> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՄԵԿՆԱՐԿԵԼԻՍ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՄԵԿՆԱՐԿԵԼԻՍ

00_ddc7cd0c8eԱմանորյա արձակուրդները լարված-աշխատանքային են ստացվել մի շարք գործընկերներիս համար: Մինչ հայ հանրությունը տարված էր Նոր տարվա հոգսերով, նրանք տանջվել են, թե ինչ անել «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ օգտատերերից մեկի հարցին իմ տված պատասխանի հետ, թե Հայ ազգային կոնգրեսը երկու խոշոր սխալ է գործել. երկխոսությունը եւ այն պրոցեսը, որ հանրությանը հայտնի է որպես քաղաքագիտական վերլուծություն:

Այդ գործընկերներն ահա, ինտերնետում պտտում էին հատվածներ՝ 2011թ. ամռան, երկխոսությանը վերաբերող իմ հոդվածներից եւ փորձում այդպիսով իմ քաղաքական մահվան դատավճիռը կարդալ՝ այն հիմնավորմամբ, թե ինչպես կարող է քաղաքական գործիչը սխալ հայտարարել մի գործընթաց, որին կողմ է արտահայտվել ժամանակին: Սա բացահայտում է որոշ գործընկերների խորը հավատն առ այն, որ եթե գործիչը խոստովանում է, որ ինքը կամ իր քաղաքական թիմը երբեւէ որեւէ հարցում սխալվել է, դա քաղաքական ինքնասպանություն է:

Այս թեզն, իհարկե, կասկածելի է եւ անհիմն: Բայց կարծում եմ՝ արժանապատիվ ինքնասպանությունն ավելի լավ է, քան խղճուկ եւ անփառունակ վախճանը: Քավ լիցի, չեմ պատրաստվում սեփական քաղաքական ինքնասպանությունն ազդարարել, ոչ էլ՝ որեւէ մեկի խղճուկ վախճանը: Պարզապես սովոր եմ սեփական քաղաքական գործունեության հետ կապված որեւէ հարց անպատասխան չթողնել:

վերընթերցել զմեզ

Մինչ բուն թեմային անցնելը հարկ է եւս մեկ անգամ պարզաբանել իրավիճակը. դեկտեմբերի 28-ի ֆեյսբուքյան ասուլիսում օգտատերերից մեկը ինձ տալիս է հետեւյալ հարցը. «Ըստ Ձեզ, կա՞ն այս տարիներին Կոնգրեսի կողմից արված քայլեր, որ համարում եք սխալ: Բացի ԲՀԿ-ի հետ համագործակցելու քաղաքականությունը»: Ի պատասխան ասել եմ, որ սխալ քայլեր էին երկխոսությունը եւ հայտնի քաղաքագիտական վերլուծությունը՝ ԲՀԿ-ի վերաբերյալ: Եւ ահա, սրանից հետո, Կոնգրեսի որոշ գործընկերներ 2011-ի ամռանը, այսինքն՝ երկխոսության շրջանում իմ գրած հոդվածներից մեջբերումներ են անում եւ պտտեցնում ինտերնետում, ակնարկելով, թե այս ի՜նչ անսկզբունքայնություն է՝ երկխոսությունը սխալ համարել, երբ 2011-ին ոչ միայն սխալ չես համարել, այլեւ համարել ես նվաճում: Ըստ ամենայնի համոզվելով, որ այս առաջին ծաղկաքաղը սպասած էֆեկտը չի տալիս, սկսել են ինտերնետում պտտեցնել նույն ժամանակահատվածում իմ գրած մեկ այլ հոդված՝ «Realpolitik ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի» վերնագրով՝ իմ քաղաքական մահվան ակնարկներով լեցուն սարսափազդու նախաբանով: Անկեղծ ասած, ուրախացա, երբ տեսա որ այս ամենը արվում է Կոնգրեսի հետ ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեցող կայքի միջոցով, որովհետեւ ամիսներ շարունակ տհաճ էր գիտակցելը եւ համոզմունք ունենալը, որ նույն մարդիկ նույն բանն անում են մերձդոդյա կայքերի միջոցով:

Ի դեպ, բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են ծանոթանալ երկխոսության ժամանակների իմ հոդվածներին, դրանք կգտնեն www.nikol.am կայքում՝ դրանց մեծ մասը՝ «երկխոսություն» բաժնում: Նկատի ունեմ, եթե որեւէ մեկը մտածում էր, թե մոռացել եմ դրանց մասին, սխալվել է: Սույն հոդվածում էլ մեջբերումներ եմ անելու նախկինում գրած հոդվածներից, եւ եթե որեւէ մեկը ցանկանում է ամբողջական տարբերակներին ծանոթանալ, դա կարող է անել նշված հասցեներում:

երկու հարց
Հարցը ուրեմն, երկու մասից է. ինչու եմ ժամանակին պաշտպանել երկխոսությունը եւ ինչով է այն դարձել սխալ՝ հետագայում: Նախ ուրեմն պատասխանեմ առաջին հարցին, ապա եւ՝ երկրորդին:

Եւ ուրեմն՝ երկխոսությունը պաշտպանել եմ, որովհետեւ՝
1. Դա խնդիր-պարտավորություն էր, որ ամրագրված է Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր հռչակագրում՝ ստորագրված 2008 թ. օգոստոսի 1-ին, Կոնգրեսը հիմնադրած 19 քաղաքական ուժերի կողմից: Այդ փաստաթղթում ասվում է. «Մինչ այդ, սակայն, հարկ ենք համարում Հայաստանի հասարակությանը ներկայացնել երկրի բարդ ներքաղաքական իրավիճակից թելադրված մեր ընթացիկ խնդիրները.
- Անխտիր բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում.
- Խոսքի, մամուլի, հավաքների ազատության ապահովում.
- Միջազգային փորձագետների նշանակալի մասնակցությամբ մարտի 1-ի ոճրագործության իրապես անկախ հետաքննության իրականացում.
- Առնվազն առաջին պայմանի կատարման դեպքում` երկրի ժողովրդավարական զարգացմանն ուղղված բարեփոխումների շուրջ իշխանությունների հետ երկխոսության ծավալում
- Արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում
»:

Այսինքն, երկխոսությունը այն հինգ խնդիրներից մեկն էր, որ հիմնադրման օրից հռչակել էր Հայ ազգային կոնգրեսը: Ինքս, ի դեպ, այդ փաստաթղթի ձեւավորմանը չեմ մասնակցել՝ հայտնի պատճառներով:

2. Երբ բանտից ազատ արձակվեցի, եւ ներգրավվեցի Հայ ազգային կոնգրեսի գործերում, ակնհայտ էր, որ Կոնգրեսի շտաբում երկխոսության շուրջ կա կոնսենսուս, եւ համոզմունք, որ դա ճիշտ ընթացք է: Եւ ուրեմն, նման պայմաններում չէի կարող խափանել կոնսենսուսի այդ մթնոլորտը: Այս թնջուկին, ի դեպ, անդրադարձել եմ նաեւ 2011թ. դեկտեմբերի 28-ին, «Քաղաքական տարին ամփոփելիս» հոդվածում, որի առաջին մասի «Եւ դու՞, Բրուտոս…» եւ «Կոնսենսուսը ինքնին նպատակ» ենթավերնագրերը հենց այս խնդրի մասին էին (տես՝ http://www.nikolpashinyan.com/?p=2240 ):

