> ՀՈԴՎԱԾՆԵՐ > Ի՞ՆՉԸ ՓՈԽԵՆՔ ԵՎ ԻՆՉՊԵՍ

Ի՞ՆՉԸ ՓՈԽԵՆՔ ԵՎ ԻՆՉՊԵՍ

ՀՀԿ 13-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը տիրացուի քարոզ է հիշեցնում, որի հեղինակը էստեղից-էնտեղից լսած ինչ-որ բաներ իրար է կպցնում եւ մատուցում լսարանին, մեծ հաշվով չունենալով ասելիք: Տարբեր գերատեսչությունների ներկայացրած տեքստերի ծաղկաքաղով ձեւավորված այդ ելույթը կարելի է համարել այսօր Հայաստանում գործող չինովնիկների գորշ զանգվածի, բայց ոչ երբեք ազգի եւ պետության լիդերի ելույթ: Այդ ելույթից, օրինակ, հնարավոր չէ ստանալ երեք շատ կարեւոր հարցերի պատասխան.

ա) ինչպիսի՞ն է այսօրվա Հայաստանի վիճակը
բ) ինչո՞ւ է վիճակը այդպիսին
գ) ի՞նչ է պետք անել, որպեսզի մեկ տարի անց, երկու տարի անց, երեք տարի անց, տասը տարի անց, քսան տարի անց` մենք ունենանք դինամիկ զարգացող պետություն:

Սերժ Սարգսյանի ելույթից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում վիճակը ահագին լավ է, բայց այնքան էլ լավ չէ, բայց այնպես էլ չէ, որ վատ է, չնայած ահագին վատ է, բայց լավ կլինի ասենք` լավ կլինի, որ լավ լինի: Ելույթից այդպես էլ հասկանալի չեղավ, թե Սերժ Սարգսյանի եւ իր կուսակիցների ինչին է պետք իշխանությունը, այսինքն` այդ լծակը օգտագործելու են, որ Հայաստանը դարձնեն ինչպիսի՞ն:

Կոնկրետ բարեփոխումների ոչ մի ծրագիր, ոչ մի պատկերացում, ոչ մի հորիզոն: Միայն դեկլարատիվ հայտարարություններ, որոնք արդեն իսկ հարցեր են առաջացնում իրականությունն ընկալելու դրա հեղինակի կարողությունների վերաբերյալ:

«Մենք դիմակայեցինք ծանր փորձությանը` մեր պետության իմունային համակարգը եւս մեկ աստիճանով ամրացնելով»,- ասում է ՀՀԿ նախագահը: Ինչի մասին է ասում, համոզված եմ` ինքն էլ չգիտի, որովհետեւ եթե իմանար` նախադասությունն այնպես կձեւակերպեր, որ կարդացողն ու լսողը գլխի ընկնելու հնարավորություն ունենային, թե ինչի մասին է խոսում: Սերժ Սարգսյանին թերեւս զեկուցել են, որ թռչնի գրիպի եւ ոչ տիպիկ թոքաբորբի չներխուժելը Հայաստան, պետության իմունային համակարգը ամրացնելու արդյունք է: Ի՞նչ իմունային համակարգ, այ ընկեր, ի՞նչ աստիճան, ի՞նչ ամրացում: Դուք գոնե հասկանու՞մ եք` ինչի մասին եք խոսում:

«Նույն կարեւորությունն ունեն նաեւ դատաիրավական համակարգի բարեփոխումները: Այս ոլորտում արդյունքներն արդեն իսկ տեսանելի են դառնում»,- մարդը հալյուցինացիաներ է տեսնում. ի՞նչ արդյունքների մասին է խոսում:

Դատաիրավական համակարգի բարեփոխումների վերջին ամենատեսանելի արդյունքը Հայկ Գեւորգյանի դեմ հարուցված քրեական հետապնդումն է, որտեղ կան անհերքելի ապացույցներ, որ դատարանը, քննիչը, ոստիկանությունը, դատախազությունը համատեղ` լրագրողի վրա ուզեցել են գործ սարքել, իշխանությանն ուղղված քննադատության համար վրեժ լուծելով: Որ չի ստացվել, լրագրողական համքարության շնորհքն է եւ քաղաքացիական հասարակության: Ու էսքանից հետո Սերժ Սարգսյանի լկտիությունը հերիքում է` ասել. «Մենք մերժել ենք հրապարակային հայհոյանքն իբրեւ քաղաքական երեւույթ եւ դեմ գնացել ազատ խոսքի, այդ թվում նաեւ լրագրողների հանդեպ բռնությունների` մասնավորապես ֆիզիկական բռնությունների, գարշելի երեւույթին»: Էս մարդը, իրա Վովան լրագրողի վրա գործ են սարքում, ուղարկում բանտ, հետո ասում` մենք մերժում ենք լրագրողների հանդեպ բռնությունը: Բռնությունը պոզով-պոչով է լինու՞մ: Հայհոյանքի մասով. եթե մի կուսակցության խմբակցության պատգամավորներ ԱԺ դահլիճում ուրիշի փոխարեն քվեարկելով օրենքներ են ընդունում, դա ի՞նչ է, եթե ոչ հայհոյանք հանրության հասցեին: Եթե Գյումրիի ՀՀԿ-ական քաղաքապետը մի քանի միլիոն դոլար արժեցող հյուրանոց է կառուցում աղետյալ քաղաքում, դա ի՞նչ է, եթե ոչ հայհոյանք հանրության հասցեին: Եթե ՀՀԿ ներկայացուցիչը Սյունիքի մարզում փողոցում կին ծեծող Լիսկան է, դա ի՞նչ է, եթե ոչ հայհոյանք հանրության հասցեին: Եթե ՀՀԿ-ական նախարարը ԱԺ դահլիճում iPad-ով շարիկ է գլորում, դա ի՞նչ է, եթե ոչ հայհոյանք հանրության հասցեին: ՀՀԿ-ական ամեն պատգամավորի, ամեն նախարարի հագուկապը, քշած ավտոն, կյանքն ու կենցաղը արդեն իսկ հայհոյանք են հանրության հասցեին: Ու այս պայմաններում, բնականորեն, դուք պետք է մերժեք հայհոյանքը, որովհետեւ այդ հայհոյանքը նախեւառաջ ձեզ պետք է ուղղված լինի, դուք եք հայհոյանքի հասցեատերը:

«Աշխարհի ամենաարդիական կրթությունը ստանալու հնարավորություններ ենք ստեղծել եւ դեռ ավելացնելու ենք դրանք»,- ասում է Սերժ Սարգսյանը: Եթե որեւէ մեկը գիտի, թե ում համար է էս հնարավորությունները ստեղծել Սերժ Սարգսյանը եւ ինչպես, նամակ գրեք խմբագրությանը` կարդանք-տպագրենք, համ մենք կհասկանանք, համ ընթերցողը, թե ինչի մասին է խոսում ՀՀԿ-ի լիդերը:

«Հաջողվել է վերականգնել ճգնաժամի հետեւանքով կորցրած աշխատատեղերի քանակն ու առաջ գնալ»,- սա էլ է մեջբերում Սերժ Սարգսյանի ելույթից: Այս հատվածը, մեր մեջ ասած, անխոցելի է, որովհետեւ հեղինակն այնքան խելոք է գտնվել, որ չի կոնկրետացրել, թե ում է հաջողվել, երբ է հաջողվել ու որտեղ է հաջողվել վերականգնել ճգնաժամի հետեւանքով կորցրած աշխատատեղերի քանակն ու առաջ գնալ: Վերջին վարիանտ կասի` ես Վրաստանն եմ նկատի ունեցել եւ Վրաստանի իշխանություններին: Կամ էլ` Շվեդիան:

«Մեզ տնտեսական աճից բացի եւ գուցե ավելի շատ տնտեսական զարգացում է հարկավոր»,- սա էլ է մեջբերում Սերժ Սարգսյանի ելույթից: Հայաստանը, թերեւս, այն բացառիկ երկրներից է, որտեղ տնտեսությունն աճում է, բայց չի զարգանում: Վաբշե տը, տնտեսության աճը ապահովում են տնտեսության զարգացման հաշվին: Բայց մեզ մոտ տնտեսությունը որքան աճում է, կրկնակի անգամ ետընթաց է ապրում զարգացման առումով: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանն ինքը խոստովանում է, որ մեր տնտեսության աճը պետք չէ խառնել տնտեսության զարգացման հետ: Սրան կարող է լինել միայն մեկ բացատրություն. տնտեսական աճի ցուցանիշը գրում, ջնջում, բազմապատկում, բաժանում` ստանում է ազգային վիճակագրական ծառայությունը: Իսկ տնտեսական զարգացումը մի ցուցանիշ է, որ մենք պետք է մեր կյանքում զգանք: Աճի մասին լսում ենք, իսկ զարգացում չենք տեսնում: Եւ Սերժ Սարգսյանը այսպիսի հանճարեղ լուծում է տվել հանելուկին:

Այսպիսի մեջբերումները կարելի է դեռ երկար շարունակել, բայց դրանից էությունը չի փոխվի: Իսկ էությունն այն է, որ այս մարդն իրական պատկերացում չունի Հայաստանի ներկա վիճակի եւ նրա ապագայի մասին: Նա չունի պատկերացում, թե ինչը էնպես չի, եւ ինչը պիտի փոխենք: Դրա համար էլ անընդհատ ասում է` փոխենք, փոխենք, փոխենք: Բայց չի ասում` ինչը փոխենք: Որովհետեւ եթե ասի` ինչը փոխենք, պետք է խոստովանի, որ արդյունավետ փոփոխությունները պետք է սկսել իրեն եւ ողջ իշխանությունը փոխելով:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Rubo
    Ապրիլ 20th, 2012 at 01:02 | #1

    Nikol jan mi moraci vor Es eluyt@ HHK hamagumaruma…

  1. No trackbacks yet.