ԵԼՈՒՅԹ ՍԱՐՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.
Անկախության ձեռքբերումից 21 տարի անց մենք կրկին կանգնած ենք անկախություն, այսինքն ինքնիշխանություն ձեռքբերելու հրատապ խնդրի առաջ: Դաժան երազի է նման մեր այսօրվա իրականությունը, երբ անկախության ձեռքբերման առաջին տարիներին ավելի շատ ինքնիշխանություն, անկախություն ունեինք քան այսօր:
Անկախ պետականությունը՝ Խորհրդային Հայաստանում Հայ ժողովրդի աննախադեպ մշակութային զարգացման գագաթնակետը դարձավ: Անկախությունը նման է մի գանձարանի, որ իրենից ներս, անառիկ ամրոցի նման, պահում-պահպանում է ժողովրդի ստեղծած ամենակարեւոր ու թանկագին արժեքները: Անկախությունը մի ամրոց է, որ ժողովուրդները կերտում են իրենց ամենանվիրական երազանքները, ապագայի նկատմամբ իրենց հավատը, սեփական ուժերի նկատմամբ վստահությունը փայփայելու, պահպանելու համար:
1991-ին Հայ ժողովուրդը կերտեց անկախություն, որովհետեւ հավատում էր ինքն իրեն, հավատում էր ապագային: Հայ ժողովուրդը անկախություն կերտեց, որովհետեւ 20-րդ դարում ստեղծել էր մտավոր, գիտական, մշակութային հսկայական հսկայական կապիտալ, եւ դարասկզբի աղետից հետո վստահություն ձեռքբերել սեփական ուժերի նկատմամբ: Անկախությունն ահա, պիտի դառնար այն անառիկ ամրոցը, որ պատմական աղետներից մազապուրծ հայ ժողովրդի՝ այնքան թանկագին ինքնավստահությունը, որ կոփվեց-թրծվեց Ղարաբաղյան պատերազմի փառապանծ հաղթանակով, ահա այդ հաղթական վստահությունը պահպաներ, բազմապատկեր եւ փոխանցեր սերնդեսերունդ:
Ստացվեց այնպես սակայն, որ մի ինչ-որ պահի երազանքների մեր ամրոցի, Հայաստանի Հանրապետության կառավարիչների դերում հայտնվեցին ավազակներն ու գանձագողերը: Իրականություն դարձավ հայտնի հայկական ասացվածքը. գողը որ տնից լինի, եզը երթիկով կհանեն: Ու այսօր, անկախության ձեռքբերումից 21 տարի անց, մենք գործ ունենք ոչ միայն ազգային հարստության, այլեւ ազգային ինքնավստահության, ազգային երազանքների, ազգային հավատի մսխման տխուր փաստի հետ:
Քոչարյանասերժական ռեժիմը, իր մանր ու մեծ կատարածուներով այսօր էլ՝ ամեն օր, ամեն ժամ վաճառքի է հանում մեր ինքնիշխանությունը: Իշխանական կաբինետներում նստածները նման են գալուստուկավոր բոշաների, որ եվրոպաներում, ամերիկաներում, ռուսաստաններում թափառելով գոռում են՝ էստի համեցեք, մեր երազանքներն ու հպարտությունը՝ վաճառականի քթոցներում դասավորած: Եւ որպես արդյունք՝ մարդիկ գլխապատառ փախչում են երազանքների իրենց ամրոցից, որ դավաճանության, ագահության, տգիտության ու թալանի զոհ է դարձել:
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութան հպարտ քաղաքացիներ.
Էսօր տոն է, Հայ ժողովրդի ինքնիշխանության, երազանքների, հպարտության տոնը: Բայց այդ տոնը ամեն տարվա հետ ավելի է խամրում, ավելի ու ավելի է վերածվում օրացույցի էջին դաջված կարմիր թվի, սոսկ կարմիր թվի:
Ու այսօր 1991 թվականի սեպտեմբերի 21-ի ցնծությունը վերգտնելու, կենդանացնելու, բազմապատկելու խնդիր ունենք: Մեր խամրած երազանքները բորբոքումի են սպասում, մեր հույսը փնտրում է մեզ, մեր հաղթանակը տոչորվում է մեր կարոտից: Մենք պարտավոր ենք վերգտնել մեր երազանքը եւ մեր երեխաներին օժտել, լիցքավորել ավելի, շատ ավելի, անհամեմատ մեծ երազանքներով:
Բայց՝ նախեւառաջ, մենք պետք է անողոք լինենք ինքներս մեր նկատմամբ, որովհետեւ էդ երազանքի վաճառքն ու թալանը ծածուկ չի արվել, բոլորիս աչքի առաջ է արվել, արվել է անթաքույց ու ափաշքյարա:
Ճիշտ է, մենք մեծ ջանքեր ենք գործադրել հրեշավոր այդ անկումը կանգնեցնելու համար, բայց չենք կարողացել կանգնեցնել: Ուրեմն եկել է ավելի մեծ ջանքեր գործադրելու ժամանակը:
Ճիշտ է, մենք մեծ զոհողությունների ենք գնացել հուսահատությունը ցաքուցրիվ անելու համար, բայց չենք հաջողել: Ուրեմն եկել է ավելի մեծ զոհողությունների գնալու ժամանակը:
Մենք մեծ սխալներ ենք գործել մեր երազանքները երազելիս, ուրեմն եկել է սխալներն ուղղելու ժամանակը:
Մենք ցեխոտվել ենք էս դաժան ճանապարհին, ուրեմն եկել է մաքրվելու ժամանակը:
Մեր խամրած երազանքները բորբոքումի են սպասում, մեր հույսը փնտրում է մեզ, մեր հաղթանակը տոչորվում է մեր կարոտից: Մենք պարտավոր ենք վերգտնել մեր երազանքը եւ մեր երեխաներին օժտել, լիցքավորել ավելի, շատ ավելի, անհամեմատ մեծ երազանքներով: Մենք պարտավոր ենք, ու մենք կկրենք այդ պարտավորությունը, որովհետեւ խոստացել ենք. մեր երեխաներն ապրելու են Ազատ ու Երջանիկ Հայաստանում: Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է:
Եւ ուրեմն՝
Կեցցե՛ Անկախությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
21.09.2012Թ.













