ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԽԱԽՏԵԼ Է ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
Այսօրվա ԱԺ հայտարարությունների ժամին Նիկոլ Փաշինյանը Աժ ամբիոնից հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով իմպերատիվ կերպով սահմանվում է, որ ԱԺ չորսօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի օրվա պատգամավորական հայտարարության ժամը եւ չորեքշաբթի օրը տեղի ունեցող կառավարության հետ հարցուպատասխանը չորեքշաբթի օրը պետք է ամբողջությամբ, ուշադրություն դարձրեք՝ ամբողջությամբ եթեր հեռարձակվեն:
Ի հեճուկս այս օրենսդրական հրամայական պահանջի Հինգերորդ գումարման Ազգային ժողովի 2012թ. աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի հայտարարություններն ու հարցուպատասխանը Հանրային հեռուստատեսությամբ եթեր են հեռարձակվել հատվածաբար:
ԶԼՄ-ների անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ Հանրային հեռուստատեսությունը ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջը չի կատարում, որովհետեւ չի հանդիսանում ԱԺ Կանոնակարգ օրենքի 112 հոդվածով նախատեսված սուբյեկտ: Սա նշանակում է, որ ԱԺ նախագահը Կանոնակարգ օրենքի կոպիտ խախտումով չի կազմակերպել Կանոնակարգի 112-րդ հոդվածով նախատեսված մրցույթ, որին մասնակցած եւ հաղթած հեռուստաընկերությունը պարտավոր կլիներ կատարել ՀՀ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ վերը հիշատակված պահանջը:
Ազգային ժողովի դերը բարձրացնելու մասին հանրահայտ հայտարարությունների ֆոնի վրա սա առավել քան խոսուն փաստ է: ԱԺ նախագահը խախտելով Կանոնակարգ օրենքի պահանջները հանրությանը զրկում է տեղեկատվության ուղիղ աղբյուրից, փաստ, որը առավել ցայտուն է դառնում Ազգային ժողովի աշխատանքների հեռուստատեսային լուսաբանման տխուր պատկերի ֆոնին:
Օպերացիայի անբաժանելի մասնակից է նաեւ Հանրային հեռուստատեսությունը, որը հայտարարությունների ժամի եւ հարցուպատասխանի պատառիկները ցուցադրում է ԱԺ կանոնակարգ օրենքի կատարման կեղծ տպավորություն ստեղծելու համար: Ի վերջո, հեռուստադիտողը տեղեկացված չէ, որ ցուցադրվում է տվյալ նիստերի ոչ թե ամբողջական, այլ կիսատ-պռատ տարբերակը: Հաղորդումը պատրաստված է այնպես, որ հենց ամբողջական հեռարձակման տպավորություն թողնի, եւ արդյունքում հանրության շրջանում ոչ ամբողջական կարծիք ձեւավորվի խորհրդարանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Ելնելով վերը նշվածից, հայտարարում եմ.
1.ԱԺ նախագահը հայտարարությունների ժամի եւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ամբողջական հեռարձակումը չապահելով կոպտորեն խախտել է ԱԺ Կանոնակարգ օրենքի պահանջները:
2.Հանրային հեռուստատեսությունը հղում անելով իր խմբագրական ազատության վրա, սեփական խասիաթի համաձայն, թյուրիմացության մեջ է գցում հանրությանը, ԱԺ հայտարարություններն ու հարցուպատասխանը հեռարձակելիս հանրությանը չծանուցելով, որ հեռարձակում է նիստերի կրճատ տարբերակը:
Ըստ այսմ, Հայ ազգային կոնգրես խմբակցությունը պահանջում է անհապաղ վերացնել ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջների խախտումը, եւ ապահովել՝ այդ թվում ս/թ սեպտեմբերի 10, 11-ի հայտարարությունների ժամի եւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստերի բնականոն հեռարձակումը, համահայաստանյան սփռում ունեցող որեւէ հեռուստատեսությամբ:
02.10.2012













