> ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱԺ-ՈՒՄ ԽՈՍԵՑ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱԺ-ՈՒՄ ԽՈՍԵՑ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ

Ստորեւ բերվող ելույթը հնչել է մայիսի 22-ին, Ազգային ժողովի լիագումար նիստում, «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ:

Տիկնայք եւ պարոնայք.

Ի՞նչ պարզեցինք մենք Սեւանից հավելյալ 150 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու կառավարության առաջարկի քննարկման ժամանակ:

Նույն կառավարությունն ընդամենը երկու, երեք ամիս առաջ ահազանգում էր հեղեղումների վտանգի մասին, եւ նույնիսկ կառավարության որոշումներով մի քանի համայնքների բյուջետային միջոցներ են տրամադրվել հեղեղումներից պաշտպանվելու գործը իրականացնելու համար: Խոշոր հեղեղումներ, սակայն, որպես այդպիսին տեղի չունեցան, համենայնդեպս հանրությունը այդօրինակ խոշոր բնական աղետների մասին տեղեկատվություն չի լսել: Եղել են մի քանի ոչ էական հաղորդագրություններ, գետերի հունի բարձրացման մասին, որը գարնանային սեզոնին հատուկ երեւույթ է: Սա էական է, որովհետեւ, եթե Աստված չանի, Հայաստանում մասշտաբային հեղեղումներ եւ ջրհեղեղներ լինեին, կարելի էր մտածել, որ հալոցքային ջրերը կարճ ժամանակում հալվել գնացել են, ու կառավարությունը չի կարողացել արդյունավետ կառավարել ջրային ռեսուրսները:

Երկրորդ փաստը, որ այսօր պարզվեց: ՀՀ օրենսդրության տրամաբանությամբ մինչեւ Սեւանի ջրերին հասնելը կառավարությունը պարտավոր էր նախ Ջրային օրենսգրքի 92 հոդվածի պահանջներին համապատասխան կայացնել որոշում սակավաջրության եւ երաշտի մասին’ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի կամ դրա մի մասի համար, սահմանելով ջրերի օգտագործման խնայողական ռեժիմ, ահազանգելով հանրությանը ջրային ռեսուրսների հնարավոր դեֆիցիտի մասին, որպեսզի ջրերը արդյունավետ օգտագործվեին: Կառավարությունը չի արել նաեւ սա, ինչը նշանակում է, որ օրենքի տրամաբանությամբ’ երկու ամիս առաջ, մեկ ամիս առաջ, նույնիսկ 15 օր առաջ Հայաստանի Հանրապետությունում սակավաջրության խնդիր, վտանգ չի եղել: Եթե եղել է, ու կառավարությունը օրենքով սահմանված միջոցառումները չի ձեռնարկել, ուրեմն գործ ունենք սովորական անփութության հետ, որը որոշակի հանգամանքների համադրմամբ, գուցե հնարավոր լինի անվանել նույնիսկ հանցավոր անփութություն:  Եթե չի եղել, ու 15 օրում կառավարությունը նման առաջարկ է բերել, ուրեմն մեղադրանքները կարող են շատ ավելի լուրջ լինել:

Հաջորդ փաստը, որ պարզվեց, հետեւյալն է. կառավարությունը, որ պատրաստվում է Սեւանից վերցվելիք ջուրը վաճառել հայաստանցի գյուղացիների վրա, որոնցից շատերն ի դեպ ճռռում են ոռոգման ջրի համար կուտակված պարտքերի տակ, պատրաստվում է ահա 150 միլիոն խորանարդ մետր ջուրը նվիրաբերել Սեւան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայաններին եւ այդ նվերի արդյունքում հիդրոկայանները միլիոնավոր դոլարների շահույթ կապահովեն: Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը խոսքի մեջ ասաց, թե Սեւանի ջուրը մեր ազգային հարստությունն է: Այդ ինչպե՞ս եք ուրեմն, ազգային հարստությունը նվիրաբերում էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունններին եւ վաճառում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

Տիկնայք եւ պարոնայք.

Սեւանից հավելյալ 150 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին առաջարկը կառուպցիոն լուրջ ռիսկեր է պարունակում, եւ մեծ հաշվով հակաօրինական է հենց այսօր գործող օրենքի տրամաբանությամբ: Հայաստանի Հանրապետության օրենքը Սեւանից ջրի բացթողումը թույլատրելի է համարում միայն ու միայն մի նախապայմանով, եթե արդյունքում ապահովելու է դրական ջրային հաշվեկշիռը, այսինքն’ եթե որեւէ տարվա ընթացքում բաց է թողնվելու ավելի քիչ ջուր, քան տվյալ տարվա ընթացքում լցվելու է Սեւանի մեջ: Անդրանիկ Անդրեասյանը խոստովանեց, որ կառավարության առաջարկի ընդունման պարագայում 2012 թվականին Սեւանի ջրային հաշվեկշիռը կլինի բացասական, ինչը «Սեւանի մասին օրենքի» 11-րդ հոդվածի բ) կետի համաձայն, պետք է բացառվի: Ոչ թե հնարավորության դեպքում պահպանվի, այլ բացառվի եւ սա «Սեւանի մասին օրենքի» իմպերատիվ պահանջն է: Կառավարությունն ուզում է փոխել այս իմպերատիվ պահանջը, ըստ էության դուռ բացելով Սեւանի ռեսուրսների անսահման օգտագործման համար: Սա նշանակում է Սեւանա լճի էկոհամակարգի կառավարման պետական քաղաքականության շրջադարձային, 180 աստիճանի փոփոխություն:

Տիկնայք եւ պարոնայք.