Մեջբերեմ, այնուամենայնիվ մի կտոր՝ մեկ տարվա վաղեմության այդ հոդվածից. «Եթե նույնիսկ կասկածում էի տվյալ որոշման արդարացվածությանը` առաջնայինը դառնում էր կոնսենսուսը, որովհետեւ հասկանում էի, որ չի կարելի երեքուկես տարի բացակայությունից հետո գալ եւ ասել` գիտեք ինչ, էս ամենը ֆընդըխ ա, պետք է անել այսպես: Սա տգեղ է, մեծամիտ, սխալ եւ անդաստիարակ»: Սա գրել եմ, էլի հիշեցնեմ, 2011թ. դեկտեմբերին:

Երկխոսության հետ կապված իմ առարկությունները Կոնգրեսի շտաբում եղել են երկչոտ՝ առաջին հերթին հենց այդ պատճառով: Երեքուկես տարի բացակա, վերջին վեց ամսում մենախուց, եւ փորձառու մարդկանց կոնսենսուս՝ երկխոսության շուրջ: Որեւէ պայմանով չէի կարող խզել կոնսենսուսը, որովհետեւ երեքուկես տարվա բացակայության արդյունքում առաջացած բացը թույլ չէր տա համոզվածություն ունենալ, որ ճիշտ եմ վարվում: Իսկ նման քայլ անել չհամոզված, ուղղակի անպատասխանատու է:

Այս պայմաններում միակ բանական որոշումը, որ կարող էր լինել՝ հետեւյալն էր.

ա) պաշտպանել որոշումը, որի իրավացիության մեջ թիմը համոզված է
բ) փորձել պրոցեսը լցնել բովանդակությամբ, որ պատասխան կտա բոլոր մտահոգություններին եւ մտավախություններին

Երկխոսության շրջանի գրած իմ բոլոր հոդվածները հենց սրա արտահայտություն են, եւ դրանք բոլորը, առանց բացառության, ունեն «հեղափոխական» բովանդակություն: Եթե այդ բոլոր հոդվածների ասելիքը ներկայացնելու լինենք մեկ նախադասությամբ, կստանանք հետեւյալ ձեւակերպումը. «Եթե հնարավոր չլինի արտահերթ ընտրությունների հասնել երկխոսությամբ, մենք դա կանենք Ազատության հրապարակով»: Եւ ի դեպ, Ազատության հրապարակը մարդաշատ պահելը այդ հոդվածների առանցքային մտահոգությունն է: Այնուամենայնիվ, մի քանի մեջբերումներ անեմ: Այդ կտորների մի մասն, ի դեպ, մեջբերում են նաեւ իմ ընդդիմախոսները:

Մեջբերում թիվ 1. «Հնարավո՞ր է արդյոք երկխոսությամբ հասնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների: Այս հարցը տալիս են ու տալիս, խոսում են ու խոսում, քննարկում են ու բանավիճում, խռովում են ու բարիշում: Ինձ համար պատասխանը կախված է մեկ ուրիշ հարցի պատասխանից. իսկ ՀՀ քանի՞ քաղաքացի կա Ազատության հրապարակում»: (19 օգոստոս, 2011թ.՝ http://www.nikolpashinyan.com/?p=2181#more-2181 )

Մեջբերում թիվ 2. «…ինքս էլ չեմ շտապում աշխարհացունց հետեւություններ անել, որովհետեւ գիտակցում եմ, որ երկխոսության վերջնական գնահատականը կախված է այն արդյունքներից, որ նա կբերի: Եւ փառք Աստծո, տվյալ պարագայում` հետեւություններ անելու համար անհրաժեշտ չի լինի 150 տարի եւ ավելի սպասել: Եթե սեպտեմբերին մենք կունենանք քաղաքական պայմանավորվածություն արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին` լավ, եթե չենք ունենա նման պայմանավորվածություն, ուրեմն երկխոսությունը կհամարենք փակված, Հայ ազգային կոնգրեսը արտահերթ ընտրությունների կհասնի այլ ճանապարհով, եւ քաղաքական նոր մշակույթի մասին խոսակցությունները կդառնան անիմաստ»: (19 հուլիս, 2011թ., տես՝http://www.nikolpashinyan.com/?p=2141#more-2141 )

Մեջբերում թիվ 3. «Քաղաքացին գալիս է հանրահավաքի` դա քաղաքացու անելիքն է: Իսկ նրա ներկայությունը հանրահավաքին կոնկրետ քաղաքական արդյունքի վերածելն արդեն քաղաքական լիդերի, քաղաքական առաջնորդ հանդիսացող ուժի անելիքն է: Եթե նա կարողանում է դա անել, շարունակում է գոյատեւել որպես քաղաքական լիդեր, որպես քաղաքական ուժ: Եթե չի կարողանում անել, վերածվում է անցյալի»: (29 հունիս 2011, http://www.nikolpashinyan.com/?p=2115 )

Մեջբերում թիվ 4. «Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ իշխանությունների հետ բանակցում է արտահերթ ընտրությունների թեմայով: Հայտարարել է, որ եթե մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրությունների հարցում իշխանությունը չկողմնորոշվի, տեղի է ունենալու ջրբաժան»: (20 հուլիս 2011թ., http://www.nikolpashinyan.com/?p=2143#more-2143 )

Մեջբերում թիվ 5. «Իսկ ձեր հարցի պատասխանը մեկն է. 2008-ին երկխոսությունը հնարավոր չէր, որովհետեւ իշխանությունը մտածում էր, թե իր դեմ խաղ չկա: Երեք տարվա ընթացքում համոզվեց, որ լավ էլ խաղ կա, եւ պարտադրված է վարել բանակցություններ, այլապես կտեսնի այն խաղը, որ իր համառության պարագայում կխաղարկվի Երեւանի փողոցներում»: (15 հունիս, 2011թ. http://www.nikolpashinyan.com/?p=1738 )

Իմ հեղինակած այս հոդվածներում արտահայտված են երկխոսության եւ հետագա իրադարձությունների մասին իմ պատկերացումները: Երկխոսության գործընթացում հընթացս հասկանում էի, որ կորցնում ենք մարդկանց վստահությունը, որովհետեւ նրանք համարում են, թե գնում ենք ինչ-որ կուլիսային գործարքի: Նաեւ այս է պատճառը, որ երկխոսության համատեքստում իմ հոդվածների ռիտորիկան գնալով ավելի ու ավելի արմատական էր դառնում, վախենում էի, որ կկորցնենք Ազատության հրապարակը: Ասեմ նաեւ, որ հետագա իրադարձությունների ընկալման տեսակետից կարեւոր է մեջբերում անել նաեւ Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից.«Մաղթենք, սակայն, որ ողջախոհությունը գոնե այս անգամ չդավաճանի վարչախմբի պարագլուխներին, եւ առաջիկա մեկ-երկու ամսում նրանք վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում։ Հակառակ դեպքում, ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, եւ մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»,- հայտարարել էր ՀՀ առաջին նախագահը՝ Հայ ազգային կոնգրեսի 2011թ. հունիսի 30-ի հանրահավաքում:

Ինչով է կարեւոր այս մեջբերումը: Սա ցույց է տալիս, որ երկխոսությանը հաջորդող պրոցեսների մասին իմ պատկերացումները համընկնում էին Տեր-Պետրոսյանի պատկերացումների հետ: Այս պայմաններում իմ դիրքորոշումը պիտի լիներ հենց այնպիսին, ինչպիսին կար: Եւ ի վերջո, կար թիմ, ես թիմի անդամ լինելով պարտավոր էի խաղալ թիմի հետ, թիմի մարտավարության տրամաբանությամբ:

Հենց այստեղ է, ահա, որ անխուսափելիորեն ծագում է հաջորդ հարցը: Իսկ ինչու այդ նույն թիմային տրամաբանությամբ չվերաբերվեցի քաղաքագիտական վերլուծությանը: Պատասխանը պարզ է. դա թիմի որոշում չէր, Տեր-Պետրոսյանը ինքը դա ներկայացրել է որպես իր անձնական կարծիք, եւ միայն հրապարակումից հետո փորձ է արվել այն ձեւակերպել որպես թիմի որոշում, ինչը ոչ միայն չի հաջողվել, այլեւ հանգեցրել է ցավալի հետեւանքների: Հենց այս հետեւանքների անխուսափելիության գիտակցումն էր, որ ինձ ստիպեց մնալ «քաղաքագիտական վերլուծությանը» ընդդիմադիր դիրքերում, եւ մաքսիմալ ջանքեր գործադրել, որ այն ինչ տեղի ունեցավ՝ տեղի չունենա:

2012թ. ԱԺ ընտրություններից հետո հայտարարվեց, թե ԲՀԿ-ի չանդամագրվելը կոալիցիային նշանակում է, որ քաղաքագիտական վերլուծության արդյունքում իշխանական մոնոլիտը ճաքեր է տալիս: Չգիտես ինչու չէր նկատվել, որ նույնի հետեւանքով շատ ավելի խոշոր եւ անդառնալի ճաքեր է տվել Հայ ազգային կոնգրեսը: Վերադառնանք այնուամենայնիվ երկխոսությանը եւ փորձենք հասկանալ, թե ինչու այն վերածվեց աղետալի սխալի:

ջրբաժան light
Ինչպես արդեն վերհիշեցինք, Հայ ազգային կոնգրեսի մարտավարությունը հստակ էր. եթե երկխոսությունը չի հանգեցնում արտահերթ ընտրությունների, Կոնգրեսը պետք է գնա ջրբաժանի ճանապարհով: 2011 թվականի օգոստոսի 9-ին տեղի ունեցավ ոստիկանական հայտնի սադրանքը՝ Կոնգրեսի ակտիվիստների դեմ, եւ Հայ ազգային կոնգրեսը որոշում կայացրեց առկախել երկխոսության գործընթացը, քանի որ ձերբակալված ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը ազատ չարձակվեց եւ երկխոսությունն առկախելու օրվա դրությամբ շարունակում էր մնալ բանտում (մինչեւ օրս էլ բանտում է): Ու քանի որ առկախման մասին հայտարարել էր Հայ ազգային կոնգրեսը, հենց նա պետք է իր վրա վերցներ իրադարձությունների հետագա զարգացման սցենարիստի եւ ռեժիսորի դերը: Սցենարը, ավելի ճիշտ, հրապարակված էր նախապես. երկխոսության ձախողման դեպքում՝ ջրբաժան, մնում էր, ուրեմն իրականացնել այդ ջրբաժանը: Ֆորմալ առումով դա տեղի ունեցավ 2011թ. սեպտեմբերի 30-ին, երբ Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց շուրջօրյա հանրահավաքի մեկնարկը, որի հիմնական պահանջը, սակայն, դարձավ ոչ թե «Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը», այլ` «Մինչեւ տարվա վերջ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ»: Այս պահանջը հնչեցրեց ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Տեր-Պետրոսյանի ելույթի մեկ այլ հատված ավելի ցցուն պիտի դարձներ, որ Հայ ազգային կոնգրեսը չի գնում ջրբաժանի, չի պահանջում Սերժ Սարգսյանի եւ իշխող վարչախմբի անվերապահ հրաժարականը, իշխանափոխության փորձ չի անում: Ահավասիկ այդ հատվածը, որ հնչեցվել է 2011թ. սեպտեմբերի 30-ի հանրահավաքում, երբ արդեն հայտարարվել էր, որ մեկնարկում է շուրջօրյա հանրահավաք՝ «Մինչեւ տարվա վերջ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ» անցկացնելու պահանջով. «Նկատի ունենալով, որ առավել դժվարինը առաջին երկու պահանջների կատարումն է, նախորդ հանրահավաքում ես հարկ էի համարել հայտարարել եւ այսօր էլ կրկնում եմ, որ մենք մաքսիմալիստ չենք եւ պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման։ Ավելին, փոխըմբռնումը հեշտացնելու նպատակով մենք պատրաստ ենք նաեւ, թեկուզ վաղվանից, շուրջօրյա հանրահավաքներին զուգընթաց, վերսկսել երկխոսությունը իշխանությունների հետ։ Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի հետ ուղղակի կապ պահպանելու համար լիազորում ենք Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Մանուշակ Պետրոսյանին։ Շոշափելի արդյունքների չհասնելու պարագայում, մեկ շաբաթ անց մենք ձեզ հետ միասին կորոշենք՝ շարունակե՞լ, թե՞ դադարեցնել շուրջօրյա հանրահավաքները» (տես՝ http://www.armtimes.com/28369

Այս ելույթից հետո մեկ ժամվա ընթացքում տեղի ունեցավ մեկ այլ արտառոց իրադարձություն: Կոալիցիայի պատվիրակության հետ երկխոսող կոնգրեսական պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանրահավաքի հարթակից հայտարարեց, թե երկխոսությունը վերսկսելու հետ կապված հարցեր ճշտելու նպատակով փորձել է կապվել կոալիցիոն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին, բայց չի կարողացել: Սա երկխոսությանը նախորդող, երկխոսության շրջանի, նախորդ տարիների ռետորիկայի կատարյալ փլուզում էր, եւ այս պայմաններում հասկանալի էր, որ ջրբաժան, նույնիսկ ջրբաժան light չի ստացվի:

Սեպտեմբերի 30-ի այս հանրահավաքին, ի դեպ, նախորդել էր երկու հանրահավաք, որտեղ արդեն հնչել էին նույն կամ նմանատիպ մտքեր, ինչ-որ առումով նախապատրաստելով «ջրբաժանի» ձախողումը:

Սեպտեմբերի 9-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Մենք առաջնորդվում ենք ոչ թե կենաց-մահու պայքարի խելահեղ գաղափարով կամ «մահ կամ ազատություն» անպատասխանատու կարգախոսով, այլ ժողովրդի ու պետության առջեւ մեր պարտքը մինչեւ վերջ կատարելու եւ մեր նպատակին հասնելու բոլոր օրինական հնարավորություններն օգտագործելու սառը գիտակցությամբ»։

Այս միտքն, իհարկե, ընդունելի եւ տրամաբանական էր, բայց հարց էր առաջանում. այդ ո՞վ է ներքաղաքական պայքարում առաջնորդվում «մահ կամ ազատություն» անպատասխանատու կարգախոսով, եւ հետո՝ ինչպես է պատրաստվում Հայ ազգային կոնգրեսը «մահ կամ իշխանություն» կարգախոսով առաջնորդվող իշխանությանը համոզել, որ նա արտահերթ ընտրություններ անցկացնի: Ելույթում ըստ էության տրված էր այս հարցի պատասխանը. «Անդադար զանգվածային միջոցառումների ճնշման տակ իշխանափոխության շուտափույթ իրականացումը եւ ավազակապետության ամբողջական կազմաքանդումը»: Սա մեծ հաշվով հասկանալի հռետորաբանություն է, բայց հաջորդ` սեպտեմբերի 23-ի հանրահավաքում արդեն Տեր-Պետրոսյանն առաջին անգամ բարձրաձայնեց վերը մեջբերված միտքը. «… հարկ ենք համարում հայտարարել, որ մենք մաքսիմալիստ չենք եւ պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման»։ Հենց սեպտեմբերի 23-ի հանրահավաքում անվերապահ հրաժարականի փոխարեն առաջին անգամ հնչեց «Մինչեւ տարվա վերջ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ»:

Սա ձախողման նախերգանքն էր, որովհետեւ եթե իշխանության առաջ դրվում է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջ, այդ պահանջի կատարման համար վրաններ են դրվում Ազատության հրապարակում (քաղաքական պայքարի մաքսիմումի դրսեւորում) եւ հայտարարվում մաքսիմալիստ չլինելու մասին, մարդկանց ռեակցիան դառնում է կանխատեսելի: Նրանք սկսում են մտածել, որ այն, ինչ տեղի է ունենում ֆարս է, բեմադրություն եւ իրենք չեն ցանկանում մասնակցել այդ բեմադրությանը:

2011 թվականի շուրջօրյա հանրահավաքի բեմադրության վարկածը այնքան լայնորեն էր տարածվել, որ այդ մասին հենց Ազատության հրապարակում սկսել էին խոսել նույնիսկ Կոնգրեսի տարածքային շտաբների ղեկավարները, ովքեր ունեին շուրջօրյա հանրահավաքի առանցքային կազմակերպչական ֆունկցիա: Այս ահավոր, վիրավորական մթնոլորտում էր, որ 7-օրյա հանրահավաքներից մեկում հայտարարեցի. «Եթե իմ որդին ապրի այն զգացողությամբ, ինչով ապրում է Արթուր Բաղդասարյանի որդին, ես ինքնասպանություն կգործեմ»: Սա մի հուսահատ փորձ էր մարդկանց համոզելու, բացատրելու, որ Ազատության հրապարակում մենք կարող ենք իրավիճակ փոխել: Բայց ամեն ինչ կորսված էր արդեն:

Իսկ երբ 2012թ. դեկտեմբերի 28-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեցի երկխոսության սխալ լինելու մասին, մտադրություն չունեի ամենեւին այս նրբություններին անդրադառնալ, հույս ունենալով, որ ամեն ինչ հասկանալի է առանց սրա էլ: Բայց գործընկերներիս փութաջանությունը ստիպում է ամեն ինչ մանրամասնել, ոչ այն պատճառով, որ ուզում եմ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել: Ոչ ամենեւին, պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մարդկանց առաջ, եւ պարտավորված՝ բացատրություններ տալ իմ ամեն ասածի եւ արածի վերաբերյալ:

Եւ ուրեմն, երկխոսությունը Հայ ազգային կոնգրեսի պատմության երկու մեծ ձախողումներից է, որովհետեւ եթե հայտարարում ես, թե բանակցությունների նպատակը դիմացինիդ կապիտուլյացիան է, բայց հոգ չես տանում թիմիդ ոգին բարձր պահելու, առավելագույն ճիգեր չես գործադրում մարդկանց մոբիլիզացնելու համար, եւ ջրբաժանից առաջ նահանջի ռիտորիկա ես բանեցնում, բոլորը հասկանում են, որ պատրաստ չես ջրբաժանի, բանակցությունը դառնում է քո սեփական կապիտուլյացիան կամ դրա պես մի բան, ինչը եւ տեղի ունեցավ: Ապա ծագում է ավելի մեծ հարցը. եթե պատրաստ չես «ջրբաժանի» ինչու՞ ես ճամբար խփում:

Ու քանի որ կռահում եմ, որ հարց է հնչելու, թե հենց այդ ժամանակներում, 2011 թվականի սեպտեմբերին, շուրջօրյա հանրահավաքը մեկնարկելուց առաջ, ինչպիսին է եղել իմ դիրքորոշումը, արձանագրեմ, որ ժամանակին ասել եմ նույն ասելիքը՝ անհրաժեշտ ձեւաչափով:

շեղող մանեւր

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ինչպես նշեցի, խոսել էի Հայ ազգային կոնգրեսի թույլ տված երկու սխալների մասին: Առաջինը` երկխոսությունն է, երկրորդը` քաղաքագիտական վերլուծությունը, որը ՀԱԿ-ԲՀԿ պրոցեսի գաղափարական հիմնավորումը դարձավ: Գործընկերներս, սակայն, փորձում են մեծ աղմուկ սարքել երկխոսության շուրջ իմ ունեցած դիրքորոշման մասին, ըստ էության ոչինչ չասելով քաղաքագիտական վերլուծության մասին: Սա այլ կերպ, քան շեղող մանեւր դժվար է որակել: Փորձ է արվում, մի խոսակցություն ծավալել, որի իմաստը լինի հետեւյալը. «Բա իմացա՞ք, Նիկոլը հիմա ասում է երկխոսությունը սխալ էր, մինչդեռ էդ ժամանակ ասել էր՝ ճիշտ է», հետո մարդիկ սկսեն մի անիմաստ ու երկարաճիտք բանավեճ այս թեմայով, որը հարուցողների նպատակը կլինի բացառապես մեկը. շրջանցել, մոռացության մատնել քաղաքագիտական վերլուծության, կամ դրա հարուցած իրավիճակի թեման: Իսկ սրա մասին, մենք՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներս, պետք է հստակ բացատրություններ տանք հանրությանը: Խոսքս չի վերաբերում հարցին` ճի՞շտ էր արդյոք քաղաքագիտական վերլուծությունը, թե սխալ: Նման թեմայով բանավեճը նույնիսկ անլուրջ եմ համարում, որովհետեւ եթե կոնգրեսից որեւէ մեկը հաջողություն պիտի համարի քաղաքագիտական վերլուծության արդյունքը, նշանակում է մեծ հաղթանակ է համարում սեփական տան վրա ատոմային ռումբի պայթելը:

Տվյալ խնդրի համատեքստում կան շատ ավելի հրատապ հարցեր եւ դրանցից մեկը առավել կարեւոր է: ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցով է հայտարարել, որ չի պատրաստվում առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու: Որպես նման որոշման առանցքային փաստարկ Տեր-Պետրոսյանը հիշատակում է իր 68 տարեկան լինելը: Այս արձանագրումը, սակայն, ոչ միայն պատասխաններ է տալիս, այլեւ հարցեր առաջացնում: Մեկ տարի առաջ, երբ պարզ էր, որ Հայ ազգային կոնգրեսը չկարողացավ հասնել իր հիմնական պահանջի՝ արտահերթ ընտրությունների անցկացման իրականացմանը եւ շրջանառության մեջ էր դրվում հայտնի քաղաքագիտական վերլուծությունը՝ Տեր-Պետրոսյանը, բնականաբար, չէր կարող չհաշվարկել, որ նախագահական առաջիկա ընտրությունների շրջանում լրացած է լինելու իր 68-ամյակը, եւ դեկտեմբերի 25-ի հարցազրույցի տրամաբանությամբ, ինքը չի կարող առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու, որովհետեւ ինչպես ինքն է ասել՝, «68 տարեկանում սեփական ժողովրդին հարգող մարդը չի կարող հավակնել նախագահի պաշտոնին»:

Բայց սա արձանագրել եւ անցնել առաջ՝ չի ստացվում, որովհետեւ երբ ետահայաց նայում ենք իրադարձություններին, անխուսափելիորեն ծագում է հետեւյալ հարցը. երբ գրեթե բոլորը մտածում էին, թե 2013 թվականին Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է, ինքը գիտեր, որ չի առաջադրվելու: Ո՞րն էր, ուրեմն, 2013 թվականի նախագահական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի մասնակցության վերաբերյալ նրա ունեցած պատկերացումը: Ինչպե՞ս, ի՞նչ ձեւաչափով պետք է մասնակցեր Կոնգրեսը 2013 թվականի նախագահական ընտրություններին, պիտի ունենար սեփակա՞ն թեկնածու, թե պետք է պաշտպաներ այլ թեկնածուի, թե՞ պետք է ունենար սեփական թեկնածու, որը պետք է հընթացս հաներ թեկնածությունը հօգուտ մեկ այլ թեկնածուի, թե պիտի գնար բոյկոտի: Այս պատասխաններից յուրաքանչյուրը քննարկելի է, ձեւակերպելի, հարցը սակայն հետեւյալն է. կա՞ր այդ սցենարներից որեւէ մեկը Տեր-Պետրոսյանի մտքում, եթե այո, ինչու հանրությունը այդ մասին չգիտեր, եթե ոչ, ուր էինք ուրեմն ուզում տանել Հայ ազգային կոնգրեսը: Բայց չէ՞ որ սա այն տեղը չէ, ուր պիտի հասնեինք, երբ Սերժ Սարգսյանի կողմից Բաղրամյան 26-ի վերանվաճումը ընդամենը տեխնիկական խնդիր են ուզում դարձնել: Ի՞նչ ենք պատասխանելու այն մեղադրանքներին, թե Սերժ Սարգսյանից սեփական ձեռքերով 21-րդ դարի Եղիազար Այնթափցի ենք կերտել:

Սրանք ցավալի, չափազանց ցավալի հարցեր են, բայց պատասխանատու քաղաքական ուժը, պատասխանատու քաղաքական գործիչը չի կարող տրվել դրանցից խուսափելու գայթակղությանը, որովհետեւ սեփական ժողովրդի նկատմամբ հարգանք ունենալ, նշանակում է նրան բացատրել սեփական քայլերի տրամաբանությունը:

ընթացիկ հարցեր
ա) Հայ ազգային կոնգրեսի վերջին շրջանի գործունեությունը բազմաթիվ հարցեր է հարուցել, խոսակցությունների տեղիք տվել: Դրանցից մեկն այն է, թե իբր ես ինչ-որ ամբիցիաներ եմ խաղացնում կամ խաղացրել Հայ ազգային կոնգրեսում, պահանջել եմ, որ լինեմ Կոնգրեսի թեկնածուն նախագահական առաջիկա ընտրություններում: Սա կատարյալ անհեթեթություն է, եւ հարկ է նկատել, որ Կոնգրեսի շրջանակներում իմ պահվածքը եղել է համեստ եւ որեւէ կարգավիճակի համար երբեք կռիվ չեմ տվել, որեւէ մեկից աջակցություն չեմ խնդրել, որեւէ մեկին ակնարկ-նամյոկ չեմ արել, որեւէ մեկին «վերբովկա» անելու փորձ չեմ ձեռնարկել:

Իմ կողմից ամբիցիաներ խաղացնելու մասին խոսակցությունները այլ կերպ, քան ցնորք, չեմ կարող որակել, դրանք տարածվել են, երբ իմ փաստարկներին հակափաստարկ չի եղել, եւ բանսարկությունն է եղել միակ հնարավոր հակակշիռը: Ինչ վերաբերվում է նախագահական ընտրություններում իմ թեկնածու առաջադրվելուն, դրա մասին խոսել կամ ակնարկել են ուրիշները, ինչին իմ պատասխանը եղել է կամ խուսափողական, կամ՝ կտրուկ բացասական: Ավելին, մի քանի անգամ եմ հայտարարել, որ 2013թ. նախագահական ընտրություններում չեմ պատրաստվում առաջադրվել: Մի քանի անգամ դա արել եմ հրապարակային, բայց խոսակցությունները չեն դադարել: Չեն դադարել խոսակցությունները նաեւ իմ ամբիցիաների մասին: Ու եթե իրերն իրենց անուններով կոչելը, հստակ դիրքորոշումներ արտահայտելը, համոզմունքին հավատարիմ մնալը, ակնհայտ փակուղային վիճակից ելքեր փնտրելը ամբիցիա է, ուրեմն՝ իմ ամբիցիաները 20 տարի եղել են հազարավոր մարդկանց աչքի առաջ, եւ կուլիսներում ամբիցիաներ խաղացնելու կարիք չունեմ: Համ էլ խոստովանեմ. չեմ տիրապետում «բարձրաշխարհիկ այդ արվեստին»:

բ) մինչեւ օրս հետաքրքրություն է առաջացնում ՀՀՇ համագումարին իմ չմասնակցելը, ինչը, մեղմ ասած, տարօրինակ է: Չնայած այդ կապակցությամբ մեկնաբանություն եմ տվել, որ համագումարին իմ չմասնակցելու մեջ ոչ մի քաղաքական ենթատեքստ կամ պատճառ չկա, այդ հարցը առեղծվածային ձեւով շարունակում է քննարկվել: Այս առեղծվածը «բացահայտվեց» Տավուշի մարզի գյուղերից մեկում, երբ մի մարդ ինձ հարցրեց. «Բա ինչի՞ չէիր գնացել Հայ ազգային կոնգրեսի համագումարին»: Խնդրի նկատմամբ հետաքրքրության պատճառն այս է, թերեւս, որ ՀՀՇ համագումարը, չգիտես ինչու, ընկալել են, որպես Հայ ազգային կոնգրեսի համագումար: Պարզաբանենք, սակայն, որ դրանք նույն բանը չեն: Հայ ազգային կոնգրեսի անդամ բոլոր կուսակցությունները կարող են համագումար անել եւ անում են, որոնցից ոչ մեկին ի դեպ, չեմ մասնակցել, բայց դրանք նույնացնել Կոնգրեսի համաժողովի հետ, չի կարելի: Կոնգրեսը հիմնադրման օրվանից համաժողով չի ունեցել, չնայած` նրա հիմնադրման մասին հռչակագրում ասվում է. «Կոնգրեսի գործունեության ընդարձակ ծրագիրը նախատեսվում է ընդունել եւ հրապարակել նրա առաջիկա համաժողովում»։ Նման որեւէ համաժողով, փաստորեն, տեղի չի ունեցել:

գ) Վ. Օսկանյանի եւ Լ. Զուրաբյանի խոսակցության գաղտնալսման հետ կապված հստակ դիրքորոշում եմ արտահայտել եւ հրաժարվել քննարկել գաղտնալսված զրույցի բովանդակության հետ կապված որեւէ հարց: Վերջերս սակայն, ինձ լուրեր են հասնում, որ ինչ-որ մարդիկ այդ գաղտնալսման խմբակային լսումներ են կազմակերպում, եւ դա դարձնում իմ դեմ քստմնելի բամբասանքներ տարածելու վաղեմի գործելակերպի նոր աղբյուր: Եթե այս լուրերը հաստատվեն, ինքս էլ ազատված կզգամ տխրահռչակ զրույցի բովանդակությունը չքննարկելու գործելակերպից: Եւ ի դեպ, սխալվում են բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե կխուսափեմ ինձ հետ կապված որեւէ հարցի հրապարակային քննարկումից: Ոչ միայն չեմ խուսափի, այլեւ իմ հասցեին հնչած որեւէ մեղադրանքի քարը քարին չեմ թողնի: Վերջերս ի դեպ, փորձ արվեց աղմուկ սարքել Ծաղկաձորում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի (որի անդամ եմ հանդիսանում) կազմակերպած սեմինար-քննարկումների ընթացքում արված մի լուսանկարից, որտեղ ԱԺ ՀՀԿ-ական երկու պատգամավորի հետ հայտնվել էի նույն կադրում: Ազգային ժողովում ելույթ ունենալիս` Հովիկ Աբրահամյանի, Էդուարդ Շարմազանովի կամ Հերմինե Նաղդալյանի հետ ամեն անգամ նույն կադրում եմ հայտնվում. եթե մտածելու բան կա, թող իրենք մտածեն, որովհետեւ իմ ասելիքն ասում ու անելիքն անում եմ նաեւ նրանց ներկայությամբ: Ի դեպ, դեմ չեմ, եթե հանրապետական պատգամավորների հետ իմ խոսակցությունների գաղտնալսումները հրապարակվեն:

դ) Ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել եմ «Հայկական ժամանակի» թեմային, բայց ժամանակի սղության պատճառով ամբողջ ասելիքը չէ, որ հասցրեցի ասել: Արդեն ավելի քան վեց ամիս չեմ աշխատում «ՀԺ»-ում, բայց որպես նրա երկարամյա խմբագիր, պիտի արտահայտեմ կարծիքս մի քանի հարցերի վերաբերյալ: Նախ՝ Հայաստանում շատ չեն այն կառույցները, որ քաղաքացիական պայքարում, Համաժողովրդական շարժման ծավալման գործում ավելի մեծ ներդրում են ունեցել, քան «Հայկական ժամանակը»: 14 տարվա ընթացքում թերթը, բառիս բուն իմաստով, անհավասար պայքար է մղել քոչարյանասերժական վարչախմբի դեմ, ենթարկվել հարձակումների, հետապնդումների, պայթեցման, ահաբեկումների: Չի խնայել ոչինչ՝ հանուն Հայաստանում ակնկալվող փոփոխությունների, դրա համար արել է առավելագույնը, ինչ հնարավոր էր: Եւ ուրեմն, իմ կարծիքով, ցանկացած պահի, ցանկացած մեկից կարո՛ղ է հաշիվ պահանջել նրա արածի ու չարածի կապակցությամբ, դնել հարցեր, որոնք հաճո չեն: Բայց սա կարող է անել ոչ միայն սեփական ներդրումների, այլ ուղղակի լրատվամիջոց լինելու բերումով եւ իմ կարծիքով, պիտի շարունակի այդ գործելակերպը: Եթե «ՀԺ»-ն Տիգրան Սարգսյանին արժանի ասելիքն ասում է այն կապակցությամբ, երբ նա արտահայտվում է, թե ի՞նչ անենք, չթողենք մարդիկ գնան Հայաստանից, որ մնան հեղափոխությո՞ւն անեն, ինչու պիտի չարձագանքի մեկ այլ քաղաքացու հեռացման առիթով ընդդիմադիր դաշտում տեղ գտած քստմնելի հրճվանքին: Էդ ո՞վ է ում իրավունք տվել ՀՀ քաղաքացու գաղթելը ծաղրի թեմա դարձնել, ինչ է թե, գաղթողը համաձայն չէ քաղաքական ինչ-ինչ հարցերում: Այն կապակցությամբ, որ «ՀԺ»-ի երկու աշխատակիցներ հռչակել են թերթից հեռանալու իրենց որոշումը. չնայած, սա ինձ հետ ուղղակիորեն չի առնչվում, հարկ եմ համարում ասել. հարգանքով եմ վերաբերվում այդ մարդկանց որոշմանը եւ «ՀԺ»-ում նրանց հետ իմ համատեղ աշխատանքին եւ ինձ թույլ չեմ տա ասել, թե այդպիսով թերթը ինքնամաքրվել է: Նկատեմ, սակայն, որ հարգելի իմ գործընկերները «ՀԺ»-ում աշխատելու կարճ կենսագրություն ունեն՝ 2-3 տարի: Ես այդ մարդկանց նկատմամբ լցված եմ լավագույն մաղթանքներով: Ի դեպ, «ՀԺ»-ի այսօրվա կորիզը թերթում աշխատում է 8-ից 14 տարի: 8-ից 14 տարվա՝ մեծ հաշվով անշնորհակալ, նյարդային, վտանգավոր աշխատանք…

ե) անցյալ ժամանակաշրջանում, ուղղակի կամ անուղղակի ասվել է, որ ես քննադատելով Կոնգրեսի շրջանակներում արված ինչ-որ քայլեր, այլընտրանք չեմ առաջարկել: Սա տեղեկատվության պակասի հետեւանք է, որովհետեւ վերջին մեկուկես տարում, քաղաքական պրոցեսների ցանկացած փուլում ունեցել եմ, բարձրաձայնել եմ այլընտրանք, երբեմն` հրապարակային: Այդ այլընտրանքը ձեւակերպված է եղել եւ` հստակ, բայց կռիվ չեմ տվել դրա համար, որովհետեւ հասկացել եմ, որ հայաստանյան քաղաքական ավանդույթի համաձայն, դա պիտի որակվի վազգենմանուկյանություն եւ այսպես շարունակ: Ոչ թե պիտակումներից ու որակումներից եմ վախեցել, այլ այլընտրանք-գաղափարն եմ ափսոսացել, որ չնետեմ տատասկոտ հողի վրա: Հիմա էլ, ինչպես հասկանում եք, ունեմ որոշակի պատկերացումներ, եւ նրանք, ովքեր կարդացել են նախորդ տարվա «ՀԺ»-ի վերջին համարում տպագրված «Ground zero» հոդվածը, կռահել են այդ մասին: Այդ հոդվածի հետ կապված բավական մեծ քննարկումներ են տեղի ունեցել սոցիալական ցանցերում, եւ շնորհակալ եմ քննարկումներին մասնակցած բոլոր մարդկանց, անկախ նրանից՝ լավ բան են ասել, թե` վատ: Մի երկու դրվագի, սակայն, ուզում եմ անդրադառնալ, որովհետեւ այս հոդվածի նպատակը քաղաքական տարվա մեկնարկին որեւէ անպատասխան հարց չթողնելն է:

Մի օգտատիրոջ մտքով անցել էր պնդել (խնդրում եմ, ուշադիր եղեք), թե նյութի հեղինակը, այսինքն` ես, այնքան էլ լավ չեմ հասկացել «Ground zero» հասկացության իմաստը: Նման մեկնաբանություն շրջանառության մեջ դրած օգտատերը երեւի այլ խնդիր էր դրել իր առաջ, բայց ակամա հասել էր այն թեմային, որը ինձ համար շատ կարեւոր է. Ground zero հասկացության իմաստին: Անգլերենում ground zero-ն ունի մի քանի իմաստ, դրանցից, սակայն, տվյալ դեպքում կարեւոր են երկուսը. այսպես անվանում են այն վայրը,ուր տեղի է ունեցել ատոմային ռումբի պայթյուն: Եւ երկրորդ իմաստը հետեւյալն է. որեւէ գործողության սկիզբ, մեկնարկային կետ: «Ground zero»-ն գրելիս` նկատի եմ ունեցել երկու իմաստները միաժամանակ, որովհետեւ համարում եմ, որ էսօր քոչարյանասերժական վարչախմբի դեմ երկարամյա պայքարի դաշտում ատոմային ռումբ է պայթել՝ հայտնի իրադարձությունների բերումով, երբ առաջին անգամ նախագահական ընտրությունների հետ մարդիկ փոփոխության հույսեր չեն կապում, երբ մարդիկ, ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ իրենց քցված են զգում, խաբված եւ հուսահատ: Խնդիրը ահա, այդ մարդկանց հավատի, վստահության վերականգնում է զրոյական այս կետից, նրանց երազանքները վերականգնելը, նրանց երազանքներին ծառայելը. ահա թե ինչ է նշանակում «Ground zero»:

Մեկ այլ օգտատեր փորձել էր «Ground zero»-ն դիտարկել 1+1+1+1+1=0 տրամաբանությամբ: Ցավալիորեն կարող ենք արձանագրել, որ դա այն է, ինչ այսօր դե ֆակտո ունենք: «Ground zero»-ի իմ գաղափարը, սակայն, մի փոքր այլ բան է նշանակում 0+1+1+1+1+1+1+1…= Ազատ եւ Երջանիկ Հայաստան:

զ) Չնայած, որեւէ ուղղակի կապի բացակայությանը, գիտեմ, որ հարցը հնչելու է, դրա համար էլ նախապես եմ ցանկանում պատասխանել: Հարցը լինելու է նույնը. արդյո՞ք այս հոդվածը նշանակում է, որ դուրս եմ գալիս Հայ ազգային կոնգրեսից: Պատասխանս նույնն է, ոչ, չի նշանակում: Դուրս չեմ գալու Հայ ազգային կոնգրեսից, որովհետեւ Կոնգրեսում տնվոր չեմ ու չեմ եղել: Բայց ընդգծեմ նաեւ, որ Կոնգրեսի ներսում որեւէ «ամբիցիա» չեմ խաղացնելու, որեւէ բանի համար չեմ պայքարելու, որեւէ կարգավիճակի համար կռիվ չեմ տալու: Սա ասում եմ «նաֆսյակի», բանսարկության էքստրա չափաքանակի վիպուսկը կանխելու համար:

է) Հարց է ծագում. իսկ ի՞նչ եմ անելու: Ավելի լրջորեն եմ պայքարելու հանուն այն քաղաքացիական եւ քաղաքական գաղափարների, որ դրված էին 2008 թվականի Ազատության հրապարակի օրակարգում. Հայաստանը քոչարյանասերժական քստմնելի վարչակարգից ազատելու համար: Իմ մեջ հաստատուն է Հաղթանակի կամքը: Գիտեմ, որ հեշտ չի լինելու, գիտեմ, որ դժվար է լինելու, գիտեմ, որ շատ դժվար է լինելու, երբեմն լինելու է պայքար ընդդեմ «բոլորի», որը ենթադրում է հարյուր տոկոսանոց պարտություն: Բայց եթե քաղաքագիտական կանոններով հարյուր տոկոսանոց հաղթական վիճակը կարող է բերել պարտության, հարյուր տոկոսանոց պարտված վիճակն, ուրեմն, կարող է բերել հաղթանակի: Կարեւորը՝ չվախենալ պարտությունից, կարեւորը՝ չվախենալ հաղթանակից: Կարեւորը՝ չվախենալ ոչ մի բանից: Մինչեւ հիմա միայն մի բանից եմ վախեցել, ինչի մասին գրել եմ բանտից՝ «Իմ վախը» հոդվածում: Հիմա, նույնիսկ, դրանից չեմ վախենում, որովհետեւ գիտեմ. առավելեւս, այդ առումով վախենալու բան չունեմ:

Ինչպես 2011-ին Ազատության հրապարակում ասել եմ՝ եթե իմ որդին ապրի այն զգացողությամբ, ինչով ապրում է Արթուր Բաղդասարյանի որդին, ես ինքնասպանություն կգործեմ: Ինչպես բանտարկության ժամանակ, այսօր էլ կրկնում եմ՝ իմ կյանքը դրված է հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի զոհասեղանին, մինչեւ վերջ ու անմնացորդ պայքարելու եմ հանուն այնպիսի Հայաստանի կերտման, որն ապահով տուն եւ տաք օջախ է իր զավակների համար, որը վեհության ու նվիրումի է մղում իր որդիներին եւ ոչ թե թալանն ու ավերը, բամբասանքն ու բանսարկությունը դարձնում գաղափարական մոդել: Անմնացորդ պայքարելու եմ հանուն սահմանադրական իրականության: Եւ դա լինելու է…

Եւ թերեւս, վերջին հարցը, որին պիտի պատասխանեմ. ինչու՞ հիմա, ինչու՞ եմ հիմա խոսում այս ամենի մասին: Պատասխանը, որքան էլ շատերը չեն կռահում, շատ պարզ է. ավարտվել է մի դրամատիկ քաղաքական շրջափուլ, երբ նախագահական ընտրությունները, ի հեճուկս մեր ջանքերի, լինելու են հերթական, եւ ՀՀ քաղաքացին, ի հեճուկս մեր խոստումների, չունի ռեալ այլընտրանք այդ ընտրություններում: Սա նշանակում է, որ եկել է քաղաքական նախորդ փուլն ամփոփելու եւ ամեն ինչ զրոյից սկսելու ժամանակը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

հոդվածը հատվածաբար տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի 2013թ. հունվարի 8-ի, 9-ի, 10-ի համարներում

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Vardges Gaspari
    Հունվար 12th, 2013 at 00:58 | #1

    Սիրելի Նիկոլ, գուցե առաջիգա հոդվածներից մեկում անդրադառնաք հետեւյալ հարցին.
    Ամեն կազմակերպության մեջ էլ կա խոհանոց եւ կա հանրային տարածք. միշտ էլ խահանոցի ինֆորմացիային տիրապետում են սահմանափակ մադիկ… այսինքն կա ինֆորմացիա, որին չի տիրապետում հանրությունը, որի պատճառով էլ կարող է օտարանալ կազմակերպությունից.. Դուք ինչպես եք ? վերաբերվում այս հարցին .

  2. Դավիթ
    Հունվար 12th, 2013 at 05:26 | #2

    Այո,Նիկոլ,պետք է սկսել զրոյից և չանել այն սխալները,որ արեց հակը ԼՏՊ-ի գլխավորությամբ:Հիմա Հայաստանում առկա քաղաքական վակուումի և հուսալքության մթնոլորտի համար իշխանության հետ հավասար մեղավոր է նաև ընդդիմությունը:Էն ինչ արեց Հակը ԼՏՊ-ի գլխավորությամբ միայն նողկանք կարող է հարուցել:Եվ ընդհանրապես պետք չի մոռանալ որ ներկա իշխանությունները նախկինների տրամաբանական շարունակությունն են,ի վերջո ոչ մի իշխանափոխություն էլ չի եղել:Սկսած 1991 թվականից նույն ապազգային ռեժիմն է,բոլոր ներկայիս առանցքային պաշտոնյաները եղել են նաև այն ժամանակ:Ի դեպ հիշողությունից ուժեղ մարդիկ գիտեն նաև որ ընտրակեղծիքների կնքահայրը Ջհանգիրյանն է,որը հիմա դարձել է արդարության համար պայքարող մարտիկ:Գաղտնի ձայնագրության մասին կասեմ հետևյալը…մեկնաբանելը համարում եմ ոչ կոռեկտ միայն այն ժամանակ,երբ այնտեղ նեղ անձնական,ինտիմ բաներ է պարունակում:Տվյալ դեպքում դա հարյուր հազարավոր մարդկանց թիկունքում կատարվող մաքիավելիստական նողկալի ակտ է,և անկախ նրանից թե գաղտնի ձայնագրություններ անելը ինչքանով է ստորություն,այն հաստատ ավելի մեծ ստորություն չե,քան այդ խոսակցության բովանդակությունը:Փաստորեն ժողովրդական շարժումը,ինչպես դիպուկ նկատել է Մարինե Պետրոսյանը,Լևոնին ու նրա մանկլավիկներին ծառայել է որպես ԹԱՇԿԻՆԱԿ:Ես ճիշտն ասած ավելի համարձակ մեկնաբանություններ էի սպասում ձեզանից,բայց այսքանի համար էլ շնորհակալություն:Իսկ Հակ-ում ձեր մնալու որոշմանը կասեմ ԶԳՈՒՇԱՑԵՔ,ԿԱՐՈՂ Է ՄԵՌԵԼԱՀՈՏ ԿՊՆԻ ՁԵԶ.

