> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄՈՋԱՀԵԴՆԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ՄՈՋԱՀԵԴՆԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Երեկ Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում աննախադեպ որոշում է կայացվել: Անդամ երկրները (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Տաջիկստան, Ղրղզստան, Հայաստան, Ուզբեկստան) համաձայնության են եկել, որ իրենց տարածքում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների զինված ուժեր կամ ռազմական օբյեկտներ տեղակայելու համար պետք է ստանան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ բոլոր երկրների պաշտոնական համաձայնությունը: Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության խորհրդում նախագահող երկիր Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւը, ընդգծելով, որ որոշումը կայացվել է միաձայն: Սա նշանակում է, որ դրան կողմ է արտահայտվել նաեւ Սերժ Սարգսյանը, որ ինչպես հայտնի է` երկօրյա այցով գտնվում էր Մոսկվայում: Երեկ տարածված առաջին լրատվությունից այնքան էլ հասկանալի չէր, թե ինչ իրավական ձեւակերպում է ստացել այս համաձայնությունը: Դա ուղղակի Հավաքական անվտանգության խորհրդի որոշու՞մ է, թե միջպետական բազմակողմ պայմանագիր: Տվյալ հարցը էական է հետեւյալ իմաստով. արդյո՞ք այդ համաձայնությունը որեւէ կերպ պետք է վավերացվի Հայաստանի խորհրդարանում, եւ արդյոք դրա սահմանադրականությունը պետք է քննի ՀՀ Սահմանադրական դատարանը: Սա կարեւոր է, որովհետեւ վերը նշված որոշման լրատվական բովանդակությունն արդեն իսկ կասկածներ է հարուցում եւ հիմքեր տալիս ենթադրելու, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու ինքնիշխանության սկզբունքին:

Այսօր էլ Հայաստանում օտարերկրյա ռազմական օբյեկտ է գործում` Գյումրիի ռուսական 102-րդ ռազմական բազան, եւ ստացվում է, որ եթե Հայաստանը երեկ Մոսկվայում ստորագրված համաձայնագրի պես մի բան կնքած լիներ, ասենք, ՆԱՏՕ-ի շրջանակներում, պիտի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հոլանդիայի հետ քննարկեր` ռուսական ռազմաբազաները տեղակայե՞լ Գյումրիում, թե ոչ: Բա ի՞նչ եղավ ինքնիշխանությունը: Պետությունը ինքնիշխան է այնքանով, որքանով ի վիճակի է նմանօրինակ որոշումներ կայացնել երկկողմ հարաբերությունների մակարդակում: Հասկանալի է, իհարկե, որ ՀՀ-ում օտարերկրյա որեւէ այլ ռազմաբազա տեղակայելու խնդիրը օրակարգային չէ եւ օրակարգային չի լինի տեսանելի ապագայում: Տվյալ որոշումն ավելի շատ կայացվել է Տաջիկստանում եւ Ուզբեկստանում ամերիկյան ռազմական բազաների տեղադրումը կասեցնելու ՌԴ-ի ձգտման համատեքստում: Խնդիրը, սակայն, սկզբունքային է եւ կարեւոր` Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող արտաքին քաղաքականության գնահատականի իմաստով: Պետք է ասել ուղղակի` Սերժ Սարգսյանը վարում է ՀԱՅԿԱԶ ԲԵԶԱՏԿԱԶԻ արտաքին քաղաքականություն եւ աշխարհքաղաքական կենտրոններին մատուցում է ցանկացած ծառայություն, որ նրանք ուզում են ստանալ:
- Ռուսաստան ջան, Գյումրիի ռազմակայանիդ տեղակայման ժամկետն ուզում ես երկարացնել` դարձնել 49 տարի՞, խնդիր չկա:

- Օբամա ջան, պրոբլեմ ունես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախընտրական խոստումդ կատարելու հետ եւ դրանից խուսափելու համար պետք է հայ-թուրքական արձանագրություններ ստորագրե՞լ, պրոբլեմ չունես:

- ՆԱՏՕ ջան, ուզում ես անհատական գործընկերության գործողությունների ծրագի՞ր ստորագրել Հայաստանի հետ, վաբշե խնդիր չկա:

- Եվրամիություն ջան, ուզում ես չինովնիկներիդ ուղարկել մեր նախարարություններում կաբինետ ունենան` նստե՞ն. ցավդ էլ տանեմ:

Իշխանական քարոզիչները սա թերեւս կանվանեն ճկուն արտաքին քաղաքականություն: Բայց ճկունությունն ուրիշ բան է, անողնաշարությունը` լրիվ ուրիշ: Հայաստանը արտաքին քաղաքականության ոլորտում վերջնականապես կորցրել է դեմքը եւ հայտնվել փալասի կարգավիճակում: Սրանում զարմանալի ոչինչ չկա, որովհետեւ սեփական քաղաքացիների սպանդով իշխանության եկած Սերժ Սարգսյանը չի կարող արտաքին քաղաքականություն վարել: Արտաքին քաղաքականություն վարում են ժողովրդի անունից, ժողովրդի կողմից լիազորված անձինք: Իսկ իշխանագողը կարող է ընդամենը արտաքին քաղաքական ծառայություններ մատուցել` ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Ռուսաստանին: ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ռուսաստանը հենց դրա համար էլ շատ բան են անում Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում պահելու համար, որ նա ծառայի, ծառայի, ծառայի եւ շարունակի մատուցել իր արտաքին քաղաքական սերվիսների ամենալայն տեսականին:

Հ.Գ. Ըստ հաղորդագրությունների, ՀԱԽ-ում երեկ ստորագրվել է նաեւ համաձայնագիր այն մասին, որ ՀԱՊԿ զորքերը կարող են օգտագործվել նաեւ անդամ երկրներում ներքին արտակարգ իրավիճակները հաղթահարելու համար, եթե տվյալ երկրի զինված ուժերը բավարար չեն: Սերժ Սարգսյանը այս համաձայնագրի տակ ստորագրելով կատարյալ աբսուրդի է հասել. ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի բանակին է արգելվում խառնվել քաղաքական պայքարին, իսկ նա Ուզբեկստանի զորքով Երեւանի Ազատության հրապարակի ցույցը ցրելու իրավական մեխանիզմներ է ձեւավորում: Այ ընկերներ, Ղարաբաղի զորքի վրա էլ չեք կարողանու՞մ հույս դնել: Արդեն հույսներդ Տաջիկստանի եւ Ուզբեկստանի մոջահեդների վրա՞ է: Կուզե՞ք` Ղրղզստանից զորք բերեք, մեկ ա` ղրզղելու ենք:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.