> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՎՈՒԼՖԸ ԵՎ ԳԱՅԼԵՐԻ ՈՀՄԱԿԸ

ՎՈՒԼՖԸ ԵՎ ԳԱՅԼԵՐԻ ՈՀՄԱԿԸ

«Անօրէն ազգն առաջնորդ չի գտնի, իսկ ով պահում է օրէնքը, նա երանելի է»։

Այս մեջբերումը Աստվածաշնչից է, Առակների գրքից (29:18): Հենց էս կտորը փնտրեցի-գտա` Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների մասին լուրերը լսելով: Վուլֆը երեկ կեսօրին հրաժարական տվեց իր անվան շուրջ ծագած սկանդալի պատճառով: Հաննովերի դատախազությունը դիմել էր երկրի խորհրդարանին` նախագահի դեմ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Իր նկատմամբ ծագած անվստահության պատճառով եւ թիմակից խորհրդարանականներին ծանր վիճակի մեջ չդնելու համար, Վուլֆը հրաժարական է տվել:

Բայց ամենահետաքրքիրը ուրիշ բան է, սիրելիդ իմ ընթերցող: Այն, թե ինչի համար են մեղադրում մեր հարգարժան Վուլֆին:

Մեղադրանք 1. Նրա արձակուրդի ծախսերը, Ներքին Սաքսոնիայի վարչապետ եղած ժամանակ, հոգացել են նրան ծանոթ գործարարներ:

Մեղադրանք 2. Նա իր ծանոթ բանկիրներից արտոնյալ պայմաններով վարկ է վերցրել եւ իր համար տուն գնել` կրկին Ներքին Սաքսոնիայի վարչապետ եղած ժամանակ:

Տունն էլ որ տեսնեք` հայաստանյան օլիգարխների կուխնի-չուլանի չափ մի բան: Եւ ահա այս պատճառով գերմանացի ժողովուրդը իր նախագահին պարտադրեց հրաժարական: Ճի՞շտ վարվեցին, ուրեմն, գերմանացիները, թե ոչ: Իրենք` գերմանացիները, հարցը, թերեւս, այսպես չեն դնում, որովհետեւ ճշտի ու սխալի բազար չէ սա, այլ պետության եւ պետականության: Երկրի նախագահը բոլորի նախագահն է, երկրի նախագահը սիմվոլ է, Սահմանադրության երաշխավորը, նա նախագահ է ընտրվել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններ իրականացնելու համար, եւ եթե կասկած կա, որ երբեւէ պաշտոնական լիազորությունները անձնական նպատակներով է օգտագործել (դատախազությունը հենց այսպես է ձեւակերպել մեղադրանքը), ուրեմն` նա չի կարող լինել գերմանացիների նախագահ: Նախագահը պետք է լինի հեղինակություն, եւ եթե նրա հեղինակությունը ստվերված է, ուրեմն` չի կարող լինել նախագահ, որովհետեւ Գերմանիան օրենքի երկիր է, Սահմանադրության երկիր, իսկ Սահմանադրության երաշխավորը չի կարող լինել կլանի անդամ եւ մտածել սեփական բարիքների ու կարիքների մասին եւ առավելեւս Սահմանադրության երաշխավոր լինելու հանգամանքն օգտագործել այդ կարիքները հոգալու համար: Շատ պարզ, կարճ եւ կոնկրետ փիլիսոփայություն:

Հիմա հասկացա՞ք, թե Հայաստանը ինչու է այնպիսի երկիր, ինչպիսին է՛: Որովհետեւ մի գիշերվա մեջ Մոնտե Կառլոյում 3 միլիոն դոլար տանուլ տված ՊՆ նախարարը կարող է հայտնվել նախագահի նստավայրում: Նման երկիրը չի կարող երկիր լինել, որքան ուզում ես ազգի միասնության, Արարատի ճաճանչափայլ գագաթի, 5 հազարամյա մշակույթի մասին խոսես: Չի կարող, քանի դեռ Մոնտե Կառլոյի միջադեպը քաղաքական, իրավական, բարոյական գնահատականի չի արժանացել:

Հիմա կասեք` Սերժ Սարգսյանի` Մոնտե Կառլոյի կազինոյում մի գիշերվա մեջ երեք միլիոն դոլար տանուլ տալու մասին լուրն ընդամենը լրագրային մի հրապարակում է, հարյուր տոկոս չապացուցված մի փաստ: Ճիշտ է, բայց Գերմանիայում էլ է ամեն ինչ մամուլի հրապարակումից սկսվել: Եթե Հայաստանում Հաննովերի դատախազության նման դատախազություն լիներ, կպարզեր իրականությունը: Կպարզեր, թե ում հետ է եղել Սերժ Սարգսյանը, ով է Հայաստան խաբար արել, թե փողներս պրծել ա, մի հինգ միլիոն էլ ղրգեք, ով է այստեղ փողերը հավաքել, ով է ուղարկել Մոնտե Կառլո եւ ինչպես: Եթե Հայաստանում Հաննովերի դատախազության նման դատախազություն լիներ, կպարզեր, թե այդ ինչպես է պազի շոֆեր Սաշիկը մի քանի տարվա մեջ միլիոնատեր դարձել, ինչպես է փեսա Միշիկը միլիոնատեր դարձել, ինչպես է ձեռք բերել Հայաստանի հեռուստաընկերությունների կեսը:

