> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՇՆԱՆ ԴԱՍԵՐԻՑ

ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՇՆԱՆ ԴԱՍԵՐԻՑ

ՌԴ ԿԸՀ նախագահ Չուրովը զանգում է Պուտինին: «Վլադիմիր Վլադիմիրովիչ, երկու լուր ունեմ. մեկը` լավ, մյուսը` վատ»,- ասում է նա: «Սկսիր լավից»,- հրահանգում է Պուտինը: «Ձեզ ընտրել են»,- զեկուցում է Չուրկինը: «Իսկ ո՞րն է վատը»,- հետաքրքրվում է Պուտինը: «Ձեր օգտին ոչ ոք չի քվեարկել»,- ասում է Չուրկինը: Այս անեկդոտը երեկ եմ լսել` ինտերնետում, հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովի կատարմամբ:

Դեկտեմբերի 4-ի ընտրություններից հետո Ռուսաստանում ստեղծված վիճակը Հայաստանում շատերի համար էր անակնկալ: Դա նրանից է, որ շատերս էինք դադարել հետեւել Ռուսաստանում տեղի ունեցող պրոցեսներին` առաջնորդվելով այն կանխավարկածով, որ միեւնույն է` կընտրեն Պուտինին, միեւնույն է` կընտրեն Մեդվեդեւին, միեւնույն է` Ռուսաստանը կլինի այնպիսին, ինչպիսին սովոր ենք տեսնել վերջին տասը տարիներին:
Այս մտայնությունն է, որ մեզ կտրել է ռուսաստանյան իրականությունից: Այդ իրականության մասին, ի դեպ, պետք էլ չէ պատկերացում կազմել ընդդիմության կամ իշխանության ասածներից: Ինձ համար առավել կարեւոր է այն, ինչ ասում են Լիա Ախեջակովան, Լեոնիդ Պարֆյոնովը, Միխայիլ Զադորնովը: Իսկ նրանց ասածներից հասկանալի է դառնում, որ վերջին ամիսներին Ռուսաստանը փոխվել է, էականորեն է փոխվել, եւ հիմա այլեւս առաջվանը չէ: Եւ որքան հասկանում եմ, այդ փոփոխության հարցում բեկումնային նշանակություն է ստացել Մեդվեդեւ-Պուտին փոխատեղման որոշումը: Ռուսաստանցիները սա գնահատել են որպես արհամարհանք իրենց նկատմամբ եւ ահա փորձում են համարժեք պատասխան տալ: Հարյուր հազար մարդ հավաքվում է Մոսկվայի կենտրոնում, երկար ժամանակ որեւէ քաղաքական մեկնաբանություն չարած Լիա Ախեջակովան ասում է, որ այլեւս չի կարող լռել, Միխայիլ Զադորնովը կծու եւ անկաշկանդ հումորներ է անում Մեդվեդեւի ու Պուտինի հասցեին, եւ լեփ-լեցուն դահլիճը պայթում է բուռն ծափահարություններից:

«Գլխավոր ընտրությունը տեղի է ունեցել սեպտեմբերին. Մեդվեդեւն ընտրել է Պուտինին, Պուտինն ընտրել է Մեդվեդեւին»,- ասում է Զադորնովը: «Ախպերս, աթոռիս կնայե՞ս, մի տեղ գնամ` ետ գամ»,- նույն իրավիճակը այսպես է բնորոշում Լիա Ախեջակովան: «Մեր ձայներն ընդհանրապես չեն հաշվել»,- վերջին ընտրությունները գնահատում է Լեոնիդ Պարֆյոնովը: Սրանք մարդիկ են, ովքեր երկար ժամանակ լոյալ վերաբերմունք են ունեցել իշխանությունների նկատմամբ: Նրանց այսօրվա դիրքորոշումը որեւէ կասկած չի թողնում. Ռուսաստանը փոխվել է:
Այս իրավիճակում կարելի է նույնիսկ եզրակացնել, որ եթե ՌԴ նախագահի ընտրություններում թեկնածու առաջադրվեր Դմիտրի Մեդվեդեւը, հանրության արձագանքը կլիներ շատ ավելի բարյացակամ. գործող նախագահ է, առաջադրվում է երկրորդ անգամ, ինչն ընդունված կարգ է նախագահական համակարգեր ունեցող բոլոր երկրներում: Բայց Պուտինի իշխանական էգոն այս անգամ էլ հաղթող դուրս եկավ, ու դեռ դժվար է ասել, թե սա ինչ հետեւանքներ կհարուցի Ռուսաստանում:

