> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՊՐՈՂ ՔԱՂԱՔ

ԱՊՐՈՂ ՔԱՂԱՔ

Լուսանկարը` Լիլիթ ՆազարյանիԱնկեղծ ասած, չէի ուզում գնալ Թիֆլիս: Հավես չկար: Ամանորյա ոչ աշխատանքային օրերին` երկարատեւ ընդմիջումից հետո տանը բազմոցին թավալ տալը երանություն էր թվում:

Բայց ընկերներիս, ընտանիքիս հորդորները ազդեցին, եւ, չնայած որոշակի դժկամությամբ, ճանապարհորդելու որոշումը կայացրի: Ճանապարհին էլ ավտոյի անիվը պայթեց, ու ստիպված էի մայրուղու վրա, ամայի մի տեղ պագրիշկա փոխել` Թիֆլիսը մտքումս հայհոյելով: Հասնելուց հետո էլ մտածում էի` երկու օր ի՞նչ եմ անելու էստեղ, բայց երկու օր մնալուց հետո որոշեցի մեկ օրով էլ երկարաձգել այցելությունս, հետո էլ փոշմանեցի, որ ավելի վաղ չեմ եկել` մի երկու օր ավել մնալու հնարավորությունից ինքս ինձ զրկելով. աշխատանքային օրերն էին սկսվում:

Լուսանկարը` Լիլիթ ՆազարյանիԱպրող քաղաք. սա է այսօրվա Թբիլիսիի իմ բնորոշումը, եւ դրան հասա` փորձելով գտնել հարցի պատասխանը, թե ինչն է այսքան գրավում ինձ այդ քաղաքում: Թբիլիսին ապրում է, քաղաքում մթնոլորտ կա, քաղաքը շնչում է եւ քեզ շնչելու անսահմանափակ հնարավորություն տալիս: Դա մի քաղաք է, որ ունի պատմություն, հպարտանալ գիտե իր պատմությամբ եւ դեմքիդ ճչում է, որ ինքն ունի ապագա: Ունի, թե չունի` տվյալ պահին էական չէ, Թիֆլիսը մի քաղաք է, որ ճառագում է վստահությամբ` սեփական ապագայի նկատմամբ: Եւ դա ասված է, ասված է քաղաքաշինության լեզվով, որ լեզուներից ամենաազդեցիկն է, որովհետեւ մտածողություն է կերտում, կուլտուրա, կանոն եւ կարգ:

Սրա ամենավառ արտահայտությունը Թբիլիսիի Դավիթ Շինարար թագավորի փողոցի այսօրվա տեսքն է: Այդ փողոցին թիֆլիսեցիները հին սովորությամբ Պլեխանով են կոչում, ինչպես մենք` Մաշտոցի պողոտային ասում ենք Պռոսպեկտ: Ի՞նչ են արել Վրաստանի իշխանությունները. պետբյուջեից միլիոնավոր դոլարներ են ծախսել, եւ այս երկար փողոցի բոլոր շենքերի պատմական ֆասադները վերականգնել, վերանորոգել, կարծես դրանք նոր են կառուցվել: Այդ փողոցում կան 18-րդ դարի, 19-րդ դարի, 20-րդ դարասկզբի շենքեր, դրանց բոլորի ֆասադները ենթարկվել են մանրակրկիտ ռեստավրացիայի: Նույնիսկ փայտյա պատուհանները չեն փոխարինվել մետաղապլաստով: Չեմ խոսում դռների մասին. դռները այսօր հենց այնպիսին են, ինչպիսին եղել են ի սկզբանե` մեկ դար, երկու դար առաջ. փայտե, փորագրված: Վերանորոգված եւ վերականգնված: Պատշգամբները` փայտե կամ երկաթե բազրիքներով ու նախշերով, շուշաբանդները… (նկարներում):

Սահակաշվիլին հանել է տվել փողոցի բոլոր հին ծառերը, որոնք բարձր լինելով փակել են շենքերի ֆասադները եւ նոր ծառեր տնկել, այնպիսի ծառեր, որոնք շատ չբարձրանան եւ շենքերի շշմեցնող ֆասադները չփակեն: Մայթերը սալարկված են քարե սալիկներով, փողոցի եզրերը գրանիտե բեկորներով, կենտրոնում ասֆալտ է: Մայթերին` շենքերի ֆասադային ոճին համարժեք սյուներ են, լուսամփոփներ, նստարաններ, կանգառներ: Առաջին հարկերում` բուտիքներ, խանութներ, ռեստորաններ: Պլեխանով փողոցում թվում է, թե հայտնվել ես 18-րդ եւ 21-րդ դարերի արանքում ինչ-որ անհայտ եւ լուսավոր մի տեղ:

Երբ այցելեցի Պլեխանով փողոց, տեսա, զգացի այն` հասկացա, թե ինչու եմ ատում Հյուսիսային պողոտան: Երեւանում եղած Հյուսիսային պողոտան, դա կառուցողներին, հղացածներին, մտածածներին: Երբ տեսա Պլեխանով փողոցը, հասկացա, թե որքան խորն ու արմատավորված է իմ ատելությունը Հյուսիսային պողոտայի նկատմամբ: Հյուսիսային պողոտան սիմվոլն է այն բանի, թե ինչպես կարող է դուրսպրծուկը մարդկանց դուրս շպրտել իրենց տներից, քանդել քաղաքի պատմությունն ու արմատախիլ անել ոգին եւ կանգնեցնել դատարկ երախներով անկենդան մոնստրեր, որտեղ ոչ ոք չի ապրում:

Պլեխանով փողոցը սիմվոլն է այն բանի, թե ինչպես կարող է պետությունը, իշխանությունը մարդու խարխուլ օջախը այնպիսի տեսքի բերել, որ մարդը շարունակի ապրել իր տանը եւ պատուհանից նայելիս տեսնի ուրիշ աշխարհ, ուրիշ քաղաք, ուրիշ մարդիկ, ուրիշ իրականություն, ուրիշ հայրենիք: Այդ տներում մեծ մասամբ նույն մարդիկ են ապրում, ինչ ռեստավրացիայից առաջ: Պետությունը նրանց համար տներ է վարձել ժամանակավորապես, նրանց տեղափոխել այնտեղ, եւ ռեստավրացիայից հետո հրավիրել ետ, իրենց տները: Պատմում են, որ շատերը չեն վերադարձել իրենց հին-նոր տները. առանց տեղափոխվելու 2 սենյականոց բնակարանը վաճառել են եւ դրա փողով գնել 5 սենյականոց բնակարան` քաղաքի կենտրոնական մեկ ուրիշ հատվածում, որովհետեւ վերականգնումից հետո այս շենքերում տների գները եռապատկվել են, քառապատկվել, հնգապատկվել: Իսկ վերականգնման աշխատանքները շարունակվում են. կան շենքեր, որոնց ֆասադն ամբողջությամբ վերականգնված է, իսկ ներսը փուչ է, վերից վար քանդած: Սա խարխուլ շենք է եղել` բաղդադի տանիքներով: Հիմա ֆասադը վերականգնել են, վերջնական տեսքի բերել, ապա սկսել ներսի աշխատանքները, ու ճիշտ են արել, որովհետեւ այս նոր փողոցը հազարավոր, միլիոնավոր զբոսաշրջիկներ է բերելու Թիֆլիս, ու այդ զբոսաշրջիկների ապահոված շրջանառությունից ձեւավորվելու են այն գումարները, որոնցով էլ ավարտին են հասցվելու ներսի վերականգնման աշխատանքները: Խարխուլ տների փոխարեն բնակիչը ետ է ստանալու նոր, բայց հասկանալիորեն չվերանորոգված, չհարդարված բնակարան: Պետությունը, բնականաբար, տների ներսի հարցերը չի հոգում, բայց մարդուց ժամանակավոր վերցնում է նրա տունը եւ վերադարձնում` 5 անգամ արժեվորված:

Պլեխանովը միակ օրինակը չէ. Մեյդան թաղամասը, որ հին Թիֆլիսն է, փոքր առանձնատներ` ասիական ոճի. վերականգնվել է բազրիք առ բազրիք, պատուհան առ պատուհան, քար առ քառ, եւ երեկոյան` մանրամասն նախագծված լուսավորության ժամանակ մարդ չի կարողանում աչք կտրել նորածին այդ հնությունից: Եւ այս ամենի արդյունքում փոխվում են նաեւ մարդիկ, անխուսափելիորեն են փոխվում, որովհետեւ քաղաքաշինության լեզուն հզոր է մնացած բոլոր լեզուներից: Դե՛ պատկերացրեք` մարդն առավոտյան արթնանում է եւ տեսնում մի փողոց, որտեղ ամեն ինչ մտածված է, որը մաքուր է ու ընդարձակ, որտեղ ամեն շենք կարծես նկարչի վրձնի տակից է հենց նոր դուրս պրծել: Մարդու ռեակցիան միակն է եւ կանխատեսելի. նա լավ է զգում իրեն եւ ժպտում է: Լավ է զգում նաեւ կողքինը, որը նույնպես ժպտում է, հետո նրանք իրար են նայում եւ շարունակում են ժպտալ, հետո իրենք լավ են զգում, որ դիմացինը ժպտում է իրենց: Հետո նրանք կանգնում ու մտածում են, որ այս շենքը հենց այսպես այստեղ է եղել մեկ դար առաջ, երկու դար առաջ, որ այդ շենքի մոտով անցել են իրենց պապերը, տատերը: Նրանք այստեղ ապրել են ու արարել, հաղթել են ու պարտվել, վայելել ու տառապել: Ու մարդը հպարտություն է զգում, որ ինքը անցյալ ունի, ծագում ունի, պատմություն ունի, որ բիճ չէ, այսինքն` բոզի վաստակ… Հետո մարդը հանկարծ հասկանում է, մտածում` ես ախր բոզի վաստակ չեմ, ինչի պիտի ինձ բոզի վաստակի նման պահեմ կամ բոզի վաստակի արժեքներով առաջնորդվեմ: Էս ախր իմ տունն է, իմ հայրենիքը, էն դիմացի մայթին կանգնածն իմ եղբայրն է, իմ քույրը, իմ պապի առաջին սիրո թոռը, պապիս ընկերոջ թոռը: Իմ պապն ու իր պապը ախր էս խինկալիանոցում խինկալի են կերել իրար հետ, գինի խմել, նարդի խաղացել: Գուցե կռիվ ու թշնամություն էլ են ունեցել հետո, բայց մեծ մարդիկ են եղել, խմել` խելքները գցել են, չեն հասկացել… Ինչ լավ բան ա տուն ունենալը, ինչ լավ բան ա հայրենիք ունենալը, ինչ լավ բան ա ծագում ու պատմություն ունենալը, բիճ, այսինքն բոզի վաստակ չլինելը:

Թիֆլիսում հասկացա, թե ինչու եմ ատում Երեւանի փողոցների վրա կախված այդ ռոբիկական գովազդային ահռելի վահանակները: Դրանք մեր գլխին կախ են տվել դամոկլյան սրի նման, Մսրա Մելիքի թրի պես, որ ամեն օր անցնենք դրանց տակով: Որ չկարողանանք շնչել, որ չկարողանանք լիաթոք շնչել, շնչահեղձ լինենք մեր տանը, մեր քաղաքում, մեր օրրանում: Էդ դրա համար է Գագոն իր տան դեմը, մայրուղու վրա` մոնոլիտ վահանակ սարքել` կամարի նման ու վրեն գրել իր կամ իր ապրանքի անունը, որ Երեւան մտնողներս անցնենք դրա տակով, ու չկա մեկը, որ ասի` հանի էդ կամարը, քանի դեռ շանս ունես ինքնակամ հանելու: Նմանատիպ բաներ քաղաքի մյուս մուտքերի վրա էլ կան, թե ումն են` չգիտեմ, ուրեմն` Սերժինն են, ու ասում եմ` հանեք դրանք, քանի դեռ շանս ունեք ինքնակամ հանելու: Հանեք եւ թողեք մարդիկ շնչեն իրենց քաղաքում, ստեղծագործեն, սիրեն ու սիրվեն, ապրեն իրենց քաղաքում, թե չէ էս պատմությունը կենաց-մահու պատմություն է դառնալու: Դուք էլ ապրեք, իրար հետ ապրենք, իրար կողքի ապրենք, իրար չսիրենք, բայց տեսնելիս ժպտանք, ժպտալու տեղ թողեք մեր քաղաքում, ժպտալու տրամադրություն թողեք մեր քաղաքում ու արեք դա ինքնակամ, որովհետեւ եթե չարիք` կենաց-մահու կռիվ է պայթելու մեր քաղաքում, որովհետեւ մեռնել կարող ենք, թրի տակով անցնել` երբեք:

Հ.Գ. Պլանավորվածովս չընթացավ, եւ հոդվածն ավելի շատ Երեւանի մասին ստացվեց, քան Թիֆլիսի, եւ մեկ հոդվածում չկարողացա ամփոփել թիֆլիսյան ասելիքս: Երեւի կվերադառնամ այս թեմային, բայց սա կիսատ չթողնելու համար ասեմ. Պլեխանովը որպես փողոց խորհրդանշում է վրաց պետության այսօրվա վիճակը: Ֆասադը կա, եւ դա լավ ֆասադ է, բայց ներսը դեռ խարխուլ է, քանդված, ինչպես պլեխանովյան շատ տներում: Հիմա Վրաստանը ճակատագրական հանգրվանի առաջ է, քաղաքական, հասարակական իմաստով: Սահակաշվիլին` իր բոլոր տապալումներով հանդերձ, Վրաստանի համար ակնհայտորեն շատ բան է արել, հաջորդ քայլով կամ պիտի ամեն ինչի հերն անիծի, կամ դառնա պատմական մեծություն: Երկու ժամկետ նախագահ է աշխատել, երրորդ ժամկետում առաջադրվելու իրավունք օրենքով չունի. եթե կարողացավ դիմանալ իշխանությունը պահելու գայթակղությանը, եթե կարողացավ չտրվել այդ գայթակղությանը, եթե կարողացավ իրապես ազատ ընտրություններով ձեւավորված օրինական իշխանություն թողնել իր հետեւից, ուրեմն` էդ ֆասադից ներս ֆասադին համարժեք ինչ-որ բան ունենալու շանսերը էականորեն կմեծանան: Եթե ոչ` Վրաստանը ֆասադից այն կողմ չի անցնի: Սա` իմիջիայլոց, որ տպավորություն չստեղծվի, թե գնացել-եկել` Վրաստանի պրոբլեմները չեմ տեսել: Ինձ Վրաստանի պրոբլեմները չեն այս պահին հետաքրքրում, ինձ մեր պրոբլեմներն են հետաքրքրում, որոնք Թիֆլիսից ավելի ցայտուն են երեւում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մերի
    Հունվար 12th, 2012 at 14:09 | #1

    հրաշալի հոդված է, մի շնչով կարդացի, կարծես թե իմ մտքերն էին, այնքան հոգեհարազատ թվաց:)

  2. Սիրանուշ
    Հունվար 12th, 2012 at 15:38 | #2

    Դեռ Վրաստանում չեմ եղել, բայց մեծ հաճույք ստացա Ձեր նյութից….Ափսոսում եմ, որ Հայաստանում այդպես չէ….

  3. Vardges Gaspari
    Հունվար 12th, 2012 at 23:38 | #3

    Այդպիսի ապրումներ ունեցա Թիֆլիսում, այդպիսի ապրումներ ունեցա նաեւ Իստանբուլում.
    Միայն այսպես կոչված` հայի հանճարը կարող էր էդպես բարբառոսաբար քանդեր իր քաղաքը:

  4. Հունվար 13th, 2012 at 09:21 | #4

    Hianali hodvats er.Apsos nuynn chenq kardum mer Hayreniqi masin.

  5. Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ
    Հունվար 13th, 2012 at 15:01 | #5

    Ազնիւ մտահոգութիւն, իմաստուն յօդուած, ճշմարիտ խօսք մեր ժամանակի ոճրագործութեան մասին… Միակ մխիթարութիւնն է՝ երբ մարդ են սպանում կամ հաշմում՝ կորուստն անդառնալի է։ Իսկ երբ քաղաքն են սպանում կամ հաշմում՝ կը գայ այն Ժամանակը, երբ նաեւ այս յօդուածը փոշիների տակից գտնելով, Հայը կ’որոշի կատարել Երեւանի հոգեդարձը… Կը քանդէն սավոկային «ճարտարապետների» բոլոր անհեթեթութիւնները։ Կը վերականգնեն Երեւանը եւ ինչպէս հողին հավասարեցուած Վարշավան նոյնութեամբ վերակառուցեցին լեհերը, նոյնպէս եւ կը վերակառուցուի Երեւանը Ալեքսանդր Թամանեանի առաջին ու հանճարեղ նախագծով… Եւ «կասկադ» կոչուող այլանդակութեան տեղը դարձեալ կը սոսափի անտառը…

  6. Andre
    Հունվար 14th, 2012 at 03:11 | #6

    Ճիշտ ես Նիկոլ ջան

  7. Naira
    Հունվար 18th, 2012 at 12:09 | #7

    Համամիտ եմ Ձեր հոդվածի յուրաքանչյուր տողի հետ: Նույն մտքերն ու զգացմունքներն եմ ապրել ամանորյա արձակուրդների ընթացքում Թիֆլիս այցելության ժամանակ: Ամենամեծ ցավըկայանում է նրանում, որ այդ ամենի ստեղծողն ու արարողը մեր նախնիներն են: Սակայն ուրիշը այն գնահատում եվպահպանում է, իսկ մենք առանց վայրկյան անգամ մտածելու ավերում:

  8. LILIT
    Հունվար 26th, 2012 at 23:04 | #8

    ՆԻԿՈԼ ՋԱՆ,ԿԱՐԾԵՍ ԻՄ ՄՏՔԵՐԸ ԳՐԱԾ ԼԻՆԵՍ:ՀՈՒՅՍՍ ԴՈՒ ԵՍ և ՔՈ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԸ:

  1. No trackbacks yet.