Եթե Հայաստանում Հաննովերի դատախազության նման դատախազություն լիներ, կպարզեր, թե այդ որտեղից Ռոբերտ Քոչարյանին այդքան փող, որ գնում աֆրիկաներում սաֆարիներ է անում: Այդ ինչպես է Սեդրակ Քոչարյանը բաժնեմաս ձեռք բերել «Տոյոտա Արմենիա» ընկերությունում, կհետաքններ, թե որքանով են իրականությանը համապատասխանում տարբեր ընկերություններ Քոչարյաններին պատկանելու մասին լուրերը, կպարզեր, կճշտեր, իրավական գնահատական կտար Պողոս Պողոսյանի սպանությանն ու Մարտի 1-ի սպանդին:

Բայց ո՞նց արվի այս ամենը, եթե Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը շրջում է մի մասնավոր ընկերության պատկանող 100 հազար դոլար արժողությամբ մեքենայով ու վրան էլ կեղծ համարներ է կպցրել: Գերմանիայի նախագահի արձակուրդն են վճարել, ՀՀ գլխավոր դատախազին ավտո են առել: Ոստիկանության պետը որտեղի՞ց է քշում 150 հազար դոլարանոց մեքենա: Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը ո՞նց է միլիոնատեր դարձել: Գերմանացիք կասկածում են, որ Քրիստիան Վուլֆը հավասար աչքով չի նայի բոլոր գործարարներին, եւ նրանք, ովքեր վճարել են իր արձակուրդը` արտոնություններ կստանան: ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը կանկրետնի բիզնես ունի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Ու իր ենթակաները գնում ստուգում են իր կոնկուրենտներին:

«Անօրէն ազգն առաջնորդ չի գտնի, իսկ ով պահում է օրէնքը, նա երանելի է»։

Լրատվական թողարկումները ավետում են. Գյումրիի քաղաքապետը 144 հազար դոլարը փոխանցել է, որ ազգս գնի Թումանյանի Թիֆլիսի տունը: Արա, դուք ձեռ ե՞ք առնում մեզ: Արա, Գյումրիի քաղաքապետին որտեղի՞ց 144 հազար դոլար: Արա, դուք իրա դեմքին նայել ե՞ք, իրա խոսացածը լսել ե՞ք: Արա, կարելի՞ է էսպես անարգել Հովհաննես Թումանյանին:

Հ.Գ. Նախագահ Վուլֆի հրաժարականին հանգեցրած սկանդալի կարեւորագույն դետալներից մեկն էլ այն էր, որ նա զանգահարել էր գերմանական թերթերից մեկի խմբագրին եւ պահանջել չտպագրել գործարարների հետ իր ունեցած կապերի մասին նյութը: Հիշեցնում եմ, որ վերջերս էլ ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանի մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանն էր զանգահարել epress.am եւ պահանջել հանել Սեյրան Օհանյանի քնելը ԱԺ-ում պատկերող տեսանյութը: Քրիստիան Վուլֆը հրաժարական տվեց, իսկ Դավիթ Կարապետյանն ու իրա շեֆը մնում են իրենց պաշտոններում: Գիտե՞ք` ինչու: Որովհետեւ Քրիստիան Վուլֆը Ղարաբաղի պատերազմի հերոս չէ, իսկ Սեյրան Օհանյանը Ղարաբաղի պատերազմի հերոս է: Դավիթ Կարապետյանն էլ է հերոս, Սեյրան Օհանյանի շոֆերն էլ ա հերոս, ախրաննիկն էլ ա հերոս: Սաղ հերոս են: Եւ ի դեպ, հերոս Սեյրան Օհանյանի հերոս մամուլի քարտուղարը մի քանի ամիս է չի պատասխանում մեր թղթակցի այն հարցին, թե ի՞նչ ծագում ունի Սեյրան Օհանյանին սպասարկող 120-150 հազար դոլար արժողությամբ «Լեքսուսը»: Լավ է անում, որ չի պատասխանում. որովհետեւ հայ ժողովուրդը հաղթել է Ղարաբաղի պատերազմում, իսկ Ֆաշիստական Գերմանիան ջախջախվեց հայոց Թամանյան դիվիզիայի տանկերի թրթուրների ներքո, եւ սովետահայ զինվորը քոչարի պարեց Ռայխստագի պատերի տակ, այն շենքի պատերի տակ, որի ներսում Քրիստիան Վուլֆը կարդաց իր հրաժարականի տեքստը:

նկարում` ձախից այն տունն է, որ Քրիստիան Վուլֆը Ներքին Սաքսոնիայի վարչապետ եղած ժամանակ գնել է` ծանոթ գործարարից արտոնյալ վարկ վերցնելով: Աջից` Սեյրան Օհանյանի ավտոն է:

Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.