Սա քաղաքական լիդերության ամենանուրբ պահն է. առաջնորդները, ղեկավարները հաճախ շրջապատված են լինում մարդկանցով, ովքեր իրենց հիմնական առաքելությունն են համարում ղեկավարի ցանկությունները կռահելը եւ այդ ցանկությունները բավարարելուն ուղղված քաղաքական կուրսը համարում լավագույնը: Այս իրավիճակում, երբ գործում է «ամեն ինչ լավ է, շեֆ» տրամաբանությունը, քաղաքական առաջնորդները կարող են չնկատել անգամ ակնհայտ փաստերը, արհամարհել ահազանգերը: Օրինակ, երբ երկրպագուների բազմահազարանոց բանակը բռնցքամարտի հանդիպումից հետո «Օլիմպիյսկոյե» մարզապալատում ելույթ ունեցող Վլադիմիր Պուտինի հասցեին սուլոցներ հնչեցրեց, նրա շրջապատի ներկայացուցիչները փորձեցին դա ներկայացնել կամ որպես պարտված բռնցքամարտիկի հասցեին հնչած սուլոցներ, կամ Պուտինին ուղղված ողջույնի սուլոցներ, եւ այս տեսակետը արտահայտվեց պաշտոնական լրատվության մեջ: Այսօրինակ եւս մի քանի միջադեպեր եւ ահազանգեր հնչեցին, որոնք սակայն, ըստ ամենայնի, պատշաճ ուշադրության չարժանացան: Համենայնդեպս, Պուտին-Մեդվեդեւ տանդեմի քաղաքական վարքի մեջ որեւէ բան չփոխվեց: Արդյունքում եղավ այն, ինչ եղավ դեկտեմբերի 4-ին:

Քաղաքական ուժը, քաղաքական թիմը ուժեղ է այնքանով, որքանով կարողանում է իրավիճակը գնահատել, իրավիճակին արձագանքել ոչ թե սեփական, այլ իրեն որեւէ գործունեության լիազորած հանրության, հանրային շերտի պատկերացումների համաձայն: Չի կարելի մարդկանց ասել` ես ու Մեդվեդեւը որոշել ենք այսպես անել: Սա վիրավորում է մարդկանց, որովհետեւ, ի վերջո, որոշվողը Պուտինի ու Մեդվեդեւի անձնական հարաբերությունների հարցը չէ:

Ռուսաստանյան այս դասը ուսանելի է նաեւ Հայաստանում` մի փոքր ուրիշ կտրվածքով: Չի կարելի անել քայլեր, որոնք կարող են ընկալվել «Ես ու Դիման կորոշենք ձեր փոխարեն» վերնագրի ներքո: Որեւէ ուժի, ուժերի, լիդերների կողմից արված ոչ ադեկվատ քայլերը հանրությունը կարող է ընկալել որպես ապտակ սեփական երեսին: Իսկ հանրությունն այն ուժն է, որի ներգրավվածությունը քաղաքական պրոցեսներին կամ մեկուսացումը դրանից` կանխորոշում է ամեն ինչ. ցանկացած քաղաքական ուժի եւ քաղաքական պրոցեսի ճակատագիր:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Դեկտեմբեր 27th, 2011 at 14:41 | #1

    Ավելի վատ է, երբ մեր մոտ տեղի է ունենում նույն իշխանությունների վերարտադրությունը: Վատ, թե լավ, Ռուսաստանը տնտեսապես գնալով հզորանում է, ինչը չէի ասի մեր երկրի մասին:

  1. No trackbacks yet.