դրսեւորումը ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանն էր, որը, ինչպես պարզվեց, զբաղվում էր բանանի «կանտրաբանդայով»: Այս փաստը հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը Հարությունյանին ազատեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից: Սակայն սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Հարությունյանի պաշտոնանկության պատճառը բանանի «կանտրաբանդայով» զբաղվելն էր. Ռոբերտ Քոչարյանը միշտ էլ իմացել է այդ գործի մասին եւ պաշտոնանկության մասին որոշում կայացրել է այն բանից հետո, երբ հասկացել է, որ Հարությունյանը սկսել է հաշիվների մեջ խաբել իրենց: Այս վարկածի մասին է խոսում երկու հանգամանք. պաշտոնանկությունից հետո Հարությունյանին չդատեցին, ինչը նշանակում էր, որ ավելորդ աղմուկ բարձրացնելը ցանկալի չէ: Եվ հետո` Գրիգորի Հարությունյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ լինելով, իր «Գրիառ» ֆիրմայով շենքեր էր կառուցում Բուզանդի փողոցում, ինչը նշանակում է, որ ԱԱԾ տնօրենի տեղակալի բիզնեսով զբաղվելը ընդունելի հանգամանք էր Ռոբերտ Քոչարյանի կողմից, քանի որ «Գրիառը» երկար տարիներ բացահայտ գործունեություն էր ծավալում, եւ ֆիրմայի անունն էլ ձեւավորվել էր հայրենի ԱԱԾ ղեկավար աշխատողի անուն ազգանվան ռուսերեն տարբերակից` Գրիգորի Առուծյունյան: ԱԱԾ տնօրենի բոլոր տեղակալները, այսպես թե այնպես, ներգրավված են բիզնեսում եւ միլիոնատերեր են: Պետք է խոստովանել, որ այս իմաստով ամենախեղճը ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն է: Մեր մեջ ասած` համակարգի ներսում նրան «դոձիկ» են համարում, մի յուրօրինակ Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւ, որին այդ պաշտոնում նշանակել են տեղը զբաղեցնելու եւ դրա համար ներքին գզվռտոցը կանխելու համար:

Ինչեւէ, բիզնես-արատը ԱԱԾ-ում լրջորեն է տարածվել. տարածքային կառույցների ղեկավարները «կռիշ» են կանգնում տարբեր բիզնեսմենների, օբյեկտների համար: Իհարկե, այս «բարիքներից» ոչ բոլորն են կարողանում օգտվել, եւ ինչպես ողջ հանրության շրջանում, այնպես էլ ԱԱԾ ներսում մեծանում է ճեղքվածքը հարուստների եւ աղքատների միջեւ: Այս պայմաններում, բնականաբար, համակարգը պետք է լիովին բարոյալքվեր եւ խայտառակ պարտություններ կրեր: Հենց այդպիսի խայտառակ պարտություններ դարձան Մուրադ Բոջոլյանի, փաստաբան Վահե Գրիգորյանի, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործերը, որոնք ԱԱԾ-ին դարձրին համընդհանուր ծաղրի ու ծիծաղի առարկա: Բայց սրանք միայն ծաղիկներն էին, եւ մեծ պարտությունները դեռ առջեւում էին:

2007 թվականի աշնանային մի օր պարզվեց, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ինտերնետ ցանցով մտել են Հայաստանի ԱԳ նախարարության համակարգչային ցանց եւ «քաշել» այնտեղ եղած ողջ տեղեկատվությունը. արխիվ, դիվանագիտական նամակագրություն, գաղտնի փաստաթղթեր, անգամ անձնական նամակներ: Հիմա կարող ենք արձանագրել, որ Հայաստանի դիվանագիտությունը Ադրբեջանից ոչ մի գաղտնիք չունի: Այս տեղեկատվությունը միայն պատահաբար մամուլ ընկավ, եւ չպետք է բացառել, որ նույն ճակատագրին են արժանացել այլ գերատեսչությունների համակարգչային ցանցեր եւս, որովհետեւ դրանք ԱԳՆ ցանցից ավելի պաշտպանված դժվար թե լինեին, իսկ դրանց պաշտպանությամբ զբաղվում է նույն ԱԱԾ-ն: Այս խայտառակության համար ԱԱԾ-ում, ըստ էության, ոչ ոք չպատժվեց, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն էլ գիտեր, որ ինքը ողջ ԱԱԾ-ն նետել է ընդդիմության, ավելի ճիշտ` Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարի, եւ Ադրբեջանի դեմ պայքարի համար ռեսուրսները էականորեն նվազել են:

Ճակատագրի հեգնանքով, սակայն, ԿԳԲ-ական փտած համակարգը պարտություն էր կրելու նաեւ Տեր-Պետրոսյանի դեմ մղված պայքարում: ԱԱԾ-գործադրած տիտանական ջանքերի նպատակը այն էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերստին չստանձնի համաժողովրդական լիդերի դերը, չկարողանա համախմբել ընդդիմությանը, չկարողանա համաժողովրդական շարժում կազմակերպել. չստացվեց: Պարզվեց` տարբեր կուսակցություններում ներդրված ազդեցության գործակալները, շանտաժը, ակտիվիստների «մշակումները» ի վիճակի չեն կանխել իրադարձությունների հետագա ընթացքը: Եւ եթե այս ֆոնին դիտարկենք մարտի 1-ի իրադարձությունները եւ դրանց հաջորդած ռեպրեսիաները, դրանք իրենց բնույթով շատ են հիշեցնում 1990 թվականի ԿԳԲ-ական պուտչը ԽՍՀՄ-ում, որը դարձավ ԿԳԲ-ական համակարգի կարապի երգը: Կասկած չկա, որ Հայաստանում էլ ԿԳԲ-ական դավադրությունը կարժանանա նույն ճակատագրին, ուղղակի այս պարագայում մենք պարտադրված ենք զգույշ գործել` մեր հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը անդառնալի ու անլուծելի խնդիրների առաջ չկանգնեցնելու համար: Եւ ամեն ինչ հենց այդպես էլ ընթանում է:

Էժան սադրանքներ

Իհարկե, ԱԱԾ այս շրջանի գործունեության մասին խոսելիս հնարավոր չէ չանդրադառնալ փետրվարի 21-ից Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցող շուրջօրյա հանրահավաքների ընթացքում ԱԱԾ գործունեությանը: Ինչպես գիտեք, Ազատության հրապարակում բացահայտվեցին սադրիչ գործողություններ իրականացնող երկու ԱԱԾ-ականներ: Նրանց վրա տեղադրված էին լսող սարքավորումներ: Ի՞նչ էին այդ մարդիկ անում Ազատության հրապարակում. նախ ինչ-որ բաներ էին տեղադրում վրանների տակ, մոտակայքում զենք թաղում, նռնակներ, բենզինով շշեր: Եվ հետո, «գաղափարական աշխատանք» իրականացնում հանրահավաքի մասնակիցների շրջանում: Ասենք, սովորական քաղաքացու նման զրույցի են բռնվում հանրահավաքի մասնակից խմբերի հետ եւ հարմար պահի սկսում իրենց խոսակցությունը: Ասենք, ասում են. «Չէ, ախպեր, էսպես չի լինի, քանի օր Օպերայում հավայի կայնած ենք: Սրանց դեմ ուժով պիտի խոսես, ճիշտ չե՞մ ասում»: Անպայման կգտնվեն մեկը կամ մի քանիսը, որ կասեն` ճիշտ ես ասում, բա ոնց: Սա ձայնագրվեց ԱԱԾ-ում: Հետո սադրիչը, ասենք, ասում է. «Ճիշտը նախագահականը գրավելն ա, հեռուստատեսությունը նույնպես, հարկավոր է զինվել: Ճիշտ չե՞մ ասում»: Բնականաբար, սկսվում է խոսակցություն, որտեղ հնչում են կարծիքներ, այդ կարծիքները ձայնագրվում են ԱԱԾ-ում, մոնտաժվում եւ ծառայում արդեն հարուցված քրեական գործին. իբր Ազատության հրապարակում հավաքվածները պատրաստում են զինված հեղաշրջում, պատրաստվում են գրավել հեռուստատեսությունը եւ այլն, եւ այսպես շարունակ: Բայց ինչպես ասացի, ԿԳԲ-ական համակարգը այնքան է բարոյալքվել, որ իր մտահղացումները, իր «մտավորականների» կրակոտ ելույթները, իր «Հայլուրի» զազրելի ռեպորտաժները այլեւս որեւէ մեկի վրա տպավորություն չէին գործում, եւ մարտի 1-ին ավազակապետությունը ստիպված էր դեն նետել բարեպաշտի իր դիմակը եւ ներկայանալ իր հրեշավոր ու զազրելի ողջ կերպարով, բացահայտել իր հանցավոր ու անբարո էությունը:

Վերջաբան

Չեմ կարող պնդել, թե այսօրվա ԱԱԾ-ի բոլոր աշխատակիցները անձնատուր են եղած ապօրինությանը, անբարոյականությանը, ազգային անվտանգության շահերի դավաճանությանը: Բայց եթե կան բացառություններ, նրանք միայն բացառություններ են, եւ այդպիսին լինելով` հաստատում են համակարգի հանցավոր բնույթը: Մեծ հաշվով, արդի ԱԱԾ-ն մի համակարգ է, որի անբարո բնույթը ոչ մի սահման չունի, այդ համակարգը ի վիճակի է ցանկացած անբարոյականության: Սրա վկայությունն է շղթայված ազգային հերոսի` Սասուն Միքայելյանի ցուցադրումը հեռուստատեսությամբ: Չկա մի որեւէ ստորություն, որ սպասելի չլինի այդ համակարգից: Չկա այնպիսի մի ստորություն, որի հնարավորության մասին ինձ ասեն, եւ ես ասեմ` չեն անի նման բան: Այս համակարգից ամեն ինչ սպասելի է: Եւ ամենեւին չզարմացա, երբ իմացա, որ մանկահասակ երեխաներիս ականջն են գցել, թե իրենց կարող են առեւանգել, որպեսզի ես հանձնվեմ: Նման պահվածքը ամենեւին էլ զարմանալի չէ այն անձանց համար, ում գլխավերեւում փակցված է Ձերժինսկու նման պատմական ճիվաղի պատկերը: Եւ ի դեպ, ես ուզում եմ որոշ դիտարկումներ անել իմ այսօրվա կարգավիճակի կապակցությամբ: Թող փոքրոգություն չհամարվի, բայց ուզում եմ անկեղծ խոստովանել, որ ինձ դուր չի գալիս, երբ ասում են, որ ես թաքնված եմ: Համաձայնեք, թաքնված մարդը թերթում հոդվածներ չի տպագրի, այն էլ` այսպիսի ինտենսիվությամբ:

nikol pashinyanՀայաստանում բազմաթիվ մարդիկ կան, որ չնայած իրենց տանն են գիշերում, այցելում են իրենց աշխատավայրեր, անգամ հայտնվում են ուղիղ հեռուստատեսային եթերում, բայց այդ ընթացքում միշտ թաքնված են ապրում, եւ դա այդ մարդկանց ճիշտ բնորոշումն է: Իսկ ես հիմա ընդամենը գտնվում եմ ընդհատակում` երկու տրիվիալ պատճառով. նախ, իմ բազմաթիվ ընկերների նման, ես նույնպես չէի կարող հենց այնպես հանձնվել ԱԱԾ-ին, որովհետեւ դա կլիներ գերի հանձնվելու նման մի բան: Այն օրերին ինձ չկարողացան ձերբակալել ու հիմա էլ չեն կարողանում հայտնաբերել: Եւ ճիշտն ասած` ինձ հաճույք է պատճառում այն միտքը, թե դա նրանց ինչքան է ներվայնացնում: Հիմա այն մասին, թե ինչ եմ պատրաստվում անել. երբ բոլորին հասկանալի կլինի, որ ավազակապետական ԿԳԲ-ն ի վիճակի չէ լուծել ինձ հայտնաբերելու պրիմիտիվագույն խնդիրը, այս փուլի իմ անելիքն արած կլինեմ: Այս հոդվածի տպագրությունից որոշ ժամանակ անց ես կրճատելու եմ իմ ընդհատակյա ռեժիմը. արդեն բացահայտ դուրս եմ գալու փողոց, քայլելու եմ իմ սիրելի Երեւանի կենտրոնում, ժպտալու եմ իմ սիրելի քույրերին եւ եղբայրներին ու շարունակ պայքարելու եմ, պայքարելու եմ մինչեւ վերջ:

Հ.Գ. Այս տարեսկզբին Հայաստան էին բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԱԾ մոտ 200 աշխատակիցներ, որոնք ամեն օր աշխատանքի էին ներկայանում ԱԱԾ կենտրոնական եւ տարածքային գրասենյակներ: Ղարաբաղցի ԱԱԾ-ականները որեւէ կոնկրետ գործով զբաղված չէին, այլ հսկում էին Հայաստանի գործընկերների աշխատանքները:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄԱՐՏԻ 1 , , ,


  1. Arshak Karian
    Փետրվար 23rd, 2009 at 02:05 | #1

    Drang ho ingnaglukh chen?
    Russakan terer@ nstaz en despanatan@ ev FSB-um.
    Isk inchu LTP-@ u Դավիթ Շահնազարյան-@ chquandezin ays hamakarg@? Chsprtezin russ agentnerin durs(inchpes Vrastanum), aisor quaghakakan khrtvilakner@ henaran chein unena.
    Amen inch@ russastanin shat nmana.

  1. No trackbacks yet.