> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱԽՏՈՒՆԳ, ԱԽՏՈՒՆԳ, ԱԽՏՈՒՆԳ…

ԱԽՏՈՒՆԳ, ԱԽՏՈՒՆԳ, ԱԽՏՈՒՆԳ…

Որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի բանակին վերաբերող հատվածը հակասահմանադրական է, ընդունում են նույնիսկ մի քանի հանրապետական պատգամավորներ: Նախօրեին առաջին ընթերցմամբ եւ կեղծված քվեարկությամբ «ընդունված» օրենքը, հիշեցնեմ, արձանագրում է, որ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կարելի է օգտագործել բանակը` Զինված ուժերը: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետում հստակ արձանագրված է, թե որ դեպքերում կարելի է զինված ուժերի օգտագործման մասին որոշում կայացնել. Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում: Զինված ուժերի օգտագործման որեւէ այլ դեպք ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում: Իսկ Սահմանադրության 8.2 հոդվածն արձանագրում է, որ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն:

Այս ամենը, փաստորեն, սերժանտական իշխանությունը դեն է նետում եւ օրենքով սահմանում, որ Հայոց բանակը կարող է դառնալ ներքաղաքական պայքարի գործիք, բնականաբար` գործող իշխանության, գործող նախագահի ձեռքում: Սերժ Սարգսյանը, հասկանալիորեն, մտածում է իշխանությունը պահելու մասին: Այդ իշխանության հանցավոր բնույթը նրան ինքնակամ հեռանալու հնարավորություն չի տալիս, իսկ քաղաքական եւ քաղաքացիական մեթոդներով իշխանություն պահելու մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ նրա անձնական եւ նրա թիմի քաղաքական հեղինակությունը զրոյացած է, գործող իշխանությունը Հայաստանում չունի քաղաքացիական հենարան եւ ուրեմն կարող է հենվել միայն ուժի, ռեպրեսիայի, ուժային կառույցների վրա:

Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, սափրագլուխներն էլ Սերժ Սարգսյանին քիչ են թվում, եւ ահա ներքաղաքական պայքարի իր գործիքակազմում տեղավորում է նաեւ բանակը, որովհետեւ 2008 թվականին միայն բանակի կիրառումն էր, որ իրեն հնարավորություն տվեց հայտնվել Բաղրամյան 26-ում: Բայց բանակի ներքաշումը ներքին կյանքին վերաբերող ոլորտներ` չի կարող դիտվել զուտ իրավական, քաղաքական, քաղաքացիական հարթության մեջ, չնայած սրանք էլ առանցքային նշանակություն ունեն: Պակաս կարեւոր չէ, սակայն, այն փիլիսոփայական, գաղափարաբանական փոփոխությունը, որ իր հետ բերում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը:

Նորմալ երկրներում, նորմալ բանակների համար հայրենիքը թիկունք է, զինվորը մեջքով է կանգնած դեպի հայրենիքը, նրա հրացանի փողերը նայում են հայրենիքին հակառակ ուղղությամբ: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը` առաջինը դե ֆակտո, երկրորդը, ահա, դե յուրե, փոխում են այս իրողությունը` հայրենիքը բանակի համար դարձնելով ճակատ: 2008 թվականի Մարտի 1-ին Երեւանի փողոցները ճակատ դարձան Հայոց բանակի համար, Հայոց բանակի զինվորը ոչ թե մեջքով, այլ դեմքով էր կանգնած դեպի սեփական հայրենիքը, նրա հրացանի եւ տանկերի փողերը ոչ թե թշնամուն էին նայում, այլ սեփական հայրենակիցներին, սեփական տանը, սեփական դպրոցին ու համալսարանին:

Սա մի փոփոխություն էր, սա մի փոփոխություն է, որ Հայաստանը դնում է ասիական տիպի կլանային բռնապետություն դառնալու անշեղ ճանապարհի վրա: Հայաստանն այսպիսով ոտք է դնում այն ուղու վրա, որի վերջում գտնվում է Սիրիայի Հանրապետությունը, որտեղ տանկերը կրակում են սեփական քաղաքացիների բնակարանների վրա: Էական չէ` ինչ հիմնավորմամբ. սիրիացու զինանշանով բանակը կրակում է սիրիացու վրա` ստիպելով կամ պատասխան կրակ բացել, կամ էլ համակերպվել սեփական երկրում ռազմագերի լինելու կարգավիճակին:

Հայոց բանակն, այսպիսով, նաեւ դե յուրե դառնում է Սերժի եւ նրա կլանի բանակ, որովհետեւ եթե Սերժը կեղծի ընտրությունները, եւ քաղաքացին դուրս գա փողոց, գեներալ Հայկազ Բաղմանյանի ստորաբաժանումները կօկուպացնեն Երեւանի փողոցները, ինչպես 2008 թվականի Մարտի 1-ին գեներալներ Վովա Գասպարյանի եւ Սեյրան Օհանյանի ստորաբաժանումները օկուպացրին Երեւանի փողոցները, եւ երկու գեներալները պաշտոնի բարձրացումներ ստացան արդյունքում: Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի բանակը հանեց Հայաստանի ժողովրդի դեմ, Սերժ Սարգսյանը արձանագրում է Հայաստանի բանակը Հայաստանի ժողովրդի դեմ հանելու իր իրավունքը: Սերժ Սարգսյանը Հայոց բանակի եւ Հայաստանի ժողովրդի բախում է ձեւակերպում, եւ այս բախումից խուսափելու մեն մի տարբերակ կա. Հայաստանի ժողովուրդը պետք է վռնդի Սերժ Սարգսյանին եւ իր ձեռքն առնի բանակի հրամանատարությունը: Ուրիշ տարբերակ չկա: Ուրիշ տարբերակը Սիրիան է: Իսկ մենք պայքարում ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանի համար:

Հ.Գ. Ուշադրություն դարձրեք հետեւյալ փաստի վրա. Սերժ Սարգսյանը միջազգային հանրությանը խոստանում է Հայաստանում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել եւ Հայաստանում քննարկման է դնում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծ: Սա ոչ թե ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների նախապատրաստվողի գործելակերպ է, այլ խոստովանություն, որ քաղաքական ծագմամբ արդեն այս իշխանությունը չի կարող անցկացնել ազատ ընտրություններ: Ազատ ընտրություններ անցկացնողը նախ ԸՕ-ում փոփոխություններ անելու ընդդիմության փաթեթը կքննարկեր, պայմաններ կստեղծեր ժողովրդի ազատ կամարտահայտման համար: Եթե ընտրությունները Հայաստանում ազատ անցնեն, արդար եւ թափանցիկ, երկրում արտակարգ դրություն հայտարարելու կարիք չի լինի: Իսկ եթե իշխանությունը չունի ժողովրդի ազատ կամարտահայտումը թույլ տալու քաղաքական կամք, արտակարգ դրությունն ու գեներալ Բաղմանյանը մնում են քաղաքական պայքարի ամենանախընտրելի միջոցները: Քաղաքացին, սակայն, վստահաբար ընդունելու է այս մարտահրավերը, որովհետեւ հասել է այն եզրագծին, երբ կորցնելու ոչինչ չունի, բացի Հայկազ Բաղմանյանի ջիփերից:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.