> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՏՈՆ, ՈՐ ՀՐԱԶԴԱՆՑՈՒՆԸ ՉԷ

ՏՈՆ, ՈՐ ՀՐԱԶԴԱՆՑՈՒՆԸ ՉԷ

Հրազդանի քաղաքապետի` կիրակի օրը կայացած ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` 13 հազար 79 ձայնով քաղաքապետ է ընտրվել հանրապետական Արամ Դանիելյանը: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը ստացել է 11 հազար 506 ձայն: Քվեարկությանը մասնակցել է 25 հազար 480 ընտրող:

Հրազդանի քաղաքապետի ընտրությունների օրն անցկացրի 25/16 ընտրական տեղամասում (թիվ 5 դպրոց), որպես Սասուն Միքայելյանի վստահված անձ: Դա Ջրառատ թաղամասն է, որ Հրազդանի վարչական տարածքի մեջ մտած գյուղ է:

Ընտրական վիճակագրությունը մեր տեղամասում այսպիսին էր. ցուցակներում ընդգրկված էր 1890 ընտրող, քվեարկությանը մասնակցեց 1353 ընտրող, ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ. Արամ Դանիելյան` 656 ձայն, Սասուն Միքայելյան` 653 ձայն: 44 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր: Քվեարկության ընթացքում աղաղակող միջադեպեր չարձանագրվեցին:

Մի բացահայտում եղավ. 2011թ. նոյեմբերի 18-ից հետո Հրազդանում հաշվառված երկու հոգի (ամուսիններ) ընդգրկվել էին ընտրական ցուցակում (ինչը արգելվում է օրենքով), եկել էին ընտրատեղամաս, գրանցվել ընտրողների մատյանում, եւ ուր որ է պետք է քվեարթերթիկ ստանային, սակայն ՏԸՀ անդամներից մեկը, ով Սասուն Միքայելյանի թիմից էր, արձանագրեց փաստը եւ ամուսիններին թույլ չտվեց քվեարկել: Հաջորդ խնդիրն այն էր, որ ժամը 12.30-ից սկսած` մարդիկ տեղամաս մտնելու համար պետք է հերթ կանգնեին, որովհետեւ հոսքը այնքան մեծ էր, որ հսկայական կուտակումներ էին առաջանում: Մի պահ իրավիճակն այնքան լարվեց, որ կարգ պահող ոստիկաններն ու հերթի մեջ կանգնած ընտրողները իրար հետ բղավելով էին խոսում, հրմշտոց էր առաջանում ու նեղսրտություն: Ընտրողները ստիպված էին երբեմն ժամ-ժամուկես սպասել քվեարկելու իրավունքին արժանանալու համար: Եւ այս պայմաններում միշտ չէ, որ հնարավոր էր լինում պահպանել Ընտրական օրենսգրքի այն դրույթը, որ քվեարկության սենյակում միաժամանակ չեն կարող լինել 15 ընտրողներից ավելի: Հընթացս այս հարցն էլ կարգավորվեց, բայց հերթը պահպանվեց մինչեւ 19.40-ի կողմերը` տեղամասի դռները փակվելուց 20 րոպե առաջ: Օրվա ընթացքում մեզ մտահոգող կանխատեսումը, թե կլինեն մարդին, ովքեր չեն հասցնի քվեարկել, չիրականացան:

25/16 տեղամասում ըստ էության ընտրողների ռեկորդային մասնակցություն ապահովվեց: Արդեն ասացի, որ ցուցակներում 1890 մարդ էր ընդգրկված, բայց տեղացի լավատեղյակները` իշխանական շրջանակներից, ասում էին, որ մոտ 400 հոգի քվեարկության օրվա դրությամբ բացակայում են հանրապետությունից: Ստացվում է, որ քվեարկությանը մասնակցել է ներկաների գրեթե հարյուր տոկոսը: Եթե գյուղ չլիներ, կմտածեի, թե ուրիշ տեղից կեղծ անձնագրով մարդիկ են բերել, բայց Սասուն Միքայելյանի տեղացի վստահված անձանց անընդհատ հարցնում էի` ճանաչու՞մ են քվեարկողներին, հաստա՞տ իրենց գյուղացի են, եւ ստանում դրական պատասխան: Մեկ-երկու հոգու հետ կապված կասկած եղավ, բայց կարծես փարատվեցին այդ կասկածները: Մեկ էլ` վերը նշված ամուսիններն էին, որ իրենց ասելով Ջրառատ էին տեղափոխվել վերջերս:

Բայց որ մասնակցությունը ռեկորդային է լինելու, հասկանալի էր օրվա ընթացքում, որովհետեւ ընտրական տեղամաս էին բերվում մարդիկ, ովքեր սովորական պայմաններում չպիտի բերվեին: Այսպիսի ամենացնցող օրինակը մոտ 70-ամյա մի տղամարդ էր, ով տեղամաս մտնելով սկսեց արցունքն աչքերին պատմել, որ իրեն ընտրության են բերել հիվանդանոցից, ըստ էության` վերակենդանացման բաժանմունքից: Իր ասելով, ընդամենը երկու օր առաջ է վիրահատվել, բայց իրավիճակն այնպիսին էր, որ պիտի գար ընտրության: Քվեաթերթիկ ստացավ, անցավ ընտրական խցի ետեւը եւ խցի վրայից սկսեց հարցուփորձ անել, թե ոնց պետք է քվեարկի: Հանձնաժողովի անդամներից մեկը բացատրեց, որ երկու թեկնածու կա քվեաթերթիկում, առաջինը Արամ Դանիելյանը, երկրորդը Սասուն Միքայելյանը, եւ ում ուզում է ձայն տալ, նրա անվան դիմացի վանդակում պետք է նշան անի: Ու մինչ կհասցներ ասել, որ նշանը v-աձեւ պետք է լինի, մարդը արդեն ինչ-որ սխալ նշան էր դրել եւ սրանից ավելի սրտնեղեց: Նրան բացատրեցինք, որ սխալի դեպքում կարելի է նաեւ նոր քվեաթերթիկ ստանալ: Նա քվեաթերթիկը բաց-բաց պարզեց հանձնաժողովի անդամին, եւ ես տեսա, որ նշանը դրել է Արամ Դանիելյանի անվան դիմաց:

Երբ գիշերն անց վերադարձա Սասուն Միքայելյանի շտաբ, ու տղերքն ինձ ասացին, որ Արամ Դանիելյանը հաղթանակի կապակցությամբ հրավառություն է արել, ես քար կտրեցի: Այդ մարդիկ չեն հասկանում, որ այս եւ այսօրինակ ընտրություններով ավելի են խորացնում ատելությունն իրենց նկատմամբ: էջ 1

Մահամերձ կամ վիրահատված մարդուն տեղամաս բերելը, էդ նվաստացման ճանապարհով անցկացնելը ախր չի կարող անհետեւանք մնալ: Էդ վիրահատված մարդուն որ ընտրական տեղամաս են բերել, ձեր կարծիքով` ինչպե՞ս են բերել: Նրա անօգնական վիճակից են օգտվել, մի բան խոստացել են, մի փաստարկով պարտադրել: Էդ մարդու ընտանիքը որքան էլ հնազանդորեն գա քվեարկի, հետո ո՞նց կարող է չատել իրեն քվեարկության գնալ պարտադրածին: Եւ սա միակ դեպքը չէր. տատիկներ, պապիկներ, ովքեր ակնհայտորեն լավ վիճակում չեն, ովքեր դժվարանում են երկու բառ ասել, բերվում էին ընտրական տեղամաս, այստեղ հայտարարում, որ ի վիճակի չեն ինքնուրույն քվեարկել եւ քվեարկում էին ուղեկցող թոռնիկների կամ որեւէ այլ անձի օգնությամբ` ԿԸՀ սահմանած կարգով: Թող ներվի ինձ այս արձանագրումը, բայց տեղամաս էին բերվում մտավոր թույլ կարողություններ ունեցող անձինք, քվեարկում էին նույն կերպ եւ քվեարկում էին, բնականաբար, Արամ Դանիելյանի օգտին: Դա իմանում էի խոսակցությունից, հաճախ նրանց ուղեկցող անձինք էլ էին շփոթվում եւ քվեաթերթիկը բաց վիճակում դուրս բերում խցիկից: Ետ էինք ուղարկում, ծրարել տալիս, բայց այդ ընթացքում տեսնում էինք նրանց ընտրությունը:

Այդ ամբողջական օրը, որ անցկացրի ընտրական տեղամասում, ինձ համար շատ բացահայտումներ արեցի, նորովի տեսա Հայաստանը կամ լսածիս մասին ամբողջական պատկերացում կազմեցի: Ինձ ցնցեց այն փաստը, որ տեղամաս եկող տղամարդկանց 70 տոկոսի անձնագրերի կրկնակազմերին, շապիկներին ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Ռուսաստանի Դաշնության զինանշանն է պատկերված, եւ վրան էլ գրված «ՀԿհհԼլհԽԸշ ՂժԺժՀԸՃԼշ» «կԸհկԿՀՁ» բառերը: Այդ մարդկանց անձնագրերի մեջ ռուսերեն ներդիրներ կային, որ առաջին անգամ էի տեսնում: Ռուսական զինանշանով շապիկ, ռուսերեն ներդիր ունեցող հայկական անձնագրերով մարդկանց հոսքը դեպի ընտրական տեղամաս, զարհուրեցնող տեսարան էր: Այդ մարդիկ վերջին շաբաթներն են ապրում Հայաստանում կամ գուցե օրերը. ուր որ է հերթական անգամ մեկնելու են Ռուսաստան, որովհետեւ ընտանիք պահելու ուրիշ տարբերակ չունեն: Հայրենիք-խոպան, խոպան-հայրենիք` այս գծի վրա նույնիսկ կարելի է շփոթվել, եւ 25/16 տեղամաս եկածներից շատերը գուցե թե վերջին անգամ են Հայաստանում մասնակցում ընտրությունների, նրանցից շատերը գնալու եւ այլեւս չեն վերադառնալու:

Երբ ինձ ասացին, որ Արամ Դանիելյանը հաղթանակի կապակցությամբ հրավառություն է արել, ուղղակի ապշեցի եւ փորձեցի հիշել` բարեկեցիկի կամ թեկուզ «միջին խավի ներկայացուցչի» հագուկապով քանի՞ հոգու եմ տեսել 25/16 տեղամասում: Մատներիս վրա կարող եմ հաշվել:
Ու եթե միջին քաղաքացու հագին նոր շոր ու կոշիկ ես տեսնում, չես կարող չնկատել, աղաղակում է այն փաստը, որ էդ կոշիկն ու էդ շորը ձեռք են բերվել անմարդկային ճիգերի գնով. դա չինական ամենաէժան շորն է, ամենաէժան կոշիկը: 25/16 տեղամասում Արամ Դանիելյանը հաղթել է` 656 ձայն է ստացել: Բայց այդ 656 քաղաքացիներից քանի՞ հոգի կա, որ Դանիելյանի հաղթանակը իրենն է համարում: Երաշխավորում եմ` 50-ից ոչ ավելի: Մնացածը քվեարկել են ոչ թե որովհետեւ իրենք են որոշել, այլ որովհետեւ ստիպված են եղել, իրենց փոխարեն ուրիշներն են որոշել: Այս պնդման ապացույցը հիվանդասենյակից տեղամաս բերված քաղաքացին էր, որ սեւացած մատներով քվեաթերթիկ ստանալիս լացում էր, որ վիրահատվել է ընդամենը երկու օր առաջ, իսկ այսօր ստիպված է ներկայանալ ընտրական տեղամաս:

Հ.Գ. Հրավառության հետ կապված եւս մեկ դրվագ. 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները, որին մասնակցում էի «Իմպիչմենտ» դաշինքի կազմում, տեղի ունեցան մայիսի 12-ին, շաբաթ օրով: Այդ ընտրություններն էլ անցան Հրազդանի ընտրությունների պես, տեսանելի ապօրինությունների ոչ այնքան մեծ չափաքանակով, եւ իշխանությունները հաղթեցին: Մայիսի 13-ին հանրահավաք էինք հրավիրել եւ պետք է գնահատական տայինք ընտրություններին, որոշեինք մեր հետագա անելիքը: Հանրահավաքն առանձնապես բազմամարդ չէր, ու ոմանք պահանջում էին չհեռանալ հրապարակից: Նման որոշում կայացնելու օբյեկտիվ հիմքեր չկային, ու երբ ազդարարեցի հանրահավաքի ավարտը, Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտից, օրը ցերեկով` սալյուտ խփեցին: Հրավառություն: Նրանց թվում էր, թե իրենց հաղթանակը վերջնական է ու անշրջելի: Դրանից ինն ամիս անց տեղի ունեցավ 2008 թվականի Մարտի 1-ը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. Narine
    Փետրվար 15th, 2012 at 15:02 | #1

    Կարդացի: Ամեն դեպքում`հուսահատված ես, քանի որ այս կռիվը միայն իշխանության հետ չէ, այլ նաև` հասարակության, այն հասարակության, որ քո իսկ հիշատակած մարտի մեկին եկել էր հեղափոխություն անելու: Այդ ձախողված հեղափոխության գինը այն ձախողողներն են սահմանել` հինգ հազար դրամ…Եվ հիմա նա այդ հինգ հազար դրամը վերցնում է, քանի որ դուք տվել եք նրան այդ հնարավորությունը` ընտրությունների տանելով նրան:

  2. Փետրվար 16th, 2012 at 12:12 | #2

    Nikol jan es tesanuyt@ vor@ texadrvace You tube um Խուլիգանություն ընտրատեղամասում.3gp entaxi et anvayel pahvacqov eritasard@ MEr banakum e carayum aveli konkret HH xaxaxapah brigadum vorpes vashti hramanatar kochumov kapitan.jishta et brigadum shat lav banimac xelaci spaner shat kan bayc de gyux chka vor shun chlini.u i dep asem ir zinvorneri mot harganq chvaelux spaya et takanq@

  3. Փետրվար 16th, 2012 at 12:13 | #3

    ha moraca asel makanunel <>

  1. No trackbacks yet.