> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՍ ԴԵՄ ԵՄ ՀԱՊԿ ՆՈՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ

ԵՍ ԴԵՄ ԵՄ ՀԱՊԿ ՆՈՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ

imagesԿարեւո՞ր է արդյոք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի համար: Արդյո՞ք այս կազմակերպությունը էական նշանակություն է ունեցել Հայաստանի անվտանգության ապահովման եւ Հայաստանի շուրջ հարաբերական կայունության ապահովման գործում:

Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության շատ թե քիչ օբյեկտիվ գնահատողը չի կարող վերը շարադրված հարցերին դրական պատասխան չտալ: ՀԱՊԿ-ն ինչպես եղել, այնպես էլ տեսանելի ապագայում լինելու է Հայաստանի անվտանգության կարեւորագույն բաղկացուցիչ եւ Հայաստանը հենց այս նկատառմամբ է դարձել ռազմաքաղաքական այդ դաշինքի հիմնադիր անդամ: Բայցեւայնպես, պետք չէ մոռանալ, թե ինչու է Հայաստանը դարձել ՀԱՊԿ անդամ, ինչ նպատակ է հետապնդել այդ քայլն անելիս, ինչ նպատակ է հետապնդում որեւէ երկիր, անվտանգության որեւէ համակարգի մաս կազմելիս: Բոլոր դեպքերում նպատակը նույնն է, եւ երկրները, պետությունները ռազմաքաղաքական դաշինքներ են կազմում իրենց ինքնիշխանությունը պահպանելու, պաշտպանելու համար:

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է դարձել հենց սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու համար, եւ եթե ՀԱՊԿ շրջանակներում մենք մասնակցում են մի պրոցեսի, որ ոչ թե պաշտպանում, այլ նսեմացնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, կնշանակի, սկսել ենք գործել մեր նպատակին հակառակ: Հենց այսպիսին է «Հավաքական անվտանգության պայմանագրի մասին» կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությունը, որ Սերժ Սարգսյանը՝ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ղեկավարների հետ ստորագրել է 2011 թվականին, Մոսկվայում, եւ որը ԱԺ աշնանային նստաշրջանի հենց առաջին քառօրյայում ներկայացվեց վավերացման: Սեպտեմբերի 13-ին ԱԺ լիագումար նիստում սկսված քննարկումը կիսատ մնաց, հոկտեմբերի 1-ից 4-ը կայանալիք քառօրյայում հարցը դրվելու է քվեարկության, եւ ընդունվելու դեպքում արձանագրությունը մտնելու է ուժի մեջ: Ինչով է ուրեմն այս փաստաթուղթը նսեմացնում մեր ինքնիշխանությունը:

Արձանագրության հոդված 1-ում ասվում է. «Կողմերը որոշում են ընդունում իրենց տարածքներում Կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների զորքերի (ուժերի) խմբավորումների, ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին մյուս Կողմերի հետ անհետաձգելի խորհրդակցությունների (համաձայնեցման) անցկացումից հետո եւ նրանց պաշտոնական առարկությունների բացակայության դեպքում»:

Ստացվում է, այսինքն, որ արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը իր տարածքում օտարերկրյա որեւէ ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ տեղադրելու համար պետք է ստանա ՀԱՊԿ բոլոր երկրների՝ Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Բեռառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի համաձայնությունը, կամ ավելի ճիշտ թույլտվությունը: Տվյալ իրավիճակում, սակայն, շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ ասել է ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ:

