> ՀՈԴՎԱԾՆԵՐ > Գառան սեզոնի բացումը Իջեւանում. new edition

Գառան սեզոնի բացումը Իջեւանում. new edition

d5a3d5a1d5bcՀայկական մոռացված եւ մոռացվող խոհանոցի ամենամեծ տեսականին կարելի է միայն «Թթու» ենթավերնագրի տակ գտնել: Հիմքերի հիմքը, իհարկե, խառը թթուն է: Բայց ի՞նչ շենք է կանգնած այս հիմքի վրա. վաղահաս կաղամբի ամառային թթու, կարմիր ճակնդեղի «տակի» եւ ճախի, այսինքն` թեւերի թթու, վարունգի թթու, կանաչ ու կիսակարմիր լոլիկի թթու, գազար, կանաչ լոբի, ծաղկակաղամբ, քյարավուզ, սխտոր, սոխ, ձմերուկ, սմբուկ, բիբար, ծիծակ (ոչ թե մալականի, այլ հայկական տեխնոլոգիաներով), մանդակի թթու, ջոնջոլի թթու: Բայց մշակաբույսերի թթուների գլուխգործոցը պղպեղի, այսինքն` բիբարի թեւերի` բիբարի ճախի թթուն է: Մի տեսակ, որ մոռացվում է ցավալիորեն: Այս թթուն դնում են աշնանը, երբ բերքահավաքը ավարտված է:

Այդ ժամանակ բիբարի թփերի վրա լինում են մատղաշ պտուղներ, որ չեն հասցրել մեծանալ: Կան նաեւ տերեւներ, մատղաշ տերեւներ: Ահա այս մատղաշ տերեւներից եւ պտուղներից է դրվում բիբարի ճախի թթուն, եւ եթե թթու դնողը գիտե իր գործը` օղորմած տատիկիս նման, ուրեմն դա թթու չէ, այլ գլուխգործոց, արվեստի ստեղծագործություն:

Բայց այս կիսատ ցանկով հայաստանյան թթուների տեսականին չի սպառվում: Դեռ չենք խոսել վայրի բույսերի թթուների մասին. շուշան, բոխի, իծկոթ, սինդրիկ…

Հիմա Իջեւանի լեռնային բացատներում երեւի դուրս է եկել սինդրիկը: Հիմա Իջեւանի անտառները պճնվել են կանաչով: Ամեն տարի այս օրերին գնում եմ Իջեւան` գառի սեզոնի բացումն անելու: Դա տեղի է ունենում մոտավորապես հետեւյալ կերպ. Իջեւան եմ հասնում ուրբաթ օրվա երկրորդ կեսին: Շատ արագ զանգեր ենք փոխանակում ընկերներիս հետ. «Էկե՞լ ես», «Էկել եմ»:

Որոշ ժամանակ անց կա՛մ ես եմ զանգում Բիձիկին, կա՛մ ինքը ինձ.

- Մի հատ կյառը չուտե՞նք:

- Հա, բա ի՞՜նչ անենք:

Բուն արարողությունը տեղի է ունենալու հաջորդ օրը: Մինչ այդ, սակայն, հարկավոր է գառ ճարել: Իջեւանի շուկայում կենդանի գառ վաճառում են միայն տարվա մի քանի օր` Վարդավառի կապակցությամբ: Վարդավառը Իջեւանում նշվում է հուլիսի 20-ին հաջորդող կիրակի օրը, եւ նախընթաց հինգշաբթի օրվանից քաղաքի փողոցներում սկսվում է գառների եւ ուլերի գրոհը: Բայց տարվա մնացած օրերին Իջեւանի շուկաներում հնարավոր չէ կենդանի գառ գտնել: Գառան միս, իհարկե, կա, բայց մեզ կենդանի գառ է հարկավոր, իսկ այն ձեռք բերելու համար հարկավոր է շրջել մոտակա գյուղերում եւ գտնել: Մինչ այդ «տեղաքում» ենք, այսինքն` փորձում ենք կոնկրետ հասցե գտնել, որտեղ գառ են վաճառում: Որպես կանոն, «տեղաքումը» արդյունք չի տալիս: Պետք է մեկնել: Բայց ո՞ւմ մեքենայով: Հարցը սկզբունքային է, որովհետեւ գառը ոչ միայն լողացած չէ, այլեւ ճանապարհին չի խնդրի կանգնել` բնական կարիքները հոգալու համար, եւ այդ ամենը անում է բեռնախցիկում: Բիձիկը եւ ես համամիտ ենք. մեր մեքենաները բացառվում են, մնում է Չաղի մեքենայի տարբերակը, մանավանդ որ այն կարծես «մոյկայում» էր, այսինքն` նոր է լվացել. թխի գա:

