> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ` ՍԵՎԵՐԵՍ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ` ՍԵՎԵՐԵՍ

Մաշտոցի պուրակՀՀ Սահմանադրությունը արձանագրում է սեփականության անձեռնմխելիության սկզբունքը, եւ սա երկրի սահմանադրական կարգի առանցքներից մեկն է. մարդու սեփականությունը պետք է լինի անձեռնմխելի: Սահմանադրությունն ասում է, որ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով եւ օրենքով նախատեսված դեպքերի:

Սահմանադրության այս դրույթը գործում էր նաեւ այն ժամանակներում, երբ Բուզանդի փողոցից սպեցնազով-բանով մարդկանց դուրս էին շպրտում իրենց տներից: Հետո, ի դեպ, իշխանության այդ գործողությունները Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց, բայց քանի որ մարդկանց արդեն տներից դուրս էին արել-պրծել, մեծ հաշվով իրավիճակը չփոխվեց: Ու հիմա այն սպեցնազը, որ Բուզանդի փողոցի իր խոհանոցում ճաշ եփող տանտիրուհուն քաշում դուրս էր շպրտում` սոխառածը գազօջախի վրա թողնելով, այդ նույն սպեցնազը պատ է կազմում մի քանի տասնյակ բնապահպանների առաջ, որպեսզի նրանք չխանգարեն Չոռնի Գագոյի եւ Խուճուճ Էդոյի կրպակների կառուցմանը: Բայց աբսուրդը հասել է էնտեղ, որ այս ամենը սկսել են բացատրել սեփականության անձեռնմխելիության սահմանադրական դրույթով:

Ինչն է, ուրեմն, պաշտոնական բացատրությունը. քանի որ Չոռնին ու Խուճուճը Աբովյան փողոցում կրպակներ են ունեցել, ու այդ կրպակները քաղաքային իշխանությունները ապամոնտաժել են, ու այդ կրպակների սեփականատերերը այնքան մեծահոգի են գտնվել, որ չեն բողոքել, հիմա, ուրեմն, քաղաքապետարանը իր միջոցներով, ուշադրություն դարձրեք` իր միջոցներով, Մաշտոցի պուրակում կրպակներ է կառուցում, որ Աբովյան փողոցում ապամոնտաժված կրպակատերերի սեփականատերերին փոխհատուցի, ասել է թե` նրանց Սահմանադրական իրավունքն են պաշտպանում: Փաստորեն, երեսպաշտությունը հասել է այն աստիճանի, որ կոռուպցիոն գործարքների արդյունքում ձեռքբերվածը փորձում են տեղավորել Սահմանադրական անձեռնմխելիության տիրույթում: Սա մոտավորապես նույնն է, որ վաղը պարզվի, թե Հանրապետության հրապարակը սեփականության իրավունքով տրվել է, օրինակ, Սաշիկին: Աղմուկ-աղաղակ կբարձրանա, թերթեր, պիկետներ, ելույթներ, ու Նարեկ Սարգսյանը, որ կյանքը նվիրել է Թամանյանի հեղինակությունը խուրդելու գործին, կասի հետեւյալը. մեծարգո Սաշիկը որոշել է ինքնակամ հրաժարվել Հանրապետության հրապարակի սեփականատիրոջ իր Սահմանադրական իրավունքից, բայց մենք որպես փոխհատուցում նրան պետք է տանք Աբովյան փողոցը` ծայրից ծայր:

Երկիրս երկիր չի. որովհետեւ եթե երկիր լիներ, հիմա ոչ թե բնապահպանները պետք է սառույցների վրա նստած լինեին, այլ Աբովյան փողոցի մայթերը Չոռնիին ու Խուճուճին սեփականաշնորհած, այդ սեփականաշնորհումը հաստատած, շինարարության թույլտվությունը տված, նախագծեր կազմած ու հաստատած չինովնիկները նստած պիտի լինեին մեղադրյալի աթոռին: Նրանք մեր` ՀՀ քաղաքացիներիս սեփականություն հանդիսացող Աբովյան փողոցի մայթերը ծախել են, այդ մայթերի վրա ոմանք տարիներով միլիոններ են աշխատել, ու հիմա մեր մայթերը վերադարձնելու համար մենք պետք է էդ հանցագործներին զիջենք եւս մեկ պուրակ: Ու սա անում են նրա համար, որ վաղը, մյուս օրը հանկարծ Ազատության հրապարակի մերձակա օբյեկտները ապամոնտաժելու խնդիր չդնենք` մտածելով, որ ավելի վատ է լինելու դրա արդյունքում, այդ օբյեկտները տեղափոխելու են Մանումենտ, որովհետեւ սեփականության իրավունքը Հայաստանում երաշխավորված է Սահմանադրությամբ: Բայց Սահմանադրության նույն հոդվածը ասում է, որ սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, պետության ու հանրության իրավունքներն ու օրինական շահերը: Ու այս քննարկումը անիմաստ է նույնիսկ, որովհետեւ հանցավոր ճանապարհով ձեռքբերված սեփականությունը սեփականություն չէ, այլ գողոն, որ օրենքով սահմանված կարգով պետք է վերադարձվի տերերին: Տվյալ դեպքում` հանրությանը, Երեւանին, Հայաստանին:

Հ.Գ. Նույնիսկ ծիծաղելի է, որ բնապահպանական շարժումը վարկաբեկելու համար կոմպրոմատներ են ման գալիս դրա ակտիվիստների վրա, թե, իբր, պահո՜, տեսեք` սատանիստ են: Եթե քրիստոնյա-բարեպաշտը դուք եք, վեհավազակապետով-բանով, մարդիկ սատանիստ էլ կդառնան, աթեիստ էլ: Դուք հըլը հաշվառեք, թե իշխող կուսակցությունում քանի հեթանոս-կրակապաշտ կա, հետո նոր ուրիշների հավատալիքները քննարկեք:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , , ,


  1. Փետրվար 25th, 2012 at 18:45 | #1

    Ապրես,Նիկոլ ջան,ես սպասում էի քո այս հոդվածին:Կարդացի,սիրտս հովացավ:

  2. Hakob
    Փետրվար 25th, 2012 at 20:53 | #2

    Phastoren Hraparakic el hujsners ktrenq, ed el sashikin hasav ha? Ba mez inch e mnalu?

  1. No trackbacks yet.