Միջազգային պայմանագրերը, արձանագրությունները սովորաբար սկսվում են փաստաթղթում օգտագործված հիմնական հասկացությունների բացատրություններով: Խնդրո առարկա արձանագրության մեջ, սակայն, բացատրված չէ, թե ինչ ասել է ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ: ԱԺ սեպտեմբերի 13-ի նիստում հարց ուղղեցի հիմնական զեկուցող, ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին, պարզելու համար, թե որտեղ է սահմանված այդ հասկացությունը: Քոչարյանը, սակայն, խոստովանեց, որ նման սահմանում չկա, յուրաքանչյուր առանձին դեպքում բանակցությունների առարկա է, այսինքն՝ բանակցությունների արդյունքում պիտի որոշվի, թե տվյալ օբյեկտը ՀԱՊԿ անդամ երկրները համարու՞մ են ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ, թե չեն համարում: Նաեւ այս պատճառով հարցը շատ կարեւոր է, որովհետեւ Հայաստանը համագործակցության ծրագրեր ունի ՆԱՏՕ-ի հետ, որի շրջանակներում նույնիսկ զորավարժություններ են անցկացվում մեր տարածքում, եւ ՆԱՏՕ-ի դրոշով վրանը անգամ, այս պայմանագրի տրամաբանությամբ, կարող է համարվել ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ եւ այն սեփական տարածքում տեղադրելու համար Հայաստանը ստիպված է լինելու թույլտվություն հայցել ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից: Բայց խնդիրը շատ ավելի կարեւոր կողմ ունի. այս արձանագրության վավերացմամբ ինքներս մեզ զրկում ենք մեր երկու անմիջական հարեւանների՝ Իրանի եւ Վրաստանի հետ ռազմական համագործակցության, մասնավորապես համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունից: ՀԱՊԿ-ն այս պայմանագրի վավերացումից հետո, մեզ կարող է արգելել Իրանի հետ Հայաստանի տարածքում համատեղ զորավարություններ անցկացնել, Վրաստանի մասին էլ չեմ խոսում: Վրացական վաշտը չի կարող Հայաստանի որեւէ զորավարժարանում երկու շաբաթ վրան խփել եւ մասնակցել զորավարժության, որովհետեւ «ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ» հասկացությունը հստակ սահմանված չէ, եւ արձանագրության վավերացումից հետո նման վրան խփելու դեմ կարող են առարկել Տաջիկստանն ու Ղրղզստանը, եւ մենք չենք կարող այդ վրանը խփել քանի դեռ ակռա չէ նրանց համաձայնությունը:

Բայց ամենակարեւորը. ստեղծում ենք իրավական բազա, որպեսզի հնարավորություն չունենանք Հայաստանի տարածքում Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղադրել՝ առանց Տաջիկստանի եւ Ղրղզստանի համաձայնության, եւ սա այն արդյունքն է, որ Սերժ Սարգսյանը պատրաստել է Հայաստանի համար՝ այս արձանագրությունը ստորագրելիս: Ի վերջո, Ղարաբաղը ֆորմալ առումով Հայաստան չէ, եւ եթե, օրինակ, Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ՀԱՊԿ մյուս երկրները ոչ՝ Ղարաբաղի ռազմական օբյեկտներ Հայաստանում կկարողանանք տեղադրել միայն Տաջիկստանի թույլտվությունը ստանալուց հետո, որովհետեւ կստացվի, որ դա ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրի ռազմական օբյեկտ է: Դե յուրե՝ նույն իրավիճակում կարող ենք նաեւ այսօր հայտնվել, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ՀԱՊԿ անդամ սուբյեկտ չէ:

ԱԺ լիագումար նիստում իմ դիտարկումներին ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ հակադարձեցին Եվրոմիության օրինակով, պնդելով, թե ԵՄ անդամ երկրներն էլ իրենց ինքնիշխանության մի մասը զիջել են՝ ԵՄ անդամ դառնալով: Եկեք նույնիսկ չխորանանք նման պնդման մանրամասների մեջ, այլ հարցը դիտարկենք փաստերի եւ փաստարկների տեսանկյունից: Այո, ժամանակակից աշխարհում պատահում են դեպքեր, երբ երկրները իրենց ինքնիշխանության մի մասը զիջում են, ինչ-որ ուրիշ բան ստանալու համար: Ուրեմն, ցանկացած այսօրինակ դրսեւորում պետք է գնահատել ըստ այնմ, թե ինչ է տալիս տվյալ երկիրը եւ ինչ է ստանում: Դիտարկենք ուրեմն, խնդրո առարկա արձանագրությունն այս տեսանկյունից:

Չժխտենք, Հայաստանը այս արձանագրությամբ ինչ-որ բան ստանում է: Եթե օրինակ, Բելառուսը, Տաջիկստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը որոշեն իրենց տարածքներում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների ռազմական օբյեկտներ տեղադրել, արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո պիտի թույլտվություն ստանան Հայաստանից: Բայց ամենավառ երեւակայության դեպքում անգամ դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որ այդ երկրներում որեւէ այլ երկրի ռազմական օբյեկտի տեղադրումը կարող է առնչություն ունենալ Հայաստանի կենսական շահերի հետ: Մեզ ի՞նչ, թե Ղազախստանն ու Ուզբեկստանը ինչ ռազմական օբյեկտ են տեղադրում իրենց տարածքում: Ցավոք Հայաստանը դեռ չի հասել այնպիսի տերության մակարդակի, որ այդօրինակ ռազմաքաղաքական բնույթի կենսական շահեր ունենա Կենտրոնական Ասիայում եւ ուրեմն առնվազն առաջիկա հարյուրամյակում դա չի կարող մտնել Հայաստանին հետաքրքրող հարցերի մեջ:

Նույնը վերաբերվում է նաեւ Ռուսաստանին. եթե այդ երկիրը ցանկանա ՀԱՊԿ անդամ չհանդիսացող որեւէ երկրի ռազմական օբյեկտ տեղադրել իր տարածքում, պիտի թույլտվություն ստանա Հայաստանից: Բայց հնարավոր չէ պատկերացնել, որ գործնականում կարող է ստեղծվել մի վիճակ, որ Ռուսաստանում կայացվելիք նման որոշումը կարող է ուղղակի առնչություն ունենալ Հայաստանի շահերի հետ: Եթե նույնիսկ առնչություն ունենա, Հայաստանը չի կարող Ռուսաստանին ասել ոչ: Սա է իրողությունը:

Սրան հակառակ, Հայաստանը չի կարող իր տարածքում ԼՂՀ ԶՈւ ռազմական նշանակության օբյեկտ տեղադրել առանց Տաջիկստանի համաձայնության, չի կարող Իրանի, Վրաստանի, ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել առանց Ղրղզստանի թույլտվության: Հիմա եկեք կշեռքի մի նժարին դնենք այն, ինչ Հայաստանը ստանում է այս պայմանագրով, եւ այն ինչ տալիս է, եւ փորձենք հասկանալ, թե արդյոք դրան համեմատելի կշիռներ են: Արձանագրությամբ Հայաստանը ստանում է մի գործիք, մի լիազորություն, որ ոչ տեսականորեն, ոչ գործնականում իրեն երբեւեէ պետք չի գալու, իսկ այն ինչ տալիս է, պետք է գալու անընդհատ:

Սա մոտավորապես նույնն է, թե որեւէ երկրի հետ բանակցենք-բանակցենք, արդյունքում համաձայնվենք, որ մենք իրենց հարյուր հատ տանկ ենք տալիս, իրենք մեզ՝ նույն գնի սուզանավ: Լավ սուզանավ, մեծ սուզանավ: Սուզանավն, իհարկե, լավ բան է, բայց Արփաչայի կամ Սեւանի ջրերը հազիվ թե նրան մանեւրելու եւ Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու հնարավորություն տան:

Ես դեմ եմ քվեարկելու Սերժ Սարգսյանի ստորագրած «Հավաքական անվտանգության պայմանագրի մասին» կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությանը, չնայած բարձր եմ գնահատում ՀԱՊԿ դերը Հայաստանի շուրջ հարաբերական կայունության ապահովման գործում: Բայց հիմա վավերացնել այս արձանագրությունը, կնշանակի դանդաղ գործողության ռումբ դնել տարածաշրջանի կայունության հեռանկարի, ինչպես նաեւ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության տակ: Որովհետեւ առանց այս արձանագրության վավերացման Հայաստանը պահպանում է Ռուսաստանի հետ արժանապատիվ գործընկեր լինելու հնարավորությունը, իսկ վավերացման դեպքում կորցնում է նույնիսկ ֆորպոստի կարգավիճակը, վերածվելով հասկանալի չէ, թե ինչի: Շատերն ասում են, թե Հայաստանն ըստ նույն արձանագրության, ցանկացած պահի կարող է դուրս գալ դրանից: Այո, իհարկե. ցանկացած ամուսնացող գիտի, որ իրավունք ունի ցանկացած պահին ամուսանալուծվել: Բայց մի բան է չամուսնացածը եւ բոլորովին ուրիշ բան ամուսնալուծվածը: Ամուսնացողը պետք իրեն երջանիկ զգա ընտանիքում եւ ոչ թե ձեռքով-ոտքով թակարդն ընկած: Վերջին տարբերակում ընտրությունը պարզ է. կամ համակերպվել ստրուկի կարգավիճակին, կամ ամուսնալուծվել՝ սկանդալների, ծեծուջարդի կամ ավելի ծանր իրավիճակների զուգակցմամբ:

Եւ ի դեպ, բոլոր նրանք, ովքեր հարցը կդիտարկեն ռուսամետության կամ արեւմտամետության համատեքստում, խայտառակ սխալ գործած կլինեն: Որովհետեւ խնդիրն ունի ընդամենը մեկ համատեքստ՝ Հայաստանի ինքնիշխանության համատեքստը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.