> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԼԵՈՆԻԴ ԻԼՅԻՉԸ ԵՎ ԳԱԳԻԿ ՆԻԿԱԼԱՅԻՉԸ

ԼԵՈՆԻԴ ԻԼՅԻՉԸ ԵՎ ԳԱԳԻԿ ՆԻԿԱԼԱՅԻՉԸ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հերթական մրցանակը ստացավ, որը կոչվում է «2011 թվականի ամենահամերաշխ մարդ»:

Ու՞մ հետ է համերաշխ եղել Ծառուկյանը, ինչպես եւ ինչու` առանձնապես ջանք մի թափեք հասկանալ, որովհետեւ ի դեմս ԲՀԿ ղեկավարի` գործ ունենք այսօրինակ դժվար հասկանալի մրցանակներ ստանալու երեւի թե աշխարհի չեմպիոնի հետ:

ԲՀԿ նախագահը Յուրի Գագարինի անվան մեդալի շքանշանակիր է, որ նրան տրվել է ԱՊՀ երկրներում տիեզերագնացության համբավն ու հեղինակությունը բարձր պահելու գործում անձնական մեծ ներդրման համար:

2009 թվականին ճանաչվել է Հայաստանի լավագույն եվրոպացի: Ոչ ավել, ոչ էլ նույնիսկ պակաս: Պարգեւի հիմնավորումը հետեւյալն է. ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու, երիտասարդ քաղաքական գործիչներին օգնելու, եվրոպական ավանդույթները հասարակական-քաղաքական կյանքում զարգացնելու համար:

Բայց միայն արեւմտյան արժեքները չեն, որ Հայաստանում ակտիվորեն ներդրվում են պարոն Ծառուկյանի կողմից, այլեւ արեւելյանը: Ժուկով ժամանակով, նկատի ունեմ` էական էլ չէ երբ, Գագիկ Ծառուկյանը սեւ գոտի 7-րդ դան է ստացել Հայաստանում արեւելյան մարտարվեստները զարգացնելու իր անուրանալի ներդրման համար: Պարզաբանենք. արեւելյան մարտարվեստներով երբեք չի զբաղվել ու այս իրավիճակում սեւ գոտի 7-րդ դան ստանալով, կարելի է ասել, վաստակել է պատվավոր կառատեիստի կոչում:

Բայց պատվավորների մեջ միայն համերաշխ, կասմանավտ, եվրոպացի ու կառատեիստ չէ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը, այլ նաեւ, պատկերացնո՞ւմ եք, պրոֆեսոր: Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր: Այս կոչումը նրան շնորհել է շնորհակալ բուհը, որի խորհրդի նախագահն է նաեւ Գագիկ Ծառուկյանը:

Պրոֆեսոր լինելով` նա նաեւ ուսանող է. նրան շնորհվել է Հայաստանի ուսանողական ֆորումի պատվավոր անդամի կոչում:

Բայց միայն համերաշխ, կասմանավտ, եվրոպացի, կառատեիստ, պրոֆեսոր եւ ուսանող չէ պարոն Ծառուկյանը, այլ նաեւ` ասպետ: Ծառուկյանի կենսագրականներից մեկում գրված է, որ աշխարհի ասպետների միջազգային միության կողմից նրան շնորհվել է ասպետական կոչում:

Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը իսկապես կնախանձեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իր գործընկեր Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ կոչումների, մեդալների, մրցանակների այսպիսի բազմազանություն նույնիսկ ինքը չի ունեցել: Դեռ պետք է ուսումնասիրել Կիմ Չեն Իրի կենսագրությունը` հասկանալու համար, թե արդյոք նրա տաղանդները կարելի է համեմատել Ծառուկյանի ունեցած տաղանդների հետ: Ընդ որում, հաշվի առեք, Կիմ Չեն Իրը հոգին արդեն ավանդել է` տնից տեղից հեռու, իսկ պարոն Ծառուկյանի կարիերան դեռ առջեւում է: Ու չնայած սրան, հիմա այնքան մեդալներ ու պարգեւներ է ստացել, որ հնարավոր չի լինի տեղադրել նույնիսկ նրա XXXL ռազմերի կուրտկաների վրա: Բայց որեւէ մեկնաբանություն չանեմ, այլ թվարկեմ նրա ունեցած տիտղոսների ու պարգեւների ընդամենը մի պուճուրիկ մասը: «Գրիգոր Լուսավորիչ» մեդալ` շնորհված Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից: Ուկրաինական ուղղափառ եկեղեցու պատվո շքանշան: Ուկրաինացի հոգեւորականները նրան պարգեւատրել են նաեւ «Նեստոր Լետոպիսեց» շքանշանով, ընդ որում` պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Երեւանի գինու-օղու-կոնյակի գործարանի խիստ հոգեւոր մթնոլորտում: «Սուրբ իշխան Ալեքսանդր Նեւսկու» շքանշան, «Դմիտրի Դոնսկոյ» առաջին աստիճանի շքանշան, Ալեքսանդր Գրիբոյեդովի մեդալ` ռուս գրողների կողմից: Պարգեւատրման արարողությունը կրկին` Երեւանի գինու-օղու-կոնյակի, թե՞ օղու-կոնյակի-գինու գործարանում: Էական չէ, ճաշակի հարց է: Անցանք Ուկրաինա-Ռուսաստանից, մտանք Եվրոպա, աշխարհ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի բարձրագույն պարգեւ՝ ոսկե մեդալ: Ոսկե մեդալ` Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիայի կողմից: «Թագուհի Վիկտորիա» հուշաշքանշան` «Եվրոպական բիզնես ասամբլեա» կոչվող կազմակերպության կողմից: Պիեռ դը Կուբերտենի մեդալ` Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից: Մի ուրիշ շքանշան` էլի իրենց կողմից:

Հիմա` հայկական պարգեւների մասին: Ադամանդե աստղ` «Հայթեք» ամսագրի կողմից: «Հայելի» ակումբը էս վերջերս Ծառուկյանին հռչակել էր տարվա մարդ: «Ակսել Բակունց» մեդալ` Սյունիքի մարզպետ Լիսկայի կողմից: Ալեքսանդր Մանթաշեւի անվան ոսկե մեդալ` հասկանալի չէ, թե ում կողմից: Բայցեւայնպես` հայրենիքի հանդեպ ցուցաբերած անձնուրաց սիրո, ազգին մատուցած բացառիկ ծառայությունների, ազգային գանձանակին նվիրաբերած հոգեւոր, նյութական եւ մարդասիրական արժեքների համար:

Ծառուկյանը նաեւ ստացել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ոսկե մեդալ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվո անդամի վկայագիր, Կոտայքի մարզպետարանի ոսկե հուշամեդալ, Համահայկական խաղերի պատվո շքանշան, Աբովյանի պատվավոր քաղաքացու կոչում, Արարատի պատվավոր քաղաքացու կոչում: Պետական պարգեւներ է ստացել նաեւ. Ռոբերտ Քոչարյանը նրան պարգեւատրել է «Մովսես Խորենացու» մեդալով, Սերժ Սարգսյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Պարոն Ծառուկյանը, ինչպես վերը երեւաց, սիրում է նաեւ պարգեւներ ստանալ իր իսկ կողմից ղեկավարվող կառույցներից, որ բրեժնեւյան սինդրոմի թերեւս գերագույն աստիճանն է: Այսպես. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի երախտիքի պարգեւ ունի ստացած: Պարգեւ` ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի կողմից: Նրան ոսկե մեդալով է պարգեւատրել սպորտի եւ երիտասարդության նախարարը, որը նշանակվում է ԲՀԿ կոալիցիոն քվոտայով, էլ չենք ասում, որ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի ուսումնամարզական եւ վերականգնողական կենտրոնն անվանակոչվել է Գագիկ Ծառուկյանի անունով:

Արա, ո՞վ էր ասում էն դոդ Իլյիչը մեռել է: Հիմա էլ նա կենդանի է բոլոր կենդանիներից:

Արմեն Մադաթյան
վերլուծաբան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Դեկտեմբեր 27th, 2011 at 14:52 | #1

    Դե, էլ կոչում չմնաց,որ Ծառուկյանին չտային:Ով փող ունի, ամեն ինչի էլ հասնում, ամեն ինչի արժանի, մացածներն էլ հեչ:

  2. ARMEN
    Հունվար 16th, 2012 at 22:19 | #2

    Ժողովուրդ ջան,ես հուսալքված ու զզված գնում եմ իմ հայրենիքից:Երբ որ գինու-օղու-կոնյակի գործարանը փակվի,այդ ժամանակ կգամ:

  1. No trackbacks yet.