> ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԿՐԻՆԻՑԱՅՈՒՄ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԿՐԻՆԻՑԱՅՈՒՄ

Նիկոլ ՓաշինյանԼեհաստանի Կրինիցա-Զդրույ քաղաքում ընթանում է տնտեսական համաժողով, որին մասնակցում են աշխարհի տասնյակ երկրների շուրջ 2500 ներկայացուցիչներ: Համաժողովին մասնակցում են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը եւ Նիկոլ Փաշինյանը: Ստորեւ ներկայացնում ենք Ն. Փաշինյանի ելույթը՝ «Ինչպես կարող է Արեւելյան գործընկերությունը նպաստել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը» թեմայով քննարկման ժամանակ:

Տիկնայք եւ պարոնայք.

Օգոստոսի 31-ին, Կրինիցայի տնտեսական ֆորումի բացումից մի քանի օր առաջ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն: Հունգարիայի իշխանությունների որոշմամբ, Ադրբեջանին է արտահանձնվել այդ երկրի քաղաքացի Ռամիլ Սաֆարովը, ով Հունգարիայի դատարանի որոշմամբ` Հայաստանի քաղաքացի Գուրգեն Մարգարյանին սպանելու համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման եւ այդ պատիժը կրում էր հունգարական բանտում: Քանի դեռ ցմահ բանտարկյալը գտնվում էր իրեն Ադրբեջան տեղափոխող ինքնաթիռում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում շնորհելու հրամանագիր է ստորագրել, եւ Սաֆարովը վայրէջք է կատարել արդեն որպես ազատ քաղաքացի, հենց օդանավակայանում ստանալով Ադրբեջանի քաղաքացու անձնագիր:

Գուրգեն Մարգարյանի սպանությունը Սաֆարովը կատարել է 2004 թվականին, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, երբ նրանք երկուսն էլ որպես իրենց երկրների զինված ուժերի սպաներ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովը Մարգարյանին կացնահարել է, երբ վերջինս քնած է եղել անկողնում: Սրանից հետո Ադրբեջանում Սաֆարովին պատվում էին ինչպես ազգային հերոսի, եւ Հունգարիայի իշխանությունները չէին կարող չգիտակցել՝ ինչ է նշանակում արտահանձնել նրան Ադրբեջանին:

Տիկնայք եւ պարոնայք.

Այս իրադարձությունը հարված է ԵՄ-ի եւ մասնավորապես՝ Արեւելյան գործընկերության հեղինակությանը: Մամուլում արդեն տեղեկություն է հայտնվել, որ տեղի է ունեցել կոռուպցիոն գործարք, եւ Սաֆարովին ազատելու համար Ադրբեջանը դոլարով վճարել է ԵՄ անդամ Հունգարիային: Նպաստու՞մ են արդյոք նման քայլերը Հարավային Կովկասում կոնֆլիկտների կարգավորմանը, տվյալ դեպքում` Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորմանը: Իհարկե, ոչ: Ընդհակառակը, բորբոքում են թշնամությունը, նաեւ խաթարելով վստահությունը եվրոպական արժեքների նկատմամբ:

Խորապես համոզված եմ՝ աջակցել կոնֆլիկտների կարգավորմանը Արեւելյան գործընկերության համատեքստում, նշանակում է աջակցել հակամարտող երկրներին եւ ժողովուրդներին` իրական ժողովրդավարություն հաստատելու գործում: Տվյալ դեպքում նկատի ունեմ Ղարաբաղյան հակամարտության կողմ հանդիսացող երկրներին՝ Հայաստանի Հանրապետությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, Ադրբեջանի Հանրապետությանը: Ժողովրդավարությունը, Մարդու իրավունքների պաշտպանվածությունը, օրենքի գերակայությունը տվյալ երկրում կարող է էականորեն նպաստել հակառակ կողմի գիտակցության մեջ ձեւավորված ֆոբիաների հաղթահարմանը եւ ընդհակառակը` մարդու իրավունքների եւ օրինականության տեսակետից կասկածելի որոշումները ավելի են խորացնում փոխադարձ ֆոբիաները: Բերեմ եւս մեկ օրինակ. վերջերս Ադրբեջանում ձերբակալվեց «Ты кто такой, давай до свидания» հանրահայտ երգի հեղինակ, «Գոլոս Թալիշա» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը: ԶԼՄ-ների տեղեկություններով, Ադրբեջանի իշխանությունները նրա երգը հակապետական են համարել: Ինչպե՞ս է, ուրեմն, Ադրբեջանը փորձում համոզել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ կարող է երաշխավորել նրա ինքնորոշման իրավունքը, եթե չի կարողանում երաշխավորել սեփական քաղաքացիների ազատ ստեղծագործելու եւ ազատ արտահայտվելու իրավունքը: Ինչպե՞ս կարող է Ղարաբաղի ժողովուրդը մտածել նույնիսկ Ադրբեջանի կազմում ընդգրկվելու մասին, եթե այստեղ խաղաղ պայմաններում քնած հայի սպանությունը համարում են ազգային սխրանք:

Ժողովրդավարության, հանդուրժողականության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության աջակցությունն այն նվազագույնն է, որոնց միջոցով Արեւելյան գործընկերությունը կարող է նպաստել կոնֆլիկտների կարգավորմանը: Ցավոք, դա միշտ չէ, որ ստացվում է:

«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը նախորդ տարվա նոյեմբերին այցելել էր Հայաստան: Խոսելով 2012 թվականի մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների մասին, պարոն Վիգենինն ասել էր (մեջբերում եմ). «Ես վստահ եմ, որ նրանք, ովքեր պարտություն կկրեն, իշխանություններին են մեղադրելու անարդարության համար, բայց կարեւոր է, որպեսզի այդ մեղադրանքները անհիմն լինեն» (մեջբերման ավարտ): Պարոն Վիգենինը, փաստորեն, ընտրություններից վեց ամիս առաջ գիտեր, որ ընտրություններում հաղթելու են գործող իշխանությունները: Շնորհավորում եմ, ի դեպ, նրա կանխատեսումներն «իրականացան»: Բայց նման «մարգարեությունները» խաթարում են քաղաքացիական հասարակության վստահությունը Արեւելյան գործընկերության անկեղծության նկատմամբ:

Ժողովրդավարական, օրինական իշխանությունների գոյությունը հակամարտող երկրներում կարգավորման կարեւորագույն գրավականն է, որովհետեւ միայն ժողովրդավարական իշխանությունը կարող է անկեղծ երկխոսության գնալ սեփական ժողովրդի հետ եւ անկեղծ երկխոսության մեջ մտնել հարեւան ժողովրդի հետ: Իսկ կասկածելի լեգիտիմություն ունեցող իշխանությունը փորձելու է ներքին պրոբլեմները հաղթահարել ազգայնական ռիտորիկայի միջոցով: Իսկ արտաքին քաղաքականության ասպարեզում շռայլելու են անիրատեսական պարտավորություններ՝ «վատ մենթալիտետ» ունեցող ժողովրդի ֆոնին առաջադիմական, քաղաքակիրթ եւ ռեֆորմատոր երեւալու համար: 2008 թվականի Մարտի 1-ին Երեւանի կենտրոնում Հայաստանի տասը քաղաքացի սպանվեց: Նրանք ոստիկանական ուժերի ապօրինի գործողությունների զոհ դարձան, որոնց օգնությամբ Հայաստանի իշխանությունները փորձեցին ճնշել նախագահական ընտրությունների դեմ ուղղված խաղաղ հավաքները:

Այդ սպանությունները մինչեւ օրս բացահայտված չեն, զոհվածների հարազատներին փոխհատուցում վճարված չէ: Եւ այս ֆոնին, թե՛ Հայաստանում, թե՛ մի շարք եվրոպական կառույցներում խոսում են 2008թ. Մարտի 1-ի էջը փակված համարելու մասին: Զարմանալի չէ, որ Հայաստանում մեկնաբանություններ են հնչում, որ եվրոպացի որոշ չինովնիկների համաձայնությունը՝ փակել Մարտի 1-ի էջը առանց սպանությունների բացահայտման, կապված է հայ-թուրքական բանակցությունների եւ Ղարաբաղյան հակամարտության ինչ-որ գաղտնի էջերի հետ: Սա բացասական ֆոն է ստեղծում կոնֆլիկտների կարգավորման համար:

Ի դեպ, տվյալ համատեքստում զարմանալի է Եվրամիության վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների նկատմամբ. չնայած Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունները արդյունքների վստահելիության առումով գերազանցում են թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին, Հայաստանում եւ Ադրբեջանում կայացած ընտրությունները ճանաչվում են ԵՄ-ում, իսկ Ղարաբաղինը` ոչ: Մինչդեռ Ղարաբաղը հակամարտության առանցքային կողմ է: Եթե ԵՄ-ն չի ընդունում, որ Ղարաբաղը պետք է ունենա նախագահ, պետական իշխանության ինստիտուտներ, հարց է ծագում` ո՞վ պետք է իրականացնի հակամարտության կարգավորումը, ո՞վ պետք է ներկայացնի Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ: Ուրիշ որեւէ մեկը չի կարող դա անել, բացի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված նախագահը:

Ի դեպ, խնդրի կարգավորման ընթացիկ ֆորմատը, երբ Հայաստանը, Ադրբեջանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղի հարցի շուրջ բանակցում են առանց Ղարաբաղի ներկայության, խեղաթյուրում է կոնֆլիկտի էությունը: Սա կոնֆլիկտ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, սա կոնֆլիկտ է Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: Հայաստանն ավելի ուշ է ներքաշվել հակամարտության մեջ: Մենք պետք է հասկանանք, որ բացառված չէ իրավիճակը, երբ Ղարաբաղը չհամաձայնի իր բացակայությամբ ընթացած բանակցությունների արդյունքների հետ, եւ ուրեմն, այս պարագայում կոնֆլիկտի կարգավորման փոխարեն մենք կունենանք կոնֆլիկտի բորբոքում՝ անկանխատեսելի հետեւանքներով:

Բայց ամեն դեպքում, ամենակարեւորը Ղարաբաղի հակամարտության համատեքստում լայնածավալ պատերազմի վերսկսման բացառումն է: Ամեն ինչ պետք է անել այդ սցենարը բացառելու համար: Բայց պետք է նաեւ գիտակցել, որ միայն հակամարտող երկրներում առկա ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հարգումը կարող են տարածաշրջանը համակել կայուն խաղաղությամբ եւ էլիտաների փակ բանակցությունները վերածել ժողովուրդների բաց երկխոսության: Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանում Սովետական տոտալիտարիզմի առկայության հետեւանք է, իսկ հակամարտության չլուծվածությունը հետեւանք է Հայաստանում եւ Ադրբեջանում իրական ժողովրդավարության բացակայության, ավելի ճիշտ` այդ երկրներում առկա պսեվդոժողովրդավարության: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.