Համոզելը հեշտ չէ, բայց համոզում ենք: Չաղը Ժպիտի հետ է, Բոբոն պարապմունքի է, նրա հետ առայժմ գործ չունենք: Գնում ենք, ասենք, Ակնաղբյուր: Հասնում ենք գյուղամեջ. «Տղերք, բարեւ ձեզ. գյուղում ո՞վ ծախու կյառն ունի՜»: Գյուղացիների միջեւ տեղի է ունենում մի փոքր քննարկում. ի վերջո որեւէ մեկի անունը տալիս են, գյուղամիջի երեխաներից մեկին էլ նստեցնում ենք մեքենան, որ տվյալ մարդու տան տեղը ցույց տա: Որպես կանոն, երեխան էլ դարպասի մոտից ձայն է տալիս պոտենցիալ գառնատիրոջը:

- Էդ ո՞վ ա, - որպես կանոն, կանչին ի պատասխան դուրս է գալիս մի ծեր տատիկ, ով իմանալով մեր այցի նպատակը` ասում է, - մինն ունեինք, երեկ տարան. մնացածը պյուճուր են, ծախու չեն:

Որպես կանոն, առաջին փորձից հնարավոր չէ գառ գտնել: Փնտրտուքը պետք է շարունակել.

- Բա ո՞վ կյառը կունենա, տատի,- հուսահատ հարցնում ենք մենք:

- Գիդամ ոչ, հլա էնինչենց հարցրեք:

Կոնկրետ հասցե ունենալը միշտ լավ է, ուղեկից երեխան էլ տան տեղը գիտի.

- Իրեք հատ ունեմ, բայց ծախու չի. պահում եմ րեխի բանակի քեֆի համար:

- Փաստորեն, լավ էլ մեծ բանակի քեֆ ես անելու:

Եթե աստղերը բարեհաջող են դասավորված, երրորդ տեղում գառը կա: Մտնում ենք գոմ: Բիձիկը պարտադիր բարձրացնում է գառներից մեկը, կամ եթե մի հատ է, այդ միակը. քաշը ստուգված է:

Ու սկսվում է իմ ամենասիրած մասը` սակարկությունը: Անցյալ տարի գառը 20-25 հազար դրամ էր, բայց եթե թանկացումներ են սկսել, այս տարի գառն էլ թանկացած կլինի:

- Ի՞նչ ես ասում էս գառը, հորողբեր:

- 35 մանեթ,- ասում է հորողբերը` մանեթ ասելով նկատի ունենալով 1000 դրամը: Այսինքն` 35 հազար դրամ:

- Էդ ի՞նչ գին ես ասում, այ տնաշեն,- նեղսրտում ենք մենք,- 25 մանեթ ենք տալիս տանենք:

- 25 մանեթով հենա ես կուտեմ, էլի:

- Հերու 20-ով մի կյառն առանք, 14 կիլո միս տվեց. սրա վրա 10 կիլո միս չկա:

- Հերու ալիրն էլ էր էժան, ծեթն էլ էր էժան, պեսոկն էլ էր էժան. նաղդ 12 կիլո միս ունի:

- Վարյանտ չկա, նիհար զատ ա. 30 տալիս ենք տանենք:

Հորողբերը այս տեղում, որպես կանոն, գոմի լույսը անջատում է, ակնարկելով, որ հեռանանք. «Ես ծախու ապրանք չունեմ», - սրտնեղած ասում է նա: Որպես կանոն, այս տեղում Չաղը, որ մեքենայի մեջ է մնացել, մեքենայի շչակն է հնչեցնում, իբր շուտ արեք:

- Դե, լավ, լավ, ոտքերը կապի, պարկի մեջ գցի,- ասում ենք մենք հորողբորը, փողը տալիս ենք, գառը վերցնում ու ետ` Իջեւան:

Գառը, որպես կանոն, մորթում է եղբայրս` Արտակը: Եթե եղանակը վատ է, արարողությունը տեղի է ունենում տանը: Բայց, որպես կանոն, եղանակը հնարավորություն տալիս է անտառ գնալ:

Անտառ ասելով, սակայն, Իջեւանում նկատի չունեն ուղղակի անտառ: Աղբյուր ասելով` նկատի չունեն սոսկ աղբյուր: Տվյալ դեպքում գործ ունենք որոշակի ենթակառուցվածքի հետ, որ նախատեսված է անտառային խնջույքի համար: Անտառներում կան բազմաթիվ տաղավարներ`երկար նստարաններով, սեղաններով: Սրանց կից` խորովածանոց, գառ մորթելու տեղ, միսը կտրատելու փոքր սեղան, երբեմն նաեւ առանձին սեղան` բլոտ, նարդի, շախմատ խաղալու համար: Կիրանցի անտառում նույնիսկ այնպիսի աղբյուր (այսպես են տեղացիները կոչում այս վայրերը) կա, որտեղ երեխաների ժամանցի համար փոքր, մեխանիկական, բակային կարուսելներ կան կամ նույնիսկ` հնաոճ իրերի թանգարան: Իսկ ահա ջուրը այս տեղերում ոչ թե ուղղակի քարից է դուրս գալիս կամ գետնի տակից, այլ հոսում է հուշաղբյուրից, որ կառուցված է լինում մի վաղամեռիկ հարազատի կամ ընկերոջ պատվին: Երբեմն աղբյուրները կոչվում են հենց տվյալ նահատակի ազգանունով կամ անունով` Ղազումյանների աղբյուր, Հովակիմյանների աղբյուր, Ասլանյանների աղբյուր:

Ու չնայած այս պատկառելի ենթակառուցվածքի գոյությանը, նրանք չեն գտնվում հսկողության տակ, եւ այնտեղ ժամանակ անցկացնելու համար պետք չէ ոչ ոքի վճարել: Ուղղակի պետք է ուրիշներից առաջ զբաղեցնել: Որպես կանոն, սա դժվար չէ. եթե մի աղբյուրը զբաղված է, մյուսը հաստատ ազատ կլինի: Բայց ահա Վարդավառին իսկական ճգնաժամ է սկսվում, եւ հուլիսի 20-ին հաջորդող կիրակի օրը Իջեւանի անտառներում աղբյուր զբաղեցնելու համար` շատերը ստիպված են այնտեղ գնալ նախորդ օրը եւ գիշերը մնալ: Բայց կա մի ոսկե կանոն` եթե աղբյուրը կառուցած անձը, ընտանիքը որոշում է Վարդավառը անցկացնել իր կառուցած աղբյուրում (ինչպես հասկացաք, նույն մարդը կառուցել է ոչ միայն բուն աղբյուրը, այլեւ այդտեղ եղած մնացած բաները), նրա իրավունքները հարգվում են աներկբա. այսինքն` նրանք կարիք չունեն գիշերը մնալու: Ուղղակի պետք է առավոտ շուտ ներկայանան, որ ուրիշները չհասցնեն խնջույքը սկսել. անհարմար բան կստացվի:

Բայց հիմա Վարդավառ չէ, եւ ազատ աղբյուր կարելի է գտնել առանց դժվարության: Ու եթե այստեղ եղած նախորդ խումբը իր ետեւից հավաքել է, ինչը, ի դեպ, միշտ չէ, որ այդպես է լինում, կարելի է սկսել արարողությունը: Եթե տեղանքը մաքուր չէ, դա կարելի է անել միայն մաքրություն անելուց հետո:

Ինչեւէ, շշերը դրված են ջրի տակ, գառը կախված է սպանդարանի խողովակից, ասել է թե` արարողությունը սկսված է: Հա, չմոռանանք արարողության ամենակարեւոր ատրիբուտի` կրակի մասին: Կրակը վառելը աղբյուրը զբաղեցնողի առաջին գործն է. անհրաժեշտ է արագ կրակ վառել, որ «ծուխը ծուլ լինի», եւ ազատ աղբյուր փնտրող մյուս խմբերը, ծուխը հեռվից տեսնելով, հասկանան, որ այս աղբյուրը զբաղված է եւ իզուր չգան հասնեն այստեղ ու ետ դառնան: Ինչպես տեսնում եք, սա իրոք արարողություն է` իր բազմաթիվ կանոններով: Այդ կանոններից մեկի համաձայն, անտառային աղբյուրներում խնջույք անցկացրած խումբը իր հետ բերած աղը պետք է թողնի տեղում:

Այս կանոնը թերեւս ձեւավորվել է կենսափորձի արդյունքում. եթե մարդիկ մոռանան իրենց հետ աղ բերել, իսկ աղի մասին մոռանալը դժվար չէ, ստիպված կլինեն ետ գնալ քաղաք: Եվ թերեւս աղը տեղում թողնելը ապահովագրական նշանակություն ունի: Բայց տեղացի տատիկները այս կանոնին միստիկ նշանակություն են տվել. եթե անտառից աղը հետդ տուն տանես, դժբախտություն կպատահի… Եվ Իջեւանում դուք չեք գտնի մի մարդ, որ անտառից աղ է տարել իր տուն:

Ահա, երբ ընթերցողը ծանոթ է իջեւանյան անտառային խնջույքի պայմաններին եւ ընդհանուր կանոններին, արժե նրան պատմել նաեւ գառ մորթելու տեղական առանձնահատկությունների մասին: Բանն այն է, որ Իջեւանում մորթված գառան կոկորդից հոսող արյունը հավաքում են թասի մեջ. այսինքն` գառան կոկորդի բացվածքի տակ թաս են պահում, եւ արյունը հոսում է նրա մեջ: Գառան ու թասի արանքում, որպես կանոն, մաղ են պահում, որպեսզի արյան մեջ բուրդ, մազ չընկնի: Հավաքած արյունով պատրաստում են իջեւանյան ամենահայտնի դելիկատեսը` գառան արյունով տժվժիկը:

Արյունը թասի մեջ շուտով մակարդվում է, եւ այն խաշում են ջրի մեջ. դառնում է լյարդանման զանգված: Արյունը պատրաստելու համար նախ դմակը հալեցնում են թավայի մեջ, ապա դմակի մեջ տապակում են մանր կտրատված լյարդը, թոքը: Արյունը, ինչպես հիշում եք, խաշված է, եւ երբ այն տրորում ես, հեշտությամբ փշրվում է. ահա, այս փշրված արյունը լցնում ես դմակի մեջ տապակված լյարդի եւ թոքի վրա: Ամենավերջում ավելացնում ես մանր կտրատած սոխը, եւ շատ չանցած` կերակուրը պատրաստ է: Հավատացեք, շատ համով է. առիթի դեպքում անպայման փորձեք, բայց շատ մի կենտրոնացեք այն մտքի վրա, որ արյուն եք ուտում. դա խանգարում է կերակուրը օբյեկտիվ գնահատելուն:

Գառը մաշկելու, ցախ հավաքելու, արյունը պատրաստելու պրոցեսը ժամանակ առ ժամանակ ընդհատվում է մի անհասցե հարցով.

- Մի բաժակ չխմե՞նք…

Ամեն մեկն իր բաժակը ձեռքին մոտենում է կրակին. լցնում ենք, մի կենաց ասում-խմում, եւ էլի ամեն մեկը գնում է իր գործին, մինչեւ չհնչի նույն հարցը.

- Մի բաժակ չխմե՞նք…

Ու, ճիշտն ասած, երբ արյունը եփված է, խորովածը` պատրաստ, խաշլամայի հոտն էլ աշխարհ է առել, որեւէ բան ուտելու ցանկություն չկա: Այս արարողության նպատակը ո՛չ ուտելն է, ո՛չ էլ խմելը: Նպատակը բնական, սկզբնական, վայրենի ազատությունը զգալն է, այն վայելելը: Ու մանավանդ այն ժամանակ, երբ մեր կանայք ու երեխաները, ծնողները, հյուրերը արդեն հոգնել ու տուն են վերադարձել կամ ծառերի տակ քնած են, արարողությունը հասնում է կուլմինացիայի:

Սեղանի շուրջ նստած են Չաղը, Բոբոն, Բիձիկը, Ժպիտը, ես: Բոլոր կենացները խմված են, շուրջը ուրիշ ոչ ոք չկա: Միայն մենք ենք եւ ուրախ ենք, որ կյանքը չի խաթարել մեր մանկական ընկերությունը: Ամեն ինչի մասին զրուցել ենք, խոսելու բան չկա:

- Մի բաժակ չխմե՞նք…

Բաժակները լցվում են, բայց այլեւս կենաց չի մնացել.

- Չաղ, մի կենաց ասա:

Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվելու, բայց բոլորը զսպում են ծիծաղը, բացի Ժպիտից, որը միշտ ժպտում է:

- Էկեք էս բաժակով էլ խմենք բոլոր բոզերի կենացը…

Ծիծաղում ենք, չխկացնում եւ խմում: Մի շտապիր, սիրելի ընթերցող, այս կենացը անվայել կամ ցինիկ կամ զզվելի համարել: Այս կենացը արտահայտում է պահի երջանկությունը, պահի անհոգությունը, պահի ազատությունը…

Ա~խ, ինչքան եմ զզվում էս Լոզանից ու էս Շվեյցարիայից, էս Վիեննայից ու Ավստրիայից, էս քաղաքակիրթ կոչվող աշխարհից: Ճիշտ է, հիմա նստած եմ էդ քաղաքակիրթ աշխարհի քաղաքակիրթ բարերից մեկում, բայց գնում եմ Հայաստան: Ու ցույց մի տվեք ինձ Հայաստանի ճանապարհը: Ես գնում եմ ի՛մ իմացած ճանապարհով, ես գնում եմ երկրի հակառակ կողմից:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.