Այնուամենայնիվ ուզում եմ ընդգծել եւս մեկ բան: Ուշադիր ընթերցել եմ կառավարության հիմնավորումները, եւ չեմ ուզում անտեսել նաեւ դրանք: Այդ հիմնավորւմներում ասվում է, որ եթե Սեւանից 150 միլիոն խորանարդ մետր հավելյալ ջուր բաց չթողնենք, Արարատյան դաշտում կունենանք լրջագույն պրոբլեմներ բերքատվության ոլորտում: Մենք իհարկե, չենք կարող անտարբեր մնալ նման ահզանգի նկատմամբ, չնայած այն բանին, որ Անդրանիկ Անդրեասյանի պատասխանները պատգամավորների հարցերին, լրջագույն կասկած հարուցեցին դրանց հիմնավոր լինելու վերաբերյալ: Հասկանալի է, իհարկե, Հանրապետական մեծամասնության աջակցությունն ունեցող կառավարությունը առանց ընդդիմության աջակցության էլ կարող է անցկացնել այս որոշումը: Բայց եթե ուզում է, որ հարցը լուծվի, ինչպես ինքն է սիրում ասել, համերաշխության, հանդուրժողականության, վստահելիության մթնոլորտում, ես անում եմ այլընտրանքային առաջարկ:  Առաջարկում եմ, որ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովները ստեղծեն աշխատանքային խումբ, որտեղ կընդգրկվեն քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները, մի քանի օրվա ընթացքում կլինեն Սեւանում, Սեւանի կասկադում, Ապարանի, Ազատի, Ախուրյանի ջրամբարում, Արարատյան դաշտավայրում եւ եզրակացություն կներկայացնեն Ազգային ժողովին, նաեւ Սեւանի ափամերձ դղյակներին սպառնացող վտանգների եւ տվյալ խնդրի հետ կառավարության առաջարկի հնարավոր առնչության մասին: Չեմ բացառում, որ աշխատանքային խմբի գործունեության արդյունքում որոշվի այնուամենայնիվ ջուր բաց թողնել Սեւանից’ գյուղատնտեսական աղետը կանխելու համար, բայց գուցե թե նաեւ դիմենք պատկան մարմիններին համապատասխան պաշտոնյաների գործունեությունը կամ անգործությունը քննարկելու հարցով: Կամ գուցե թե որոշվի, որ չի կարելի Հայաստանի ազգային հարստություն հանդիսացող Սեւանի ջուրը անվճար նվիրաբերել Սեւանի կասկադի հիդրոկայաններին եւ դրա համար անհրաժեշտ է սահմանել սակագին: Ի դեպ, եթե նույնիսկ կառավարության գործունեության արդյունքում Սեւանի մակարդակը մի քանի մետրով բարձրացել է, դա դեռ չի նշանակում, որ գործադիրը կարող մի քանի մետր ջուրը նվիրաբերել ում ուզենա: Կառավարությունը կաշկանդված է օրենքով եւ հասարակական կարծիքով, եւ ժողովրդի աջակցությունն ունեցող կառավարությունը, ինչպիսին իրեն անվանում է Տիգրան Սարգսյանի կառավարությունը, չի կարող շրջանցել այս իրողությունը, չփարատել հիմնավոր եւ ավելի հիմնավոր դարձող կասկածները:

Ի դեպ, չնայած այսօր առավոտյան հապճեպորեն այս հարցի քննակման վերաբերյալ սահմանվեց հատուկ ընթացակարգ, ԱԺ կանոնակարգը, քաղաքական կամքի առկայության դեպքում, հնարավորություն տալիս է հարցը լուծել վերը նշված առաջարկի տրամաբանությամբ:

Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Նաիրա Մկրռչյան
    Հունիս 26th, 2012 at 19:42 | #1

    Հարգելի Նիկոլ ստորագրում եմ յուրաքանչյուչ բառի տակ: Եվ ավելացնում, որ Սևանից լրացուցիչ 150մլն.խորմ ջրի բացթողումը ոչ միայն լրացուցիչ շոշափելի եկամուտ կբերի “Սևան-Հրազդանյան կասկադ” ՓԲԸ-ին, այլ նաև “Հայաստանի էլ. ցանցեր” ՓԲԸ-ին, որը հետագա վաճառքի համար կգնի անհամեմատ էժան էլեկտրաէներգիա(այդ 2 կառույցները հանդիսանում են ՌԱՈԵՍ-ի սեփականությունը, ստացվում է, որ վերոնշյալ սեփականատիրոջը` մեր բնական պաշարների հաշվին, կրկնակի արտադրանքի և դրան համապատասխան քանակի էլ էներգիայի առաքման հնարավորություն է տրվում, և որ ամենակարևորն է, այդ քանակի էլ էներգիան, որը նույն սեփականատերը պիտի գներ ջերմակայաններից կամ ՀԱԷԿ-ից` շատ ավելի մեծ սակագնով, “կգնի” ՍՀԿ-ից): Սա սառցաբեկորի միայն տեսանելի մասն է: Այստեղ խնդիրներն շատ ավելի խորն են ու ցավոտ, որոնք ՏԻՐՈՋ կարիք ունեն:

  1. No trackbacks yet.