> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼԻՍ-2

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼԻՍ-2

3nkar

սկիզբը ` http://www.nikolpashinyan.com/?p=2240

Բա հետո՞

Կոնսենսուսը Կոնգրեսում դե ֆակտո բացակայում էր շատ ավելի առաջ, քան դրա մասին հանրությանը հայտնի դարձավ: Սկզբնական շրջանում իրոք վախ կար, թե ինչ է լինելու, երբ արձանագրվի կոնսենսուսի բացակայությունը: Ես վախենում էի, շատ էի վախենում, որ կոնսենսուսի բացակայությունը կկազմաքանդի Կոնգրեսը: Բայց տեսեք, արդեն երկար ժամանակ կոնսենսուս չկա, ու Կոնգրեսի հետ ոչ մի աղետալի բան տեղի չի ունեցել: Հիմա արդեն սկսում եմ մտածել, որ կոնսենսուսի առկայությունը չէ, որ կենսական նշանակություն ունի Կոնգրեսի համար, դա չի կարող եւ չպետք է լինի ինքնին նպատակ. ինքնանպատակ կոնսենսուսը կարող է աղետներ բերել Կոնգրեսի գլխին: Բազմաշերտ միասնության նոր կուլտուրա պետք է մտնի Հայաստանի քաղաքական կյանք, եւ այդ կուլտուրան նույնպես պետք է մտցնի Կոնգրեսը: Համաժողովրդական շարժումը չի եղել, Հայ ազգային կոնգրեսն էլ չպետք է լինի ամեն ինչում համաձայնվողների միավորում: Կոնգրեսի նպատակը ջան ասող` ջան լսողների համաձայնությունը չէ, այլ ավազակապետության կազմաքանդումը, Հայաստանում օրինական, օրինակա՛ն եւ ոչ թե Կոնգրեսական իշխանության ձեւավորումը, Սահմանադրական իրականության հաստատումը:

Կոնգրեսում, ուրեմն, պետք է լինեն նրանք, ովքեր համաձայն են այս նպատակի հետ եւ ոչ թե նրանք, ովքեր համաձայն են, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հետ: Իմ անունն եմ տալիս, որ ուրիշ որեւէ մեկի չնեղացնեմ: Պետք է լինեն բանավեճեր, պետք է լինեն անհամաձայնություններ, պետք է լինեն ֆրակցիաներ, եւ սրանց բանավեճի միջոցով պետք է ձեւավորվի համաձայնություն: Չհամաձայնվողները նույնքան հարազատ պետք է լինեն Կոնգրեսին, որքան համաձայնվողները:

Համաձայնությունը արժեք ունի, երբ գոյացել, հղկվել է անհամաձայնությունների հորձանուտում, տեսակետների, կարծիքների, սկզբունքների բախման արդյունքում: Ի սկզբանե գոյություն ունեցող համաձայնությունը, ստատիկ համաձայնությունը, չալեկոծվող համաձայնությունը ճահիճ է եւ միայն ճահիճ:

Ասածս, ուրեմն, ոչ միայն չի չեզոքացնում Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը, այլեւ հաստատում է դրա գոյության իրավունքը: Որեւէ մեկի իրավունքը` համաձայն չլինել դրա հետ: Ինձ քննադատելու ցանկացածի իրավունքը, ցանկացածին քննադատելու իմ իրավունքը: Կոնգրեսի ղեկավար մարմինը, նրա առանձին ներկայացուցիչների քննադատելու ցանկացածի իրավունքը` Կոնգրեսի անդամ է այդ ցանկացածը, թե ոչ, ակտիվիստ է, թե ոչ, անձնուրաց է, թե ոչ: Բայց, սիրելիներս, եկեք Կոնգրեսին ու նրա որեւէ ներկայացուցչի էլ չզրկենք հակադարձելու իրավունքից:

Վերադառնալով չհամաձայնությունների միասնության հնարավորությանը` չհամաձայնությունից բարձր կանգնած նպատակի շուրջ, ուզում եմ հաստատել, որ դա հնարավոր է: Որ այդ բազմազանությունը ոչնչով չի սպառնում Կոնգրեսի բնականոն գործունեությանը: Կան նամակագիրներ, որոնք, փորձելով ապացուցել հակառակը, հարց են տալիս ինձ` Տեր-Պետրոսյանը, թեկուզ տեսականորեն, ըստ էության չի բացառում, որ Դոդի Գագոն գա Ազատության հրապարակ. եթե եկավ, ո՞նց ես պատկերացնում քեզ ու իրեն նույն հարթակում:

Իմ ամենաչսիրած զբաղմունքը չեղած բաների շուրջ մտահանգումներ անելն է: Հարցնում եք` եթե եկավ, ի՞նչ եմ անելու: Եթե եկավ, համոզված եղեք, անելիք կգտնեմ, ու իմ անելիքը համարժեք կլինի իրավիճակին, կլինի սկզբունքային ու անխոցելի, բայց ոչ երբեք` հիստերիկ: Սրանում որեւէ մեկը թող չկասկածի: Բայց ի՞նչ ենք քննարկում:

Ի՞նչ անել
Ընթացիկ իրադարձությունների հորձանուտում, նոր տարուց առաջ իսկապես կարեւոր է նպատակների արձանագրումը, վերահաստատումը: Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների բերումով մի տեսակ ֆոկուսից ընկել է Համաժողովրդական շարժման բուն նպատակը: Իսկ այդ նպատակը Բաղրամյան պողոտան է: Ոչ թե ինչ-որ կոնկրետ անձի Բաղրամյան տանելը, այլ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Ասվածի փոխաբերական իմաստի մասին շատ է խոսվել, բայց թերեւս եկել է բուն իմաստի մասին խոսելու ժամանակը:

Հիմա արդեն հասել ենք մի փուլի, երբ ընդհանրական ասելիքն ու ռազմավարությունը սպառում են իրենց, եւ մեծ խնդիրները կոնկրետ անելիքների շրջանակում լուծելու անհրաժեշտություն է առաջացել, առանց շեղվելու գլոբալ նպատակներից: Ժողովրդին պետք է տանել Բաղրամյան պողոտա: Մեր գործողությունները, անելիքը, ասելիքը պետք է միտված լինեն երթով դեպի Բաղրամյան գնալու պահը հասունացնելուն եւ այդպիսով Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելուն: Ընդ որում, այս գործողությունը պետք չէ դիտարկել արյունալի բախումների համատեքստում: Քավ լիցի:

Եթե եղած չլիներ 2008 թվականի Մարտի 1-ը, իրադարձությունների որեւէ այլ զարգացում կանխատեսելը անիմաստ կլիներ նույնիսկ: Բայց հիմա արդեն ուրիշ իրավիճակ է, որովհետեւ 2008 թվականի Մարտի 1-ին արձանագրվեց ավտոմատների առաջ կանգնելու պատրաստ քաղաքացու ծնունդը: Այդ քաղաքացին այսօր էլ կա, գոյություն ունի. շփոթված է, կարկամած է, հիասթափված է, հուսահատված է, բայց կա, գոյություն ունի: Վերակենդանանալու համար նրան շատ բան պետք չէ` դեպի Բաղրամյան տանելու ընդունակ քաղաքական լիդերության համոզիչ ուղերձը, ով մարդկանց վստահություն կներշնչի, որ ուզում է, կարող է եւ վճռական է` երթով բարձրանալ Բաղրամյան պողոտա, հասնել Սերժ Սարգսյանի խաղաղ հեռացմանը եւ` ժողովրդավարական, սահմանադրական պարբերական իշխանափոխության անխափան մեխանիզմ գործարկել Հայաստանում:

100, 200, 300 հազար մարդ` Բաղրամյան պողոտայում. սա, իհարկե, կլինի քաղաքական պայքարի կուլմինացիա, իրական երկխոսության իրական մոմենտ: Հենց այս մոմենտին է, որ Հայ ազգային կոնգրեսը, Համաժողովրդական շարժումը պետք է պատրաստ լինի երկխոսել Սերժ Սարգսյանի հետ` նրա հեռացման պայմանների, ձեւերի, երթուղու մասին: Հնարավո՞ր է արդյոք նման երկխոսություն` այսօր: Ցավոք սրտի` ոչ, որովհետեւ հանրային, քաղաքական կյանքը մի փոքր այլ տրամաբանությամբ է զարգացել վերջին շրջանում:

Սխալ, թե ճիշտ` տվյալ պահին էական էլ չէ, որովհետեւ մեծ հաշվով դրանք անխուսափելի զարգացումներ էին, դրանցով պիտի անցնեինք, դրանից խուսափել չէր լինի` օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով:

