> ՀՈԴՎԱԾՆԵՐ > «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2012 թվականի փետրվարի 4-ին Հայաստանի ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որով փորձել է արդարացնել «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի համասեփականատեր Հայկ Գեւորգյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած ապօրինությունները: «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի հիմնավոր փաստեր, ոստիկանական տեսանյությում բերվող պնդումները կեղծ եւ շինծու որակելու համար:

1.Ոստիկանության տեսանյութում սպիտակ խալաթով ինչ-որ անձնավորություն պնդում է, որ հիվանդ Աշոտ Ֆրանգուլյանին (տվյալ գործով «տուժող») «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ:

- «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի ձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը պատմում է, որ հունվարի 13-ին, Հայկ Գեւորգյանի հետ խոսակցությունից հետո, ինքը նստել է «մոտակա բորդյուրին եւ գլուխը տվել է պատին»:

2. Ոստիկանության տեսանյութում սպիտակ խալաթով նույն անձնավորությունը պնդում է, որ Աշոտ Ֆրանգուլյանի մոտ ախտորոշվել է ձախ ստորին վերջույթի դրսային պճեղի ոչ լրիվ կոտրվածք, որը հաստատվել է ռենտգեն նկարահանումներով:

- «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի ձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը ներկայացնելով նախապես բեմադրված, բայց Հայկ Գեւորգյանի զգոնության շնորհիվ չկայացած «վրաերթ-միջադեպի» իր վարկածը, ասում է, որ իրեն հպվել է Հայկ Գեւորգյանի վարած «Նիվա» ավտոմեքենայի «շիթը», եւ «հարվածը» եղել է ոչ ուժեղ: «Նիվա» ավտոմեքենայի «շիթը» (պաշտպանիչ վահանակ) գետնից բարձր է մոտ կես մետր, իսկ մարդկանց պճեղը գետնից բարձր կարող է լինել առավելագույնը տասը սանտիմետր: Այս փաստը անառարկելիորեն ապացուցում է, որ Հայկ Գեւորգյանի վարած ավտոմեքենան չէր «կարող» որեւէ կերպ տուժողին պատճառել «ձախ ստորին վերջույթի դրսային պճեղի ոչ լրիվ կոտրվածք», առավելեւս` ոչ շատ ուժեղ հարվածի պարագայում:

- Մեր խնդրանքով իրավիճակը մեկնաբանած մասնագետները տարակուսանք են հայտնել ոստիկանության տեսանյութի սպիտակ խալաթավոր անձի օգտագործած «ոչ լրիվ կոտրվածք» արտահայտության կապակցությամբ: Կոտրվածք կամ լինում է, կամ չի լինում:

- «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի աուդիոձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը, չորս օր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվելուց հետո ասում է, որ որեւէ կոտրվածք չունի:

- «Հայկական ժամանակ» օրաերթը ունի ձայնագրություն, որտեղ Աշոտ Ֆրանգուլյանն ասում է, որ Հայկ Գեւորգյանի վարած ավտոմեքենան մեկ անգամ է իրեն դիպել:

3. Ոստիկանության տեսանյությում, ինչպես նաեւ այս ընթացքում հնչած ոստիկանական մեկնաբանություններում կա պնդում, թե մինչեւ Հայկ Գեւորգյանին հայտնաբերելը ոստիկանությանը հայտնի չի եղել նրա ինքնությունը, մասնագիտական գործունեության բնույթը:

- «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի աուդիոձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը դեռ 2012թ. հունվարի 17-ին ասում է, թե լսել է, որ «այդ մարդը» (նկատի ունի Հ. Գեւորգյանին) լրագրող է:

- ՀՀ ոստիկանության քննչական վարչության պետ Արսեն Այվազյանը, հունվարի 13-ի բրիֆինգում հայտարարել է, թե «Հայկ Գեւորգյանի կողմից վրաերթ կատարելու հանգամանքը հիմնավորվել է հունվարի 23-ին կատարված լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրությամբ»: Ոստիկանությունը դեռ պետք է պարզաբանի, թե վովա-պինկերտոնյան այդ ինչ մեթոդոլոգիայով է առաջնորդվում, որը կարողանում է ձեռքբերել անհայտ անձի լուսանկար, եւ դրանով իրականացնել ճանաչում:

- Վերը նշված փաստերը վկայում են, որ ի սկզբանե թե Աշոտ Ֆրանգուլյանը, թե ոստիկանությունը իմացել են, թե ով է նստած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ղեկին:

4. Ոստիկանական տեսանյութում խոսվում է, ոստիկանությանը հայհոյելու միջոցով մահամերձ վարկանիշ փրկելու ջանքի մասին:

ՀՀ ոստիկանությունը, այսպիսով, խոստովանում է, որ իրեն եւ իր ղեկավարին հայհոյելը կարող է կենդանացնել նույնիսկ մահամերձ վարկանիշեր: Սա, թերեւս, ՀՀ ոստիկանության գործունեության եւ նրա պետին անձի լավագույն գնահատականն է: Ինչ վերաբերում է վարկանիշերին, ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանին խորհուրդ ենք տալիս մտահոգվել սեփական շեֆի վարկանիշով, որը կարծում ենք շատ փոքր է զիջում Հայկ Գեւորգյանի գործով որպես «տուժող» անցնող Աշոտ Ֆրանգուլյանի վարկանիշին:

5. 2012 թվականի փետրվարի 3-ի իմ ասուլիսում հնչած մտքերի` ոստիկանական տեսանյութում առկա բրեժնեւյան աղավաղումներին անդրադառնալը համարում եմ ավելորդ: Սրա վերաբերյալ յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն հետեւություններ անել` իմ ասուլիսի ամբողջական տեսաձայնագրությունը դիտելով:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
05.02.2012

Ծանոթագրություն - Հայտարարության մեջ հիշատակված աուդիոձայնագրությունները 2012 թվականի փետրվարի 5-ին, ժամը 16.00-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ներկայացվել են լրագրողներին:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,