> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՊՐԵԼ ԱՌԱՆՑ ԿԻՄ ՉԵՆ ԻՐԻ

ԱՊՐԵԼ ԱՌԱՆՑ ԿԻՄ ՉԵՆ ԻՐԻ

Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Իրը եւ Չեխիայի դիսիդենտ-նախագահ Վացլավ Հավելը գրեթե միաժամանակ մահացան: Երեկ ինտերնետում կարելի էր տեսնել կադրեր երկու մահերին մարդկանց առաջին արձագանքի մասին: Չեխիայում մարդիկ լուռ մոտենում եւ ծաղկեփնջեր էին դնում, մոմեր վառում Վացլավ Հավելի տան մերձակայքում կամ նրա հետ կապված որեւէ այլ վայրում, իսկ Հյուսիսային Կորեայում դպրոցականներ, բանվորներ, ուսանողներ` զինվորական շարքով կանգնած լացում-ողբում-հեկեկում էին առաջնորդի կորստյան կապակցությամբ: Կարելի է ասել, որ Չեխիայում մարդկանց ռեակցիան անկեղծ է, Հյուսիսային Կորեայում` շինծու. բայց սա պարզունակ մոտեցում կլինի:

Տատիկս, օրինակ, պատմում էր խորհրդային բռնակալ Ստալինի մահվան մասին եւ ասում, որ մարդիկ այդ լուրն առնելիս ողբում էին անկեղծորեն, եւ ինքը նույնպես լաց է եղել, որովհետեւ դժվար է պատկերացրել, թե ինչպես է երկիրն ապրելու առանց Մեծ Առաջնորդ Ստալինի: Այս կետում է պետք փնտրել Կիմ Չեն Իրի եւ Վացլավ Հավելի տարբերությունը. առաջինը սեփական ժողովրդին ներշնչել, հավատացրել, համոզել է, որ նրանք ապրում, շնչում, կերակրվում են, գոյություն ունեն բացառապես իր իմաստնության ու տաղանդի շնորհիվ, իսկ Վացլավ Հավելը սեփական օրինակով եւ գործունեությամբ ցուցանել է, որ քաղաքացին շուն չէ, որ տիրոջ կարիք ունենա, որ քաղաքացին ինքը տեր ու տնօրեն է սեփական երկրում, ինքն է իմաստունն ու տաղանդավորը եւ ոչ թե հպատակ` որեւէ մեկի տաղանդի եւ իմացության:

Ո՞վ է Վացլավ Հավելը. մարդ, ով չի վախեցել կորցնել ամեն ինչ` հանուն սեփական եւ սեփական ժողովրդի ազատության (երեք անգամ դատվել է, հինգ տարի անցկացրել բանտերում): Ո՞վ է Կիմ Չեն Իրը. մարդ, ով երբեք չի ունեցել ազատություն, որովհետեւ սեփական ժողովրդի անազատությունն է եղել իրեն բուծած, ծնած, սնած միջավայրը (իշխանությունը ստացել է ժառանգաբար` Հս. Կորեայի հիմնադիր, կոմունիստ բռնապետ Կիմ Իր Սենից): Ո՞վ է Վացլավ Հավելը. ղեկավար, որը երբեք չի վախեցել կորցնել իշխանությունը, որովհետեւ հասկացել է, որ դրա տերն ու կրողը ժողովուրդն է, միայն ու միայն ժողովուրդը: Ո՞վ է Կիմ Չեն Իրը. ղեկավար, որ ապրել է իշխանությունը կորցնելու վախի մեջ կծկված եւ ողջ կյանքը թաքնված է եղել նույնիսկ սեփական ժողովրդից: Տարիքի հետ իշխանությունը կորցնելու վախն ավելի է ահագնացել, եւ թերեւս դա էլ սպանել է նրան:

Վացլավ Հավելը ինձ համար ետկոմունիստական ժողովրդավարության սիմվոլն է: Տարիներ առաջ «Ազատության» ռադիոկայանում աշխատող մի գործընկեր, Չեխիայի մասին տպավորությունները հիշելիս, ապշահար պատմում էր, թե ինչպես է ընդմիջման ժամին մի պատահական, միջին սրճարան մտել եւ միայն 20 րոպե հետո հասկացել, որ դիմացի սեղանին միայնակ նստած սպագետի է ուտում Չեխիայի գործող նախագահը` Վացլավ Հավելը. նա թերթ էր կարդում մինչ պատվիրված սպագետին կբերեին: Ոչ տեսախցիկներ, ոչ նկատելի թիկնազոր, ոչ իրարանցում` նախագահի ներկայության կապակցությամբ: Այս տեսարանը ե՛ւ ունի, ե՛ւ չունի մեծ իմաստ: Մեծ իմաստն այն է, որ նախագահն էլ սովորական գործավոր է, որն ընդմիջման ժամին ուրիշ գործավորների պես կարող է մի տեղ մտնել սպագետի ուտելու: Բայց տեսարանի մեջ մեծ իմաստ չկա, որովհետեւ նախագահն էլ մի սովորական գործավոր է, որ ընդմիջման ժամին ուրիշ գործավորների պես կարող է մի տեղ մտնել սպագետի ուտելու:

Գործընկերոջս պատմածից հետո ժողովրդավարության իմ խորհրդանիշը մի սրճարանի անկյունում սպագետի ուտող նախագահն է դարձել: Երեւանի փողոցներով քայլելիս, սրճարանների սեղանների շուրջ, վիտրաժներից ներս միայնակ սպագետի ուտող «նախագահ էի փնտրում»: Այդ ժամանակներում էր, ահա, որ ստացա «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության լուրը: Կիմ Չեն Իրը գոնե անկեղծ էր, որովհետեւ հասկանում էր, որ սրճարաններում եւ հանրային այլ վայրերում իր հայտնվելը վտանգավոր է Կորեայի քաղաքացիների կյանքի եւ անվտանգության համար: Կորեայի հեկեկացող քաղաքացին էլ անկեղծ է, որովհետեւ չի հասկանում, թե ինչպես է ապրելու առանց Կիմ Չեն Իրի: Չեխիայի ժողովուրդն էլ անկեղծ է, որովհետեւ սովորել է ապրել առանց Կիմ Չեն Իրի:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.