> ՀՈԴՎԱԾՆԵՐ > Ն.ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԱԺ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ն.ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԱԺ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ստորեւ ներկայացնում ենք ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամ Նիկոլ Փաշինյանի արտահայտած դիրքորոշումը՝ «Արթուր Զադոյանն ընդդեմ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի» հարցի քննարկման ժամանակ, որը տեղի է ունեցել Էթիկայի հանձնաժողովի նիստում՝ 2012թ. օգոստոսի 31-ին: Էթիկայի հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ, որոշեց մերժել քաղաքացի Զադոյանի դիմումը քննությունը՝ ընդդեմ պատգամավոր Կարո Կարապետյանի: Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել այդ որոշմանը հետեւյալ հիմնավորումներով:

ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը քաղաքացի Արթուր Զադոյանի՝ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանին վերաբերվող դիմումի վերաբերյալ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի 2012թ. օգոստոսի 31-ի նիստի քննարկմանն է ներկայացրել Հանձնաժողովի որոշման նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ)՝ քաղաքացի Արթուր Զադոյանի դիմումի քննությունը մերժելու վերաբերյալ.

Նախագծի վերաբերյալ ունեմ հետեւյալ առարկությունները.

ա) Նախագծի 3-րդ էջի 1) կետում գրված է. «Դիմումում նշված չէ Կանոնակարգի 24.2 հոդվածի 1-ին մասի այն կետը, որի հիման վրա քաղաքացի Ա. Զադոյանը ցանկանում է իրացնել հանձնաժողով դիմելու իր իրավունքը»:

Առարկություն - Էթիկայի հանձնաժողովին դիմելու կարգը սահմանված է ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.3 հոդվածի 2-րդ կետով, եւ Կանոնակարգը դիմումատու անձին չի պարտավորեցնում նշել Կանոնակարգի 24.2 հոդվածի 1-ին մասի այն կետը, որի հիման վրա ինքը ցանկանում է իրացնել հանձնաժողով դիմելու իր իրավունքը:

բ) Նախագծի 3-րդ էջի 2) կետում գրված է, թե դիմումը չի պարունակում Կանոնակարգի 24.3 հոդվածի 2-րդ մասի «դ» կետով նախատեսված փաստաթղթեր:

Առարկություն - Կանոնակարգի հիշատակված հոդվածի հիշատակված կետը ասում է, որ Էթիկայի հանձնաժողովին հասցեագրված դիմումը պետք է պարունակի Սահմանադրության, սույն օրենքի պահանջների խախտումը հավաստող, ինչպես նաեւ հարցի պարզաբանման կամ լուծման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր: Քաղաքացի Արթուր Զադոյանը իր դիմումին կցել է «Զորավիգ» թերթի 2012թ. հուլիսի 6-ի համարը, որը եւ հանդիսանում է Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջների խախտումը հավաստող, ինչպես նաեւ հարցի պարզաբանման կամ լուծման համար անհրաժեշտ փաստաթուղթ:

գ) Նախագծի 3-րդ էջի 5-րդ պարբերությունում ասվում է. «2012թ. հուլիսի 12-ի Էթ-Ե-2 գրությամբ քաղաքացի Ա.Զադոյանը տեղեկացվել է (ըստ ծանուցագրի դիմողը գրությունը ստացել է 2012թ. հուլիսի 14-ին) իր դիմում առկա անհապատասխանությունների մասին, սակայն սահմանված ժամկետում չի օգտվել Կանոնակարգի 24.3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ դիմումը շտկելու, ինչպես նաև դիմումին կից փաստաթղթեր ներկայացնելու (համալրելու) իր իրավունքից:

Առարկություն - «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.3-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է «դիմումում ձեւական սխալների առկայության», ինչպես նաեւ դիմումին կցված փաստաթղթերի ցանկի ոչ ամբողջական լինելու դեպքեր:

- ըստ ԱԺ կանոնակարգի, երբ դիմումում առկա են ձեւական սխալներ Հանձնաժողովը ինքը կարող է շտկել դրանք, կամ դրանք մատնացույց անել դիմողին՝ նրան հնարավորություն ընձեռելով շտկելու դրանք: Ձեւական սխալները շտկելու համար որեւէ ժամկետ սահմանված չէ: Կանոնակարգը նախատեսում է նույնիսկ, որ Հանձնաժողովի քարտուղարը դիմումում արած իր շտկումների մասին կարող է հետագայում տեղյակ պահել դիմողին:

- Կանոնակարգը ժամկետ սահմանում է դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկի ոչ ամբողջական լինելը վերացնելու համար: Տվյալ դեպքում՝ Արթուր Զադոյանի դիմումին կցված փաստաթղթերի ցանկի ոչ ամբողջականության դեպք չկա, որովհետեւ դիմումին կցված է «Զորավիգ» թերթի նշված համարը, որը եւ առկա է գործում եւ գտնվում է Էթիկայի հանձնաժողովի տրամադրության տակ:

Ամեն դեպքում՝ դիմումում առկա ձեւական սխալները, կամ նույնիսկ կցված փաստաթղթերի ցանկի ոչ ամբողջականությունը ԱԺ կանոնակարգ օրենքով, խոչընդոտ չէ դիմումի քննությունը սկսելու համար:

դ) Նախագծի 2-րդ կետի 2-րդ պարբերությունում ասված է. «Կանոնակարգի 24.3-րդ հոդվածի 8-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հանձնաժողովը պարտավոր է կասեցնել հարցի քննությունը, եթե անհնարին է տվյալ հարցի վերաբերյալ Հանձնաժողովի որոշման կամ եզրակացության ընդունումը մինչև քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը, իսկ նույն մասի «բ» կետի համաձայն՝ Հանձնաժողովը պարտավոր է կասեցնել հարցի քննությունը, եթե Հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս հանցագործության հատկանիշներ»:

Առարկություն - Հարցի կասեցումը հնարավոր է հարցի քննությունը սկսելուց հետո: Հնարավոր չէ կասեցնել չսկսված քննությունը: Այսինքն, հարցի քննության կասեցման հիմքերի առկայությունը կարելի քննարկել միայն հարցի քննությունը սկսելուց հետո: Տվյալ դիմումի շրջանակներում հանձնաժողովը որեւէ ուսումնասիրություն չի իրականացրել, որովհետեւ ուսումնասիրություն հնարավոր է իրականացնել հարցի քննությունը սկսելուց հետո:

ե) Նախագծի 3-րդ կետում գրված է. «ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության համաձայն՝ հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:

Հանձնաժողովը գտնում է, որ Կանոնակարգի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պատգամավորի էթիկայի կանոնների խախտման համար, ըստ էության, նախատեսված է ինչպես անուղղակի պատասխանատվություն, այնպես էլ խախտումը կատարած պատգամավորի իրավական վիճակի վատթարացում, քանի որ Կանոնակարգի 24.2-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի ուժով՝ Հանձնաժողովում հարցի քննության իրականացումը, Ազգային ժողովի նիստում պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ որոշման հրապարակումը և Ազգային ժողովի ինտերնետային կայքում տեղադրումը կարող է էապես նպաստել ընտրողների մոտ պատգամավորի հեղինակության և վարկանիշի անկմանը, որն էլ իր հերթին կարող է ազդեցություն գործել նրա հետագա վերընտրության վրա: Հանձնաժողովը նաև արձանագրում է, որ Կանոնակարգի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա.3» կետով սահմանված է պատգամավորի պարտականություն՝ պահպանել պատգամավորի էթիկայի կանոնները:

Կանոնակարգի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա.3» կետը, 6.1-րդ հոդվածը, ինչպես նաև դրանց կիրարկումն ապահովող հոդվածներն ընդունվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-111-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը, այսինքն՝ 2012 թվականի մայիսի 31-ին: Մինչդեռ, Հանձնաժողով դիմելու համար հիմք հանդիսացած դեպքը տեղի է ունեցել 2009թ. հոկտեմբերի 5-ին, այսինքն՝ մինչև Կանոնակարգի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա.3» կետի, 6.1-րդ հոդվածի և դրանց խախտման համար պատասխանատվություն նախատեսող կամ պատգամավորների իրավական վիճակը վատթարացնող համապատասխան հոդվածներն ուժի մեջ մտնելը, ուստի Հանձնաժողովը գտնում է, որ դիմումում ներկայացված դեպքի վերաբերյալ հարցերը չեն կարող հանդիսանալ Հանձնաժողովի քննության առարկա, իսկ քննարկվող դիմումը Սահմանադրության  22-րդ հոդվածի 6-րդ մասի, 42-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով և Կանոնակարգի 24.3-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետով նախատեսված հիմքով (դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն էթիկայի հանձնաժողովին) ենթակա է մերժման»:

Առարկություն - Քաղաքացի Արթուր Զադոյանի դիմումի հիմքը ոչ թե 2009թ. հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած դեպքն է, այլ ինչպես Զադոյանը նշել է իր դիմումում՝ «Զորավիգ» թերթի 2012թ. հուլիսի 6-ի հրապարակումը, որը փաստացի լույս է տեսել ԱԺ կանոնակարգ օրենքում տեղի ունեցած փոփոխություններից հետո: Թերթի նշված համարում հիշատակվում է G կարգի  գողացված «Մերսեդես», որ Կարո Կարապետյանինն է: Առկա են տեղեկություններ, որոնց համադրությամբ ստացվում է, որ Կարո Կարապետյանը օգտագործելով Աժ պատգամավորի իր կարգավիճակը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը: «Զորավիգ» թերթը այս տեղեկությունները համադրել է 2009, 2010, 2011թթ մամուլից, եւ 2012թ. հուլիսի 6-ի հրապարակմամբ հավաստել է, որ այդ տեղեկությունները շարունակում են հրատապ մնալ, այսինքն՝ հնարավոր է պատգամավորը այդ գործողություններն իրականացնում է մինչեւ օրս: Բացի դա մեջբերում է արված «Ժողովուրդ» օրաթերթի 2012թ. ապրիլի 19-ի թողարկումից, որտեղ ասվում է, որ պատգամավոր Կարապետյանը խառն է գողացված ավտոմեքենաների հետ կապված ինչ-որ պատմության:

Մինչդեռ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 6 եւ 6.1 հոդվածները սահմանում են, որ պատգամավորը պարտավոր է հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին:

Գտնում եմ նաեւ, որ օրենքի տվյալ դրույթի հետադարձ ուժ չունենալու մասին պնդումը հիմնավոր չէ՝ հետեւյալ պատճառներով.

- «ԱԺ կանոնակարգ օրենքում» 2012թ. մարտի 19-ին ՀՕ-111-Ն օրենքով կատարված փոփոխությունները ոչ թե սահմանել են պատասխանատվություն կամ խստացրել պատասխանատվությունը, այլ նախատեսել են նախկինում առկա պատասխանատվության եւս մեկ եղանակ: Օրենքին չենթարկվելու համար մինչեւ 2012թ. Մարտի 19-ը նույնպես սահմանված է եղել պատասխանատվություն, այդ թվում ԱԺ պատգամավորների համար:

Տվյալ դեպքում, էթիկայի հանձնաժողովում հարցի քննությունը եւ Էթիկայի կանոնները խախտելու մասին հնարավոր որոշումը չի կարող համարվել պատասխանատվության խստացում, որովհետեւ այն որեւէ կերպ ավելի խիստ չէ, քան նախկինում որեւէ օրենք խախտելու համար նախատեսված պատասխանատվությունը: Էթիկայի հանձնաժողովը իրավասու չէ ենթարկել ոչ վարչական, ոչ քրեական պատասխանատվության:

- «ԱԺ կանոնակարգ օրենքում» 2012թ. մարտի 19-ին ՀՕ-111-Ն օրենքով կատարված փոփոխությունները չեն վատթարացնում անձի իրավական վիճակը, որովհետեւ Էթիկայի հանձնաժողովի որոշումը ինքնին որեւէ իրավական հետեւանք չունի՝ հատկապես ԱԺ կանոնակարգի 6.1 հոդվածի 2. կետի ա) ենթակետի պարագայում:

