> ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԺ-ՈՒՄ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԺ-ՈՒՄ

Տիկնայք եւ պարոնայք.

Խորհրդարան ներկայացված ծրագրում ցավոք ոչինչ չտեսա մի քանի լայնամասշտաբ նախագծերի մասին, որ դեռեւ 2008 թվականին առանցքային տեղ ունեին Տիգրան Սարգսյանի կառավարության համար: Ոչինչ ասված չէ Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու վերաբերյալ: Ու չնայած 2008 թվականի ծրագրում հիշատակված էր, եւ այդ գաղափարը լայնորեն քարոզվում էր ու շրջանառվում, կառավարության ղեկավարն իր ելույթում ընդամենը մի քանի բառ ասաց այդ մասին, որ ավելի շատ նման էր հարցը մոռացության տալու:

Ի դեպ, վերջերս եղել եմ Դիլիջանում, եւ Սեւանի կողմից քաղաք մտնող Կամոյի փողոցը այնպիսի քարուքանդ վիճակում է, որ նման բան չի եղել պատերազմի տարիներից ի վեր: Երբ տեղացիներից հետաքրքրվեցի’ մի՞թե խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Հանրապետական կուսակցության ղեկավարությունն այս ճանապարհով է անցել, ինձ պատասխանեցին, որ հնարամիտ տեղական իշխանությունները ՀՀԿ ղեկավարության այցի օրը փոսերի մեջ ավազ են տրամբովկա արել, որ դիմացել է մինչեւ առաջիկա անձրեւը:

Մինչդեռ 2008 թվականին ընդունված ծրագրում կառավարությունը խոստանում էր, որ (մեջբերում եմ) «մինչեւ 2012 թվականը բոլոր բնակավայրերը կունենան միջպետական նշանակության ճանապարհներին կապող առնվազն մեկ բարեկարգ ճանապարհ» (մեջբերման ավարտը):

Դիլիջանի փողոցը, որի մասին ասում եմ, ոչ թե համայնքային այլ միջպետական նշանակության ճանապարհի մաս է: Ու եթե ոչ բարեկարգ միջհամայնքային ճանապարհների գոյությունը ծայրահեղ դեպքում կարելի է բացատրել գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամով, միջպետական նշանակության ճանապարհի նման վիճակը անհասկանալի է, եւ իմ կարծիքով առաջին հերթին հարվածում է զբոսաշրջության զարգացման անհրաժեշտություն ունեցող երկրի իմիջին, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Նոյեմբերյան-Ալավերդի ճանապարհի ողբերգական սողանքից հետո դեպի Վրաստան երթեւեկության հիմնական մասն իրականացվում է հենց Դիլիջանով: Պատկերացրեք Վրաստանից Հայաստան վերադարձող մարդկանց զգացողություններն այս ճանապարհով անցնելիս. Վրաստանում ճգնաժամ չկա՞:

Կառավարության ծրագրում ոչինչ ասված չէ նաեւ Գյումրին տեխնոլոգիաների զարգացման բիզնես-կենտրոն դարձնելու հարցով, չնայած այս մասին էլ հատուկ նշում կար կառավարության 2008 թվականի ծրագրում: Բանավոր խոսքում սրա մասին էլ վարչապետը մի քանի բառ ասաց:

Էլ չեմ ասում Իրան-Հայաստան նավթամուղի, նավթավերամշակման գործարանի մասին, որ չնայած ներառված չէին 2008 թվականի ծրագրում, բայց հընթացս կառավարությունը որդեգրեց նաեւ այդ նախագծերը: Կարծում եմ շատերը հույս ունեին կառավարության ընթացիկ ծրագրից տեղեկանալ այս նախագծերի իրականացման ընթացքի եւ դրանց հեռանկարների մասին, որովհետեւ այդպիսով կգնահատեինք, թե արդյո՞ք ի սկզբանե դրանք ականջ շոյելու համար էին բարձրաձայնվում, թե՞ չիրագործման, ձախողման կամ տեղապտույտի համար գոյություն ունեն օբյեկտիվ պատճառներ:

Քավ լիցի, այս մասին չեմ խոսում, ինչպես պաշտոնական բառապաշարի մեջ ընդունված է ասել, կառավարությանը սեւացնելու, կամ ընդդիմադիր լինելու պարտավորությունից դրդված: Պարզապես համոզված եմ, որ արդյունավետ կառավարել իրավիճակը, նշանակում է նախ ճիշտ եւ օբյեկտիվ գնահատել այն: Որոշելու համար, կողմ քվեարկել կառավարության ծրագրին, թե ոչ, իմ համոզմամբ, նախ պետք է հասկանալ, թե ինչպիսին են վերջին չորս տարիների նրա գործունեության արդյունքները, եւ որքանով է ինքը կառավարությունը ճիշտ գնահատում իրավիճակը: Կառավարության ծրագրում, կներեք, ոչ նախորդ չորս տարվա գործունեության վերլուծություն տեսա, ոչ էլ այսօրվա իրավիճակի գնահատական: Ընդհակառակը, նկատելի է, որ վարչապետը եւ նրա թիմը շարունակում են առաջնորդվել’ որքան քիչ խոսենք առկա խնդիրների մասին, այնքան լավ, սկզբունքով: Իմ համոզմամբ, սա արդյունավետ մոտեցում չէ, իսկ որ կառավարությունն առաջնորդվում է նման մոտեցմամբ, կարելի է կռահել մի քանի փաստերից:

Մասնավորապես’ 2008-2012 թվականների գործունեության ծրագրում, «Կառավարության գործունեությունից ակնկալվող հիմնական արդյունքները» գլխում աղյուսակ կա’ «Աղքատության կրճատման նպատակային ցուցանիշները» վերնագրով: Այդ աղյուսակից տեղեկանում ենք, որ 2012 թվականին Տիգրան Սարգսյանի կառավարութան գործունեության արդյունքում, Հայաստանում աղքատության մակարդակը պետք է լիներ 11.2 տոկոս, 2008-ի 26.5-ի փոխարեն: Նախորդ եւ ընթացիկ տարվա աղքատության ցուցանիշները ամփոփված չեն դեռեւս:

Բայց 2010 թվականին աղքատության ցուցանիշը Հայաստանում, պաշտոնական տվյալներով 35.8 տոկոս է, մինչդեռ կառավարությունը պլանավորում էր 13.6 տոկոս: Կառավարության ծրագրում չի ասվում’ որքան է աղքատության այսօրվա մակարդակը: Նշվում է միայն, որ ծրագրվում է 8-ից 10-ը տոկոսային կետով կրճատել այն: Ու եթե անտեղյակ մեկը համադրի կառավարության նախորդ եւ ներկա ծրագրերը, կմտածի, թե Տիգրան Սարգսյանի կառավարությունը 2008-12թթ. աղքատությունը նվազեցրել հասցրել է 11 տոկոսի, հիմա էլ որոշել է վերջնականապես արմատախիլ անել Հայաստանից:

Ծրագրում աղքատության  կրճատման ծրագրի ձախողման մասին ոչ մի վերլուծություն չկա:Կեսբերան հղում անել գլոբալ ճգնաժամին բավարար չէ, դեռ պետք է համոզել, ապացուցել, որ գործադիրը ճիշտ է կառավարել ճգնաժամը, եւ իրապես կանխել նրա վատթարագույն ընթացքը: Նման ոչ մի փաստարկ, հիմնավորում կառավարության ծրագրում ես չտեսա, միայն դեկլարատիվ հայտարարություն’ ոչնչով չհիմնավորված:

Պաշտոնական գրեթե բոլոր թվերը ահազագն են հնչեցնում, որ նախորդ տարիներին երկիրը ճիշտ չի կառավարվել: Ներկայացնեմ միայն մի ցուցանիշ. 2009 թվականին Հայաստանից արտահանվել է 621.3 տոննա լոլիկ’ պոմիդոր: Ներմուծվել է 138, 6  տոննա: Արդեն իսկ բավականին տխուր ցուցանիշ է Արարատյան դաշտավայր ունեցող երկրի համար: Բայց տեսեք ինչ է տեղի ունեցել 2011-ին’ արտահանումը նվազել հասել է 112,9 տոննա, իսկ ներմուծումը աճել հասել է 244.6 տոննայի: Արտահանումը նվազել է մոտ 81 տոկոսով, ներմուծումը ավելացել է 53.8 տոկոսով: Այս թվերի ետեւում Արարատյան դաշտի բերրի, բայց անմշակ մնացած հողեր են, վարկերի տակ ճռռացող հողագործներ, իսկ կառավարությունն իր ծրագրում խոստանում է «հարմարավետ գյուղի» հայեցակարգ իրագործել, այդպես էլ չբացատրելով, որ եթե ճգնաժամ է, ինչպես է պատահել, որ մեր երկրից լոլիկի արտահանումը 80 տոկոսով կրճատվել է, իսկ մի ինչ-որ երկրից դեպի մեր երկիր լոլիկի ներմուծումը 53.8 տոկոսով ավելացել: Էդ երկրում, որտեղից ներմուծում ենք, ճգնաժամ չկա՞: Եթե չկա, ուրեմն ճգնաժամն էնքան էլ գլոբալ չէ, որքան կառավարությունը փորձում է ներկայացնել:

Եւ ի վերջո, եթե ճգնաժամ է, ինչու են երկրաչափական պրոգրեսիայով աճում կառավարության ղեկավարի անձնական միջոցները. պարոն Տիգրան Սարգսյանը, ըստ իր իսկ ներկայացրած հայտարարագրերի, 2008 թվականին անձնական հաշիվներում ունեցել է 17 միլիոն 247 հազար դրամ եւ 22 հազար դոլար, իսկ արդեն 2012 թվականին 35 միլիոն դրամ եւ 870 հազար դոլար: Էս ինչ ձեւի ճգնաժամ է, որ աղքատությունը աճում է ավելի քան տասը տոկոսով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազում է 14 տոկոսով, բյուջեի եկամուտները նվազում են 7.8 տոկոսով, լոլիկի արտահանումը կրճատվում է 80 տոկոսով, նվազագույն աշխատավարձը դոլարային արտահայտությամբ նվազում է 3.8 տոկոսով, իսկ այդ նույն ժամանակահատվածում պաշտոնավարած վարչապետի անձնական եկամուտները աճում են, (խնդրում եմ ուշադիր եղեք)’ դրամային եկամուտները 102.9 տոկոսով, կամ ավելի քան կրկնակի, դոլարային եկամուտները’ 3 հազար 933 տոկոսով, այսինքն’ մոտ 4 հազար տոկոսով, կամ 39 անգամ:

Ու էսքանից հետո Տիգրան Սարգսյանը կառավարության 2012 թվականի ծրագրում գրում է (մեջբերում եմ). «Խորհրդարանական ընտրությունների արդյունքները գրավականն են այն փաստի, որ այս ծրագիրը պահանջված է ու ժամանակին, եւ մենք ունենք ժողովրդի աջակցությունն այն կյանքի կոչելու համար» (մեջբերման ավարտը):

Տիկնայք եւ պարոնայք.

Ես դեմ եմ քվեարկելու այս կառավարությանը, որովհետեւ չեմ ուզում հաստատել շրջանառվող ասացվածքը, թե յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր կառավարությանը: Ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը արժանի է ավելի լավ կառավարության, շատ ավելի լավ կառավարության, որը ոչ թե կգնի սեփական ժողովրդի «աջակցությունը», այլ իրապես կարժանանա աջակցության: Այսօրվա կառավարությունը այդպիսին չէ: Շնորհակալություն:

20.06.2012.

Ելույթը հնչել է ԱԺ լիագումար նիստում, Կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Հունիս 20th, 2012 at 18:33 | #1

    voxjuneli eluyt…

  2. Anonymous
    Հունիս 20th, 2012 at 18:44 | #2

    HUP TUR…. BAYC ANIMASTE EEEEEEEEEEE…U PAH@ AYN CHEEE…Araj e xashum axves@ axvesin ARYUCNN e mnum lusnyaki huysin…..

  3. Merry
    Հունիս 20th, 2012 at 19:05 | #3

    lav er, miayn mi &shtum;- 4000% karcum em 1 zron avel e stcvel, petq e lini motavorapes 400%…hamenayndeps im tvabanutyun@ sa e cuyc talis…
    Chnayac da el ahreli tiv e!

  4. Նազելի Յուզբաշյան
    Հունիս 20th, 2012 at 19:47 | #4

    Նիկօլ,դու մեզ համար հրաշք,բայց ԱԺ-ի “մեծարգո այրերի” համար “փորձանք” ես,այս լճացած ու բթացած,ստի հետ հարմարված իրականությունը ճեղքող մի լույս:

  5. Հունիս 20th, 2012 at 21:34 | #5

    Հարգելի Մերի, ոչ թե 400 տոկոս, այլ 4000` չորս հազար: Ավելի ճիշտ` 3 հազար 933!!!!!!

  6. պարզ
    Հունիս 20th, 2012 at 21:49 | #6

    Նիկոլ, շնորհավորում եմ մեզ բոլորիս քո առաջին ու արժանավայել ելույթի համար,վերջապես այդ դահլիճում մարդկային խոսքեր հնչեցին

  7. Андрей
    Հունիս 20th, 2012 at 22:18 | #7

    videon ka?

  8. karen
    Հունիս 20th, 2012 at 23:57 | #8

    es qo cav@ tanem

  9. Andre
    Հունիս 21st, 2012 at 04:00 | #9

    KECES NIKOL JAN PAYQAR PAYQAR MICHEV VERJ

  10. Մլեհ
    Հունիս 21st, 2012 at 12:13 | #10

    Յարգելի Mary, 4000%-ը 40 անգամն է, իսկ ձեր նշած 400%-ը` 4. այնպէս որ Նիկոլը սխալած չէր տարրական հանրահաշուին մէջ:

  11. Merry
    Հունիս 21st, 2012 at 21:27 | #11

    nerexutyun! yes chgitem inchu 247 hazarn ei tesel dollari tak….)))voch te 22000@… ISK NIKOL@ INDZ HAMARMISHT EL HRASHQ E YEXEL U KA!!!!!!

  1. No trackbacks yet.