ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին
Պարոն Նիկոյան.
Երեւանի թիվ 7 ընտրատարածքի մանդատով ԱԺ պատգամավոր համարվող Սամվել Ալեքսանյանը չորրորդ գումարման ԱԺ գոյության ընթացում գումարված բոլոր տասը հերթական նստաշրջանների քվեարկությունների կեսից ավելիից բացակայել է: ՀՀ «ԱԺ կանոնակարգ օրենքի» տրամաբանությամբ չորրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում Ալեքսանյանը առնվազն տասն անգամ պետք է զրկվեր պատգամավորական մանդատից: Մինչեւ օրս, սակայն, Ալեքսանյանը պահպանում է մանդատը:
ԱԺ կանոնակարգ օրենքի տրամաբանությամբ, եթե նա չի զրկվել պատգամավորության մանդատից, նշանակում է վերջին հինգ տարվա մեծ մասը անաշխատունակ է եղել, դրա մասին ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ` անաշխատունակության թերթիկ, կամ էլ Ազգային ժողովի նախագահը նրա բացակայությունները համարել է հարգելի` որեւէ այլ պատճառով (ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենք, հոդված 99):
Հաշվի առնելով տվյալ հարցի բացառիկ հանրային նշանակությունը, պահանջում եմ ինձ, որպես Երեւանի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուի, ներկայացնել այն հիմքերը, որոնց ուժով Սամվել Ալեքսանյանի բացակայությունները անհարգելի չեն համարվել:
Համոզված եմ, որ տվյալ խնդրի ուսումնասիրության համատեքստում կարող են ի հայտ գալ կոռուպցիոն երեւույթներ, որոնց մտադիր եմ իմ իրավասությունների շրջանակներում օրենքով նախատեսված ընթացք տալ:
Կանխավ շնորհակալություն
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Երեւանի թիվ 7 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի առաջադրված թեկնածու