Բայց այսօր, հիմա, երբ քաղաքական տարի եւ ինչ-որ իմաստով ժամանակաշրջան ենք ամփոփում, մեր մտքերը, խոսքերը, գործողությունները պետք է միտված լինեն հենց այս նպատակին. ժողովուրդը Բաղրամյան պողոտայում` ավազակապետությունից ազատվելու, ՀԻՄԱ ազատվելու աննահանջ վճռականությամբ: ՀՀ Սահմանադրության ամբողջական կիրառմանը հասնելու քաղաքացիական կամքով:

Տարի 2012
Երբ նպատակը եւ նրան հասնելու միջոցները հստակ ձեւակերպված են, ամեն ինչ շատ ավելի պարզ է դառնում եւ հասկանալի, հսկայական խումբ հարցեր, որոնց պատասխանները ճակատագրական են թվում, դադարում են հրատապ լինել: Պետք է հասկանալ, որ Համաժողովրդական շարժման նոր պիկ արձանագրելը ամենեւին էլ պարզունակ խնդիր չէ, եւ այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է կիրառել քաղաքացիական, քաղաքական պայքարի բազմաթիվ գործիքներ: Դրանցից որեւէ մեկի նշանակությունը պետք չէ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել: Թռուցիկների դիզայնից մինչեւ ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստությունը մտնում են այդ գործիքակազմի մեջ: ԱԺ հերթական ընտրությունների մասին հիմնականում խոսվում է որպես կռիվ` մանդատի համար կամ որպես աղետ: ԱԺ հերթական ընտրություններն ինձ համար մանդատի կռիվ չեն եւ ոչ էլ աղետ, այլ քաղաքական ու քաղաքացիական ակտիվության մի շրջան, երբ հեռուստատեսային քարոզչության հնարավորություն կա, որը բոլոր դեպքերում ավելին է, քան այն, ինչ հնարավոր է այսօր: Չօգտվել այս հնարավորությունից` առնվազն սխալ է, բայց օգտվել հանուն ինչի՞: Հանուն նպատակի` ժողովուրդը Բաղրամյան պողոտայում, բայց միայն հեռուստատեսային քարոզչության փուլով այսպիսի խնդիրներ հնարավոր չի լինի լուծել: Այդ քարոզչության շեմին արդեն ալիք է հարկավոր, քաղաքացիական հզոր շարժման հզոր ալիք, որ քարոզչության փուլում կհասնի հաղթական հզորության: Եթե մինչ այդ հասնի, շատ ավելի լավ: Բայց չի լինի նման բան, եթե հանրությունը չունենա ներքին համոզմունք, որ սա պայքար է իրական փոփոխությունների, իրական իշխանափոխության, իրական ՀԻՄԱ-ի համար: Հանրության շրջանում ներքին համոզմունք ձեւավորելը Հայ ազգային կոնգրեսի խնդիրն է, եւ այդ համոզմունքը ձեւավորելու համար Կոնգրեսը պետք է հանրության առաջ ստանձնի խիստ կոնկրետ, տարընթերցումների տեղիք չտվող եւ կասկածներ չհարուցող պարտավորություններ: Եւ մի ընդհանրական պայման. պետք չի զզվանք տածել ընտրական համակարգի նկատմամբ, որովհետեւ հեղափոխական քաղաքական գործընթացները իմաստ ունեն, երբ պսակվում են ընտրական գործընթացներով, ազատ, արդար, օրինական, վստահելի ընտրություններով: Ի վերջո, ընտրությունը, ազատ, արդար, օրինական, թափանցիկ ու վստահելի ընտրությունը մեր բարձրագույն հասարակական, քաղաքական, պետական նպատակն է:

Եւ ի դեպ, խիստ կասկածելի է արդեն իսկ շրջանառության մեջ դրվող այն պնդումը, թե խորհրդարանական ընտրությունների շրջանում հնարավոր չի լինում հանրային ակտիվության պիկի, այսպիսով հեղափոխական զարգացումների հասնել: Եկեք այնուամենայնիվ չմոռանանք, որ Վարդերի հեղափոխությունը Վրաստանում տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների շրջանում:

Նոր կոնսենսուս
Հայ ազգային կոնգրեսի հիմնական խնդիրը այս պահին խորապես եւ ամեն ինչում հանրությանը հասկանալի լինելն է: Վերջին շրջանի մեր գործունեությունը շատերին է հիմք տալիս մտածել, որ կան ստորջրյա ինչ-որ պրոցեսներ, որոնցից իրենք տեղյակ չեն: Արդար են այս մտածումները, թե անարդար, էական չէ: Էականն այն է, որ դրանք կան, եւ դրանց գոյությունը թիվ մեկ խոչընդոտն է իրական հեղափոխական զարգացումների ճանապարհին:

Երբ մարդը մտածում է, որ ինչ-որ կուլիսային պրոցեսներ կան, խաղեր, դավադրություններ` միանգամից եւ աներկբա մեկուսանում է պրոցեսից, որովհետեւ չի ուզում լինել մարիոնետի դերում: Համաժողովրդական շարժման նպատակը քաղաքացուն առաջնային եւ անառարկելի քաղաքական գործոն դարձնելն է, եւ ցանկացած քայլ, որ չի նպաստում սրան, պետք է չարվի ուղղակի, պետք է դուրս բերվի Կոնգրեսի գործունեության գործիքակազմից: Ցանկացած քայլ, ծրագիր պետք է գնահատվի ըստ այնմ, թե որքանով է քաղաքացուն քաջալերում դուրս գալ տնից եւ գալ Ազատության հրապարակ, որքանով է փոփոխությունների վստահություն ներշնչում, եւ հավատ` ապագայի նկատմամբ: Եթե որեւէ քայլ ուղղված չէ այս նպատակին, ուրեմն վատ քայլ է: Եթե որեւէ քայլ ուղղված է այս նպատակին, բայց արդյունքներ չի տալիս, ուրեմն վատ է իրագործված` կազմակերպչական, հռետորաբանության, կեցվածքի առումով: Չի կարելի վախենալ սխալները խոստովանելուց, չի կարելի վախենալ սխալները ուղղելուց: Առանձին վերցրած կազմակերպության, միավորման ներսում կոնսենսուս ապահովելու մեջ մեծ հաջողություն չկա. սխալ ես հանում բոլոր չհամաձայնվողներին, եւ կոնսենսուսը, խնդրեմ, ապահովված է: Այս ճանապարհով անցել են հայաստանյան բազմաթիվ կազմակերպություններ, դաշինքներ, քաղաքական ուժեր` վերջում մնալով համաձայնվողների ոչ այնքան ստվար քանակով: Հանրային կոնսենսուս, քաղաքացիական մեծամասնության կոնսենսուս. ահա թե որն է խնդիրը, որ հրատապ լուծում է պահանջում: Եւ իմ գործունեությունը Հայ ազգային կոնգրեսում միտված է լինելու հենց այսպիսի քաղաքացիական կոնսենսուսի ձեւավորմանը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Նկարում էլի ես եմ, Հայ ազգային կոնգրեսի նոյեմբերի 25-ի հանրահավաքում: Փառանձեմ մայրիկը ծաղիկներ էր բաժանում հանրահավաքի մասնակիցներին, եւ ինձ բաժին հասավ դրանցից մեկը: 2007 թվականի փետրվարի 20-ի «Այլընտրանքի» մեր առաջին հանրահավաքում մանուշակներ էինք բաժանում: Փառանձեմ մայրիկի բաժանած ծաղիկը մանուշակ չէ, բայց մանուշակագույն է: Շարունակություն լինելու էԼուսանկարը` Գեղամ Մելքոնյանի:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Առաքել
    Դեկտեմբեր 31st, 2011 at 00:32 | #1

    Եթե ուզում եք կամ ուզում ենք, հավաքվել գնալ ՍՍ-ին բան բացատրելու, առաջարկում եմ օրինակ հավաքվել փետրվարի 11-ին ցանկալի քանակը կա գնացինք, չկա, լավ աշխատում ենք հավաքվում ենք 11-ն կա գնացինք, չկա շատ լավ աշխատում ենք հավաքվում ենք …. Անպայման ՍՍ-ի հրաժարկանին հասնելու համար, որևէ բնկում հաշիվ է պետք բացել ”կոնկրետ” համաձայն եմ կոնսենսուսը կոնգրեսում լճցում է, քանի որ նպատակը բացարձակ է….

  1. No trackbacks yet.