> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄՔԻՆ ԵՐԿՐՊԱԳԵԼԻՍ

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄՔԻՆ ԵՐԿՐՊԱԳԵԼԻՍ

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության Նովակ Ջոկովիչ-Ռաֆայել Նադալ եզրափակիչը գերազանցեց բոլոր սպասելիքները եւ դուրս եկավ զուտ մարզական իրադարձության շրջանակներից: Դա ոչ թե թենիսի հանդիպում էր, այլ մի յուրօրինակ պատում` մարդկային կամքի մասին: Ջոկովիչն ու Նադալը կորտում անցկացրին շուրջ վեց ժամ, եւ այդ վեց ժամվա ընթացքում, մինչեւ վերջին րոպեները, չկար հստակություն, թե ում է բաժին հասնելու հաղթանակը: Շուրջ վեց ժամ տեւած հանդիպումն էլ անկայուն էր` մարտ ամսվա նման. երրորդ սեթից հետո թվում էր, թե ահա Ջոկովիչը ջարդել է հակառակորդին եւ հաջորդ պահին կհաղթի առանց դժվարության: Բայց տպավորությունը սխալ էր, Նադալը չհանձնվեց, վերականգնեց դիրքերը եւ ստացավ հոգեբանական առավելություն: Սրանից հետո թվում էր արդեն, թե Ջոկովիչը չի կարողանա հաղթահարել հաղթանակը բաց թողածի հոգեբանական ճնշվածությունը: Դեմքից, կեցվածքից, շարժուձեւից, խաղից երեւում էր, թե հուսահատված է եւ հանձնված, բայց այս տպավորությունն էլ սխալ դուրս եկավ: Հետո հաղթանակի վստահելի շանսը ձեռքից բաց թողեց Նադալը, ու թվում էր` կկոտրվի վերջնականորեն: Բայց այսպես չստացվեց, ու մինչեւ խաղի վերջին վայրկյանը ոչ ոք չէր կարող ասել, թե ինչով է ավարտվելու այդ եզրափակիչը: Ի վերջո, հաղթեց Ջոկովիչը, բայց Նադալը չպարտվեց: Նադալը պարտվեց սպորտային իմաստով, բայց պարտվեց որովհետեւ թենիսի կանոններն են այդպիսին. ոչ ոքի չկա, մեկնումեկը պետք է հաղթեր, եւ հաղթեց Ջոկովիչը: Բայց հաղթողը, մեծ հաշվով, մարդկային կամքն էր:

Խաղի մեկնաբանները, հանդիսատեսը, ես ինքս, որ տանը նստած էի բազմոցի մեջ, ինչ-որ իմաստով հոգնել էի արդեն, որովհետեւ վեցուկես-յոթ ժամը` հեռուստացույցի առաջ նստած, հոգնեցուցիչ է իսկապես: Եւ հեռուստաէկրանին նայելով` ինքս ինձ հարց էի տալիս. ինչն է այս երկու տղաներին ստիպում խաղահրապարակի վրա լինել անսասան, չլխկել, չփլվել, չնվնվալ, օգնություն չաղերսել: Ինչն է նրանց ետ պահում հանձնվելու, թողնել հեռանալու` երբեմն այդքան գայթակղիչ թվացող որոշումից, այն պայմաններում, երբ ակնհայտորեն սպառված են մարդկային օրգանիզմի բոլոր հնարավորությունները, ամբողջ էներգիան, եռանդը: Գիտեմ, որ ընթերցողներից շատերին այս հարցի պատասխանը դյուրին կթվա:

Փողը - կասեն ոմանք, որովհետեւ Australian open-ի հաղթողը պետք է ստանար 2 միլիոն 270 հազար դոլար: Բայց սա չի կարող լուրջ փաստարկ համարվել, որովհետեւ պարտվողն էլ մեկ միլիոն 130 հազար դոլար պիտի վաստակեր: Ջոկովիչը կարիերայի ընթացքում 33 միլիոն դոլար է վաստակել, Նադալը` 45 միլիոն: Նրանք հիմա այնքան գովազդային պայմանագրեր ունեն, որ մի միլիոն էսկողմ, մի միլիոն էնկողմ` ոչինչ չի որոշում:

Կարիերան - պատասխանի տարբերակ կառաջարկեն ուրիշները: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ պարտվելու դեպքում էլ Ջոկովիչը շարունակելու էր մնալ աշխարհի թիվ մեկ ռակետ, Նադալն էլ պարտվելու դեպքում մնալու էր աշխարհի թիվ երկրորդ ռակետ եւ գիտեր` նույնիսկ հաղթանակը վարկանիշային աղյուսակում բան չի փոխելու իր համար:
Ինչը, ի՛նչն էր ուրեմն էս տղաներին ստիպում վեց, յոթ ժամ կանգնած մնալ իրենց դիրքում եւ չմտածել անգամ պայքարից հրաժարվելու մասին: Դա թերեւս կամքն է, մարդկային կամքը, որեւէ բանի նվիրված լինելու նրանց ներքին խոստումը եւ համոզվածությունը, որ չի կարելի խոստմնազանց լինել ինքդ քո առաջ:

Պարտավորությունը, հպարտ լինելու անբեկանելի մղումը, հպարտություն ներշնչելու անդիմադրելի ցանկությունը, հպարտություն ներշնչելու պարտավորության գիտակցումը, մի ընկերոջ, մի դասարանցու, մի հարեւանի, մի սիրած աղջկա, մի հարազատի առաջ չնահանջածի կեցվածքով կանգնելու կենսական անհրաժեշտությունը: Մի ընկերոջ, մի հարազատի, մի սիրած աղջկա, մի ժողովրդի աչքերում նախկինում չեղած մի նոր հայացք ստեղծելու առաքելության զգացումը:

Սա իսկապես մարդկային կամքի բացառիկ դրսեւորում էր: Ջոկովիչ-Նադալ խաղը դիտելիս Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերն» էի հիշում ու փորձում հասկանալ, թե արդյոք մեր ընթացիկ իրականության մեջ մարդկային կամքի այսօրինակ դրսեւորումներ եղե՞լ են: Թերեւս, միայն Ղարաբաղյան պատերազմը: Ղարաբաղյան պատերազմից հետո մարդկային կամքի հաղթանակ Հայաստանում չի արձանագրվել: Եղել են առանձին դրվագներ, առանձին պատմություններ, բայց դրանք ավարտին չեն հասել, իրական հաղթանակով կամ իրական պարտությամբ չեն պսակվել եւ ուրեմն` լեգենդ չեն դարձել, լեգենդ չեն ծնել: Ուրեմն` չեն եղել ի սկզբանե: Հիմա գուցե, ընթացիկ շրջանում կան դրվագներ, որ կարող են դառնալ մարդկային կամքի տրիումֆի մասին պատմող լեգենդներ: Իսկ կդառնան, թե ոչ, կախված է այդ պոտենցիալը կրող մարդկանց կամքից, դրա գոյությունից կամ բացակայությունից: Կախված է նրանից, թե որքանով կընթերցվեն Հրանտ Մաթեւոսյանի հետեւյալ տողերը. «Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ՝ չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի - տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն. տղամարդու պես մի անգամ կանգնեք,՝ թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք՝ ձեզ թող զոռով կոտրեն - մյուս անգամ տեսնեմ կոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»:

Նադալ-Ջոկովիչ եզրափակիչը դիտելիս ես երկրպագում էի մարդկային կամքը: Հավատում եմ, որ մարդկային կամքը դեռ կենդանի է Հայաստանում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.