> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՖԻԿ ՍԱՄՈՅԻ ՄԱՍԻՆ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՖԻԿ ՍԱՄՈՅԻ ՄԱՍԻՆ

1. 2012 թվականի ապրիլի 15-ին, կեսօրից սկսած Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում լրջագույն խոչընդոտներ են հարուցվել «Հայ ազգային կոնգրես» նախընտրական դաշինքի, եւ իմ` Երեւանի թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանիս բնականոն նախընտրական քարոզչության համար:

2. Ժամը 13-ի մոտակայքում ահազանգ եմ ստացել, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սվաճյան 34 շենքի բակում ինչ-որ մարդիկ իմ վստահված անձանց արգելել են քարոզչական նյութեր տարածել:

3. Դեպքի վայր ժամանելով Սվաճյան 34 շենքի բակում տեսել եմ մի խումբ անձանց, ովքեր ներկայանալով որպես Հանրապետական կուսակցության տեղի կառույցի ներկայացուցիչներ ասել են, որ տվյալ տարածքում քարոզչություն չպետք է իրականացվի, քանի որ իմ վստահված անձանց գլուխը կարող են ջարդել:

4. Նշված անձանց բացատրելով, որ իրենց հարուցած խոչընդոտներն ապօրինի են, վերսկսել եմ քարոզչական նյութերի տարածումը տվյալ տարածքում, եւ իմ վստահված անձանց առաջ հարուցված խոչընդոտների մասին ահազանգել եմ ոստիկանության Երեւանի Մալաթիա-Սեբաստիայի բաժին:

5. Որոշ ժամանակ անց ժամանել են ոստիկանության ներկայացուցիչներ, իսկ հետաքննիչը ինձ առաջարկել է բացատրություն տալ: Հենց տեղում սկսել եմ բացատրություն տալ, եւ այն ժամանակ, երբ պետք է կոնկրետ մատնանշեի իրավախախտում թույլ տված անձանց, ժամանել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը, ով Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) դրածոն է այդ պաշտոնում:

6. Դավիթ Օհանյանը զրույցի է բռնվել ոստիկանների հետ, կարճ զրույցի փորձ է ունեցել ինձ հետ, որից հետո դեպքի վայր են ժամանել մի խումբ կանայք` պայուսակներով, ոչ տնային շորերով: Ժամանած կանանց առաջին խմբի մի շարք ներկայացուցիչներ ջերմագին ողջագուրվել են Դավիթ Օհանյանի հետ, որից հետո Օհանյանը հեռացել է, իսկ կանայք սկսել են հիմա արդեն հանրահայտ ցույցը «ի պաշտպանություն Սամվել Ալեքսանյանի» (Լֆիկ Սամո):

7. Նշված ցույցը տեւել է մոտ 30 րոպե, որի ընթացքում իմ վստահված անձինք ավարտել են նախատեսված քարոզչական նյութերի բաժանումը Սվաճյան 32,34, 36, 38, 40 շենքերում, եւ ինձ տեղակացրել իրենց մոտ եղած քարոզչական նյութերի սպառվելու մասին:

8. Նշված բակում քարոզչական նախատեսված աշխատանքն ավարտելուց հետո վերադարձել եմ Հայ ազգային կոնգրեսի Մալաթիա-Սեբաստիա համայնքի կենտրոնական շտաբ եւ շարունակել քարոզչական աշխատանքների համակարգումը: Վերադարձի ճանապարհին, Սուրբ Երրորդություն եկեղեցու հարեւանությամբ տեսել եմ «Լազ» մակնիշի երկու ավտոբուս, որոնցով ըստ ականատեսների, Սվաճյան 34 շենքի բակ են բերվել «ի պաշտպանություն Ս. Ալեքսանյանի ցույցի մասնակիցների զգալի մասը»:

9. Ժամը 15-ից հետո Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարբեր հատվածներում քարոզչական նյութեր տարածող իմ վստահված անձանցից կրկին ահազանգեր եմ ստացել իրենց առաջ հարուցված ապօրինի խոչընդոտների մասին, եւ բոլոր դեպքերի մասին հաղորդել եմ ոստիկանության ներկայացուցիչներին:

10. Երեկոյան կողմ Մալաթիա-Սեբաստիա են ժամանել Հայ ազգային կոնգրեսի անդամ ԱԺ պատգամավորի թեկնածուներ Զոյա Թադեւոսյանը, Գայանե Առուստամյանը, Բաբկեն Գարոյանը` «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության ակտիվիստների ուղեցությամբ: Նրանք միացել են Անդրանիկի, Շերամի, Սվաճյան փողոցներում քարոզչական նյութեր տարածող իմ վստահված անձանց խմբերին:

11. Սվաճյան 44 շենքում Թադեւոսյանը, Առուստամյանը, Գարոյանը ենթարկվել են բռնության, Գարոյանը ստացել է մարմնական վնասվածքներ:

12. Երեկոյան կողմ կրկին ակտիվացել են ահազանգերը իմ վստահված անձանց առաջ հարուցված խոչընդոտների մասին, ինչի վերաբերյալ տեղյակ եմ պահել ոստիկանության ներկայացուցիչներին:

13. Երեկոյան անձամբ քարոզչություն եմ իրականացրել Շերամի 11 շենքի մերձակա հատվածում, որտեղ մինչ այդ խոչընդոտվել էր իմ վստահված անձանց գործունեությունը, ապա օրվա ավարտին վստահված անձանց թիմի հավաք եմ անցկացրել Հայ ազգային կոնգրեսի Մալաթիա-Սեբաստիայի կենտրոնական շտաբում:

14. Օրվա վերջում Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանության ներկայացուցիչները ինձ եւ որոշ դեպքերում իմ վստահված անձանց ուղեկցել են` քարոզարշավի իրականացման ընթացքում:

15. Ապրիլի 15-ի ուշ երեկոյան իմ ահազանգով Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել «Opel» մակինիշի «21OL062» պետհամարանիշի ավտոմեքենա, որը մի քանի ժամ շարունակ հետեւել է իմ տեղաշարժերին: Ի դեմս բերման ենթարկված երկու անձանցից մեկի ճանաչել եմ Մալաթիա-Սեբաստիայում տեղի ունեցած խժդժությունների ամենաակտիվ մասնակիցներից մեկին:

16. Իմ վստահված անձանց եւ թիմակիցների նկատմամբ կիրառված ապօրինությունները համարում եմ ՀՀԿ-ի եւ Լֆիկ Սամոյի արձագանքը` Մալաթիա-Սեբաստիայում ՀՀԿ-ի եւ նրա առաջադրած մեծամասնական թեկնածուի նախընտրական վիճակի վատթարացման:

17. Հարկ եմ համարում ընդգծել, որ լֆիկական ռեժիմի ներքո հայտնված Մալաթիա-Սեբաստիա համայնքը նախընտրական քարոզարշավի այս օրերին տեղ-տեղ երեւակվում է որպես մի նորօրյա Oսվենցիմ, որի գերիների ազատագրման համար պայքարը համարում եմ իմ քաղաքական պայքարի կարեւորագույն նպատակներից մեկը, եւ հանուն այդ նպատակի մտադիր եմ ներդնել առավելագույն ջանքեր, իրագործել այդ նպատակը:

18. Նախընտրական քարոզչության այս փուլում արձանագրում եմ, որ թիվ 7 ընտրատարածքում հաղթելու Հայ ազգային կոնգրեսի եւ իմ` որպես մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուի շանսերը հսկայական են:

19.Սույն հայտարարության հրապարակումից հետո իմ վստահված անձանց թիմի հետ պատրաստվում եմ շարունակել քարոզչությունը Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

16.03.2012թ.

Հրապարակվել է 2012թ. ապրիլի 16-ին «ՀԺ»-ի խմբագրությունում տեղի ունեցած ասուլիսում:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.