> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲՀԿ-Ն ՈՒԶՈՒ՞Մ Է ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՔԱՆԴՈՒՄ

ԲՀԿ-Ն ՈՒԶՈՒ՞Մ Է ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՔԱՆԴՈՒՄ

www.nikol.am կայքի այցելու Գարիկը Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Պարոն Փաշինյան, ես մի բան լավ չհասկացա: Դուք դե՞մ եք, որ հանուն, ինչպես դուք եք ասում, սերժանտական ավազակապետությունից ազատվելու, Կոնգրեսը համագործակցի հենց թեկուզ «Բարգավաճ Հայաստանի» հետ»:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Գարիկ, հանուն ավազակապետության կազմաքանդման ես որեւէ կուսակցության հետ համագործակցելուն դեմ չեմ: Բայց որպեսզի որեւէ կուսակցության հետ համագործակցություն հաստատենք ավազակապետության կազմաքանդման շուրջ, առնվազն անհրաժեշտ է, որ այդ կուսակցությունը ցանկանա, չէ՞, ավազակապետության կազմաքանդում:

Ընդ որում, տվյալ իմաստով կարող է էական էլ չդիտվել, թե այդ կուսակցությունն ինչ ճանապարհ է անցել: Վերցնենք թեկուզ դաշնակցության օրինակը. տասը տարի այդ կուսակցությունը եղել է քոչարյանասերժական իշխող կոալիցիայի մաս, բայց տեսեք` «Ժառանգության» հետ համատեղ հայտարարություն է տարածում մի կոնկրետ հարցի վերաբերյալ, եւ Հայ ազգային կոնգրեսը ողջունում է այդ հայտարարությունը, որովհետեւ արված է կոնկրետ քայլ:

Չի կարելի ասել, թե այդ հայտարարությամբ Դաշնակցությունը լծվում է ավազակապետության կազմաքանդման գործին, բայց «Ժառանգության» հետ համատեղ առաջարկում է մի բան, որը կարող է նպաստել դրան: Խոսքը ԱԺ մեծամասնական ընտրական համակարգը վերացնելու եւ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկի մասին է, եւ ես ինքս, որպես քաղաքացի եւ Հայ ազգային կոնգրեսի անդամ, պատրաստ եմ հնարավոր միջոցներով աջակցել այս նախաձեռնության իրագործմանը:

ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունն» ի դեպ, այդ առաջարկն, ուղղել էին նաեւ խորհրդարանական մեծամասնությանը: Հիմա` որեւէ մեկը կարո՞ղ է խանգարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` իր ԱԺ խմբակցությամբ աջակցել այս նախաձեռնությանը կամ հանդես գալ սեփական օրենսդրական նախաձեռնությամբ: Սա կլինի կոնկրետ քայլ, որն արժանի կլինի կոնկրետ գնահատականի: Բայց քանի դեռ կոնկրետ գործեր չկան, անկեղծ ասած` ինձ հասկանալի չէ Ձեր շեշտադրումը` Կոնգրեսը եւ ԲՀԿ-ն համագործակցե՞ն ավազակապետության կազմաքանդման շուրջ: Դուք որեւէ պատճառ ունե՞ք պնդելու, որ ԲՀԿ-ն ուզում է ավազակապետության կազմաքանդում կամ պատրաստ է հանուն դրա որեւէ քայլ անել: Համագործակցությունը լուրջ հասկացություն է, եւ եթե երկու կամ երեք սուբյեկտ համագործակցում են, կողմերից յուրաքանչյուրին փոխադարձաբար պետք է հասկանալի լինի, թե ինքն ինչ է անում, համագործակցող մյուս կողմը ինչ է անում, էն երրորդ կողմն ինչ է անում: Երբ այս հարցերում լինի հստակություն, այն ժամանակ էլ պարզ կլինի` թեկուզ տեսականորեն պոզիտի՞վ է նման համագործակցությունը, թե նեգատիվ:

Այսօր քաղաքական դաշտում լուրջ քննարկումներ են տեղի ունենում ընտրությունների օրինականությունը համատեղ ուժերով վերահսկելու շուրջ, եւ սա շատ լուրջ, պոզիտիվ գաղափար է: Բայց եթե որեւէ մեկը համարում է, որ հնարավոր է հանուն ընտրությունների օրինականության համագործակցել ընտրակաշառք բաժանող կուսակցության հետ, ես այդ բանը դժվար եմ պատկերացնում, որովհետեւ հանուն ընտրությունների օրինականության պայքարել, նշանակում է` պայքարել նաեւ ընդդեմ ընտրակաշառքների, ընդդեմ ընտրակաշառք բաժանողների, ընտրակաշառքը կյանքի նորմ դարձրածների եւ դա «բարեգործություն» անվանողների: Ձեր հարցի պատասխանը սպառիչ կերպով է տվել ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 25-ի իր ելույթում:

«Եթե պարզվի, որ Բարգավաճ Հայաստանն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, իմ կարծիքով, Հայ ազգային կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները»,- սա մեջբերում էր առաջին նախագահի ելույթից: Սիրելի Գարիկ, այ եթե, ինչպես առաջին նախագահն է ասում, կպարզվի, այն ժամանակ Ձեր տված հարցի պատասխանը կյանքը, քաղաքական պրոցեսն ինքը կտա, եւ այդտեղ արդեն սուբյեկտիվ կարծիքները, մոտեցումները, տեսակետները, մեծագույն ցանկության դեպքում անգամ, չեն կարող պրոցեսները շեղել բնական հունից: Լավագույն մաղթանքներս, սիրելի Գարիկ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Առաքել
    Հունվար 11th, 2012 at 01:09 | #1

    Իմ կարծիքով ԲՀԿ-ն ավելի շուտ ինչ որ ուժ է, ոչ թե քաղաքական կուսակցություն: ԲՀԿ-ն օգտագործվել է և օգտագործվելու է, որպես ուժ: Համագործակցել չի լինի:

  1. No trackbacks yet.