Եթե որեւէ մեկը պիտի պնդի, որ ԱԺ կանոնակարգի 6.1 հոդվածով տվյալ խնդրի համատեքստում պատասխանատվություն կամ պարտավորություն է սահմանվել, պիտի պնդի նաեւ, որ մինչ այդ հոդվածի ուժի մեջ մտնելը, այսինքն՝ 2012թ. մայիսի 31-ը, ԱԺ պատգամավորները օրենքին ենթարկվելու պարտավորություն չեն ունեցել եւ ազատ են եղել օրենքի խախտման համար առաջացող պատասխանատվությունից:

- ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պատգամավորի կարգավիճակը եւ գործունեության երաշխիքները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքով: Ըստ այդմ Սահմանադրության որեւէ հոդվածով կամ որեւէ օրենքով սահմանված չէ, որ պատգամավորը ֆիզիկական կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունի: Ուստի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության դրույթները տվյալ դեպքում կիրառելի չեն Աժ պատգամավորի համար, քանի որ ԱԺ Էթիկայի հանձնաժողովը հսկողություն կամ վերահսկողություն չի սահմանում որեւէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի նկատմամբ, որեւէ գործողություն իրավաբանական կամ ֆիզիկական անձի նկատմամբ չի կիրառում: Նրա որոշումների օբյեկտը բացառապես ԱԺ պատգամավորն է, որը ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով չունի ֆիզիկական կամ իրավաբանական անձի կարգավիճակ:

Տվյալ խնդրի համատեքստում ԱԺ Էթիկայի հանձնաժողովի՝ օրենքի ետադարձ կիրառման մասին խոսք կարող էր լինել, եթե հանձնաժողովը փորձեր որոշում կայացնել Աժ նախորդ գումարումներից որեւէ մեկի պատգամավորի վերաբերյալ, որը ընթացիկ գումարման պատգամավոր չէ, կամ ընթացիկ գումարման ԱԺ պատգամավորի՝ մինչեւ պատգամավոր դառնալը կատարած որեւէ գործողության կապակցությամբ:

է) նախագծի 4 կետում որպես դիմումի քննությունը սկսելու մերժման հիմք նշվում է, թե դիմումում ներկայացված հարցերի կապակցությամբ հարուցված է քրեական գործ:

Առարկություն - Հարուցված քրեական գործի առկայությունը խոչընդոտ չէ հարցի քննությունը սկսելու համար: «ԱԺ կանոնակարգ» օրենքը նման արգելք չի նախատեսել: Եւ հետո, Էթիկայի հանձնաժողովի տրամադրության տակ առկա չէ որեւէ փաստաթուղթ, որը կվկայի թե Կարո Կարապետյանի կողմից օրինախախտում թույլ տալու որեւէ փաստի առիթով հարուցված է քրեական գործ:

ը) նախագծի եզրափակիչ մասում, որպես քաղաքացի Արթուր Զադոյանի դիմումի քննությունը մերժելու հիմք նշված է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.3 հոդվածի 5-րդ մասի  ա) կետը, որտեղ ասվում է, որ էթիկայի հանձնաժողովը մերժում է դիմումի քննությունը, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Էթիկայի հանձնաժողովին:

Ելնելով վերը շարադրված հիմնավորումներից, կարծում եմ որ տվյալ դեպքում «ԱԺ կանոնակարգ» օրենքի 5-րդ մասի հիմքերը բացակայում են, ուստի քաղաքացի Արթուր Զադոյանի դիմումը ենթակա է Էթիկայի հանձնաժողովին եւ ԱԺ Էթիկայի հանձնաժողովը պետք սկսի դիմումում բարձրացված հարցի քննությունը:

Հ/Կ-Ն ԸՆԴԴԵՄ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԵՎ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Նույն նիստում Էթիկայի հանձնաժողովը քննարկեց նաեւ «Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության դիմումի քննություն սկսել-չսկսելու հարցը: Դիմումը վերաբերվում էր պատգամավորներ Էդուարդ Շարմազանովին եւ Արծվիկ Մինասյանին: Էթիկայի հանձնաժողովը որոշեց մերժել այս դիմումի քննությունը նույնպես: Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել նաեւ այս որոշմանը, հետեւյալ հիմնավորումներով:

ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ԱԺ Էթիկայի հանձնաժողովի օգոստոսի 31-ի նիստում ներկայացրել է նախագիծ «Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության դիմումի քննությունը մերժելու վերաբերյալ: Այդ որոշման նախագծի հիմնավումների կապակցությամբ ունեմ հետեւյալ առարկությունները:

Դավիթ Հարությունյանի նախագծում նշվում է, թե պատգամավորներ Շարմազանովի ու Մինասյանի՝ դիմումում ներկայացված արտահայտությունները տեղ են գտել «panorama.am» կայքի մայիսի 15-ի (պատգամավոր Ա.Մինասյանի դեպքում) և «iravunq.wordpress.com» կայքի մայիսի 17-ի (պատգամավոր Է.Շարմազանովի դեպքում) հրապարակումներում: Այդպիսով, Հանձնաժողովն արձանագրում է, որ պատգամավորներ Ա.Մինասյանի և Է.Շարմազանովի այն արտահայտությունները, որոնք Դիմողի կարծիքով հանդիսանում են Կանոնակարգի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված էթիկայի կանոնների խախտում, արվել են մինչև Կանոնակարգի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա.3» կետի, 6.1-րդ հոդվածի և դրանց խախտման համար պատասխանատվություն նախատեսող կամ պատգամավորների իրավական վիճակը վատթարացնող համապատասխան հոդվածներն ուժի մեջ մտնելը, ու քանի որ ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի, դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն էթիկայի հանձնաժողովին:

Առարկություն - Կարծում եմ այս մոտեցումը ճիշտ չէ, որովհետեւ դիմումատուն վիճարկում է ոչ թե մայիսի 15-ին եւ 17-ին պատգամավորների լրագրողներին հարցազրույց տալու փաստը, որը տեղի է ունեցել կոնկրետ օրը, ժամի, այլ այդ հարցազրույցի արդյունքում առաջացած բովանդակությունը, որն այսօր էլ գոյություն ունի համացանցում եւ գտնվում է ամենօրյա շրջանառության մեջ:   (http://iravunq.wordpress.com/2012/05/17/aa44/), http://panorama.am/am/society/2012/05/15/minasyan-about-comak/: Այն ամեն օր ընթերցվում է, այսօր էլ պատգամավորները հանդիսանում են տվյալ հայտարարության հեղինակ, եւ այսօր էլ արտահայտված դիրքորոշումը գոյություն ունի եւ ենթադրաբար որեւէ փոփոխություն չի կրել:

Դիմումատուն չի վիճարկում լրագրողի հետ զրուցելու, նրա հարցերին պատասխանելու պատգամավորների արարքը, որը տեղի է ունեցել կոնկրետ օրը, եւ ժամի եւ կոնկրետ տեղում: Դիմումատուն վիճարկում է պատգամավորների հայտարարությունների բովանդակությունը, որ այսօր էլ գոյություն ունի որպես պատգամավորի դիրքորոշում, եւ վերաբերվում է այսօր ընթացող նախաքննությանը: Վերը նշված կայքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս նաեւ, որ դրանք չունեն թողարկման համարներ, այսինքն, տարբեր ժամանակներում թողարկված տեղեկատվությունը կազմում են մեկ ամբողջություն եւ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով թողարկման համարներով հստակ տարանջատված չեն միմյանցից: Այսինքն, տվյալ դեպքում գործ ունենք մեկ թողարկման հետ, որը պարբերաբար թարմացվում է:

Գտնում եմ, որ Աժ Էթիկայի հանձնաժողովը պետք դիմումի քննությունը սկսելու որոշումներ կայացնի:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամ

Հ.Գ. Ն. Փաշինյանի գրավոր Հատուկ կարծիքը կցվել է վերը նշված գործերի վարույթին:

Էթիկայի հանձնաժողովի որոշումներըկարող եք ընթերցել Ազգային ժողովի կայքի, Էթիկայի հանձնաժողովի էջում, հետեւյալ հասցեներով.

http://www.parliament.am/committee_docs_5/Etika/Voroshum_31.08.2012_Artur_Zadoyani_Dimumi_Merjum.pdf

http://www.parliament.am/committee_docs_5/Etika/Voroshum_31.08.2012_Hanrayin_Texekatvutyun_&Giteliqi_Kariq_Dimumi_Merjum.pdf


  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.