> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼԻՍ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼԻՍ

nikol-aac52011-ը ինձ համար անցումային տարի ստացվեց: Տարվա կեսը բանտում էի, մյուս կեսը` ետբանտային ադապտացիայի շրջանում: Երեւի մի քսան օր է, որ երազումս «Արթիկ» ՔԿՀ մենախուցս չեմ տեսնում:

Երազներիս տրամաբանությունն էլ հետաքրքիր է. երբ ընդհատակում էի, Ազատության հրապարակն էի տեսնում երազում, երբ «Երեւան-Կենտրոնում» էի` ընդհատակը, «Նուբարաշենում»` «Երեւան-Կենտրոնը», «Կոշում»` «Նուբարաշենը», «Արթիկում» արդեն` «Երեւան-Կենտրոնը», «Նուբարաշենը», «Կոշը»: Ազատության մեջ հայտնվելու առաջին վեց ամիսներին` «Արթիկը»:Էս վերջին 20 օրերին սկսել եմ նորմալ երազներ տեսնել` առօրյա կյանքի մոտիվներով: Սկսել եմ հիշել, տեղը բերել մարդկանց: Սկզբնական շրջանում ոչ շատ մոտիկ մարդկանց դժվարությամբ էի հիշում ու, ծանոթ դեմք տեսնելիս, նախ սկսում էի մտածել, թե սա ո՞ր քրեակատարողական հիմնարկի աշխատող էր կամ կալանավոր: Սրանում դիպվածն էլ դեր է խաղացել. բանտից դուրս գալու առաջին օրերին, մի քանի օր` վրա-վրա, խանութում, փողոցում ՔԿՀ աշխատակիցների եմ հանդիպել կամ նախկին կալանավորների, որոնց քաղաքացիական հագուստով դժվար էի տեղը բերում:

Հետո, երբ որեւէ մեկին հանդիպում էի ու չէի կարողանում ժամանակին հիշել, ինձ թվում էր, թե հսկիչ է կամ կալանավոր, ու տեղը չբերելուս պատճառը քաղաքացիական հագուստն է: Շատերը սկսեցին զարմանալ, թե ինչպես իրենց չեմ հիշում: «Ո՞նց չես հիշում, Մարտի 1-ին իրար հետ էինք»,- ասում են նրանք: Ու ես ամաչում եմ, որ չեմ հիշում: Չհիշելու պատճառներից մեկն էլ կարող է մարդկանց դեմքերի արտահայտության փոփոխությունը լինել: 2008 թվականի Մարտի 1-ին մի տեսակ կամային էին, հիմա` մի տեսակ այլայլված: Սկզբում զարմանում էի` մի՞թե երեքուկես տարին այսքան մեծ ժամկետ է, որ մարդիկ այսքան մեծանան: Հետո հասկացա, որ ոչ այնքան մեծացել են, որքան մշուշվել` անորոշությունից: Ի՞նչ է լինելու մեր երկրի հետ, ի՞նչ է լինելու մեր երեխաների հետ, ի՞նչ է լինելու մեր ապագայի հետ:

Սա մի հարց-կնճիռ է, որ դաջված է բոլորի դեմքին անխտիր` անկախ քաղաքական հայացքներից, ընդդիմություն-իշխանություն պատկանելությունից, զբաղմունքից եւ մասնագիտությունից: Մտահոգությունն այս` չնայած համընդհանուր, միատարր չի դարձրել մարդկանց: Նրանց մի մասը` հիմնականում իշխանավորներ եւ նրանց կից մարդիկ, հանրային դեպրեսիային դիմակայում է փող աշխատելու եւ նյութականի մեջ վայելքներ ձեռք բերելու հնարավորությամբ, մյուս մասը` թողնել-հեռանալով: Երրորդ` ամենամեծ շերտը, որ գտնվում է երկուսի արանքում, փորձում է գտնել լուծումներ, ազատ լինելու, ապրելու, արարելու, պաշտպանված լինելու, համոզված լինելու զգացողություն: Խնդրի լուծման ալգորիթմը շատ պարզ է. հեռացնել խոչընդոտները, այն խոչընդոտները, որ թույլ չեն տալիս ունենալ ազատ լինելու, ապրելու, արարելու, պաշտպանված լինելու, համոզված լինելու հանրային զգացողություն: Մարդկանց դեմքերին առկա մշուշն ավելի է թանձրանում, երբ առաջարկվող բանաձեւերից ոչ մեկը վստահելի չի թվում նրանց ոչ միայն իրականանալիության, այլեւ նպատակի տեսակետից:

Եւ դու՞, Բրուտոս
Սկզբում կիսաձայն, հետո ավելի բարձր` շատերը հիասթափություն էին արտահայտում իմ կապակցությամբ: Կան մարդիկ, ովքեր մտածել են, թե բանտից իմ ազատ արձակվելով քաղաքական իրավիճակը շեշտակի կփոխվի: «Փոխվելը փոխվել է, բայց մի տեսակ` հակառակ ուղղությամբ»,- դառնացած արձանագրում են ոմանք: Այս թեմայով նամակներ եմ ստանում, հարցեր, հանդիմանություններ: Սա կանխատեսելի ընթացք է ինձ համար, նույնիսկ գիտակցված:

Երբ հասկանալի դարձավ, որ ազատության մեջ հայտնվելուս հավանականությունը մեծանում է, ինքս ինձ հետ պայմանավորվեցի չմոռանալ Պարույր Հայրիկյանի մասին: Երկարամյա բանտարկությունից հետո Հայաստան վերադառնալով` Հայրիկյանը տգեղ հավակնություններ էր ցուցաբերում, կարծես փորձելով ամեն ինչ եւ բոլորին համապատասխանեցնել իր պատկերացումներին: Նա կարծես ակնկալում էր, որ բոլորն ամեն ինչ թողնեն եւ իր կամքն ու պատկերացումները համարեն ազգային-ազատագրական ուղենիշ: Չի կարելի ասել, թե քաղաքական լիդերության նախադրյալներ չուներ. ե՛ւ նախադրյալներ ուներ, ե՛ւ իրավունք, բայց տասնյակ տարիների բացակայությունը փոխել էր իրավիճակը, իսկ նա առաջնորդվում էր իր պատկերացրած ժամանակների եւ կանոնների իներցիայով, եւ արդյունքում վարկաբեկվեցին գաղափարը, կերպարը, հերոսությունը: Ինքն էլ չնկատելով` դուրս մնաց կոնտեքստից, որովհետեւ այդպես էլ համարժեք չեղավ իրավիճակին:

Իմ գործունեությունը, դերը, ինքնությունը շատ ավելի համեստ է, անշուշտ: Շատ ավելի քիչ եմ բացակայել եւ բացակայության ընթացքում շատ ավելի կապված եմ եղել իրականության հետ, քան հնարավոր էր Խորհրդային Միության պայմաններում: Բայց բանտից դուրս գալուց առաջ ինքս ինձ հետ պայմանավորվել եմ «ադապտացիոն» շրջանում ոչ մի կտրուկ շարժում չանել եւ միակ ու անփոխարինելի նպատակ ունենալ ընթացող կյանքի մեջ մտնելը, կոնտեքստում հանդարտ տեղավորվելը: Բացառություն արել եմ միայն մի դեպքի համար` երբ ակնհայտ լինի, որ կա ինչ-որ պատմական պահ, որն օգտագործել-չօգտագործելը ճակատագրական հետեւանքներ կարող է ունենալ: Իսկ որ պատմական պահ չկա, հասկանալի դարձավ 2008-ից հետո Ազատության հրապարակում իմ մասնակցությամբ առաջին հանրահավաքում: Դա մայիսի 30-նն էր. ես տեսա սառած-շփոթված Ազատության հրապարակ:

Բայց պրոբլեմն այն էր, որ չէի կարող ամբողջությամբ վստահել զգացողությանս, որովհետեւ գիտեի` տարիուկես ընդհատակում` հնարավոր ամենախոր կոնսպիրացիայի պայմաններում գտնվելով, ապա լինելով «Երեւան-Կենտրոնում»` մեկուսացած, «Նուբարաշենում»` մեկուսացած, «Կոշում»` մեկուսացած, «Արթիկի» մենախցում խորապես մեկուսացած, չէի կարող համարժեք լինել իրավիճակին: Եւ մեն միակ խնդիր ունեի` հասկանալ իրավիճակը, մտնել իրավիճակի մեջ, հաղթահարել իրավիճակից իմ օտարվածության օբյեկտիվ գործոնը: Նույն կանխավարկածով ներգրավվեցի Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական շտաբի աշխատանքներում:

Կոնսենսուսը ինքնին նպատակ
Կոնգրեսի շտաբում էլ քեֆի կեսից եկածի կարգավիճակում էի` հասկանալիորեն: Նման վիճակում յուրաքանչյուրդ էլ հայտնվել եք. երբ ինչ-ինչ պատճառներով խնջույքին միանում եք այն ժամանակ, երբ ներկաների մեծամասնությունը արդեն կուշտ է եւ ահագին խմած, շատ կենացներ ասվել են, սրանցից նոր կենացներ են բխում, եւ դու արդեն բխած կենացների ողջ ծավալը չէ, որ հասկանում ես, որովհետեւ նախորդ կենացներին ներկա չես եղել: Այստեղ էլ նույն խնդիրն է. ներգրվել աշխատող մեխանիզմի մեջ, դառնալ նրա դետալներից մեկը: Սա անելու համար հարկավոր է առնվազն մեկ նախապայման` պտտվել մյուս դետալների ընթացքի ուղղությամբ: Հակառակ ընթացքը խափանելու է ողջ մեխանիզմի աշխատանքը, ջարդելու է ատամնանիվները: Կա նաեւ ուրիշ տարբերակ. հրաժարվել մեխանիզմի մեջ մտնելուց, նրա մասը կազմելուց: Տվյալ դեպքում` այս տարբերակը քննարկվել նույնիսկ չի կարող, որովհետեւ մեխանիզմը որի մասին խոսում ենք` Համաժողովրդական շարժումն է, Մարտի 1-ով անցած եւ Մարտի 1-ին ընդվզած քաղաքացիների համախումբը:

Նման պայմաններում կոնսենսուսը դառնում է ինքնին նպատակ, գործելու միակ մեխանիզմ: Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական շտաբում, ահա, իմ գործողությունների վերջնական նպատակը եղել է կոնսենսուսը: Դա նպատակ էր ոչ թե ընդհանրապես, այլ տվյալ իրավիճակում, քանի դեռ չունես ներքին համոզմունք, ընդ որում` փորձով հաստատված, որ իրավիճակը ճիշտ ես ընկալում եւ գնահատում: Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական շտաբի աշխատանքը, զուգորդվում էր երբեմն բուռն բանավեճերով, բայց ի վերջո հանգում էր կոնսենսուսի:

Եթե նույնիսկ կասկածում էի տվյալ որոշման արդարացվածությանը` առաջնայինը դառնում էր կոնսենսուսը, որովհետեւ հասկանում էի, որ չի կարելի երեքուկես տարի բացակայությունից հետո գալ եւ ասել` գիտեք ինչ, էս ամենը ֆընդըխ ա, պետք է անել այսպես: Սա տգեղ է, մեծամիտ, սխալ եւ անդաստիարակ:

Բացակա կոնսենսուս
Մի ինչ-որ պահի հասկանալի դարձավ, որ կոնսենսուսը դժվար է տրվում, երբեմն ճիգերի լարման գնով: Հաջորդ պահին հասկանալի դարձավ, որ կոնսենսուս չկա, բայց դա արձանագրել ոչ ոք չէր շտապում. բնական վախ կար, թե ինչ կլինի Կոնգրեսի եւ Համաժողովրդական շարժման հետ` կոնսենսուսի բացակայության պայմաններում: Այնուամենայնիվ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 25-ի հանրահավաքում բարձրաձայնեց կոնսենսուսի բացակայության մասին: Հիմա արդեն գաղտնիք չէ, որ կոնսենսուսի բացակայությունն արձանագրվել է առաջին նախագահի` «Բարգավաճ Հայաստանին» վերաբերող քաղաքագիտական վերլուծության կապակցությամբ, եւ կարծում եմ` հասկանալի է, որ ես անհամաձայնություն եմ արտահայտել հարցի վերաբերյալ: Հիմա շատերը, ովքեր կռահում են կամ գիտեն իմ անհամաձայնության մասին` հարց են տալիս, թե ինչու չեմ բարձրաձայնել այդ մասին: Սրա համար ունեցել եմ հիմնավոր պատճառ. չեմ ցանկացել դիրքորոշումս էմոցիոնալ պոռթկման տպավորություն թողնի: Ինքս ինձ համոզելու խնդիր էլ եմ ունեցել, համոզվելու, որ դիրքորոշումս տափակ էմոցիաների վրա չէ հիմնված, այլ իրական քաղաքական, քաղաքացիական, մարդկային ու հեղափոխական մոտեցումների:

Սա կարեւոր է մի քանի պատճառներով, որոնցից ամենագլխավորն այն է, որ Համաժողովրդական շարժումը, Հայ ազգային կոնգրեսը չպետք է դառնան իմ կողմից քաղաքական հրապարակ բերված «Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը» կարգախոսի (կամ որեւէ մեկի կողմից հրապարակ բերված որեւէ այլ կարգախոսի) գերին: Եթե պարզվի, որ դա ոչ թե քաղաքական կարգախոս է, այլ ընդամենը շուտասելուկ կամ գայթակղություն, կամ անցյալում մնացած կարծրատիպ, Հայ ազգային կոնգրեսը դա շրջանցելու շանս պիտի ունենա:

Եւ իմիջիայլոց, սեփական քաղաքական թիմի ղեկավարի թե-ական, եթեներով համեմված հայտարարության հետ հրապարակային անհամաձայնություն արտահայտելու կարիքը չկար, որովհետեւ առաջին նախագահը կատարելապես ազնիվ է գտնվել` քաղաքագիտական վերլուծությունը ներկայացնելով որպես իր անձնական տեսակետ եւ հայտարարելով, որ թիմի ոչ բոլոր անդամներն են դրա հետ համաձայն: Ով ականջ ու քթի ծակ ունի, կհասկանա` ով է համաձայն եւ ով` ոչ: Եւ վիպենդրիվացցա լինելու կարիք չկար: Ով լսում է ելույթներս, կարդում գրածներս եւ ընդհանրապես հետաքրքրվում իմ անձնական դիրքորոշումներով, կհասկանա. իմ քաղաքական գործունեության նպատակը ինչպես եղել, այնպես էլ մնում է «Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը» կարգախոսի իրագործումը: Եւ, կարծում եմ` ընթացիկ քաղաքական շրջափուլում այդ կարգախոսի հրատապությունն ու արդիականությունը ոչ միայն չի նվազել, այլեւ ավելացել է` դառնալով կրիտիկական: Իմ այս դիրքորոշման մասին ով չգիտեր, թող իմանա:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

շարունակելի

Նկարում ես եմ` «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի տեսակցությունների եւ հարցաքննությունների սենյակում: Այս սենյակի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ աթոռներն ամրացված են հատակին, որպեսզի մեղադրյալները դրանք չհագցնեն քննիչների գլխին: Ի դեպ, սա իմ բանտային միակ լուսանկարն է: ՔԿՀ պատերից ներս արված որեւէ ուրիշ լուսանկար չունեմ: Սա էլ ստացել եմ որպես  նվեր, գաղտնի հեղինակից:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.