> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԵՏԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀԵՏԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Նիկոլ ՓաշինյանԱԺ պատգամավոր ընտրվելու բերումով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից հրաժարական եմ տվել:

Եթե նույնիսկ պատգամավոր չընտրվեի, էլի հրաժարական էի տալու, որովհետեւ վաղուց արդեն եկել եմ համոզման, որ ամբողջությամբ պետք է նվիրվեմ հասարակական-քաղաքական գործունեությանը, որովհետեւ իրավիճակն այլեւս չի ներում համատեղումներ:

Այս օրերին շատ են հարցնում` իսկականի՞ց ես հեռանալու թերթից, թե՞ շարունակելու ես մնալ դե ֆակտո խմբագիր: Իսկականից եմ հեռանում եւ «ՀԺ»-ի հետ առնչություն ունենալու եմ բացառապես ռազմավարական պլանավորման հարցերում, եւ այդ ռազմավարությունն իրագործելուն որեւէ կերպ չեմ խառնվելու: Համենայնդեպս աշխատելու եմ այդպես անել, դա իմ ցանկությունն է: Այս կտրական մոտեցումը կարող է տարօրինակ թվալ, բայց ուշադիր ընթերցողը հաստատ կհասկանա, թե որտեղից է բխում դիրքորոշումս:

2007 թվականից ի վեր, երբ զբաղվում եմ նաեւ քաղաքական գործունեությամբ, ըստ էության կեսխմբագիր եմ, կեսքաղաքական գործիչ, կեսլրագրող, կեսհանրային դեմք: Ու այս հանգամանքը, կամա թե ակամա, ազդում է նաեւ «Հայկական ժամանակի» վրա: Վերջին տարիների իմ ամենամեծ մտահոգությունը եղել է հետեւյալը. այնպես անել, որ «Հայկական ժամանակը» պաշտոնաթերթ չդառնա: Որեւէ մեկը չի էլ փորձել կամ ցանկացել «ՀԺ»-ն պաշտոնաթերթ դարձնել, բայց եթե նրա գլխավոր խմբագիրը քաղաքական որեւէ ուժի կառավարող մարմնի անդամ է կամ քաղաքական պրոցեսի հարթակային ներկայացուցիչ, դա արդեն որոշակի պրոբլեմներ է հարուցում: Թերթում տպագրված ամեն տող, ամեն բառ, ամեն վերնագիր կարող է ընկալվել որպես քաղաքական ուժի կամ քաղաքական դեմքի դիրքորոշում, եւ այս պոտենցիալ վտանգը սկսում է կաշկանդել նաեւ լրագրողներին, որքան էլ կռիվ տաս երեւույթի դեմ: Իմ հեռանալով, ահա, վերացնում եմ թերթի ազատությանը թեկուզ տեսականորեն սպառնացող վտանգը, նրա ազատությունը թեկուզ տեսականորեն կաշկանդող գործոնը: «ՀԺ»-ի առավելությունը մշտապես եղել է այն, որ նրա համար երբեք չեն եղել տաբու թեմաներ եւ տաբու դեմքեր, չեն եղել քաղաքական նպատակահարմարություն եւ աննպատակահարմարություն, եւ իմ հեռանալով արձանագրում եմ` ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում սա պետք է լինի «ՀԺ»-ի գործելակերպի առանցք: Ընթերցողը թերթի էջերից պետք է ստանա իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները, անկախ նրանից` այդ հարցերը ում են հաճելի, ում` տհաճ, «Հայկական ժամանակը» պետք է վերադառնա այլընտրանքային տեղեկատվության հիմնական կոմունիկացիայի իր գործառույթին, ինչպես եղել է երկար ու երկար տարիներ: Վերջին տարիներին այս գործառույթի լիարժեք իրագործման մի խոչընդոտ կար, այդ խոչընդոտը ես էի, եւ ես հեռանում եմ:

Այս հեռացումը, հույս ունեմ, կօգնի նաեւ իմ քաղաքական գործունեությանը, որովհետեւ այդ գործունեության մի հսկայական մասը իրագործվում էր, այսպես կոչված, գրավոր ընթացակարգով` հոդվածների, խմբագրականների տեքստերի ձեւով, ու լրագրողներն ինձ ընկալում էին որպես քաղաքական գործիչ, որ նաեւ նյութեր է գրում, քաղաքական գործիչները` որպես լրագրող, որը նաեւ ինչ-որ առնչություն ունի քաղաքական պրոցեսների հետ: Այսուհետ քաղաքական պրոցեսներին իմ առնչությունը լինելու է ուղղակի, զբաղվելու եմ պրոֆեսիոնալ քաղաքական գործունեությամբ, եւ ԱԺ պատգամավորի կարգավիճակը, թերեւս, նման գործունեության ճշգրիտ հնարավորություն տալիս է:

Այս կետում է, ահա, որ պիտի անդրադառնամ խորհրդարան գնալ-չգնալու թեմային: Հենց մայիսի 7-ին ինձ համար ակնհայտ է եղել, որ խորհրդարան գնալն ուղղակի կենսական անհրաժեշտություն է, որովհետեւ, դժբախտաբար, հանրությունն այսօր այնպիսի հոգեբանական վիճակում չէ, որ հնարավոր լինի փողոցային վճռական պրոցեսներ հարուցել: Արդյո՞ք սրանում մենք էլ մեղավոր ենք: Իհարկե, մեղավոր ենք, եւ խորհրդարանը այդ մեղքերը քավելու տեղ է եւ հնարավորություն: Հանրությանը ինչ-որ նոր բան է պետք, նոր ազդակ, ասելիքի նոր ձեւակերպում, եթե կուզեք` նոր ասելիք, եթե կուզեք` նոր կերպարներ, եթե կուզեք` նոր քաղաքական առաջարկ, նոր մոտեցում, նոր ռակուրս: Խորհրդարանը այսօր այդ խնդիրները լուծելու հիմնական հնարավորությունն է, փողոցը վերակենդանացնելու առայժմ միակ տարբերակը, եւ խորհրդարան եմ գնում Հեղափոխությունն իրական դարձնելու նպատակով: Դա հեշտ չի լինելու, մեզ դաժան «ներքին եւ արտաքին» պայքար է սպասվում, մոտեցումների, ասելիքի, մարտավարության ու ռազմավարության պայքար, եւ այդ պայքարը, այդ պայքարում հաղթելը, 2008-ին հրապարակում գտնված քաղաքացիներին հաղթանակի զգացմամբ համակելը առաջիկա տարիների իմ միակ եւ անփոխարինելի անելիքն է: Եւ ի դեպ, վերը նկարագրված անելիքի պրիմիտիվացված մեկնաբանության փորձերին ուշադրություն չդարձնեք: Նման պրիմիտիվ մեկնաբանություններով կփորձեն հանդես գալ ինչպես հակառակորդները, այնպես էլ բարեկամները, բայց սրանք մանր բաներ են, որոնց չպետք է ուշադրություն դարձնել: Եւ այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ ավարտվել է մի դարակազմիկ քաղաքական շրջափուլ, որից, խոստովանենք, պարտված ենք դուրս գալիս: Այդ պարտությունը, սակայն, ավելին է, քան` ոչինչ: Ինչպես ասում էր մտածողը, վատթարագույն փոփոխությունն ավելի լավ է, քան անհուսալի ներկան: Վատթարագույն փոփոխությունը արդեն իսկ տեղի է ունեցել, սա նշանակում է, որ ներկան այլեւս անհուսալի չէ:

Վերադառնամ, այնուամենայնիվ, «Հայկական ժամանակին»: Վերջին հինգ տարում փաստացի ներկա չեմ եղել թերթում, բայց հայտնի եմ եղել որպես նրա գլխավոր խմբագիր: «ՀԺ»-ի աշխատանքային կոլեկտիվը հինգ տարի ամեն ինչ արել է իր ղեկավարի հանրահայտ բացակայությունը «թաքցնելու» համար: Ես հպարտ եմ «Հայկական ժամանակի» ժողովրդով, եւ երբեմն թվում է, թե նրանք ինձ այնքան մեծ պարտքերի տակ են դրել, որ ես ցկյանս չեմ կարող հատուցել: Սրանք խոսքեր չեն, այսպես է իրականում, որովհետեւ «Հայկական ժամանակը» հինգ տարի առանց ինձ կռիվ է տվել` ապացուցելու համար իր հավատարմությունն արժեքներին, սկզբունքներին, ապագային: Եւ ապացուցել է:

Ես երախտապարտ եմ «ՀԺ»-ի ողջ խմբագրակազմին եւ հատկապես «ամենօրյա» ստեղծագործական, լրագրողական թիմին: Երախտապարտ եմ կնոջս` Աննա Հակոբյանին, ով իմ բացակայության ողջ ընթացքում ղեկավարել է «Հայկական ժամանակը» եւ կրել բեռներ, որ, թվում է, չպիտի կարողանար կրել, երախտապարտ եմ Հայկ Գեւորգյանին, ով լուռ, անխոնջ, անտրտունջ հսկել է «Հայկական ժամանակի» թիկունքը, երախտապարտ եմ Լուսինե Բարսեղյանին, Վահագն Հովակիմյանին, Սյուզաննա Պողոսյանին, Անի Գեւորգյանին, Աննա Զախարյանին, Արմեն Նիկողոսյանին, Մանվել Մանվելյանին, Հրանտ Տեր-Աբրահամյանին, որ դաժանագույն այս շրջանում ապացուցեցին` իրենց կարելի է վստահել, իրենց վրա կարելի է հույս դնել: Ես նրանց թողնում եմ ընթերցողին հանդիման եւ անվերադարձ հեռանում քաղաքականություն:

Շնորհավորում եմ Հայկ Գեւորգյանին թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Կեցցե «Հայկական ժամանակը»:

Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Vardan
    Հունիս 8th, 2012 at 14:42 | #1

    <> vercin tarinei hay irakanutyan amenahamarcak,amenainformacvac oraterteric e exel,shnorhiv naev glxavor xmbagri,cankanum em hetaysu nman gorcelakerp sharunakvi nor xmbagri glxavorutyamb

  2. Նազելի Յուզբաշյան
    Հունիս 9th, 2012 at 02:31 | #2

    Նիկոլ ջան, կասկած չկա, որ ամեն ինչ լավ է լինելու, Աստված արդարի կողմն է: Պարզապես ժամանակի հարց է: Ես շատ ուրախ եմ, որ Ձեր ձայնը լսելու եմ ԱԺ ամբիոնից: Վերջապես հաճույք կստանանք ԱԺ-ի նիստերը դիտելուց: Ճիշտ որոշում եք կայացրել, մանավանդ որ թերթը վստահելի ձեռքերում եք թողնում: Բոլոր լրագրողներն էլ լավն են, բոլորին կարդալն էլ շատ հաճելի է: Միշտ եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Բոլոր արդար ու լուսավոր մարդիկ Ձեզ հետ են: Երբեք չթուլանաք, մենք Ձեզնից ենք ուժ ստանում, Դուք էլ մեզնից ստացեք, այդ հզոր ուժը կա հաստատ: Աստված առաջ:

    N

  1. No trackbacks yet.