> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԶԱՐԹՆԻ՛Ր, ԼԱ՜Ո, ՄԵՌՆԻՄ ՔԸԶԻ…

ԶԱՐԹՆԻ՛Ր, ԼԱ՜Ո, ՄԵՌՆԻՄ ՔԸԶԻ…

Երեկ համացանցում թափառելիս «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանի «Մի խոցեք հերոսների ինքնասիրությունը» հոդվածը կարդացի ու, ճիշտն ասած, ապշեցի: Աչքերիս չէի հավատում, որ կարդում եմ այն, ինչ կարդում եմ, որովհետեւ եթե դա գրած լիներ մի լրագրող, ով գլուխ է գովում 55 տարվա աշխատանքային ստաժով եւ նրանով, որ «Սովետական Հայաստան» թերթում ագիտպրոպագանդայի բաժնի վարիչի տեղակալ է աշխատել, կհասկանայի: Բայց որ մեր սերնդի մարդը, ով հաստատ չի համաձայնի իշխանական քարոզչի իմիջին, ով փորձում է ներկայանալ որպես եվրոպական արժեքների ջատագով, ընդհուպ մինչեւ Հայաստան-ՆԱՏՕ ինտեգրացիայի կողմնակից` նման բան կգրի, չէի հավատա:

Իսկ հոդվածը վերաբերում է օրեր առաջ համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ երեւում է, թե ինչպես է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քնել խորհրդարանի դահլիճում, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Թադեւոսյանը, ահա, քննադատում է տեսանյութը տեղադրած կայքին: Ու նրա այդ հոդվածում էնքան կասկածելի թեզեր կան, որ դժվար եմ կողմնորոշվում, թե որը մեջբերեմ: Գլուխգործոցների գլուխգործոցը, սակայն, կարծում եմ, հետեւյալն է. «Բայց եթե հոգնած մարդու աչքը մի պահ կպնում է, մի՞թե դա հրապարակման թեմա է: Նորից եմ ուզում հարցնել` ո՞րն է այս նյութի օգտակար գործողության գործակիցը: Սովորական, ոչ թե լրագրողական, էթիկան պահանջում է քնած մարդուն չպատկերել: Դա չգրված օրենք է»,- գրում է Թադեւոսյանը:

Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում, որ այդպիսի օրենք կա, թեկուզ չգրված, որ քնած մարդուն չի կարելի պատկերել: Հա, ինչ խոսք, եթե մարդը քնած է իր բնակարանում, գետինը մտնի նրան պատկերողը: Բայց եթե նախարարը քնել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ` ԱԺ դահլիճում, մի քիչ լավ չեմ հասկանում, լրագրողը պետք է զանգեր խմբագրությունից աձյա՞լ ուզեր` Սեյրան Օհանյանի վրա գցելու համար: Եւ հետո, էդ ո՞վ է ասել, որ Օհանյանը հոգնած լինելու պատճառով է քնել: Որեւէ մեկը էքսպերտիզա արե՞լ է` նախարարը հոգնա՞ծ էր, թե, ասենք, կերած-խմած: Եթե անկեղծ ասեմ, ինքս երկրորդ տարբերակին եմ ավելի շատ հավատում եւ պատրաստ եմ այս դիրքորոշման համար պատասխանատվություն կրել օրենքի ողջ խստությամբ, որ համարձակվում եմ կասկածի տակ առնել հերոսի հերոսական քնի ծագումնաբանությունը: Չէ՞ որ հերոսները քնում են միայն ազգի դարդերի կրման բեռի հարուցած հոգնածությունից, հաց չեն ուտում, զուգարան չեն գնում, սնվում են բացառապես երկնային մանանայով:
Էս տողերը գրում եմ Թադեւոսյանի տեքստից ոգեշնչված, որովհետեւ «Մեդիամաքսի» տնօրենը Սեյրան Օհանյանի մասին տեսանյութի անթույլատրելիությունը բացատրում է նաեւ նրանով, որ Օհանյանը պատերազմի ժամանակ ծանր վերքեր ստացած հերոս է, եւ նրան չի կարելի այդպես ներկայացնել: Տեղ հասանք: Իսկ գուցե օրե՞նք ընդունենք այն մասին, որ պատերազմի հերոսներին Ազգային ժողովի եւ կառավարության նիստերի դահլիճում ոչ թե աթոռ է հասնում, այլ կոյկա՞ ամբողջական թաշախուստով, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Օհանյանը ոչ միայն Ղարաբաղյան, այլեւ երեւանյան պատերազմի հերոս է. այդ նա էր հեռուստաէկրաններից հոխորտում, որ եթե քաղաքացիները երկուսից ավելի խմբերով հավաքվեն Երեւանի փողոցներում, իր զորքը միջոցներ կձեռնարկի: Եւ թերեւս այս ճակատամարտից հետո է Օհանյանը մանկան պես քնելու հատկություն ձեռք բերել եւ այդ հատկությունը չի կարողանում հաղթահարել նույնիսկ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված արարողության ժամանակ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Vardges Gaspari
    Մարտ 5th, 2012 at 00:28 | #1

    Նիկոլ Փաշինյանը ԼՐԱԳՐՈՂ է.

  1. No trackbacks yet.