> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵԹԵ ԱՊՊԱ, ԱՊԱ ՊԱՊԱ

ԵԹԵ ԱՊՊԱ, ԱՊԱ ՊԱՊԱ

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը երեկ կանգնեցրել է մեր թղթակցի ավտոմեքենան եւ նրանից հարցրել, թե ինչու ԱՊՊԱ չունի: Թղթակիցը ասել է, որ ունի, պարզապես պահում է մեքենայի դարակում: «Բա ինչու՞ չես կպցնում»,- հարցրել է ոստիկանը: «Լավ եմ անում»,- պատասխանել է թղթակիցը: «Ոնց թե` լավ ես անում»,- զարմացել է ոստիկանը: «Բա ՀՀ ոստիկանապետն ինչու՞ չի կպցնում»,- հակադարձել է թղթակիցը: «Անպայման կպցրու»,- հորդորել է ոստիկանը: «Չեմ կպցնելու` մինչեւ ոստիկանապետ Վովա Գասպարյանը չկպցնի»,- պատասխանել է թղթակիցը: Այս պատմությունից հետո եկել էր խմբագրություն` սիրտը կախ: Կասկածում էր` ճի՞շտ է արել, թե ոչ: «Եթե օրինապահ քաղաքացի ենք, առաջինը մենք, չէ՞, օրենքը պիտի պահենք»,- հարցնում էր նա:

Այո, իհարկե, եթե օրինապահ քաղաքացի ենք, եթե օրենք ենք քարոզում, առաջինը մենք պետք է օրենքը պահենք: Ու մեր թղթակցին ասացի, որ իր արարքով ու պահվածքով նա պահպանել է օրենքը, պաշտպանել է օրինականությունը: Սա, ի դեպ, ենթագիտակցորեն հասկացել է նաեւ Ճանապարհային ոստիկանը եւ չի տուգանել մեր թղթակցին:

Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ցանկացած երկրում, օրենքներ շատ կան` բազմաթիվ ու բազմապիսի: Բայց կա մեկը, որ կոչվում է Գլխավոր օրենք, Հիմնական օրենք, Սահմանադրություն: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1 հոդվածում ասվում է. «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ»: Սա նշանակում է, որ օրենքը հավասարապես է ազդում եւ տարածվում բոլոր մարդկանց վրա, անկախ նրանից` ինչ անուն եւ ազգանուն ունեն, ինչ ավտո, ինչ պագոններ եւ քանի հատ ախրաննիկ: Եթե Հայաստանի Հանրապետության օրենքն ասում է, որ ԱՊՊԱ կտրոնը պետք է փակցված լինի մեքենայի դիմապակուն, Գասպարյան Վովան ինչո՞ւ այդ կտրոնը իր մեքենայի դիմապակուն չի փակցնում: Եթե Գասպարյան Վովան չի փակցնում, Գալստյան Վաղինակը ինչու՞ է փակցնում: Գասպարյան Վովան կարա չփակցնի, Գալստյան Վաղինակը չի՞ կարա չփակցնի: Այսինքն, Գասպարյան Վովան առաջին սորտի մարդ է, Գալստյան Վաղինակը` երկրորդ-երրո՞րդ: Այսինքն, Հայաստանում մարդիկ սորտավորվա՞ծ են օրենքի առջեւ: Էստե՛ղ, հենց էստեղ է Հայաստանի պրոբլեմը: Հաստագլուխներ կան, որոնք պնդում են, թե Հայաստանի ժողովուրդը չի սիրում օրենք եւ օրինականություն, չի ուզում պաշտպանել օրենք եւ օրինականություն: Ի՞նչ եք դուրս տալիս, ա՛յ տխմարներ. Հայաստանի ժողովուրդը չի սիրում, երբ իր հայրենիքում իրեն երկրորդ սորտի մարդու կարգավիճակ է հատկացված, Հայաստանի քաղաքացին չի ուզում իր երկրում երկրորդ սորտի մարդու կարգավիճակ ունենալ: Երկրորդ սորտ-երկրորդ սորտ` հենա կգնա Ամերիկայում ու Ռուսաստանում կլինի երկրորդ սորտ, գոնե կիմանա, թե ինչու է երկրորդ սորտ. որովհետեւ իր տանը չէ, տնվոր է, եկվոր է, տեր չէ, հպատակ է: Գոնե կիմանա` կարող ա իր երեխային ու թոռանն է այդպիսով առաջին սորտի մարդ դառնալու հնարավորություն ու շանս տալիս: Գասպարյան Վովայի երկրում ինքը ունի՞ էդ շանսը, իր երեխան ունի՞ Անգելինա Գասպարյան դառնալու շանս, որի հոլովակում ավտոմատավոր տասնյակ զինվորականներ նկարահանվեն` պետական պատվո պահակախմբի զինվորներ, եւ այդ հոլովակը առիթ-անառիթ ֆռցնեն հեռուստաեթերում:

Ուրիշ որեւէ երեխա շանս ունի՞ այդպես երգելու սեփական հայրիկի մասին, թե մենակ վովաներն են հայր ու ծնող, մենակ վովաներն են արժանի իրենց երեխեքի հարգանքին ու հիացմունքին, մնացածը պետք է լինեն անճարի, աբսլուգի, պնակալեզի, խեղճի կարգավիճակում: Բացի վովաներից ու նրանց ներքինիներից` ուրիշ որեւէ մեկը շանս ունի՞ այս երկրում:

Չունի, իհարկե` չունի, ու էս ուղերձն է հղում Գասպարյան Վովայի մեքենայի դիմապակին ՀՀ շարքային քաղաքացուն: Հայաստանում օրենք շրջանցելը դարձել է որակի նշան, օրենքին ենթարկվելը` բոմժի, անճարի, վախկոտի, հիմարի բաժին: Արա, դու ուրեմն էս ինչ անճար համբալ ես, որ ստիպված ես ենթարկվել օրենքին: Արա, բա մի օլիգարխ ընգեր չունե՞ս, արա, բա հարկայինում ծանոթ-բարեկամ չունե՞ս, արա, բա մինիստր կռիշ չունե՞ս, արա, բա մըլիցա ախպեր չունե՞ս, արա, բա մի պուզատի աներ չունե՞ս, արա, բա դատավոր բաջանաղ չունե՞ս, արա, բա մի պաշտոնավոր բոզ չունե՞ս, արա, էդքան չկա՞ս, որ փաթթած ունենաս օրենքը: Արա, դու ուրեմն ի՜նչ համբալ ես, որ օրենքից վախըմ ես ու ստիպված ես ենթարկվել օրենքին: Արա, դու հո դոձիկ չե՞ս:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, հոդված 14.1. «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ»: Օրինապահ քաղաքացիներ, ընթերցողներ, բարեկամներ, մեր ընտրությունը շատ պարզ է. կամ մենք կարողանում ենք այնպես անել, որ Հայաստանում բոլոր մարդիկ օրենքի առջեւ հավասար լինեն` դրանք կատարելով, կամ էլ կարողանում ենք այնպես անել, որ բոլոր մարդիկ օրենքի առջեւ հավասար լինեն` դրանք չկատարելով: Էս վերջինը կործանման ճանապարհ է, բայց ավելի արժանապատիվ է, քան էսօրվա վիճակը, որովհետեւ էսօրվա վիճակում էլ ենք կործանվում, բայց մի տեսակ` երկրորդ սորտի մարդու կարգավիճակով, երկրորդ սորտի մարդու կարգավիճակի հետ համակերպված:

Վերադառնամ, ուրեմն, մեր թղթակցի պահվածքին. Ճանապարհային ոստիկանի հետ խոսակցության ընթացքում նա օրենքն է պաշտպանել, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, նրա 14.1 հոդվածը, որովհետեւ եթե իմանալով, սեփական աչքով տեսած լինելով, որ Գասպարյան Վովայի մեքենայի դիմապակուն ԱՊՊԱ կտրոն չկա, ինքը ԱՊՊԱ կտրոն կպցներ իր դիմապակուն, դրանով կարհամարհեր սահմանադրական դրույթը, թե բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ: Դրանով կընդուներ, որ ոչ բոլոր մարդիկ պետք է հավասար լինեն օրենքի առջեւ, դրանով կընդուներ, թե ինքը երկրորդ սորտի մարդ է: Էս իրավիճակում, ուրեմն, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է ժամանակ տան ոստիկանապետին. կամ նա կպցնում է ԱՊՊԱ կտրոնը, կամ էլ` մենք բոլորս հանում ենք: Առայժմ բավարարվենք ԱՊՊԱ կտրոնով:

Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.