> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԻՆԻՑԱՅԻՑ ՀԵՏՈ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԻՆԻՑԱՅԻՑ ՀԵՏՈ

ceeaeuro_011Սեպտեմբերի 4-ից 7-ը Լեհաստանի Կրինիցա-Զդրույ քաղաքում տեղի ունեցած տնտեսական ֆորումը օգտակար ստացվեց: Օգտակարությունն, ընդ որում, կոնկրետ էր:

Ֆորումին մասնակցում էին Ռուսաստանի, Եվրոպայի հասարակական-քաղաքական վերնախավի երկու հազար եւ ավելի ներկայացուցիչներ, եւ միջոցառումն ինձ օգնեց մեր տարածաշրջանին, մեր երկրին, մեր միջազգային դերակատարությանը, Ղարաբաղի հարցին նայել Եվրամիության եւ Ռուսաստանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների աչքերով եւ հասկանալ, որ Եվրոպայի կամ Ռուսաստանի հետ խոսելիս պետք է խորությամբ գիտակցել, թե ինչու են նրանք շահագրգիռ մեր տարածաշրջանի հետ կապված հարցերում, այս պահին կոնկրետ ի՞նչ են ակնկալում տարածաշրջանից եւ Հայաստանից, ինչն է նրանց հետաքրքիր եւ ինչը հետաքրքիր չէ, ինչպես են ընկալում մեր ասածներն ու փաստարկները:

Առանց այսօրինակ պատկերացման Հայաստանը կարող է հայտնվել ոչ ադեկվատ դիրքում, այնպիսի մեկի վիճակում, որին հրավիրել են ծննդյան խնջույքի, իսկ նա կենաց է ասում՝ «Երջանկություն նորապսակներին» թեմայով: Դա նշանակում է, որ այնքան էլ լավ չի հասկանում, թե ինչ է կատարվում: Կրինիցայում որեւէ նոր բան, իհարկե, չհայտնաբերեցի: Այն ինչ պիտի գրեմ, ընդհանուր գծերով հայտնի է վաղուց: Բայց մի քանի նրբերանգներ արձանագրելը, կարծում եմ չի խանգարի:

Լիսաբոնից Վլադիվաստոկ
Ռուսաստանը, որ թվում է Խորհրդային Միության փլուզումից հետո, համակերպվել էր համաշխարհային գերտերության կարգավիճակի կորստին, Վլադիմիր Պուտինի պաշտոնավարության շրջանում ակտիվորեն աշխատում է երբեմնի այդ դերը վերականգնելու համար: Մոսկվան այս ուղղությամբ անում է կոնկրետ քայլեր, որոնց հեռահար նպատակը ԱՄՆ-ի եւ Չինաստանի արանքում Եվրասիական ռազմաքաղաքական նոր բլոկի ստեղծումն է՝ Ռուսաստանի առաջնորդությամբ: Ռուսաստանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչները հիմա արդեն բարձրաձայնում են, որ աշխարհքաղաքական այդ դաշինքը պետք է տարածվի Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ եւ դառնա փրկարար կառույց Եվրամիության համար, որը տնտեսապես սկսել է զիջել ոչ միայն ԱՄՆ-ին եւ Չինաստանին, այլեւ Հնդկաստանին ու Բրազիլիային: Ռուսաստանը, այսպիսով, իր առանցքի շուրջ մտադիր է ուժի մի նոր բեւեռ հիմնել, որը որոշիչ նշանակություն կունենա աշխարհակարգի ընթացիկ կանոնները սահմանելիս եւ ի զորու կլինի լուծել ցանկացած հարց, աշխարհի ցանկացած մասում: Մինչ շատերը խոսում են Խորհրդային Միությունը վերականգնելու՝ Վլադիմիր Պուտինի ցանկության մասին, նրա ամբիցիաները ավելի լայն են եւ հեռահար. դառնալ ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի եւ Ավստրալիայի առաջ իրեն ավելի ու ավելի անպաշտպան զգացող Եվրամիության գլխավոր հովանավոր, թեկուզ ի հեճուկս վերջինիս ցանկության:

Ինչպե՞ս է սակայն հնարավոր իրագործել ամբիցիոզ ու անհավանական այս ծրագիրը, ինչպե՞ս է դա պատկերացնում Ռուսաստանի քաղաքական էլիտան: Կրինիցայում Ռուսաստանի ներկայացուցիչների ելույթները ակնհայտ էին դարձնում, որ Մոսկվայում այս ծրագրի իրագործման հիմնական գործիքը համարում են բնական գազը: 2006-07 թվականների գազային ճգնաժամի ընթացքում Ռուսաստանը ցույց տվեց, որ կարող է ուղղակի բռնել-դադարեցնել Եվրոպայի գազամատակարարումը, եւ մի քանի օրով կիրառեց այդ սպառնալիքը: Սա կատարյալ խուճապ առաջացրեց Եվրոպայում: Այդ ժամանակներից ահա, գազային լծակը հիմնականն է Ռուսաստանի եվրասիական քաղաքականութան համար: Բայց այստեղ ամեն ինչ չէ, որ հարթ է, որովհետեւ Ռուսաստանը, ճիշտ է, տիրապետում է գազի համաշխարհային պաշարների 1/4-ին, բայց գազ ունեն ուրիշները նույնպես, եւ եթե Եվրոպան սկսի գազ գնել ուրիշներից, Ռուսաստանի ծրագիրը ըստ էության կտապալվի կատարելապես: Եւ ուրեմն, աշխարհքաղաքական ամբիցիաներն իրացնելու համար Մոսկվան խնդիր ունի պահպանել Եվրոպայի բնական գազի կարիքները հոգացողի հիմնական, Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրների դեպքում՝ գրեթե մոնոպոլ կարգավիճակը: Այս ծրագիրը նույնպես իրագործելի է, որովհետեւ գազի համաշխարհային պաշարներով երկրորդ տեղը զբաղեցնող Իրանը գազամուղ չունի դեպի Եվրոպա: Նույնը ըստ էության վերաբերվում է Ադրբեջանին եւ Թուրքմենիային: Այսինքն, Արեւելքից-Արեւմուտք գազի մատակարարման մենաշնորհը Ռուսաստանինն է: Իսկ Արեւմուտքում, Աֆրիկայի հյուսիսում չկան գազային այնպիսի պաշարներ, որ կարող են բավարարել Եվրոպայի ողջ պահանջարկը:

գազից քշվածները
Տնտեսական ճգնաժամն, ահա, այսօր Եվրոպայի քաղաքական, տնտեսական վերնախավին հուզող թիվ 1 պրոբլեմը չէ: Դա ակնհայտ դարձավ Կրինիցայում, որովհետեւ ցանկացած թեմայով քննարկում, ի վերջո հանգում էր էներգետիկային: Եվրոպայում էլեկտրական էներգիայի պահանջարկը աճում է գլխապտույտ տեմպերով. ֆորումի մասնակիցներից մեկը էներգետիկ պահանջարկի աճի մի շշմեցնող օրինակ բարձրաձայնեց: Եվրոպայում մեկ րոպեի ընթացքում առաքվող sms հաղորդագրությունների թիվը մոտենում է 180 հազարի (օրը մոտավորապես՝ 200-250 միլիոն), եւ սա իր հերթին բերում է հսկայական էներգետիկ պահանջարկ, որովհետեւ էներգիա սպառվում է ոչ միայն բջջային հեռախոսները լիցքավորելու, այլեւ առաքվող sms-ները տեղ հասցնող կայանների ծանրաբեռնվածությունը սպասարկելու համար: Սա մի փոքր դետալ է, որ ցույց է տալիս նախկինում գոյություն չունեցած էներգետիկ պահանջարկի առաջացման կոնկրետ օրինակ: Մեծացող պահանջարկն, ըստ այդմ, մեծացնում է հասարակության գործունեության բոլոր ոլորտների կախվածությունը էներգետիկայից, ասել է, թե Եվրոպայի համախառն կախվածությունը առանցքային էներգակիրներից մեկի՝ գազի մատակարար Ռուսաստանից:

2007 թվականի տվյալներով Բուլղարիան, Ֆինլանդիան, Լիտվան, Սլովակիան պահանջվող բնական գազի 100 տոկոսը ներմուծում են Ռուսաստանից: Հունաստանը՝ 78 տոկոսը, Հունգարիան՝ 77, Չեխիան 75, Լեհաստանը` 67-68, Ռումինիան 55, Գերմանիան՝ ավելի քան 40, Իտալիան՝ ավելի քան 30, Ֆրանսիան մոտ 20 տոկոսը: Մինչ 2007 թվականը, երբ Ռուսաստանը մի քանի օրով փաստացի փակեց Եվրոպային գազ մատակարարող խողովակաշարերից մեկը, վերը նշված թվերը այլ իմաստ ունեին: Ներկայումս, սակայն, Ռուսաստանի ջանքերն ուղղված են Եվրոպայի գազային կախվածությունն իրենից՝ վերածել քաղաքական կախվածության: Սա հասկանում են Եվրոպայում եւ տագնապած են, եւ ուրեմն, էներգետիկ անվտանգությունն է Եվրոպայի թիվ 1 խնդիրը, որովհետեւ նույնանում է ազգային անվտանգության եւ ի վերջո՝ ինքնիշխանության խնդիրների հետ: Ձեռքբերել էներգետիկ անկախություն Ռուսաստանից, նշանակում է երաշխավորել քաղաքական անկախությունը. այսպիսին է եվրոպացիների եւ հատկապես դրա արեւելյան հատվածի ընկալումը:

Խնդրի ռազմավարական լուծման երկու վեկտոր է որդեգրել Եվրոպան՝ տեխնոլոգիական եւ աշխարհքաղաքական: Տեխնոլոգիական վեկտորը վերաբերվում է էներգիայի այլընտրանքային աղբյուրների յուրացմանը: Այս ոլորտում արդեն իսկ առկա են լրջագույն հաջողություններ, բայց միեւնույն ժամանակ, մոտ ապագայում, այլընտրանքային աղբյուրները չեն կարող դառնալ գազի փոխարինող, որովհետեւ արեւի ջերմությունից, քամուց, ծովային հոսանքներից ստացվող էլեկտրական էներգիան միտված է միայն պահանջարկի նոր գոյացող մասը բավարարելուն, ինչն էլ դեռեւս միշտ չէ, որ ստացվում է:

Ռուսաստանում հասկանում են, որ Եվրոպայի ռազմավարական խնդիրը գազից, տվյալ դեպքում ռուսական գազից հրաժարվելն է: Եվ ուրեմն Վլադիմիր Պուտինը, Եվրոպայում էներգետիկ պահանջարկի աճի այս ժամանակահատվածը համարում է գազի լծակը գործի դնելու ամենահարմար պահը: Վաղն, ինչպես ասում են, կարող է ուշ լինել. Եվրոպան կարող է ռուսական գազից կախված չլինել այնքան, որքան այսօր: Եւ ուրեմն, հարկավոր է այդ կախվածությունն այսօր օգտագործել նրան հնազանդեցնելու համար: Ինչպես Ետխորհրդային տարածքում այնպես էլ Եվրոպայում ռուսական գազային քաղաքականության հիմնական իմաստը հետեւյալն է. գա՞զ ես ուզում, եղիր հնազանդ, կամ առնվազն լոյալ: Այս մոտեցումը լայն ըմբռնում չի գտնում ԵՄ-ում եւ կատաղի դիմադրության է արժանանում հատկապես Արեւելյան Եվրոպայում: Ի պատասխան սրա, բոլոր հնարավոր եւ անհնար առիթներով «Գազպրոմը» թանկացնում է գազի գինը, զուգահեռ հասկացնելով, որ այս գործընթացը կարող է շարունակվել անդադար:

Այսրկովկասից Եվրոպա
Եվրոպայի համար լուծումն ակնհայտ է. գտնել գազի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ: Դեպի Եվրոպա գազ արտահանելու պոտենցիալ ունեցող երկրների թիվն էլ մեծ չէ. Թուրքմենստան, Ադրբեջան, Իրան: Ներկայումս ադրբեջանական եւ թուրքմենական գազը հասնում է Եվրոպա, բայց Ադրբեջանն ու Թուրքմենիան Եվրոպային գազ չեն վաճառում: Վաճառում են Ռուսաստանին, վերջինս էլ վերավաճառում է Եվրոպային: Եթե Եվրոպան հնարավորություն ունենա գազ գնել ուղիղ Թուրքմենստանից եւ Ադրբեջանից, դա կփոխի աշխարհքաղաքական վիճակը: Հենց այս համատեքստում դեռ տարիներ առաջ ի հայտ եկավ «Նաբուկո» ծրագիրը: Ըստ պլանավորվածի Կասպից ծովի ընդերքով կառուցվելիք խողովակաշարով Թուրքմենական գազը պետք է հասներ Ադրբեջան, հետո Վրաստանով Եվրոպա, իր հետ տանելով նաեւ ադրբեջանական գազը: Հեռանկարում, բարենպաստ պայմանների առկայության դեպքում, այս խողովակաշարով կարող էր Եվրոպա հոսել նաեւ իրանական գազը, հետագայում նաեւ Քաթարի գազը: Նման խողովակաշարի առկայության դեպքում Եվրոպան կարող է նույնիսկ հրաժարվել ռուսական գազից, չունենալ դրա կարիքն ընդհանրապես, որովհետեւ Թուրքմենստանի, Իրանի, Ադրբեջանի, Քաթարի գազի համախառն պաշարներն շատ ավելին են, քան Ռուսաստանինը:

Ինչ վերաբերում է նման խողովակաշարի երթուղուն, դրա համար Հարավային Կովկասը որեւէ այլընտրանք չունի, այսինքն աշխարհագրական եւ աշխարհքաղաքական միակ գոտին է, որ կարող է գազի տարանցման ճանապարհ դառնալ Եվրոպայի համար: Ավելի Հյուսիս՝ Ռուսաստանն է, որ հասկանալիորեն չի կարող դիտարկվել, իսկ Հարավում գտնվող Իրանը, որ տեսականորեն նույնպես կարող է տարանցման երկիր դառնալ, Եվրոպայի համար նույնպիսի սպառնալիք է կրում, ինչպիսին Ռուսաստանն է: Իրանը մեծ եւ ամբիցիոզ երկիր է, եւ անհրաժեշտության դեպքում չի խորշի գործի դնել գազային ազդեցության լծակը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Վրաստանին, Հայաստանին կամ Թուրքմենստանին, դժվար թե այս երկրներից մեկը երբեւէ փորձի խողովակաշարը փակելու սպառնալիքի տակ Եվրոպայի հետ հարցեր լուծել: Հարավային Կովկասի երկրները ԵԽ-ի, Արեւելյան գործընկերության անդամներ են, եւ Եվրոպայի հետ ինտեգրումը հռչակել են իրենց արտաքին քաղաքական կարեւոր գերակայություն:

Վերադառնալով Ռուսաստանին, ընդգծենք. հանուն Եվրասիական գերտերության վերականգնման նա չի կարող թույլ տալ, որ Հարավային Կովկասը դառնա դեպի Եվրոպա գազի տարանցման գոտի, որովհետեւ դա կնշանակի, որ ՌԴ-ն կորցնում է Եվրոպայի, այսպիսով նաեւ աշխարհի վրա իր ունեցած կարեւորագույն լծակներից մեկը, գազային լծակը:

հայացք Կրինիցայից
Իսկ ինչու Եվրոպան չի կառուցում Հարավային Կովկասով անցնող խողովակաշար: Պատճառը տարածաշրջանային կոնֆլիկտներն են, որոնք կարող են պայթել ցանկացած պահի: Երբ Եվրոպան ակտիվորեն փորձում էր իրականացնել «Նաբուկո» ծրագիրը, հանկարծ մահացավ Թուրքմենիայի նախագահ Թուրքմենբաշին, հետո պայթեց վրաց-ռուսական պատերազմը: Հիմա արդեն «Նաբուկոյի» հին երթուղին, որ անցնում է Վրաստանով, առավել քան անհուսալի է դարձել, որովհետեւ այդ երթուղու անմիջական հարեւանությամբ է գտնվում Հարավային Օսիան, որ կարող է ցանկացած պահի պայթել, եթե Ռուսաստանը տեսնի, որ իրեն ուզում են զրկել գազային մենաշնորհից: Հարավօսական կոնֆլիկտի մեջ Ռուսաստանը անմիջականորեն է ներգրավված, եւ ուրեմն անմիջականորեն կարող է միջոցներ ձեռնարկել գազամուղի կառուցման դեպքում: Այս պատճառով եվրոպացիք սկսել են մտածել առավել հարավային երթուղու մասին, Ռուսաստանի սահմանից հնարավորինս հեռու, բայց այստեղ էլ Ղարաբաղի կոնֆլիկտն է:

Հենց այստեղ է, որ ԼՂ հարցը ուղղակիորեն առնչվում է ԵՄ-ի կենսական շահերին, որովհետեւ եվրոպացու աչքերով կարգավորել ԼՂ հարցը նշանակում է վերացնել դեպի Եվրոպա ձգվող խողովակաշարի կառուցման մի մեծ խոչընդոտ: Այսինքն, եթե Ղարաբաղի հարցը մեզ համար պատմական արդարության վերականգնման, ազգերի ինքնորոշման խնդիր է, Եվրոպացու համար նման է մի քարի, որ ընկած է իր գազային, ասել է թե քաղաքական անկախության ճանապարհին:
Ըստ էության, այսպիսին է նաեւ Ղարաբաղի հարցի ռուսական ընկալումը: Նրանք համոզված են, որ քանի դեռ կա Ղարաբաղի կոնֆլիկտը, Ռուսաստանի գազային մենաշնորհը ապահովված է, որովհետեւ որեւէ մեկը չի հանդգնի գազատար անցկացնել Հարավային Օսայի, ասել է թե Ռուսաստանի քթի տակով:

Այս համատեքստում է, որ Եվրոպան Հայաստանը սկսում է ավելի ու ավելի շատ ընկալել բացասական լույսի ներքո: Ավելի ահագնացող եվրոպական ընկալումների համաձայն, Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ոչ թե ինքնուրույն ազգային շահ է հետապնդում, այլ լինելով Ռուսաստանի հլու կամակատար, բոլոր միջոցներով խոչընդոտում է ԼՂ հարցի կարգավորմանը, որպեսզի Ռուսաստանը շարունակի պահպանել գազային մենաշնորհը:

Այս ընկալումը բոլորովին ուրիշ հարթություն է տեղափոխում Ղարաբաղի հարցը: Մեր պայքարը Ղարաբաղի համար, որ մենք ձեւակերպում ենք որպես պայքար ազգային ինքնորոշման, այսինքն՝ ազատության համար, Եվրոպան ավելի ու ավելի շատ է ընկալում որպես Եվրոպայի եւ Հարավային Կովկասի անկախության ճանապարհին Ռուսաստանի հարուցած խոչընդոտ:

Հայաստանը այդ խոչընդոտի մարմնավորումն է, եւ կրակին յուղ է լցնում Ադրբեջանը, ում հռետորաբանությունը մի շատ կարեւոր նրբություն է ձեռքբերել: Ադրբեջանցիներն ասում են, որ Ղարաբաղի կոնֆլիկտը հրահրել է Ռուսաստանը, թույլ չտալու համար, որ Ադրբեջանը դառնա իրապես անկախ պետություն: Եւ այսօր Հայաստանը կարգավորման ուղղությամբ լուրջ քայլեր չի անում, քանի որ Ռուսաստանը նրան թույլ չի տալիս դա անել: Եվրոպայում այս փաստարկը հաճույքով են լսում, որովհետեւ դա տալիս է կոնկրետ բացատրություն էներգետիկ ոլորտում իրենց ունեցած դժվարություններին:

Ադրբեջանն, ի դեպ, Արեւմուտքում պոզիտիվ ընկալման մի կարեւոր խաղաքարտ է ձեռքբերել. երբ Ռուսաստանը գազային լծակով փորձում էր ծնկի բերել Վրաստանին, Ադրբեջանը դարձավ Վրաստանի հիմնական գազամատակարարը, այսպիսով դառնալով նրա քաղաքական անկախության երաշխավորը Ռուսաստանից:

ամփոփում
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ շեշտադրումները, որոնցով Հայաստանը հանդես է գալիս ԼՂ հարցի կարգավորման համատեքստում, հասկանալի կամ ավելի ճիշտ հետաքրքիր չեն Եվրոպայի համար, որովհետեւ մենք գնում եւ սկսում բացատրել, թե ինչ կարող է կամ պետք է մեզ տա Եվրոպան, առանց բացատրելու, թե ինչ կարող ենք մենք առաջարկել Եվրոպային: Անընդհատ բացատրում ենք, թե ինչ պետք է անի Եվրոպան մեզ համար, բայց չենք ասում, թե ինչ ենք մենք պատրաստ անել Եվրոպայի համար: Եթե ուզում ենք Եվրոպան մեր պրոբլեմով հետաքրքրվի, պետք է մենք էլ հետաքրքրված լինենք Եվրոպայի պրոբլեմներով: ԵՄ-ի համար, մեր մեջ ասած, բացարձակապես միեւնույն է, թե ինչպես կկարգավորվի Ղարաբաղի հարցը, նրա համար կարեւոր է, որ այն որեւէ ձեւով կարգավորվի, որպեսզի Հարավային Կովկասը գազային տարանցիկ ուղու դերակատարումը կարողանա ստանձնել:

Սա եւ լավ է, եւ վատ: Լավ է, որովհետեւ Եվրոպան տեսականորեն դեմ չի լինի, եթե Ղարաբաղը դառնա Հայաստանի մաս, վատ է, որովհետեւ պատմական արդարությունն ու պատմությունը նրա համար փաստարկ չեն ամենեւին: Փաստարկը իր այսօրվա ռազմավարական շահերն են: Իսկ մենք նրան իր ռազմավարական շահերի տեսանկյուինից չենք կարողանում բացատրել, թե ինչու է կարեւոր Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշումը:

Ադրբեջանն իր ասելիքը տեղավորում է արեւմտյան շահերի համատեքստում, Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը հասկացել է խնդիրը եւ լուծել դա: Այս է պատճառը, որ Եվրախորհրդարանը Ռամիլ Սաֆարովի դեպքի վերաբերյալ ընդունեց այդպիսի խայտառակ մի բանաձեւ, որովհետեւ Ադրբեջանը Եվրոպայի հիմնական հույսն է՝ էներգետիկ, ասել է, թե քաղաքական անկախության բնագավառում: Ադրբեջանն ասում է Եվրոպային, որ իրենք կռվում են ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ, ինչպես Վրաստանն է ոչ թե Հարավային Օսիայի դեմ կռվում, այլ Ռուսաստանի: Ադրբեջանն ասում է, որ հայերը չեն համաձայնի ԼՂ հարցի կարգավորման որեւէ տարբերակի, քանի որ կարգավորման հաջորդ քայլը Ռուսաստանի գազային մենաշնորհի կորուստն է:

Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը ոչ թե անկախ պետություն է, այլ Հարավային Օսիայի նման մի խամաճիկ, եւ Հարավային Կովկասում ուժեղացնել հայկական գործոնը, նշանակում է ուժեղացնել ռուսական գործոնը եւ դա ընկալվում է Եվրոպայում: Ադրբեջանը մերժում է Ռուսաստանին Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հարցով…

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը. ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը 25 տարուց երկարացնում հասցնում ենք 49 տարվա: Իսկ ԱԺ աշնանային ընթացիկ նստաշրջանի առաջին իսկ եռօրյայի օրակարգ մտցվեց «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրութան վավերացման հարցը: Արձանագրության վավերացմամբ, որը թերեւս տեղի կունենա ս/թ հոկտեմբերի 1-ին, Հայաստանը կստանձնի պարտավորություն իր տարածքում չտեղադրել օտարերկրյա ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ՝ առանց ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համաձայնությունը ստանալու: Այսինքն, առանց Ռուսաստանի թույլտվության: Այս թեմայով առանձին հրապարակմամբ, իհարկե, հանդես կգամ. իսկ տվյալ խնդրի համատեքստում ասեմ միայն, որ Հայաստանն աշխարհում ավելի ու ավելի ընկալվում որպես ռուսական ֆորպոստ, հիմա արդեն՝ որպես Ռուսական գուբերնիա:

Որեւէ մեկը ասվածը չփորձի մեկնաբանել որպես արեւմտամետություն: Դեմ եմ արեւմտամետությանը, որքան դեմ եմ ռուսամետությանը: Բայց մեր երկիրը բոլոր ձվերը դրել է մի զամբյուղի մեջ, ինքն իրեն պարտադրելով խայտառակ խոցելի վիճակ: Արեւմուտքը Հարավային Օսիայից հետո ռեվանշի ծարավ ունի Հարավային Կովկասում, եւ Հայաստանն իր պատմական խասիաթի համաձայն, կարող է դառնալ այդ ռեվանշի զոհը: Այդ պատմական խասիաթն, ի դեպ, լավագույնս դրսեւորվում է Սիրիայի հայ համայնքի դեպքում. արեւմուտքի աջակցությունը վայելող սիրիացի ապստամբները կարծես հայերից սկսում են հանել ոչ միայն Բաշար ալ Ասադի, այլեւ Ռուսաստանի մուռը:

Լավ է, իհարկե, որ Հայաստանը լինի Ռուսաստանի ռազմավարական գործընկեր: Բայց մի բան է ռազմավարական գործընկերը, ուրիշ բան ֆորպոստը, եւ բոլորովին ուրիշ բան աշխարհքաղաքական անարգանքի սյունին կապած քավության նոխազը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Anonymous
    Սեպտեմբեր 18th, 2012 at 18:46 | #1

    mer vijakn ahavoraaaaaaaaa

  2. Տիգրան
    Սեպտեմբեր 18th, 2012 at 19:24 | #2

    Հարգելի Նիկոլ, շնորհակալություն հետաքրքրագույն հոդվածի համար: Անկասկած ճշմարիտ մտքեր եք շարադրել և իմ պես հասարակ քաղաքացիներին էլ հասցրել էք այսօրվա աշխարհաքաղաքական անցուդարձի վերաբերյալ ինֆորմացիա:
    Ամեն դեպքում ասեք խնդրեմ, իսկ եթե հանկարծ Ռուսաստանին իրոք հաջողվի ծնկի բերել Եվրոպային, որն այժմ բավականին թուլացած է ճգնաժամից և այլ ներքին ու արտաքին խնդիրներից? Բա որ…? Իրան, Սիրիա, քրդական հարց, Ղարաբաղ, Հարավային Օսիա, Աբխազիա, Թալիշներ… շարունակեք ինքներդ - արդյոք այս թնջուկները լուծելի են մոտ ապագայում? իսկ գուցե ունեն խորացման միտում? Արդյոք այս պայմաններում Եվրոպան չի ընտրի Ռուսաստանին իր Հյուսիսային ու Հարավային Հոսքեր ավելի պաահով ծրագրերով?

  1. No trackbacks yet.