> ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Նիկոլ ՓաշինյանՍիրելի ժողովուրդ
2008 թվականից հետո սա առաջին Մարտի 1-ն է, որ Ազատության հրապարակում լինելու եւ ձեր առաջ ելույթ ունենալու հնարավորություն ունեմ: Եւ այս օրը, որ ինչպես հազարավոր մարդկանց, այնպես էլ ինձ համար շրջադարձային նշանակություն ձեռքբերեց` իմ մտքերը նախեւառաջ մարտիմեկյան սպանդի տասը զոհերի հետ են, նրանց վշտադեմ զավակների, այրիացած կանանց, սգավոր դարձած ծնողների:

Բայց հավատում եմ, որ չենք հավաքվել Հայ ժողովրդի պատմության «հերթական ողբերգական էջի կապակցությամբ» սգալու, որովհետեւ Մարտի 1-ը սգի օր չէ: Հավատում եմ, որ եկել ենք Ազատության հրապարակ իրար շնորհավորելու` սեփական Ազատության եւ արժանապատվության համար ընդհուպ բարիկադների վրա պայքարելու ընդունակ քաղաքացու ծննդյան օրվա կապակցությամբ:

Մարտի 1-ը Հայ ժողովրդի հազարամյա պատմության ամենալուսավոր կետերից է, որովհետեւ անզեն հայը նախկինում երբեք բարիկադ չի կառուցել` քաղաքացիական իր իրավունքը ավտոմատավորներից պաշտպանելու համար: Այդ քաղաքացին կաշկանդված չէ կուսակցական կամ խմբային պատկանելությամբ, չի ճանաչում կուռքեր եւ տաբուներ, սկզբունքը, իրավունքը, արդարությունն ու արդարամտությունը նրա համար ավելին են, քան նույնիսկ սեփական կյանքը: Ճշմարտությունն ավելին է, քան ցանկացած քաղաքական շահ, նվիրումը ավելին է, քան ցանկացած շահավետություն: 2008 թվականի Մարտի 1-ին սա է տեղի ունեցել Հայաստանում. ծնվել է ընդհուպ բարիկադների վրա սեփական իրավունքների եւ արժանապատվության համար պայքարելու ընդունակ քաղաքացին:

Եւ այսօր, հիմա, այստեղ` ընդհատակից ու բանտերից, հետապնդումներից եւ ահաբեկումներից հետո կանգնած եմ ձեր առաջ, Հայաստանի առաջ, Աստծո առաջ` վկայելու եւ բարձրաձայնելու. այդ քաղաքացին կանգուն է ու անսասան, այդ քաղաքացին կանգնած է բարիկադների վրա, այդ քաղաքացուն հնարավոր չէ կոտրել, հնարավոր չէ սասանել, հնարավոր չէ կասեցնել 2008 թվականի Մարտի 1-ին մեկնարկած նրա ընթացքը: Այդ քաղաքացին կունենա անկումի պահեր, այդ քաղաքացին կունենա տրտմության պահեր, այդ քաղաքացին կհասնի նույնիսկ հուսահատության եզրին, բայց երբեք չի անցնի այդ եզրից այնկողմ, որովհետեւ եզրից այնկողմ Մարտի 1-ի տասը զոհերն են, եզրից այնկողմ Մարտի 1-ի զոհերի երեխաների հայացքներն են, եզրից այնկողմ Հայրենիքն է ու նրա ապագան:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ

Եկել է մի քանի շրջադարձային արձանագրումներ անելու ժամանակը, արձանագրել այն կետը, որի վրա հիմնվելով պետք է կերտենք Ազատ եւ Երջանիկ Հայաստան: Մենք պետք է արձանագրենք, որ չի կարող ապագա ունենալ այն երկիրը, որտեղ հաստատված է սեփական ժողովրդի վրա կրակած իշխանություն, որովհետեւ ժողովրդի վրա կրակած իշխանությունը թշնամի իշխանություն է:

Թշնամի վարչախմբի համար ժողովուրդը ախոյան է եւ ոչ թե իշխանության բարձրագույն կրող, որովհետեւ թշնամի վարչախումբը ժողովրդից է գողացել իշխանությունը եւ ուրեմն ապրում է վախի մեջ, որ այդ ժողովուրդը կարող է իրեն պատկանող իշխանությունը ետ ստանալու կոնկրետ քայլեր ձեռնարկել: Եւ ուրեմն, թշնամի վարչախումբը առավելագույնը պետք է անի քաղաքացուն եւ ժողովրդին ծնկած ու հուսահատ պահելու համար:

Քոչարյանասերժական կլանի ձեւավորած վարչախումբը թշնամական իշխանություն է Հայաստանի համար ու քանի դեռ չի տապալվել այդ վարչախումբը, քանի դեռ պատասխանատվության չեն ենթարկվել սեփական ժողովրդի վրա կրակած հանցագործները` ապագայի, բարեփոխումների, բարեկեցության, արդարության, կենսամակարդակի բարձրացման, տնտեսության զարգացման, մարտունակ բանակի մասին որեւէ խոսակցություն ցնորք է եւ անմտություն: Քոչարյանասերժական վարչախմբի գոյության պայմաններում Հայաստանում հնարավոր են միայն ու միայն տեղային ու մասնավոր հաջողություններ, որոնք երկրի որակական պատկերը չեն փոխում ու չեն կարողանա փոխել, որոնք ծառայում են միայն իշխանության թշնամական էությունը քողարկելուն: Այս է պատճառը, որ որքան Հայաստանում շատանում են բարեգործները, կրկնակի աճում է թշվառությունը, որքան կատարելագործվում են օրենքները, կրկնապատկվում են ապօրինությունները, որքան աճում են տրանսֆերտները եւ պետական բյուջեն, այնքան նվազում են քաղաքացիների եկամուտները, որքան մարտունակ է դառնում բանակը, այնքան շատանում են խաղաղ պայմաններում զոհված զինվորները:

Թշնամի իշխանությանը երկրի բռնազավթման հանցագործության պատասխանատվությունից խուսափելու համար ավելի ու ավելի մեծ ռեսուրսներ են հարկավոր, ուժերի ավելի մեծ լարում, ավելի ու ավելի մեծ զիջումներ աշխարհքաղաքական բոսերին: Եւ այդ ամենը թշնամի վարչախումբն արել ու անում է մեր հաշվին, մեր ազգային հարստության հաշվին, մեր երեխաների ապագայի հաշվին, մեր կյանքերի եւ արյան հաշվին:

Դրա վկան են ու ապացույցը Ռոբիկի ու Սերժիկի միլիարդների հասնող հարստությունը, որ նրանք, իրենց հայրերն ու պապերը երբեք ու երբեք չէին տեսել գոնե հեռավոր պատերից կախ, բայց հիմա վայելում են` ճակատներից կախ:

Դրա վկան ու ապացույցը Մարտի 1-ի տասը զոհերի արյունն է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը խոստացել էր հեղել դեռեւս 2007 թվականի վերջին:

Դրա վկայությունը այսօրվա Հայաստանն է, որ ամեն օրվա հետ խրվում է հուսահատության, արտագաղթի ճահճի մեջ: Թշնամական իշխանությունը մեծագույն ցանկության դեպքում չի կարող առաջընթաց ապահովել Հայաստանի համար, որովհետեւ սնվում եւ ապրում է երկրի կենսական հյութերով:

Քանի դեռ Հայաստանում իշխում է սեփական ժողովրդի վրա կրակած որեւէ իշխանություն, Հայաստանը լինելու է երրորդ աշխարհի երկիր, որպես հետեւանք դառնալու է մարդազուրկ մի տարածք: Նրա բանակը, որ ոչ հեռու անցյալում ամենամարտունակն էին անվանում տարածաշրջանում, վերածվելու է տարածաշրջանի ամենամարտունակ գումարտակի, որտեղ ընդգրկված են լինելու բացառապես սերժանտական գեներալները եւ նրանց պադավատ ջիփերի վարորդները, որովհետեւ նրա շարքայիններն ու սպաները կամ ինքնասպանված են լինելու, կամ արտագաղթած: Սա ասում եմ հատուկ, քոչարյանասերժական կլանի պաշտպանության, նրան ծառայելու հայրենասիրական մոտիվները բացառելու համար: Ծառայությունը քոչարյանասերժական կլանին` այլեւս համեմատելի է լինելու Վիշիի կառավարության համագործակցությանը ֆաշիստական ռեժիմի հետ:

Եւ այստեղ, հիմա, 2012 թվականի Մարտի 1-ին ուզում եմ հայտարարել. առաջիկա շրջանում իմ քաղաքական եւ քաղաքացիական գործունեությունը միտված է լինելու մի առաջնային նպատակի` ստեղծել, ձեւավորել, հաստատել սոցիալ-բարոյական իրավաքաղաքական մի այնպիսի իրավիճակ, որ հնարավորություն ստեղծի 2008 թվականի Մարտի 1-ի ոճրագործ կազմակերպիչներին Հայաստանի Հանրապետության դատարանի, ժողովրդի դատաստանի առաջ կանգնեցնելու եւ օրենքի ամենայն խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար:

Ըստ այդմ, ուրեմն, իմ հասարակական-քաղաքական գործունեության առաջնային խնդիրն է հանուն Հայաստանի Հանրապետության դատարանի առաջ կանգնեցնել հետեւյալ անձանց.

1. Ռոբերտ Սեդրակի Քոչարյան - Օրենքով սահմանված կարգով պիտի մեղադրվի 2008 թվականի Մարտի 1-ին անզեն ցուցարարների վրա հրազենային կրակ արձակելու հրաման տալու եւ այդպիսով դիտավորյալ սպանություններ կազմակերպելու, պետական իշխանությունը յուրացնելու, բանակի ներգրավմամբ պետական հեղաշրջում իրագործելու, Սահմանադրական կարգը տապալելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, կոռուպցիայի, ազգային հարստության միլիարդների հասնող չափաբաժին յուրացնելու մեջ: Ռոբերտ Քոչարյանի, նրա հետ փոխկապակցված անձանց գույքը ամբողջովին ենթակա է բռնագրավման` հօգուտ Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի: Քոչարյանը պետք է զրկվի բոլոր պետական պարգեւներից:

2. Սերժիկ Ազատի Սարգսյան - Օրենքով սահմանված կարգով պետք է մեղադրվի 2008 թվականի Մարտի 1-ին անզեն ցուցարարների վրա հրազենային կրակ արձակելու հրաման տալու եւ այդպիսով դիտավորյալ սպանություններ կազմակերպելու, պետական իշխանությունը յուրացնելու, բանակի ներգրավմամբ պետական հեղաշրջում իրագործելու, Սահմանադրական կարգը տապալելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, պաշտոնական դիրքը անձնական հարստացման նպատակներով օգտագործելու, կոռուպցիայի մեջ: Սերժիկ Ազատի Սարգսյանի, նրա հետ փոխկապակցված անձանց գույքը ամբողջովին ենթակա է բռնագրավման` հօգուտ Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի: Սարգսյանը պետք է զրկվի պետական պարգեւներից:

3. Հովիկ Արգամի Աբրահամյան - Օրենքով սահմանված կարգով պետք է մեղադրվի իշխանության յուրացմանը եւ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, զանգվածային ընտրակեղծիքներ եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, կոռուպցիայի, պաշտոնական դիրքը անձնական հարստացման նպատակներով օգտագործելու մեջ: Հովիկ Արգամի Աբրահամյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց գույքը ամբողջությամբ ենթակա է բռնագրավման` հօգուտ Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի: Աբրահամյանը պետք է զրկվի պետական պարգեւներից:

4. Հայկ Արտյոմի Հարությունյան - Օրենքով սահմանված կարգով պետք է մեղադրվի 2008 թվականի Մարտի 1-ին անզեն ցուցարարների վրա հրազենային կրակ արձակելու հրաման տալու եւ այդպիսով դիտավորյալ սպանություններ կազմակերպելու, պետական իշխանության յուրացմանը, սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, զանգվածային անկարգությունների կազմակերպմանը օժանդակելու, կոռուպցիայի մեջ: Հայկ Արտյոմի Հարությունյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց գույքը ամբողջությամբ ենթակա է բռնագրավման` հօգուտ Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի: Հայկ Արտյոմի Հարությունյանը պետք է զրկվի գեներալ-գնդապետի կոչումից եւ պետական պարգեւներից:

5. Աղվան Գառնիկ Հովսեփյան - Օրենքով սահմանված կարգով պետք է մեղադրվի Մարտի 1-ի սպանության հեղինակներին եւ զանգվածային անկարգության կազմակերպիչներին դիտավորությամբ չբացահայտելու, պաշտոնական դիրքի չարաշահմամբ հանցագործությունները պարտակելու, իշխանության յուրացմանը, սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելու, կոռուպցիայի, պաշտոնական դիրքը անձնական հարստացման նպատակներով օգտագործելու մեջ: Աղվան Գառնիկի Հովսեփյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց գույքը ամբողջությամբ ենթակա է բռնագրավման` հօգուտ Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի: Աղվան Գառնիկի Հովսեփյանը պետք է զրկվի արդարադատության պետական խորհրդականի աստճանից եւ բոլոր պետական պարգեւներից:

Սույն քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով պատասխանատվության պիտի ենթարկվեն նաեւ Գորիկ Հակոբյանը, Միխայիլ Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, Վովա Գասպարյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, Մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:

Հարկ եմ համարում ընդգծել. այն, ինչի մասին խոսեցի` իրավական, սահմանադրական անհրաժեշտություն է եւ ոչ թե վրեժի կամ քաղաքական նպատակահարմարության դրսեւորում: Հայաստանի Հանրապետության քաղաքացու արյունը չի կարող լինել սակարկության առարկա, հակառակ դեպքում` քաղաքացին իր հայրենիքը կսկսի ընկալել որպես սեփական երեխաների պոտենցիալ կառափնարան` փրկություն գտնելով բացառապես գաղթելու մեջ: Մի բան, որ սեփական աչքերով տեսնում ենք այսօր:

Եւ բոլոր նրանց, ովքեր այս շեշտադրումներին կհակադարձեն անընդհատ շահարկվող արտահայտություններով, թե` բա ինչու այսմեկին չեն դատում, ինչու այնմեկին չեն դատում, հակադարձում եմ այս բարձր ամբիոնից. Հայաստանի Սահմանադրությունն ասում է` բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ: Եւ բոլոր նրանք, ում արարքները ՀՀ օրենսդրությամբ առաջացնում են քրեական կամ որեւէ այլ պատասխանատվություն, պատասխանու են օրենքի առաջ եւ կրելու են պատասխանատվություն, անկախ նրանից` ընդդիմադիր են, թե իշխանամետ, ազգայնական են, թե ինտերնացիոնալիստ: Սա ասում եմ հատուկ, որովհետեւ երբ ասում ենք` բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, նկատի ունենք, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, եւ ոչ ոք ավելի հավասար չէ մյուսներից:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ասացի, որ քանի դեռ Հայաստանում հաստատված է սեփական ժողովրդի վրա կրակած իշխանություն, երկիրը չունի ապագա: Բայց մի՞թե սա նշանակում է, որ այսօրվա Հայաստանը չունի ապագա: Նույնիսկ սեփական ժողովրդի վրա կրակած իշխանության գոյության պարագայում մեր երկիրը ունի ապագա, քանի դեռ, ուշադրություն, այդ երկրում ապրում են թշնամի իշխանության ավտոմատների առաջ կանգնելու ունակ քաղաքացիներ: Սա այն դեպքն է, որ քիչ է արձանագրելը, որ Հայաստանի Հանրապետությունում, այս հրապարակում գտնվող տասնյակ հազարավոր քաղաքացիներ ունակ են կանգնել թշնամի իշխանության ավտոմատների առաջ: Սա այն դեպքն է, երբ յուրաքանչյուրը պետք է խոսի ինքն իր անունից: Եւ ես այսօր, այստեղ, հիմա հայտարարում եմ ու բարձրաձայնում. կանգնել եմ ու կանգնելու եմ ռոբիկի ու սերժիկի ավտոմատավորների առաջ, եւ նրանք ընկրկելու ու խուճապահար փախչելու են մեր անզեն հայացքների ու ձեռքերի վախից:

Բոլոր նրանց, ուրեմն, ովքեր պատրաստ են կանգնել թշնամի իշխանության ավտոմատավորների առաջ, կոչ եմ անում եւ աղերսում` բարձրաձայնեք ինքներդ ձեր մասին, որովհետեւ ձեր, միայն ձեր, բացառապես ձեր ուսերին է ընկած Արարատյան երկրի ապագան: Ես ձեզ կոչ եմ անում կազմակերպվել նորովի, որովհետեւ ոչ ոք մեզ չի մատուցելու մեր երազած հայրենիքը: Կամ` մենք Հայաստանը կմաքրենք քոչարյանասերժական աղբից, կամ` քոչարյանասերժական աղբը Հայաստանը «կմաքրի», հայաստանցիներից, քաղաքացիներից, ապագայից: Միջին տարբերակ չկա: Եւ ուրեմն, վիճակը նետված է, ընտրությունը դրված է բոլորիս եւ յուրաքանչյուրիս առջեւ, որեւէ մեկը չի կարողանալու խուսափել այս ընտրությունից:

Ես ընտրում եմ ապագան, ես ընտրում եմ հաղթանակը, ես ընտրում եմ Հայաստանը:

Որովհետեւ ես Գոռ Քլոյան եմ, ես Տիգրան Աբգարյան եմ, ես Համլետ Թադեւոսյան եմ, ես Դավիթ Պետրոսյան եմ, ես Սամվել Հարությունյան եմ, ես Գրիգոր Գեւորգյան եմ, ես Արմեն Ֆարմանյան եմ, ես Հովհաննես Հովհաննիսյան եմ, ես Զաքար Հովհաննիսյան եմ, ես Տիգրան Խաչատրյան եմ, եւ ես ասում եմ` Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, դուք չեք մարսելու մեր արյունը, դուք խեղդվելու եք մեր արյան մեջ:

01.03.2012

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. AHHA MANUKIAN
    Ապրիլ 21st, 2012 at 14:32 | #1

    NIKOL jan erb lsum em qo eluytner@ indz tvum e te es em xosum kam im paper@ voronq turqi yataxanits mazapurts gaxtakanner ein kam xosum e im hayr@ im vordin NIKOL jan qo beranov xosum @mbostanum u @ndvzum e im HAY JOXOVURD@ gitsir hargelid im NIKOL vor ARJANAPATIV GITAKITS u ARAJADEM hayutyn@ qez het e AYO qez het enq ev tox serja qocharyanaka u lfika hemesakan BANDAN inchqan uzum e ¨¨TIROCH TAT@ LIZELU PATRAST ATD GORSH ZANDVA&IN¨¨ hani mer dem miyevnuynn e nrans motalut partutyunn anxusapel e EV MENQ TUYL CHENQ TA VOR AYD ARYUNARBUNER@ VERJNAKANAPES DATARKEN HAYASTAN@ SERUNDNER@ DA MEZ CHEN NERI MENQ TUYL CHPITI TANQ VOR AYD DATAEKAGLUX HASTAVIZNERI VOHMAK@ HOSHOTI MER EREXANERI APAGAN ¨¨ ch@nkrkenq birt uji araj ¨¨¨lsum eq?? duq ay TZRUKNER bavakan e lapeq HERASEQ mi qich MARD exeq HERASEQ arants nor aryunahexutyan tuyl mi tveq vor mi amboxch AZD ani&i dzez u dzer serundnerin HRTATSEQ

  1. No trackbacks yet.