  3. Նախկին Նիկոլական
    Հունվար 12th, 2013 at 18:39 | #3

    Ներողություն, ինչու՞ է այստեղից ջնջվել իմ նախորդ մեկնաբանությունը…

  4. Նախկին Լևոնական
    Հունվար 15th, 2013 at 18:23 | #4

    Կեցցե՛ս: Առաջ եղբայրս: Աստված քեզ պահապան: Չկոտրվես հանկարց բոզի տղեքի դեմ: Ցականում եմ մեր ժողովրդին փառք ու պատիվ, այսինքն՝ մյուս նախագահական ընտրություններին(տա Աստված որ մեր հանրապետությունը գոյատևի մինչ մյուս ընտրությունները) քեզ հաղթանակ: Երբ գամ Հայաստան, կաշխատեմ անպայման քեզ հետ հանդիպել:

  5. Հունվար 16th, 2013 at 09:38 | #5

    amot qez Nikol

  6. Դավիթ
    Հունվար 17th, 2013 at 01:19 | #6

    Այո,ամոթ Նիկոլին…Այդ նա մարտի 1-ի իրիկունը,լույս 2-ի առավոտյան,երբ արդեն հաղթանակը ափսեյի մեջ դրված էր,անսահման ոգևորված և ոչ մի խոչընդոտի առջև չընկրկող ժողովրդին ուղարկեց տուն:Այո,հազար ամոթ Նիկոլին,այդ նա էր ամենապատասխանատու պահին փակվել իր դղյակում,և երկու ԿՈՐԴՈՆ հսկում էին նրա անվտանգությունը,իսկ ցուցարարներին միանալ չեր կարող,ԲԱ ՈՐ ՍՊԱՆԵՅԻՆ? Ամոթ քեզ Նիկոլ,ախր դու չեիր մահվան տեսիլ արտասանում միտինգի ամբիոնից:Ամոթ քեզ Նիկոլ,հազար ամոթ,ախր թաթար-մոնղոլների հետ էլ երկխոսեն?Թե գալուստսահակյանի ասածի նման տղա են,երկար ժամանակ է կաստում-գալստուկ չեն հագել,պտի հագնեն մի քիչ իրանց լավ զգան:Ամոթ քեզ Նիկոլ,դու չէիր ամբիոնից ասում ոչ ԴՈԴԱՑՄԱՆԸ,ու բոլոր,բոլոր ելույթ ունեցողները նույն էին ասում:Ախր դոդի թիկնապահները նույնպես մասնակցել են մարտիմեկյան ոճրագործությանը,ոնց ես զոհերի հարազատների աչքերի մեջ նայելու,երբ տառացիորեն մի քանի ամիս հետո սիլի-բիլի սկսեցիր դոդի կուտոկի հետ(չեմ կարող ասել կուսակցության,որովհետև դա իրոք կուտոկ է քրեական էլեմենտների,հարկերից խուսափող վայ բիզնեսմենների,կաշառակեր դասախոսների,և համեմելու համար մի քանի հատ էլ ծախված մտաՈՌականների:Բա չես ամաչում Նիկոլ,ոնց քեզ թույլ տվեցիր հասարակական ակտիվիստ Գասպարիին հորդորել,որ հեռացնի դոդի իրական դեմքը մատնանշող պաստառը:Ամոթ քեզ Նիկոլ,էդ ինչ գաղտնի հանդիպումներ ու բանակցություններ սկսեցիր դոդի կուտոկի հետ:Էդ ինչ ցինիզմով էիր խոսում մարտիմեկյան պահանջատիրության վերաբերյալ,էդ ոնց էիր արտահայտվում քո պայքարի ընկերների մասին:Զգացվում էր խորը արհամարհանք մարդկանց ցավի ու հույսերի հանդեպ,անսահման ցինիզմ,բամբասկոտ կանանց բնորոշ մի շարք նողկալի գծեր:Եվ վերջապես դա միայն ու միայն քո մեղքն է,որ եկաք հասաք նախագահական ընտրություններին առանց նախագահի թեկնածույի:Ու հիմա Նիկոլ ոնց չես ամաչում սկսել ես վհուկների որս Հակի-ի կարկառուն ներկայացուցիչների,բարոյականության,սկզբունքայնության առաջամարտիկ և ուղղակի շատ համակրելի կրտսեր լևոնի,կամ 96-ի ընտրակեղծիքների հետ ընդհանրապես կապ չունեցող,զինվորական դատախազությունում մարդասիրության և օրինապաշտության արմատավորող,հայկական Միրաբո ջհանգիրյանի դեմ:Ու իմացեք պարոնայք,մենք չենք պատրաստվում էս տգետ ու նողկալի ապազգային իշխանությունների փոխարեն տեսնել,ուրիշ տգետների ու գյադաների:Մինչև կոկորդներս կուշտ ենք ձեզանից,91-ից սկսած արյուններս խմում էք:Դեռ ամեն ինչ կորած չէ,այս պայքարից հետո քաղաքացիական հասարակությունը դարձել է ավելի իմաստուն,ավելի վճռական,ու կգա ժամանակը ազատվելու բոլոր զզվելի տզրուկներից:
    PS.Իհարկե բոլորին պարզ է թե ով ով է:Նիկոլ Փաշինյանը մեր քաղաքական պոռնկանոցում հազվագյուտ սկզբունքային ու համարձակ գործիչներից է:Իսկ նրան դատափետելը կարող է ունենալ մի քանի պատճառ.
    ա.նախանձն ու չարությունը
    բ.անբարոյական մարդու բնական ատելությունը ամենայն բարոյականի ու սկզբունքայնության հանդեպ,և ռուսական ասածվացքի մոտիվներով каждый понимает в меру своей испорченности:
    գ.Անմեղսունակությունը:Գոյություն ունի մարդկանց մի խումբ,որոնք անմեղսունակ են:Նրանք քննադատում են Նիկոլին,չեն տեսնում Հակի որոշ անդամների ծախվածությունը,կարիերիզմը,անբարոյականությունը,ցինիզմը և նորմալ մարդկանց զզվանք հարուցող այլ երևույթներ:Նրանց ուղեղը լվացրած է,և կարծես թե առհավետ,որովհետև լինել կույր այն աստիճան,որ չտեսնել ակնառու փաստերը,մեղմ ասած շատ-շատ զարմանալի է:

  7. Mephistopheles
    Հունվար 17th, 2013 at 08:26 | #7

    Նիկոլ, սխալ ես ասում… Հայաստանի առաջ դրված ա պետության կայացման խնդիր որի մի մասն ա իշխանափոխությունը, բայց ոչ ամեն գնով… թե ինչպես կարվի իշխանափոխությունը որոշում ա Հայաստան պետության կայացման հարցը և ապագան… իշխանափոխությունն ընդամենը ֆրագմենտ ա, որը պետք ա ճիշտ արվի… Ընդդիմությունը որը պայքարում ա իշխանության համար իր իշխանությունը սկսում ա հենց էն օրից երբ սկսում ա պայքարը… ոնց որ պայքարում ա իշխանության համար, տենց էլ իշխելու ա…

  1. No trackbacks yet.