> ՀՈԴՎԱԾՆԵՐ > GROUND ZERO

GROUND ZERO

1imagesՆոյեմբերի 27-ին Երեւանից Պրագա մեկնեցի լեփ լեցուն ինքնաթիռով. A-319-ի գրեթե բոլոր տեղերը զբաղված էին: Ինքնաթիռում 150-156 ուղեւոր կար: Չորս օր անց Երեւան վերադարձա նույն մակնիշի ինքնաթիռով, կրկին Պրահայից, բայց ուղեւորների թիվն արդեն հարյուրով պակաս էր:

Այդ օրերին է, որ Հայաստանի երկու ընտրատարածքներում ԱԺ պատգամավորի ընտրություններ տեղի ունեցան, եւ սոցիալական ցանցերում լայնորեն քննարկվում էր «ծախված ժողովրդի» թեման: Ամոթանք էին տալիս. «Բա ամոթ չի՞, բա չեք ամաչու՞մ»,- դիմում էին անհայտ ընտրակաշառակերին:

Իսկ ումից, ումի՞ց պետք է ամաչի ընտրակաշառք վերցնող քաղաքացին: Էդ ո՞վ է, որ վաստակել է նրան ամոթանք տալու իրավունքը՝ էսօրվա Հայաստանում: Փողով դիֆերամբներ ձոնող մտավորականնե՞րը, ընտրակեղծարարներին օտարների եւ յուրայինների բաժանած քաղաքական գործիչնե՞րը, բենտթլիով շրջող եկեղեցականնե՞րը: Ընտրակաշառքն իրականում չի կարող միայն սոցիալական դրդապատճառ ունենալ. քաղաքացին կաշառքը վերցնում եւ ըստ կաշառքի գործում է, երբ նրա գիտակցության մեջ չի լինում, չի առկայծում մեկը, մի մարդ, մի կերպար, մի մտավորական, մի քաղաքական գործիչ, մի հեղինակություն, որի առաջ թեկուզ հեռակա ամոթ զգա ինքը:

«Էրեսն էրեսից ա ամաչում»,- ասում է հայկական առածը: Էդ ու՞մ երեսից պետք է ամաչի ընտրակաշառք վերցնող քաղաքացու երեսը, երբ հոգու, ճշմարտության, սկզբունքի, իրականության առքուվաճառքը Հայաստանի տնտեսության միակ ճյուղն է, որի զարգացման համար հոգ է տանում քաղաքական, մշակութային, հոգեւոր էլիտան եւ այս պայմաններում ամոթանք տալ ընտրակաշառք վերցնող քաղաքացուն, նույնն է, թե Ամազոնի ջունգլիներում ապրող կնոջը ամոթանք տաս կրծքերը բաց ման գալու համար:

Հայաստանը, նրա քաղաքացին, նրա քաղաքական-մտավորական էլիտան ամոթալի իրադարձությունների այնպիսի բեռ են կրում, որ ամաչելը դառնում է համատարած անիմաստություն: Իսկ երբ դադարում ենք ամաչել, ջնջված ենք տեսնում թույլատրելիի եւ անթույլատրելիի, լավի ու վատի, բարոյականի ու անբարոյականի սահմանը: Էդ սահմանի բացակայությունն է, որ արգելակում է մեր առաջընթացը, մեր ոտքերը փաթ է գցում:

Իսկ գուցե էդ պատճառով է այդքան գրավիչ արտագաղթը. ամոթալի պատմության բեռը բագաժ ես տալիս ինքնաթիռին, եւ ուղեբեռի պիտակը ճղում թափում օտար հողի վրա. դու քեզ թեթեւացած ես զգում, զգում ես նորովի, դու քեզ զգում ես ամաչելու կարողությունդ վերականգնված, որովհետեւ ոչ ոք չգիտի քո պատմությունը եւ նշանակում է՝ ամաչելն իմաստ ունի, նշանակում է՝ ամեն ինչ կարելի է սկսել զրոյից:

Գուցե թե արտագաղթը խթանող պատճառներից մեկն է սա. ամեն ինչ զրոյից սկսելու տարբերակ չի գտնվում Հայաստանում, որովհետեւ ամեն ինչ զրոյից սկսելու համար պիտի կարողանաս մի կողմ դնել ամոթալի պատմությունդ, պատմություն դարձնել իրականությունդ, ինքդ քեզ մի կողմ դնես այս պատմությունից:

«Ground zero» օտարածին վերնագիրը հենց այդ իմաստն ունի. զրոյական կետ, մի զրոյական հարթակ ստեղծել, որին միացած յուրաքանչյուր ոք Հայաստանում մնալով կհամակվի ամեն ինչ զրոյից սկսելու հնարավորության զգացողությամբ: Էսօր էսքանը: Շարունակություն լինելու է:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Նյութը տպագրվել է դեկտեմբերի 22-ին «Ararat» ամսագրում

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Արման Թորոսյան
    Հունվար 4th, 2013 at 22:54 | #1

    Բարև Ձեզ, պարո՛ն Փաշինյան: Լիովին համաձայն եմ Ձեզ հետ:

  1. No trackbacks yet.