> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԸ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՞Ն

ՆԻԿՈԼԸ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՞Ն

111111111images«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը երեկ Նիկոլ Փաշինյանին է դիմել հետեւյալ հարցով.

- Պ-ն Փաշինյան, ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանն ասում է, որ հանձնաժողովի նախագահը՝ այսինքն դուք, կոպտորեն խախտել եք օրենքը եւ քաղաքական հաշվեհարդար եք տեսել, երբ Արմեն Ռուստամյանի դիմումի քննության ժամանակ նրան զրկել եք ձայնի իրավունքից: Ըստ Հարությունյանի՝ նա իրավունք չունի մասնակցելու իրեն վերաբերող հարցի քննարկմանը, բայց իրավունք ունի մասնակցելու մյուս 82 պատգամավորների հարցի քննարկմանը (Ռուստամյանի դիմումը վերաբերվում է 83 պատգամավորի, այդ թվում՝ Դավիթ Հարությունյանին): Հանձնաժողովի անդամին զրկելով ձայնի իրավունքից՝ օրենքի ո՞ր կետով եք առաջնորդվել: Խնդրում եմ ներկայացրեք ստեղծված իրավիճակի ձեր հիմնավումը:

- Կարծում եմ հանրությունը բավականաչափ կզվարճանա, տեղեկանալով, թե ինչպես եմ քաղաքական հաշվեհարդարի ենթարկում Դավիթ Հարությունյանին, կամ Հայաստանի պատմությունը հարյուրից ավել քաղբանտարկյալներով հարստացրած իշխանության որեւէ ներկայացուցչի: Եթե իրադարձություններն այսպես զարգանան, Սերժ Սարգսյանն էլ շուտով թերեւս ինձ մեղադրի իրեն հալածել-հետապնդելու մեջ: Էթիկայի հանձնաժողովի երեկվա նիստում իրագործել եմ Հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովելու կանոնադրական պարտավորությունս: Դավիթ Հարությունյանը ձեզ հետ զրույցում փաստորեն ընդունել է, որ ինքը չի կարող իր մասով մասնակցել Արմեն Ռուստամյանի դիմումի քննարկմանը, սակայն ասում է, որ ինքը կարող է մասնակցել մնացած 82 պատգամավորների հարցի քննարկմանը: Ամբողջ խնդիրն այն է, որ մեր օրակարգում 83 հարց չկար ընդգրկված, որ պարոն Հարությունյանը 82-ի քննարկմանը մասնակցեր, մեկի քննարկմանը՝ ոչ: Տվյալ թեմայի վերաբերյալ եղել է մեկ դիմում, մեկ հարց, դա նաեւ Դավիթ Հարությունյանի հարցն էր, եւ ԱԺ Կանոնակարգի 24.4 հոդվածի առաջին մասի ժբ կետի համաձայն պարոն Հարությունյանը չէր կարող մասնակցել այդ հարցի քննարկմանը, ինչը ինքն էլ է խոստովանում: Ի դեպ, որպես հանձնաժողովի նախագահ կարեւորելով Էթիկայի հանձնաժողովում մեր գործընկերներ Դավիթ Հարությունյանի եւ Հովհաննես Մարգարյանի դիրքորոշումը, գտել եմ տարբերակ՝ նրանց տեսակետները առանց Կանոնակարգի խախտման լսելու համար: Երեկվա նիստում մենք ունեինք երկու հարց: Առաջին հարցի ավարտից հետո, եւ մինչ Արմեն Ռուստամյանի դիմումի հետ կապված հարցի քննարկումը ընդմիջում եմ հայտարարել, եւ Էթիկայի հանձնաժողովին առաջարկել եմ ընդմիջման ռեժիմում քննարկում ծավալել, որպեսզի եւ Կանոնակարգը չխախտվի եւ մենք լսենք մեր գործընկերների դիրքորոշումը: Դե յուրե ընդմիջում համարված այդ հատվածում տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում եւ երբ բոլորը ասել են իրենց ասելիքը, վերաբացել եմ նիստը եւ այն վարել Կանոնակարգի տառին համապատասխան: Ես հասկանում եմ, որ պարոն Հարությունյանը սեփական խմբակցությունում կարող է պրոբլեմներ ունենալ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի գործունեության հայտնի դրվագների կապակցությամբ, բայց քանի դեռ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ եմ, բոլորը պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ օրինական, նշանակում է օրինական եւ ոչ թե այս կամ այն խմբակցությանը ձեռնտու: Էթիկայի հանձնաժողովը կայացրել է որոշում ԱԺ կանոնակարգ օրենքի եւ սեփական կանոնակարգի համաձայն, եւ այդ փաստը որեւէ մեկը չի կարող ետ շրջել: Միեւնույն ժամանակ, որպես Աժ Էթիկայի հանձնաժողովի նախագահ, քաղաքական գործիչ եւ քաղաքացի, հարգում եմ կարծիքներ արտահայտելու, ելույթներ ունենալու, նույնիսկ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի աշխատասենյակի մուտքի մոտ բողոքի ակցիաներ անցկացնելու իմ գործընկերների իրավունքը: Այսուհանդերձ, հայտարարում եմ, որ Էթիկայի հանձնաժողովի որոշումը Արմեն Ռուստամյանի դիմումի քննությունը սկսելու վերաբերյալ կայացվել է օրենքի տառին եւ ոգուն համապատասխան:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Նաիրա
    Դեկտեմբեր 8th, 2012 at 04:36 | #1

    Միայն այսպես կհասնենք հաջողության! Ցավոք, դրսևորել նման սկզբունքայնություն բոլորին չէ, որ հաջողվում է. նույնիսկ ընդդիմության շարքերում:

  1. No trackbacks yet.